Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունը, մի շարք ազգայնական ուժերի հետ, նախընտրական ժամանակահատվածում հայտարարություն էր տարածել, որով ներկայացրել էր իր չեզոքությունը փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ գնահատական տալով բոլոր 9 թեկնածուներին, նրանց գործունեությանը:

Հիմա, հետեւելով հետընտրական գործընթացներին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը, խորհրդակցելով իրեն սատարող ազգայնական կառույցների ու խմբերի հետ, հայտարարում է, որ իշխանության եւ արմատական ընդդիմության հակամարտող անզիջում բնույթի մարտավարությունը հանգեցրել է մի իրավիճակի, որը հետզհետե խորացնում է հայ հանրության պառակտումն ու փոխադարձ անվստահությունը, ինչն էլ աններելի է ներկայիս պայմաններում, երբ միջազգային զարգացումները հատկապես հիմա (երբ ՀՀ նախագահի օրինական ընտրության խնդիրն է լուծվում) ուղղակի կամ անուղղակի ազդելու են ՀՀ ներքին կյանքի ու ԼՂՀ հարցի քննարկման վրա:

Այսօր, երբ հայ հանրությունը իր իշխանությունների միջոցով Կոսովոյի անկախության նախադեպը պիտի միջազգային քննարկման դներ՝ Արցախի խնդիրը մեկ աստիճանով էլ բարձրացնելու համար, թաղված է ներազգային հակամարտության մեջ:

Այս իրավիճակի շարունակականությունը միանշանակ հանգեցնելու է բախումների, արյունահեղության, որից գրեթե միշտ կարողացել է խուսափել հայությունը, իհարկե մասնակի դեպքեր եղել են, բայց չեն ծավալվել կողմերից մեկի ըմբռնողականության արդյունքում: Հիմա կարծես թե չկա որեւէ ըմբռնողականություն: Ուստի, Հայ Արիական Միաբանությունը հակամարտող կողմերին առաջարկում է՝

1. Համատեղ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի ընտրության օրինականության հարցը լսելու եւ վերջնական վճիռ կայացնելու համար: Եթե ընդդիմությունը չունի բավարար վստահություն Սահմանադրական դատարանի նկատմամբ, ապա հարցի քննարկմանը կարող են մասնակցել նաեւ բոլոր տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունները: Եթե ընդդիմությունը հրաժարվում է դիմել Սահմանադրական դատարան, ապա իշխանություններին առաջարկում ենք ցուցաբերել վեհություն եւ դիմել Սահմանադրական դատարան՝ հայության մի ստվար մասի կասկածները փարատելու նպատակով: Եթե իշխանությունները մտահոգվելու խնդիր չունեն, ապա հարցը իրավական հարթություն տեղափոխելը կբերի ամբողջ ժողովրդի վստահության վերականգնմանը:

2. Հայ Արիական Միաբանությունը իրեն աջակցող ազգայնական ուժերի հետ պատրաստ է նպաստել այս խնդրի փոխշահավետ քննարկմանը՝ եռակողմ բանակցություններում: Մեզ համար հայեր են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների հարյուր հազարների հասնող համակիրները, եւ մեզ համար թանկ է ամեն հայի արյան ամեն մի կաթիլը: Մենք անհանգստացած ենք նաեւ մեր երկրի, պետության վարկով, որի միջազգային ասպարեզում բարձր լինելն այլեւս անհրաժեշտություն է:

3. Պատրաստ ենք միջնորդական առաքելությունը սկսելուց եւ հաջող ընթանալուց հետո հեռանալ բանակցություններից՝ այն թողնելով արդեն բանակցող կողմերի վրա, որը կողմերին թույլ կտա փոխադարձ խնդիրները ներփակել՝ առանց երրորդ կողմին դրանք ցուցանելու:

4. Կարեւորելով միջազգային դիտորդների գնահատականները եւ հնարավոր մասնակցությունն ու դերակատարումը ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանց՝ միջազգային այդ դիտորդներին չպիտի տրվի միջնորդությունների ու միջամտությունների անհարկի իրավունք, ակամա արտաքին միջամտություն թույլ չտալու եւ Սահմանադրական դատարանի վճիռը հայոց անկախ պետականության ինքնուրույնության դրսեւորում ցուցադրելու համար:

Կողմերի արձագանքման պարագայում մենք կանցնենք մեր միջնորդական առաքելության իրականացմանը:



Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։