Այն, որ ռուս-թուրքական առճակատումը հնարավոր է ազդեր հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, սպասելի էր, հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումից հետո: Անկարան Արցախի խնդրի սրացմամբ փորձելու էր մեղմել ռուսական ճնշումը Մերձավոր Արեւելքի ճակատում: Իսկ այստեղ Մոսկվան իր ռազմուժն է կենտրոնացնում Սիրիայում՝ միաժամանակ բանակցելով Իրանի հետ, որ կարող է դառնալ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում: Անգամ խոսք եղավ այն մասին, որ ռուսական ռազմա-քաղաքական ծրագրերում առաջնային է դարձել Աբխազիա-Հայաստան-Իրան-Սիրիա ռազմա-օդային միասնական համակարգի կազմակերպումը: Եվ հասկանալի է, թե ինչ հսկայական տարածք կհայտնվի ռուսական թիրախների տակ:
Չնայած Արեւմուտքը փորձում է մեղմել ռուս-թուրքական սրացումը, այնուամենայնիվ, դա դեռ արդյունք չի տալիս: Եվ Հայաստանը ակամա կարող է հայտնվել երկու ճակատի դեմ, եթե պաշտոնական Երեւանը թուլացնի իր զգոնությունը եւ տուրք տալով Մոսկվայի հերթական բարեկամական խոսքերին՝ թույլ տա Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազային հարվածներ հասցնել Թուրքիայի ուղղությամբ:
Իհարկե, սա կարող է նաեւ դրական ընթացք ունենալ, եթե Արեւմուտքը եւս հանգի Թուրքիայի մասնատման գաղափարին, թեկուզ՝ Ռուսաստանից առանձին ծրագրով: Ի վերջո, իսլամական տարրերից դժգոհ Եվրոպան այնքան էլ գոհ չէ թուրքական տարրի առկայությունից: Զուր չէ, որ օրերս Չեխիայի նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասով: Պրահան անգամ քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ Թուրքիային հատկացնում է 3 մլրդ. դոլար այն բանի համար, որ այդ երկիրը պետք է տեղավորի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ երկրների փախստականներին: Չեխիայի նախագահի կարծիքով, Անկարան դա այսպես, թե այնպես պետք է անի, եթե իսկապես աջակցում է հարեւան մահմեդական բնակչությանը, եւ Թուրքիայի հետ այլեւս պետք է զգույշ լինել: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկիրը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա է պատճառը, որ նաեւ Իրաքի իշխանություններն են ժամանակ տվել Անկարային՝ դուրս հանել թուրքական զորամիավորումը Իրաքի տարածքից, որն իբր օժանդակում է ԻԼԻՊ-ի դեմ կռվող քրդական ապստամբներին: Այսպես Թուրքիան կարող է հայտնվել ոչ միայն Ռուսաստանի հետ բախման վիճակում, այլեւ Սիրիայի ու Իրաքի, ինչը հաստատ հսկայական ճնշում կլինի Անկարայի վրա: Ռուսական կողմը բանակցել է նաեւ Կիպրոսի հետ, իսկ այս երկիրն իր զավթված տարածքը (մոտ 40%) Թուրքիայից ազատելու նպատակ ունի:
Իսկ սա մի տարբերակ կարող է դառնալ, երբ տարիներ առաջ (կարծես թե դեռ իրաքյան առաջին պատերազմի ժամանակ) Հայ Արիական Միաբանությունը դիմեց Հայաստանում Իրաքի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի եւ Ռուսաստանի դեսպաններին, որ համատեղ ծրագիր իրականացնեն Թուրքիայի ոչնչացմանն ուղղված: Այն Թուրքիայի, որ դարձել է տարածաշրջանի չարիք: Զուգահեռ նաեւ Ադրբեջանի ոչնչացման ծրագիր էր առաջադրվում՝ Իրանի եւ Ռուսաստանի հետ իրականացվելիք: Բայց արձագանքել էր միայն Իրաքի դեսպանատունը, որը կարճ ժամանակ անց փակվեց եւ հեռացավ Երեւանից (այլ երկրներից եւս), ինչը գուցե Սադամ Հուսեյնի մտահոգության հետեւանք էր, քանի որ մի շարք երկրներում դեսպանները «ծախվել» էին… Հայ արիականները տարիներ անց մեկ անգամ եւս կրկնեցին այս կոչերը, բայց այն ուղղեցին Համաարիական դաշինքի կազմում նախատեսված երկրների դեսպաններին:
