Մայրաքաղաքային տնտեսություն – Ամենասպասված նվերը՝ ամանորից առաջ… Թափառող շներ. ինչպես լուծել դրանց հարցը – Խնդիրը դիտարկենք նախ ներքեւից… Նոր աղբավայր կունենանք…

Մայրաքաղաքային տնտեսություն

Ամենասպասված նվերը՝ ամանորից առաջ

Դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա գտնվեց մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի N6/1 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս 50 ընտանիք այսուհետ կապրի անվտանգ ու հարմարավետ բնակարաններում:

Նոր բնակարանների սեփականատերերին անձամբ հանձնելով բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ու քաղաքապետարանի հետեւողական քաղաքականության շնորհիվ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կլուծվի 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

– 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով այս տարի արդեն 3-րդ բազմաբնակարան շենքն ենք շահագործման հանձնում («Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային): Այս շենքի շինարարությունը եւս սկսել էինք 2014թ.: Այն, ինչպես 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով քաղաքապետարանի պատվերով կառուցված մյուս բոլոր շենքերը, շահագործման է հանձնվում նորոգված, բնակվելու համար պատրաստի վիճակում: Այսօր մենք 50 ընտանիքների բնակարանները հանձնեցինք: Իսկ մնացածներին բնակարանները կհանձնենք, երբ ամբողջությամբ կարգավորեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ի դեպ, այդ գործընթացը ներկայում շարունակվում է, եւ կարճ ժամանակում այն նույնպես կհասցվի ավարտին,- նկատեց քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջեց նոր բնակարաններում, շնորհավորեց երջանիկ տանտերերին ու նրանց հետ միասին գնահատեց արված աշխատանքը: «Մենք տասնամյակներով էինք սպասում սրան: Սա մեր ամենանվիրական երազանքն էր, որն այսօր իրականություն է դարձել»,- քաղաքապետին ասաց բնակիչներից մեկը:  Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել է 1, 2 եւ 3 սենյականոց 110 բնակարան: Շենքի սեյսմակայունությունը համապատասխանում է ՀՀ-ում գործող չափորոշիչներին: Շենքի մուտքերը հարմարեցված են նաեւ հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներով:

«Մինչեւ տարեվերջ էլի մեկ բազմաբնակարան շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես եւ խոստացել էինք, ամբողջությամբ կավարտենք 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանների փոխհատուցման գործընթացը: Սա իսկապես կարող ենք համարել մեծ ձեռքբերում, քանի որ շուրջ 650 ընտանիքների ամենաառաջնահերթ խնդիրն ենք կարողացել լուծել: Իսկ հետագայում արդեն կփորձենք քայլեր ձեռնարկել տարբեր վթարայնության շենքերի ամրացման հետ կապված եւս: Բնակարանամուտ տոնող մեր բոլոր համաքաղաքացիներին էլ մաղթում եմ, որ առողջ եւ երջանիկ վայելեն իրենց նոր բնակարանները»,- ամփոփեց քաղաքապետը:

Ի դեպ, այն, որ բնակարանները լրիվ պատրաստի վիճակում էին (ջեռուցման համակարգը քաշած, կաթսան մեջը, հաշվիչները՝ նույնպես, պատուհանները՝ եվրո), զարմացրել էր անգամ բնակիչներին: Մի խոսքով, բոլոր բնակարանները շահագործման են հանձնվում էկոնոմ դասի նորոգված վիճակում:

Երբ մարդիկ տարիներով ապրում են վթարային շենքում, ոչ միայն չեն կարողանում եւ հասկանալիրոեն անիմաստ են համարում տանն ինչ-որ նորոգման գործ անելն ու ինչ-որ բան շտկելը, այլեւ՝ վախը սրտներում են ապրում: Այլեւս այդպես չէ, եւ նրանց մնում է գնալ, հին տնից իրերը հավաքել ու գալ նոր տուն:

Հիմա հերթը, ինչպես խոստացավ քաղաքապետը, տարբեր վթարայնության շենքերինն է: Դրանց ամրացումից հետո հանգիստ կքնեն մայրաքաղաքի այլ բնակիչներ եւս:

Անի Մարության

Թափառող շներ. ինչպես լուծել դրանց հարցը – Խնդիրը դիտարկենք նախ ներքեւից

Կրկին ձմեռ է ու կրկին իբրեւ օրախնդիր սրվել է թափառող շների հարցը: Անկեղծ ասած, երբեւէ այս խնդիրը չեմ ուսումնասիրել՝ մինչեւ այն պահը, երբ ուղտը իմ դռանը չոքեց:

Երեխայիս վրա բակում շուն էր հարձակվել: Ճիշտ է, փոքրիկս չէր հասցրել վախենալ, որովհետեւ հարեւանը արագ վռնդել էր շանը: Բայց այս միջադեպը ինձ մտորելու տեղիք տվեց. իսկ եթե մի օր մի շուն հաջողի՞ հարձակվել, ի՞նչ եմ անելու, կմնա՞մ նույն կենդանասերը, ի՞նչ են անում ընդհանրապես մեր երկրում թափառող շների հետ, եթե պայքարում են, ապա ինչպե՞ս է տարվում այդ պայքարը, ո՞վ է պայքարում եւ, ըստ այդմ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է խնդիրը լուծում աշխարհը:

Երբ փորձեցի թեման ուսումնասիրել, պարզվեց՝ դյուրին բան չէ, հարց է բազմաթիվ հարցականներով, խնդրահարույց մի մեծ շրջանակ: Ու պարզվեց նաեւ, որ նույնիսկ զարգացած երկրները չեն տվել այն հարցի միանշանակ պատասխանը, թե, ի վերջո, ինչ պետք է անել թափառող շների հետ:

Խոստանում եմ թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահել, իսկ այժմ իբրեւ խնդրի լուծման թիվ մեկ բանալի՝ փորձեմ գալ ներքեւից. ի՞նչ է մտածում հանրությունը այս մասին: Պարզվեց՝ սա էլ մեկ պատասխան չունի, որովհետեւ հանրությունը բազմաշերտ է ու նաեւ՝ ոչ միշտ է անկեղծ:

Հիմա՝ պե՞տք է պայքարել թափառող շների դեմ, թե՞ ոչ:

Աշխարհը այս հարցում կարծես միակարծիք է՝ պե՛տք է: Բայց խնդիրը պայքարի ձեւերի մեջ է: Այն է՝ ինչպե՞ս պետք է պայքարել՝ գնդակահարելո՞վ, ամլացնելո՞վ, հավաքելով-խնամելո՞վ, թե՞ այլ տարբերակներ էլ կան: Թե ինչ ձեւով է պայքարում մեր երկիրը, մենք դեռ կանդրադառնանք: Այժմ դեռ տարբերակներից խոսենք:

Փորձում եմ փոքրիկ սոցհարցում անել բարեկամներիս, հարեւաններիս, ընկերներիս շրջապատում: Գրեթե բոլորը կողմ են ամլացմանը, շներին գնդակահարելուն ոչ ոք կողմ չէ, որովհետեւ անմարդկային է, բարբարոսություն է: Հարցնում եմ. «Իսկ ո՞րն է ավելի անմարդկային՝ գնդակահարե՞լը, թե՞ ամլացնելը»: «Գնդակահարելը բնության օրենքի խախտում է»,-ասում են: «Ամլացնելը բնության օրենքի խախտում չէ՞»,-հարցնում եմ: Ու գիտե՞ք՝ որն է լինում միակ պատասխանը. «Դե, գոնե չեն սպանում, թող էլ ձագեր չունենան, իրենց համար ապրեն»: «Ձագեր ունենալու հնարավորությունից զրկելը սպանություն չէ՞»,-երկրորդում եմ: «Եսիմ»,-հիմնականում սա է լինում վերջին հայտարարը:

Գամ բնության օրենքներին: Այդ «օրենքը» հուշում է, որ երբ սպանում են, գոյատեւման պայքարն ավելի է սրվում (եւ սա միայն շների պարագայում չէ), եւ սպանվածների փոխարեն գալիս են նորերը՝ լրացնելով «անհրաժեշտ» թվաքանակը: Ուրեմն՝ ամլացնել.-համոզված է հասարակությունը, մանավանդ կենդանասերները: Նրանք կողմ են, որ անտուն շներին որսան, հատկապես էգերին ամլացնեն, գրանցեն, բաց թողնեն: Շնիկները կլինեն «անսեռ», ուրախ ու կզբաղվեն միայն առնետներ ու կրծողներ որսալով, կխաղան երեխաների հետ, կդառնան քնքշության մարմնավորում:

Ի դեպ, իմ շրջապատում էլ մի հինգ այդպիսի կենդանասերներ կան՝ ոչ միայն բնությունը լավ չճանաչող, այլեւ՝ բնությունից ընդհանրապես կտրված: Այլապես այսպիսի քնարերգություն չէին հյուսի:

Մի կողմ թողնենք, որ ամլացումը բավականին թանկ հաճույք է ոչ զարգացած երկրների համար: Կենդանասերները թող խոսեն կենսաբանների հետ, որպեսզի հասկական, որ, օրինակ, իգական փաղաքշանքից զրկված արուներն ավելի ագրեսիվ են դառնում եւ երբեմնի, այսպես ասած, քաղաքային շներից վերածվում են ոհմակի՝ հարձակվելով մարդկանց վրա (իբրեւ օրինակ՝ Մոսկվայի նախորդ տարվա դեպքերը): Կամ՝ երբ շունը հարձակվի երեխայիդ վրա, ի՜նչ պիտի անես, ամեն գնով վնասազերծե՞ս, թե՞ պարզես՝ ամու՞լ է, թե՞ ոչ ու նոր միայն որոշես անելիքդ: Եվ ի՞նչ է դուրս գալիս՝ մարդը շանը չի սպանում՝ այսինքն՝ չի զրկում իր տարածքից, բայց ամլացնում է՝ դրանով խախտելով կենդանու կենսատարածքի կանոնը, եւ շունն ավելի բնական է արձագանքում՝ հարձակվելով մարդու վրա ու փորձելով պատառոտել նրան՝ վերջինիս պատասխանելով նույն ձեւով՝ կենսատարածքից զրկելով:

Ասել կուզի, երբ հանրությունը հարց է քննարկում, չպետք է հագնի հրեշտակի դիմակն ու ասի՝ «վա՜յ, մեղք են»: Պետք է խնդրին նայի բազմակողմանիորեն, հանգամանալից, իր ներսով անցկացնի, որպեսզի նաեւ պատկան մարմիններից ճիշտ լուծումը պահանջի: Այ երբ հասկանանք, որ անսեռ շունն ամենեւին էլ ուրախ շնիկ չէ, այլ՝ սովորական գազան, եւ որ առողջ դատող ծնողը չպիտի թողնի, որ առնետ ու կրծող որսացող փողոցային շունը խաղա իր երեխայի հետ, պատկերն այլ կլինի: (Դեռ չեմ ասում, որ շունը չի կարող մեծ առնետներ որսալ, բայց սա բոլորովին այլ թեմա է):

Առայժմ խնդրի լուծման տարբերակ չեմ առաջարկում (թեման դեռ բաց է), այլ փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, իսկ դրա համար, ինչպես ասացի, որոշեցի սկսել ներքեւից:

Իսկ ներքեւները դեռ իրենք իրենց հետ մինչեւ ուղնուծուծը անկեղծ չեն…

Անի Մարության

Նոր աղբավայր կունենանք

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ֆիննախում ներկա է գտնվել Երեւանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանն ուղղված համաձայնագրի ստորագրման արարողությանը: «Երեւանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ: Նախատեսվում է նոր աղբավայրի կառուցում, վերջինիս համար մասնագիտացված տրանսպորտային միջոցների եւ սարքավորումների գնում, գոյություն ունեցող աղբավայրի տարածքում մակերեսի մեկուսացում: Նոր աղբավայրը, որը տեղակայվելու է Նուբարաշենում գործող աղբավայրի հարեւանությամբ, կնվազեցնի գործող ոչ սանիտարական աղբավայրի անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, հանրային առողջության եւ կլիմայի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրոն՝ ՎԶԵԲ-ից, 8 մլն-ը՝ Եվրոպական ներդրումային բանկից ու եւս 8 մլն դրամաշնորհ նախատեսվում է ներգրավել ԵՄ Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով:

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։