Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե Կապիկը – Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինական… մինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը…

«Լուսանցք»-ը վերստին անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Մշտապես արծարծում ենք թեման այն հույսով, որ մի օր հայը կկանգնի ի՛ր՝ հայկական բնարմատին եւ յուրաքանչյուր դեպքում կհենվի ի՛ր ակունքին: Անհանդուրժելի է անկախ երկրում ապրելով, շարունակել լինել օտարի կենցաղի ու բարքերի կրողը, օտարի ավանդույթի ու պատմության քարոզիչը: Իսկ այն՝ սա արվում է կամա, թե ակամա, այլեւս նշանակություն չունի՝ վնասարար է ու ապազգային:

Բազմաթիվ ոլորտներ են մնացել օտարի թելադրանքի տակ, եւ ապազգայնությունը թոթափելն էլ ունի ազգային ու հանրային մեծ նշանակություն:

Դժվար է ազգային երկիր կառուցել, ապագային ավելի ամուր կառչել, եթե հավատդ հայկական չէ, ազգային չէ՝ միջազգային է ու օտարի աստվածային համակարգին հենված… Դժվար է, երբ կառուցածդ պետությունն ու ընդունածդ օրենքներն ազգային չեն՝ ենթակա են միջազգային ապազգայնությանը… Դժվար է, եթե վարք ու բարքդ քո կամքից անկախ սանձարձակ են ու հակաբնական… Դժվար է, երբ մարդ լինելու համար պիտի հակամարդ դառնալ՝ մարդակեր կամ երկոտանի անասուն հաճախ…

Ինչ մնում է մեր ազգային տոնացույցին, ապա դա առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ իրականում՝ ապազգային: Սա է պատճառը, որ վաղուց «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան:  Դեռ այն փաստը, որ տարին բնակարգով փոխվում է գարնանը եւ իրական բնական տարեփոխությունը մարտին է, հայտնի է բոլոր բնածին ազգերի բնականոն ապրողներին կամ բնական կյանքը, բնության վերազարթոնքը իմացողներին: Բայց մեզանում արմատավորված կրոնական տարեփոխությունը շարունակվում է եւ հայաստանյան ու սփյուռքյան հայերը հունվարի 1-ին են նշում Նոր Տարին՝ Ամանորը, երբ ձմռանը բնական կյանքը հարաբերական մահվան տիրույթում է: Բնական՝ գարնանային տարեփոխությունը, դարձյալ մնում է մարդկության եւ հայության մի հատվածի տոնը: Հայաստանում հայ արիները մարտի 21-ին տոնում են Հայոց Ամանորը, որն համընկնում է Երկրային Բնության Վերազարթոնքին՝ Վերածննդին: Այդ օրը նաեւ փառաբանվում է Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը, ում Երկրային վերամարմնավորում-վերածնունդը՝ Երկնի ու Երկրի երկունքից, եւս տոնվում է մարտի 21-ին: Այդ օրը Հայոց Աստվածը հաղթում է Չարի Վիշապին՝ բնությունը նոր կյանք է ստանում՝ նոր տարին է բացվում… Եվ վերոնշյալ Երկունքն էլ ազդարարում է Երկրային Նոր Տարվա սկիզբը:

Ինչպես եկեղեցիներն ու վանքերը հիմնվեցին ու կառուցվեցին հայ հեթանոս-արիադավան տաճարների փլատակների վրա, այնպես էլ քրիստոնեական բազմաթիվ տոներ ու ծեսեր ստեղծվեցին Հայոց հավատատեսության, տոնացույցի ու ծիսակարգի վրա:

Չնայած, ցայսօր փորձում են հերքել դա՝ մերժելով բուն ավանդականն ու ազգայինը: Հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս նորօրյա 2016-ի խոհրդանիշը այժմ էլ չինական կապիկն է, որ փոխարինելու է նույն չինական ոչխարին կամ այծին: Եվ մեր ազգակիցները հիմա էլ պատրաստվում են 2016-ին ոչինչ չխնայել չինական կապիկի համար…

Այս տարի էլ հիշեցնենք, որ ի տարբերություն չինականի՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվել են բնական ու ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ:

Եվ «Լուսանցք»-ը նշել է, որ մեր նախնիք եւս արձանագրել են, որ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Հայկական ավանդույթի համաձայն՝ տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից հանում են 4 եւ բաժանում 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է… Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք՝ վերեւում 12 աստղատներով:

Այժմ 2016թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Կարիճն է, այլ ոչ թե Կապիկը (2016-4=2012 / 2012:12=167 եւ մնացորդ՝ 8:

«Լուսանցք»-ը այս տարի նույնպես հիշեցնում է, որ տարբերություններ կան անգամ բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա նաեւ, որ ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Ազգային ամեն մի վերականգնումի հետ հիշեցնում ենք, որ պետք է վերականգնել նաեւ հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում: Պիտի առաջնորդվել 2016՝ Կարիճի տարի լինելու պարբերափուլով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները Տիեզերքում իրենց տողը գտնեն եւ այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների իրական ու ազդեցիկ պատասխաններն ու ազդակները, որ այդ ազդակները դրական լիցքերով լինեն: Ինչպես կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպ կոչվածի կազմումը պիտի ունենան ոչ միայն տրամաբանական, այլեւ՝ բնազդական ու բնախոսական շաղկապվածություն: Այն պիտի զերծ մնա հատկապես կրոնազեղումներից եւ օտար ազդեցություններից:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։