Շաբաթվա մարզական հեւքից – Տարվա լավագույն մարզիկի 14 թեկնածու… ՀՖՖ-ն որոշում է տարվա լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին… Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ (www.hayary.org) պատոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Կորոշվեն լավագույնները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան այսօրվանից սկսում է «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի մրցույթի քվեարկությունը: Գործադիր կոմիտեի նիստում որոշվեցին այն մարզիկները, ովքեր հավակնում են Հայաստանի 2015թ. լավագույն մարզիկի կոչմանը: Դրանք 14-ն են՝ Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ), Արամ Ավագյան (բռնցքամարտ), Լեւոն Արոնյան (շախմատ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Արման Երեմյան (թաեքվոնդո), Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն), Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Միհրան Հարությունյան (հունահռոմեական ըմբշամարտ), Մաքսիմ Մանուկյան (սամբո), Սմբատ Մարգարյան (ծանրամարտ), Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ), Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն), Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ):

Քվեարկությանը մասնակցում են զլմ-ների բոլոր այն մարզական լրագրողները, լուսանկարիչները եւ օպերատորները, որոնք ունեն 7 եւ ավելի տարվա աշխատանքային փորձ: Հարցաթերթիկներում նրանք պետք է նշեն լավագույն 10 մարզիկների իրենց տարբերակը: Միավորների հաշվառումը կատարվում է հետեւյալ կարգով. 1-ին տեղ՝ 10 միավոր, 2-րդ տեղ՝ 9 միավոր, 3-րդ՝ 8 միավոր, եւ այդպես շարունակ: Միավորների հաշվառումը կատարում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ:

ՀՖՖ-ն որոշում է տարվա լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: ՀՖՖ-ն հրապարակել է այն մարզիչների ու ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հավակնում են լավագույնի կոչմանը:  ՀՖՖ-ի կողմից առաջադրված մարզիչների ցանկը՝ 1. Մարկ Լելեւր, Հայաստանի Մ-19 հավաքական, 2. Սարգիս Հովսեփյան, Հայաստանի ազգային հավաքական, «Փյունիկ», 3. Բեռնար Շալանդ, Հայաստանի ազգային հավաքական, 4. Տիգրան Պետրոսյանց, Հայաստանի Մ-17 հավաքական, 5. Արտակ Օսեյան, Հայաստանի Մ-21 հավաքական, 6. Արմեն Ադամյան, «Միկա», 7. Աշոտ Բարսեղյան, «Գանձասար-Կապան», 8. Վարդան Բիչախչյան, «Շիրակ», 9. Աբրահամ Խաշմանյան, «Ալաշկերտ», 10. Ժոլտ Հոռնյակ, «Բանանց», 11. Ֆյոդոր Շչերբաչենկո, «Ուլիս». 12. Արամ Ոսկանյան, «Միկա», «Բանանց», 13. Սուրեն Չախալյան, «Արարատ», «Ուլիս», 14. Տիտո Ռամալյո, «Բանանց», 15. Գագիկ Սիմոնյան, «Ուլիս», 16. Վարուժան Սուքիասյան, «Արարատ»:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցակ՝ 1. Գաել Անդոնյան, «Դիժոն», Ֆրանսիա, 2. Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ.ոսկվա, Ռուսաստան, 3. Լեւոն Հայրապետյան, «Փյունիկ», 4. Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա, 5. Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան, 6. Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան, 7. Մարկոս Պինեյրո Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան, 8. Արաս Օզբիլիս, «Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան 9. Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան 10. Արտյոմ Սիմոնյան, «Ցյուրիխ», Շվեյցարիա:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակ՝ 1. Պետրոս Ավետիսյան, «Բանանց», 2. Ռազմիկ Հակոբյան, «Փյունիկ», 3. Իվան Մամախանով, «Տորպեդո» Արմավիր, Ռուսաստան, 4. Արմեն Մանուչարյան, «Բանանց», 5. Նաիրի Մինասյան, «Բանանց», 6. Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»:

ՖԱՖ-ը թերահավատ է նոր մարզիչի նշանակման հարցում

Վարուժան Սուքիասյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Հայ ֆանատները այս հնարավոր տարբերակի մասին մտահոգություն էին հայտնել դեռեւս շաբաթներ առաջ:

«Վարուժան Սուքիասյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, կարծում ենք՝ կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ Ռուբեն Հայրապետյանի արած վերջին արտահայտություններն արտերկրից մինչեւ 500.000-ի սահմաններում մարզիչ բերելու, Միշել Տեր-Զաքարյանի եւ Աբրահամ Խաշմանյանի մասին դեռ սկզբից նման էին օդ կրակելուն: Չնեսամացնելով Վարուժան Սուքիասյանի ներդրած ավանդը հայկական ֆուտբոլում ու վերջինիս համարելով տեղացի լավագույն մարզիչներից մեկը, չի կարելի չհիշել նույն Ռուբեն Հայրապետյանի կողմից Վարուժան Սուքիասյանին ուղղված մեղադրանքների մասին՝ ժամանակին հավաքականում խաղերի առուծախի, ինչպես նաեւ նույն թեմայով Վարուժան Սուքիասյանի մեղադրանքները մեր լեգենդար դարպասապահի՝ Բերեզովսկու հասցեին։ Վարուժան Սուքիասյանն, ի տարբերություն Սարգիս Հովսեփյանի՝ ունի մարզչական անցած ուղի ու փորձ, սակայն թերհավատ ենք, որ նա լինելու է հավաքականում ինքնուրույն որոշումներ կայացնող մարզիչ»։

«Երեւան-Լ.Հթիմը՝ կանանց ֆուտբոլի աշնանային ստուգողական մրցաշարի հաղթող

Ավարտվել է կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. աշնանային ստուգողական մրցաշարը: Եզրափակչում «Երեւան-Լ.Հ.» թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Վանաձոր-Ջ.Ե.» թիմի նկատմամբ եւ նվաճեց մրցաշարի հաղթողի կոչումը

Վիկ Դարչինյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին

Դեկտեմբեր 14-ին հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն (41(30)-8(4)-1) Ավստրալիայում անցկացրեց հերթական մենամարտը եւ 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Քրիս Պաուլինոյին (14(4)-2(2)-0)։ Այս մրցապայքարում հաղթանակով հայ բռնցքամարտիկը նվաճեց 2-րդ թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով տարածաշրջանային չեմպիոնի գոտին:

Գրավեց 1-ին տեղը

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջողությամբ է հանդես եկել Մոսկվայում ամեն տարի անցկացվող օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վարոնինի գավաթի խաղարկությունում: Նա բազմամարտում վաստակել է 87,450 միավոր եւ գրավել 1-ին տեղը: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Դալալոյանը բրոնզե մեդալ է նվաճել թիմային մրցումներում:

Տիգրան Կիրակոսյանը՝ 2015թ. լավագույն սամբիստ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփեց «Մրցաշրջան 2015»-ը: Սամբոյի աշխարհի ու եվրոպական առաջնությունների, աշխարհի սուպեր գավաթի խաղարկության արդյունքներով որոշվեց Հայաստանի սամբիստների լավագույն 10-յակը՝ 1. Կիրակոսյան Տիգրան – Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր: 2. Դանիելյան Աշոտ – Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող (գավաթակիր): 3. Հայրապետյան Էռնեստ – Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի բրոնզե մեդալակիր, 4. Պետրոսյան Էդիկ – Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի 5-րդ տեղ, 5. Նասիբյան Մավրիկ – Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի 5-րդ տեղ, 6. Մանուկյան Մաքսիմ – Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի 5-րդ տեղ, 7. Գաբրիելյան Դանիել – Աշխարհի պատանիների արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր: 8. Վարդանյան Վաչիկ – Եվրոպայի բրոնզե մեդալակիր: 9. Սարգսյան Հարություն – Աշխարհի պատանիների բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր: 10. Սարոյան Գառնիկ – Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր:

Հուռի Գեբեշյանը գրավեց 68-րդ տեղը

«Եթե Հուռի Գեբեշյանը «Թեստ իվենթ»-ի ժամանակ կրկնի իր արդյունքը, որը ցույց տվեց աշխարհի առաջնությունում, ապա նա կդառնա առաջին կին մարմնամարզիկը, որը կներկայացնի Հայաստանը օլիմպիական խաղերում»,- հայտնել է մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Շոտլանդիայի Գլազգո քաղաքում մեկնարկած մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեր մարզուհին 51,965 միավորով զբաղեցրել է 68-րդ տեղը: Նա թեեւ չի մտել եզրափակիչ փուլ, սակայն իրավունք է նվաճել մասնակցելու գալիք տարվա ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք թեսթային մրցաշարին, որի ժամանակ կխաղարկվեն 2016թ. օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը:

Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակով ավարտվեց արագ շախմատի Եվրոպայի 2015թ. առաջնությունը, որը կայացավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ինչպես արդեն նշել էինք, առաջին 7 մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում էին Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Բաադուր Ջոբավան, որոնք վաստակել էին 7-ական միավոր: Մեր շախմատիստը չկարողացավ պահպանել չեմպիոնական տեմպը, միավորներ կորցրեց եւ զիջեց դիրքերը: Իսկ ահա գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գերազանց հանդես եկավ առաջնության վերջնամասում, տարավ 3 հաղթանակ, գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ եւ վաստակեց 9,5 միավոր: Ինչպես ցույց տվեց մրցաշարի ընթացքը, դա բավարար եղավ չեմպիոնի կոչումը միանձնյա նվաճելու համար:

Տիգրան Լ. Պետրոսյանը 9 միավորով բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային տեղերը զիջեց չեխ Դավիդ Նավարային եւ ռուսաստանցի Իվան Պոպովին: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Արագ շախմատի Եվրոպայի 2015թ. առաջնությանը մասնակցեցին 750 շախմատիստ, այդ թվում գեղեցիկ սեռի 148 ներկայացուցիչ:

Լեւոն Արոնյանը չմտավ առաջին եռյակ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ավարտեց ելույթը շախմատի Լոնդոնի գերմրցաշարում, որին մասնակցեցին աշխարհի 10 առաջատար գրոսմայստերները: Վերջին 9-րդ փուլում նա սպիտակներով մրցեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կվաստակեր 5,5 միավոր եւ միանշանակ կդառնար մրցանակակիր: Սակայն սեւերով հանդես եկող ֆրանսիացի գրոսմայստերը հենց սկզբից ընտրեց խաղաքարերը փոխանակելու մարտավարություն եւ արդեն 33-րդ քայլին Լեւոն Արոնյանը ստիպված համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:

Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ իր հետ համաքայլ ընթացող Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ եւ հավասարվեց 2 առաջատարներին՝ հոլանդացի Անիշ Գիրիին եւ նույն Վաշյե-Լագրավին: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց աշխարհի չեմպիոնը, որը թայ բրեյքում պարտության մատնեց ֆրանսիացի գրոսմայստերին: Անիշ Գիրին զբաղեցրեց 3-րդ տեղը: Լեւոն Արոնյանը իրավունք ստացավ մասնակցելու հաջորդ տարվա նույն գերմրցաշարին:

Հայտնի են լողի հայկական դաշնության գավաթի հաղթողները

Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտվել է Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությունը: Գավաթակիրներ են դարձել Վլադիմիր Մամիկոնյանը եւ Մոնիկա Վասիլյանը: Պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնել են Անի Պողոսյանը եւ Արամ Կոստանյանը: Լավագույն եռյակը եզրափակել են Արթուր Անտոնյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը:

«Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությանը մասնակցում են Հայաստանի լավագույն լողորդները: Սա տարեվերջյան վերջին մրցումն է: Արդյունքներից դժգոհ չեմ: Մենք սպասելիքներ ունեինք Վահան Մխիթարյանից, ով 100 մ ազատ ոճում զիջեց Վլադիմիր Մամիկոնյանին, հույս ունենք, որ շատ շուտով կվերադառնա իր լավագույն մարզավիճակին: Վահանը մեկը մյուսի հետեւից շատ առաջնությունների է մասնակցել, և դա էր այսօրվա արդյունքների պատճառը:

2016թ. կսկսենք ուսումնամարզական հավաքով` Ծաղկաձորում, որն ուղղված կլինի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Լողի հայկական դաշնության գավաթի խաղարկությունը կայացել է դեկտեմբերի 18-19-ը, Երեւանում: Մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզադպրոցների 80 լողորդ:

Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվեց մոտոկրոսին աջակցելու համար

Դրսում մեքենաների ցուցադրություն, ներսում՝ մրցանակաբաշխություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «STR ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ քարտինգի եւ մոտոկրոսի մրցույթների արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնման արարողություն։ «STR ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ նախագահ Արսեն Մանուկյանը նշել է. «Այս տարի ակումբը ունեցել է մի շարք միջոցառումներ՝ ավարտելով հաջողությամբ»։

Մարզիկներից 28-ամյա Հրանտ Սարկիսովը ճանաչվեց մոտոկրոսի բացարձակ չեմպիոն։ Նա ասել է. «6 տարեկանից զբաղվում եմ մոտոկրոսով։ Ունեմ բազմաթիվ մեդալներ, մրցանակներ։ Այս տարի մասնակցել եմ նաեւ Մոտոկրոսի Կովկասի առաջնությանը Վրաստանում, գրավել եմ 3-րդ տեղ, քանի որ մեր տեխնիկան մի փոքր թույլ էր։ Եթե կարողանում ես հեծանիվ քշել, կարող ես նաև մոտո քշել, բայց մոտոցիկլետ քշելն այնքան էլ հեշտ բան չի, ուժ է պետք»։

Հաղթողները ստացան մեդալներ, գավաթներ, ինչպես նաև՝ սպորտային համազգեստ։ Հաղթողներին պարգևատրեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։ Շնորհակալագիր ստացավ նաեւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մոտոկրոսին աջակցության համար։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։