Ինչեւէ, կարծես նման մի իրավիճակ է հասունանում, իսկ այս դեպքում Հայաստանին ձեռնտու տարբերակներ կառաջանան: Այլ դեպքերում չի կարելի միայն Մոսկվայի շահերի համար դառնալ հակաթուրքական կամ հակաադրբեջանական ճակատ: Բայց թուրքերի եղբայր ադրբեջանցիները սրում են արցախյան խնդիրը: Օրերս նրանք արդեն կիրառել են նաեւ զենիթահրթիռային կայանք, իհարկե գործածում են նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետեր եւ նռնականետեր: Իսկ TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից 7 արկ են արձակել: Մեկ օր առաջ էլ ադրբեջանական կողմը տանկերից էր կրակ բացել: Չնայած այս ամենին, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: Համացանցում մի տեսագրություն էր հայտնվել, որտեղ հայկական զինուժը բառացիորեն ոչնչացնում է ադրբեջանական մի զորակայան, որը գտնվում էր արցախա-ադրբեջանական սահմանագծին: Այդ տեսագրության մեջ ադրբեջանցիները միմյանց փոխանցում էին, որ հայերը հողին են հավասարեցրել իրենց զորակայանը:
Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչությունը, փորձելով պարտակել սեփական զինուժում առկա կորուստներն ու իրենց բարոյալքված զինուժի մարտական ոգին բարձրացնելու համար, տարածել է «հաղթական գործողությունների» մասին տեսագրություն՝ չմոռանալով նշել, որ այդ հրետանային հարվածների հետեւանքով պաշտպանության բանակում կան բազմաթիվ զոհեր: ԼՂՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռ «Հազար ու մի գիշեր» հեքիաթի ազդեցության տակ են եւ հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Այս ամենը ճշմարիտ է, բայց զգոնությունը պետք է մնա թիվ մեկ կարգավիճակում:
Արման Դավթյան
ՄԱԿ-ը պաշտպանեց Հայաստանի բանաձեւը
Հայաստանի եւ համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձեւը դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձեւի ընդունման համար ընտրվել է դեկտեմբերի 9-ը նաեւ այն իմաստով, որ այն 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է:
Ցեղասպանությունների ոգեկոչման եւ համամարդկային դատապարտման, այդպիսով նաեւ այլ ցեղասպանություններ բացառելու գործին հետեւողականորեն լծված հայությունն այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին հարգեց նաեւ այլ ցեղասպանված ազգերի հիշատակը: Մենք տակավին վերջերս պետական մակարդակով ընդվզեցինք եզդիներին պատուհասած սպանդի դեմ, որն իրականացրեցին իսլամական ծայրահեղականներն ու ահաբեկիչները:
«Մեր աչքի առջեւ իրականցվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում՝ նշյալ միջազգային օրվա կապակցությամբ: – Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց ցեղասպանությունների սահմանման եւ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում: Մեր օրերում, երբ աշխարհի առաջադեմ հանրությունը ոգեկոչում է նախորդ դարի ամենավայրագ հանցագործությունների կարեւոր տարելիցները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ, Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաեւ Ռուանդայի, Պոնտոսի հույների, ասորիների եւ այլ վայրերում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները, մեր աչքի առջեւ շարունակում է խեղվել մարդկության պատմությունը, մեր աչքի առջեւ իրականցվում են էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քաղաքակրթության հազարամյա մշակութային կոթողներ, ջնջվում է ժողովուրդների հիշողությունը:
Ուստի, միջազգային հանրությունը կրկին համախմբվել է՝ ամեն տարի դեկտեմբերի 9-ին պատգամելու, որ այս ծանրագույն հանցագործության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն դրսեւորումը ընդդեմ ցեղասպանությունների միասնական պայքարն է:
Հենց այդ միասնականության արդյունքում էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը սատարեց ցեղասպանություն վերապրած ժողովրդի հայրենիքի՝ Հայաստանի առաջարկությանը եւ Գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձեւով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Նախաձեռնությունը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի մեր հանձնառության կարեւոր ձեռքբերումներից էր, որ հատուկ խորհուրդ ստացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Այսուհետ դեկտեմբերի 9-ը ոչ միայն Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման օրն է, այլեւ յուրաքանչյուր տարվա այդ օրը համախմբվելու ենք ՄԱԿ-ի բարձր հովանու ներքո, վերաիմաստավորելու օրվա խորհուրդը՝ «Այլեւս երբեք»»:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



