Ե՛վ կմաքրեն ե՛ւ կհամալրեն – Երեւանի քաղաքապետարանի շարունակական ծրագրերը… Նշաձող, որ թույլ է տալիս հարգել – «Ֆոտոլուր» գործակալության տնօրենի լուսանկարիչների ընտանիքը եւ Reuters-ի գնահատականը…

Վերջին օրերի երեւանյան անցուդարձից մենք կարեւորել ենք երեք բան. (քանի որ ձմեռ է) ձնամաքրման աշխատանքներին, վերանորոգվող գրադարանների խնդրին եւ սիրիահայերին աջակցության հարցերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երբ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետեւել են ձնամաքրման աշխատանքները, քաղաքապետն ընդգծել է. «Կազմակերպված ձեւով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաեւ երկրորդական, երրորդական, նաեւ բակային եւ ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաեւ խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»:

Թե ինչ կարեւորություն ունի քաղաքապետի նշած տարածքների մաքրումը, կզգան ինձպեսները, ովքեր մայրաքաղաքը ոտքով «գրոհելը» հաճախ գերադասում են հանրային տրանսպորտով երթեւեկելուց:

Ինչպես «Լուսանցք»-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առեւտրի եւ սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ եւս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին. «Ձմռանը օբյեկտների հարակից տարածքները ձյունից եւ սառույցից մաքրելու պարտավորության մասին եւս մեկ անգամ ծանուցեք տնտեսվարողներին: Երեւանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է, ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»:  Նրանք, ովքեր գրքային ընթերացանությունը գերադասում են էլեկտրոնայինից եւ ուզում են գրքի հանդեպ սերը սերմանել նաեւ իրենց երեխաների մեջ, չեն կարող չկարեւորել գրադարանների հարցը: Ըստ այդմ, տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից սկսած մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ սկսեցին քաղաքապետարանի ենթակայության գրադարանների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ:

Հետեւողականորեն կյանքի կոչվող ծրագրի շրջանակում ընթացիկ տարում, տասնամյակների դադարից հետո, ամբողջությամբ լուծում ստացավ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 19 գրադարանների, 18 մասնաճյուղերի, ինչպես նաեւ 3 պահոցների նորոգման խնդիրը:

Բացի այս, վերջին տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացվում նաեւ գրքային ֆոնդի համալրման ուղղությամբ: Ըստ այդմ, միայն 2015թ. ընթացքում քաղաքապետարանի կողմից 170 անուն 11.000 կտոր գիրք է բաշխվել գրադարաններին:

Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական:

Ինչ վերաբերում է սիրիահայերին աջակցությանը, ապա ասնք, որ այն շարունակվում է:

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում է մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին օգնությունը:

Կրկին Երեւանի քաղաքապետարանից «Լուսանցք»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական եւ նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։

Մշտական ուշադրության ներքո են նաեւ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաեւ դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումների:

Անի Մարության

Նշաձող, որ թույլ է տալիս հարգել

Սա այն լուսանկարն է, որ ոչ թե ժամանակ անց, այլ հենց ժամանակի մեջ պատմություն դարձավ:

Երբ #ElectricYerevan շարժումը սկսվել էր, մենք գովասանքով խոսեցինք այդ մասին՝ կանխատեսելով սակայն, որ այն փչացնելու են շարժման մեջ մխրճված հենց անգաղափար որոշ գործիչներ: Գործընկերներիս հետ խոսել էի այդ մասին՝ ասելով, թե #ElectricYerevan-ը ստեղծվեց, որպեսզի այդ լուսանկարը ստեղծվի: Եվ միայն այս լուսանկարն արժե, որ շարժման անկումը «չափսոսաս»:

(Այդ օրերին զանգահարեցի «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանին եւ խնդրեցի թույլ տալ տպագրել (անվճար տպագրել) այդ լուսանկարը: Սիրով համաձայնեց):

Եվ հարցն ամենեւին էլ այն չէ, որ աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ Reuters-ը, 2015թ. իր ամենատպավորիչ լուսանկարների շարքում ընդգրկել է նաեւ լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի այս հայտնի լուսանկարը եւ որ այն տպագրել են միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցներ՝ ներկայացնելով երեւանյան ցույցերը:

Կա ավելի խորքային պատճառ, ինչի համար ուզում եմ նախ շնորհավորել ոչ թե Բաղդասարյան լուսանկարիչների ընտանիքին, այլ՝ մեզ՝ լրագրության ոլորտի ներկայացուցիչներիս: Շնորհավորել այն նշաձողի համար, որ մեզ տալիս է այս ընտանիքը:

Վերջերս փնթփնթան եմ դարձել, լրագրողների կողքին չեմ կարողանում հանդուրժել պապարացիներին, սղագրող-լրագրողներին, եթերից կամ թերթի էջերից երեւացող անգրագետներին, իսկ լուսանկարիչների կողքին տանել չեմ կարողանում ապարատ չխչխկացնողներին, աչք չունեցողներին, կադրը չորսացողին, անգեղագետին: Որովհետեւ այս անգեղագետների ու անգրագետների «շնորհիվ» մեր օրը սկսվում ու ավարտվում է մահվան տեսիլներով՝ ուղղակի եւ անուղղակի իմաստներով:

Մինչդեռ այս լուսանկարը նշաձող է, որը ցույց է տալիս ոչ թե կադրը, այլ՝ թե ինչպես պետք է որսա՛լ, ստանա՛լ, տեսնե՛լ ու փոխանցե՛լ այդ կադրը: Այս լուսանկարը նշաձող է, որից գալիս է մասնագիտականի շունչը, ոչ թե փչում է պապարացիի հոտը:

Մեզ շնորհավորելուց հետո շնորհավորում եմ Վահրամ Բաղդասարյանին անձամբ եւ իմ շատ հարգելի Մելիք Բաղդասարյանին՝ մասնավորապես՝ իր Վահրամ եւ Հայկ որդիներին նշաձողը փոխանցել կարողանալու համար:

Ու քանի որ առիթ է ստեղծվել, հրապարակավ ուզում եմ Մելիք Բաղդասարյանին շնորհակալություն հայտնել մի բանի համար էլ՝ ինձ տված մի խորհրդի:

Ես տարիներ առաջ լուսանկարում էի նաեւ իմ հոդվածներին անհրաժեշտ կադրերը: Լուսանկարում էի սովետական մեխանիկական «Զենիթ»-ով, ժապավենը տալիս ֆոտոստուդիաներին եւ ստացած կադրերից գոհ կամ դժգոհ մնում: Խոսում էինք, եւ Մելիքը (թույլ տուր քեզ «կադրից դուրս» էլ դու-ով դիմել, Մելիք ջան) ինձ ասաց. «Դու աչք ունես, զգում ես կադրը, բայց դու գրիչ էլ ունես, եւ դրանք խանգարում են իրար: Մե՛կը պիտի ընտրես: Թե օբյեկտիվն ընտրեցիր, կգաս, մի քանի կարեւոր բան կասեմ»:

Գրիչն ընտրեցի: Ընտրեցի այն, առանց որի չէի կարող:

Չգիտեմ, հիշու՞մ է Մելիքը, թե՞ ոչ, բայց շնորհակալ եմ խորհրդի համար, որից հետեւություն արեցի՝ հենց նշաձողը նկատի ունենալով:

«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։