Սլավոնական ռուս-բելառուս-ուկրաինական ամուր եռյակը այլեւա չկա… Բայցեւ եվրախաղերն են ճաքեր տալիս Ուկրաինայում – իսկ հայերը կապ չունեն դրա հետ… Կովկասյան տաքարյուն կրքեր Ուկրաինայում…

Եվրախաղերը ճաքեր են տալիս Ուկրաինայում

Այն իրողությունը, որ Արեւմուտքը ռուս-բելառուս-ուկրաինական ամուր եռյակը քանդելու համար պետք է կիրառեր գորդյան հանգույցը քանդելու Ալեքսանդր Մակեդոնացու տարբերակը, կասկած չէր հարուցում: «Լուսանցք»-ը սա կանխատեսել եւ անդրադարձել էր դրան: Հարյուրամյակներ շարունակ այս սլավոնական եռյակը եղել է համասլավոնական համախմբվածության տեսլականն իրականացնող կորիզը: Անգամ վելիկոռուսական քաղաքականության կիրառման համար է այս միությունը բազա հանդիսացել: Ուստի՝ Արեւմուտքը գնաց որոշակի հակառուսական տրամադրություններ ունեցեղ Ուկրաինան մասնատելու (ուկրաինական ազգայնամոլ բանդերականները միշտ ցանկացել են Արեւմտյան Ուկրաինան անկախացնել) ճանապարհով: Ղրիմի անկախացումը, ապա Ռուսաստանին միավորվելը կանխատեսված էր եւ հենց դա էլ պիտի նպաստեր ռուս-ուկրաինական հակամարտության, ապա՝ պատերազմի ծավալմանը: Եվ Արեւմուտքը խոստանալով օգնել Կիեւին՝ պիտի զիներ ուկրաինական բանակին ու պիտի ռուս-ուկրաինական արյու թափվեր՝ որպեսզի բաժանումը կարճաժամկետ չլիներ…

Երբ Կիեւի «Մայդանը» կատարեց իր արյունալի ներիշխանական եւ հակառուսական գործը՝ ցրվեց հենց Արեւմուտքի հրահանգով: Նման մի հրահանգով էլ սպանվեց ուկրաինական ազգայնամոլների առաջնորդը, ով այդ օրերին ամենուր զենքով էր ներկայանում եւ զենքով էլ իր հարցերն էր լուծում: Անգամ՝ մտադիր էր երկրի նախագահ դառնալ… Մյուս բանդերական ղեկավարները պաշտոններ ստացան ու խիստ զգուշացվեցին անկախական շարժումներ չծավալելու առումով:

Արեւմուտքին էլ ներուկրաինական խժդժություններ պետք չէին, ուստի ամբողջ գումարները ներդրվեցին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ ռազմական գործողություններ ծավալելու գործում: Բոլորն էլ հասկանում էին (եւ հասկանում են), որ այդ տարածքները հսկվում են Մոսկվայի կողմից եւ ռուս զինվորականներ ու զինտեխնիկա կա այդ տարածքներում: Այսինքն՝ կրկին թափվում էր ռուս-ուկրաինական արյուն…

Այսօր Ռուսաստանը կարող է իրեն միացնել նաեւ նշյալ ինքնահռչակ հանրապետությունները, սակայն դա չի անում ոչ թե Արեւմուտքից վախենալով, այլ իր դաշնակիցներից զգուշանալով: Հիշեցնենք, որ ռուսական ազգայնական-ազգայնամոլական (այս երկրում խառն է սույն քաղաքական ուղղությունը) դաշտում տեր ու տնօրեն կարգված (իրականում խամաճիկ) Վլադիմիր Ժիրինովսկին ժամանակին խոսում էր Արցախը Ռուսաստանին միավորելու մասին, իբր դրանով այդ տարածքի հայերին կփրկեն ադրբեջանցիներից: Հետո սկսեց խոսել հակառակ ուղղությամբ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ պիտի երկրներ չլինեն, պիտի լինի ռուս-թուրքական սահման: Հետո թե՝ հսկայական տարածքներ են խորհրդային տարիներին տրվել միջինասիական երկրներին եւ, առաջին հերթին, Ղազախստանից պետք է հսկայական տարածքներ վերցնել, քանի որ դրանք ռուսական են: Խոսվեց նաեւ հյուսիսկովկասյան հանրապետությունները լուծարելու մասին, որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդները կմնան որպես ռուսաստանցիներ: Մերձբալթիկայի նկատմամբ եւս հողային պահանջներ կան: Վրաստանից արդեն վերցրեցին Աբխազիան եւ Հարավային Օսիան, չնայած մնում են ինքնահռչակ երկրներ: Ադրբեջանի նկատմամբ կա պահանջ անգամ Դաղստանի կողմից, Մոսկվան նաեւ ադրբեջանական տարածքների հաշվին Լեզգիստան է ցանկանում հիմնել եւ այլն... Անգամ Ռուսաստան-Բելառուս նախաձեռնությունը տապալվեց հենց այն պատճառով, որ Մոսկվան ոչ թե դաշինք էր ցանկանում, այլեւ՝ Բելառուսի հետզհետե միավորումը Ռուսաստանին…  Այնպես որ, Արեւմուտքի ուժը փառաբանողները պիտի հասկանան, որ Ռուսաստանը նաեւ այլ վախեր ունի, ինչպես մենակ մնալու վախը, որը նաեւ կործանման սկիզբ կարող է դառնալ: Այս դեպքում, ինչպես ԽՍՀՄ-ը քանդելու, հաստատ կաշխատեն ազգային ինքնորոշման եւ դեպի անկախություն գնալու բոլոր նախաձեռնությունները, որոնք կղեկավարվեն Արեւմուտքի կողմից:

Ինչեւէ, դառնալով համասլավոնական թեմային, նշենք, որ վերոշարադրյալ տեսակետներն արտահայտելուց զատ, այդ օրերին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նշեց, թե ինչպիսի մեծ հարված ստացավ այս դաշինքը, որը կարող էր նոր աշխարհակարգ ձեւավորել, եթե հասներ իր նպատակին: ՀԱՄ առաջնորդը բերեց փաստարկներ, որ այն իրականացման փուլում էր, որի հետ որոշակիորեն շփվել էր ինքը՝ համաարիական դաշինքի ձեւավորման ընթացքում: Բացի ռուս-արիական միությունից, կար նաեւ Սլավոնա-արիական դաշինք, որտեղ համախմբվել էին ռուս, ուկրաինացի, բելառուս, սերբ, բուլղար, լեհ, չեխ եւ այլ սլավոնական ազգերի ներկայացուցիչներ: Իսկ սա, ըստ Արմեն Ավետիսյանի, միանշանակ երկու ծայր ուներ՝ սլավոնա-արիական եւ բուն սլավոնական, ինչը կամբողջանար, եթե չպայթեր ուկրաինական ականը: Իսկ մոտ ապագայում գոնե հնարավոր չէ միավորել սլավոնական ազգերին՝ բուն ծագումնաբանական առումով: Հհնարավոր չէ նաեւ համաարիական դաշինքի շրջանակներում, քանի որ հակառուսական ալիքը ոչ միայն Ուկրաինայում խորացավ… Անգամ Բելառուսը, որ միշտ համարվել է Ռուսաստանի եղբայր-երկիր, այժմ փորձում է ինչ-որ հարցերում սատարել Ուկրաինային, փորձում է նաեւ մերձեվրոպական քայլեր անել, որպեսզի ոչ միայն խուսափի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիսելուց, այլեւ ցանկանում է բացել տալ եվրոպական փակ դռները, որը մեկուսացրել է Բելառուսին:

Այժմ ռուսական կողմն է անցել հակահարձակման եւ փորձում է խաղալ այն երկրների միջոցով, որոնք եթե արեւմտամետ են, ապա նաեւ փորձում են ռուսական ուղղության հետ աշխատել, կամ՝ համադրում են Արեւմուտքի ու Ռուսաստանի շահերն իրենց շահերի հետ եւ հնարավորինս չեզոք են:

Մոսկվան դա փորձում է իրականացնել հիմնականում ասիական երկրների միջոցով, նաեւ նախկին խորհրդային տարածքի միջինասիական երկրների, որոնք նաեւ համաթուրքական դաշինքի մեջ են: Իսկ ռուսական կողմը այսօր նաեւ այդ դաշինքը չեզոքացնելու խնդիր ունի, քանի որ հակամարտություն ունի Թուրքիայի հետ: Այստեղ որպես լավագույն տարբերակ է դիտարկվում Հայաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական գործընկեր լինելով, կարողանում է համագործակցել նաեւ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ: Հնարավոր է Հայաստանը նաեւ տարանցիկ երկիր դառնա Եվրոպայի ճանապարհին, եթե աշխատի Իրան-Հայաստան-Վրաստան ուղղությունը Սեւ ծովով:

Երեւի հենց այստեղ էլ պետք է խոչընդոտող մի բան մոգոնվեր: Իսկ մոգոնելու համար անգամ ամենապարզունակ իրավիճակը կարող է առիթ հանդիսանալ: Եվ հանկարծ ռուսական որոշ զլմ-ներ մի տեղեկատվություն են վերնագրում՝ «Հայ-վրացական հակամարտությունն Ուկրաինայում»: Սա միաժամանակ փորձ է ոչ միայն հայ-վրացական ինչ-որ հակասության ցեց հրապարակ նետելու, այլեւ՝ հայ-վրացական հակասության մի դրվագ արեւմտամետ Ուկրաինայում ստեղծելու, իբր Ուկրաինան մնում է ազգերի խառնակչությունների կենտրոն Արեւմուտքի ձեռքին…

Բայց Մոսկվայում մոռանում են, թե ինչ հակակովկասյան կամ հակամիջինասիական միջադեպեր են գրանցվում Ռուսաստանում՝ ռուսական ազգայնամոլների կողմից, կամ ազգամիջյան բախումներ են տեղի ունենում անձնական խնդիրների կամ ատելության պատճառով, եւ Ուկրաինան այս հարցով հաստատ չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ:

Իսկ իրականում ինչ էր տեղի ունեցել, որ Արսեն Ավակովը վիճել էր Միխեիլ Սաակաշվիլու հետ եւ ջուր շփել նրա վրա: «Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն ու Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վիճել են, եւ առաջինը ջուր է շփել նահանգապետի դեմքին»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը եւ մանրամասնել, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ եւ «վեճի առարկան եղել է Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման եւ հետագա ճակատագրի հարցը»:

Հետո ՆԳ նախարարը սոցցանցերում մեկնաբանել էր միջադեպը, որ Օդեսայի նահանգապետը չի պատասխանել իր այն հարցին, թե ինչու է նա գործարանի հարցով բանակցել «Ուրալխիմ» գործարանից ռուսաստանցի օլիգարխի հետ: Ավելին՝ վրացի Սաակաշվիլին բարկացել է, սկսել գոռգոռալ հայ Ավակովի վրա: Հայն էլ բացատրել է, որ վրացուն չխփելու համար է, որ ջուր է շփել նրա վրա: Այսպիսի հայ-վրացական պարզաբանումը միայն ծիծաղ կառաջացներ: «Գործ անել է պետք, ոչ թե լոպազություն»,- վերջում ասել էր ՆԳ նախարարը:

Մի հարցում կարելի է «ռուսամետ դառնալ», Միխեիլ Սաակաշվիլին արեւմտյան «վարդերի հեղափոխության» կատարածուներից էր եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ (ով եւս ծաղիկների հեղափոխության հերթական կատարածու էր) քավոր-սանիկ էր, իսկ սրանց նմանների համար մեկ է, թե որ երկրում ինչ պաշտոն կզբաղեցնեն, նրանք կատարողներ են, որ անազգ ու անհայրենիք են…

Իրականում՝ ռուսական կողմը «հայ-վրացական հակամարտության» հարցում եւս սխալվել է: Եթե Արսեն Ավակովը (երբեմն Ավագով է գրվում) չի հերքում, որ հայ է, ապա Միխեիլ Սաակաշվիլին հերքել է, սակայն հին Թբիլիսիի բնակիչները լավ գիտեն, որ նա հայ նախնիներ է ունեցել եւ ազգանունն էլ Սահակյան է եղել… Այսինքն՝ իրականում բախվել են երկու հայեր: Սա, իհարկե ոչինչ չի նշանակում, բայց իրավիճակ է փոխում՝ հայ-վրացական մոգոնումների տեսանկյունից:

Արման Դավթյան

Կովկասյան տաքարյուն կրքեր Ուկրաինայում

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը դեկտեմբերի 16-ին ֆ/բ էջում տեղադրել է Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սահակաշվիլիի հետ իր վիճաբանության տեսագրությունը. «Ում հետաքրքիր է. Սահակաշվիլիի հետ միջադեպի տեսանյութը ես պահանջել եմ նախագահի աշխատակազմից: Ահա այն, առանց այլեւայլությունների: Այնտեղ գեղեցիկ քիչ բան կա, բայց նման ծավալով հրապարակային քննարկումների, եւ ամենագլխավորը՝ աստառների դեպքում, կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ ինքը տեսնի՝ ինչի մասին է խոսքը: Ճշմարտությունը թաքցնելն ամութ է, ինչպես նաեւ ցուցադրել քեզ ավելի լավը, քան կաս»,- գրել է ՆԳ նախարարը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Դեկտեմբերի 14-ի երեկոյան, Ազգային բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ Արսեն Ավակովի եւ Միխեյիլ Սահակաշվիլիի միջեւ միջադեպ է տեղի ունեցել: Նիստին ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտոր (Պետրո) Պորոշենկոն: Նախարարը բաժակով ջուրը նետել է նահանգապետի ուղղությամբ: Ուկրաինայի նախագահն ամոթալի է համարել Ավակովի եւ Սահակաշվիլիի միջեւ տեղի ունեցածը:

Վիճաբանության ժամանակ, ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկատվության, ազգությամբ հայ Ավակովը անցել է բղավոցների ու վիրավորանքների, ապա ազգությամբ վրացի Սաակաշվիլուն հրամայել՝ «հեռացիր իմ երկրից»: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Սահակաշվիլիին «գոստրոլյոր» է անվանել եւ նույնպես պահանջել «չքվել Ուկրաինայից»: Ի պատասխան Վրաստանի նախկին նախագահ եւ ներկայիս Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլին ասել է, որ ինքը նույնպիսի քաղաքացի է, սակայն ի տարբերություն վարչապետի, «չի թալանել Ուկրաինան»: Ամեն ինչ տեղի է ունեցել երկրի նախագահի ներկայությամբ, ով փորձել է հանդարտեցնել կողմերին, բայց ստիպված է եղել փակել է նիստը:

Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին էլ ֆ/բ էջում մեկնաբանել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի՝ սոցիալական այդ ցանցի իր էջում հրապարակած տեսանյութը: «Ցավում եմ, այնպես եղավ, որ վարչապետին (Արսեն Յացենյուկին) գող անվանեցի, բայց ավելի շատ ցավում եմ, որ դա ճիշտ է: Ես «գողեր» բառն օգտագործել եմ վարչապետի ու ՆԳ նախարարի մասին եւ այդ բառերից չեմ հրաժարվում»,- գրել է նա:

Վեճի երկու մասնակիցներն էլ նախագահի աշխատակազմից պահանջել էին, որ միջադեպի տեսանյութը հրապարակվի:, ինչին ի պատասխան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատահածը երկու քաղաքական գործիչների անձնական գործ էր որակել:

Պյոտոր Պորոշենկոն ամոթալի անվանելով միջադեպը՝ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, թե անընդունելի են կոպիտ լուտանքները՝ հատկապես քսենոֆոբիայի ենթատեքստ պարունակող վիրավորանքները, որոնք դիպչում են մարդու ազգային արժանապատվությանը, կասկածի տակ դնում նրա հայրենասիրությունը եւ առաջարկում հեռանալ Ուկրաինայից: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շոու-բիզնեսի ոլորտ չէ: «Ես ցանկանում եմ, որ եւ պետական պաշտոնյաները, եւ ժողովրդական պատգամավորները չմասնակցեն նման ներկայացումներին»,- նշել է նախագահը:

Հաղորդվել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում արդեն որոշման նախագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է ՆԳ նախարար Ավակովի պաշտոնանկությունը: Ըստ այդ նախագծի, որը ներկայացվել է «Պետրո Պորոշենկոյի բլոկի» եւ այլ պատգամավորների խմբի կողմից, ՆԳ նախարարը մեղադրվում է օրենքն արհամարհելու եւ Մայդանի մասնակիցների դեմ կատարված հանցագործությունների հետաքննությունը չակտիվացնելու մեջ: Փորձագետների պնդմամբ, Ավակով-Սաակաշվիլի հակամարտությունը եւ ՆԳ նախարարի պաշտոնանկության նախագծի շրջանառությունը վկայությունն են այն փաստի, որ Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի թիմերի միջեւ առկա են լուրջ տարաձայնություններ:

Անդրադառնալով միջադեպի կապակցությամբ Ուկրաինայի նախագահի՝ քսենոֆոբիայից զերծ մնալու կոչին, Արսեն Ավակովը տեսանյութին կից գրառում է կատարել՝ ուղղված նախագահին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի նախագահ, Դուք թույլ տվեցիք արտահայտություն, եւ ես, մեղմ ասած, զարմացած եմ: Ո՞ւմ եք Դուք մեղադրում քսենոֆոբիայի մեջ: Ի՞նձ, հայիս, ով 3 տարեկանից իր ամբողջ կյանքն ապրել է Ուկրաինայում: Արդյո՞ք ես չգիտեմ, թե ով է Ձեզ հուշել արձագանքման այդ ձեւաչափը: Դուք դա ի՞նձ եք ասում, մարդու, ում Ձեզ հետ միասին ծեծի էին ենթարկում, իսկ դեկտեմբերի 10-ին մենք միասին դիմակայում էինք «Բերկուտ»-ին Մայդանում՝ ուկրաինացիների, ուկրաինացի բելառուսների, հայերի, վրացիների, հրեաների հետ, թե՞ Դուք ինձ հետ չէիք այդ ժամանակ: Այս ամենն ինձ մոտ նողկանք է առաջացնում, բայց ես կհանդուրժեմ սա, եւ ոչ առաջին անգամ… Մենք Ձեզ հետ միշտ խոսել ենք անկեղծ եւ բաց, եւ ես Ձեզ բացահայտ ասացի, թե ինչ եմ մտածում այս հարցի շուրջ, ինչպես որ բացահայտ էր Ձեր դիրքորոշումը: …Դուք ինձ հրավիրել էիք Ռադա՝ մասնակցելու բարեփոխումների խորհրդին, եւ Ձեր օֆիսում ինձ թույլ չտվեցին արտահայտվել: Ես հայցեցի ձեր միջամտությունը երկու անգամ, սակայն չստացվեց: Միայն Սաակաշվիլու երակներով չէ, որ տաք կովկասյան արյուն է հոսում»…

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։