Հունվարի 13-ը` Հայկ Ասատրյանի Անմահության օրն է…

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»:

Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից` մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել: 
Այդպէս չէ՞ր երբեմն հայը: 
Ասում ենք` այդպէս էր, ուզում ենք էլի՛ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն: 
Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին` քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը` գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»: 
«Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք:

Շրջապատուած ոչ-արիական եւ հակաքրիստոնէական թշնամիներով` հայ ազգին վիճակուեց մենակութեան ողբերգութիւնը, որից, սակայն, նա կարողացաւ դիւցազնական ստեղծել: Յաւէտ վտանգուած` այս ժողովուրդը ցուցահանեց մեծագործումի ոգի, իր ճակատագրի, նպատակի եւ պատմութեան իմաստը տեսնելով Ե. դարի հռչակաւոր պատմագիր Մովսէս Խորենացու հետեւեալ խօսքում – «Թէպէտ եւ եմք ածու փոքր եւ թուով յոյժ ընդ փոքու սահմանեալ սակայն բազում գործք արիութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս»…
Հայկ Ասատրյան

Հայկ Ասատրյան (կենսագրական ակնարկ)

«Իբրեւ գիտության և տեսական խղճմտանքի մարդ՝ (դոկտ. Հայկ Ասատրյանը) իր խոսքը ծառայեցրել է ճշմարտության, իսկ փրկարար ճշմարտությունը՝ իր անիրավված ժողովրդին» (Գարեգին Նժդեհ):

Մեր դարի 30-ական թվականների Հայկական ցեղային շարժման գաղափարական գործիչների մեջ, իր հզոր իմացականությամբ և վառ արտահայտված անհատականությամբ առանձնանում է Հայկ Ասատրյանը, «Նժդեհի գլխավոր՝ գուցե եւ միակ խորհրդատուն», որին Կարո Գեւորգյանը բնորոշում է՝ «գիտական մտապաշարով հարուստ եւ իր փիլիսոփայատիպ խառնվածքով հանրածանոթ…»:

Հայկ Ասատրյանը ծնվել է 1900թ. փետրվարի 5-ին, Ալաշկերտի գավառի Երից գյուղում: Արմատները Տարոնից են: 8 տարեկանում կորցնում է հորը (հայրը՝ Կիրակոսը, գյուղապետն էր), եւ քրոջ ու եղբոր հետ մնում է մոր խնամքին:

Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, որն ավարտելուց հետո մտնում է Հ.Յ.Դ. աշակերտական միության շարքերը: Այնուհետև, ուսումը շարունակում է Երևանի թեմական դպրոցում: Հայաստանի Հանրապետության օրերին, Հայկ Ասատրյանը՝ որպես պատգամավոր աշակերտական կազմակերպությունից, մասնակցում է Հ.Յ.Դ. 9-րդ Ընդհանուր ժողովին: 1918-1919 թվականներին, նրա խմբագրությամբ, Երեւանում լույս է տեսնում Հ.Յ.Դ. աշակերտական միության օրգան «Շանթ» թերթը:


Իր մասնակցությունն է բերում 1921թ. փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, ձերբակալությունից խուսափելու համար, ստիպված հրաժեշտ տալով հարազատներին, անցնում է Թավրիզ (այստեղ ստանում է պարսկահպատակի անձնագիր): Շատ չանցած, Թավրիզ է գալիս նաև Գարեգին Նժդեհը եւ միասին անցնում են Եվրոպա: Եվրոպայում նա ուսանում է նախ Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցում, ապա՝ Պրագայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտում է 1930թ.-ին՝ ստանալով դոկտորի աստիճան: Իր հետ ուսանած Անդրե Ամուրյանը հետագայում հիշում էր. «Հայկ մեծ եռանդով նվիրվեցավ փիլիսոփայության ճյուղին: Կարդալու եւ պարապելու հետաքրքրական եւ ինքնօրինակ կերպ մը ուներ: Նախ՝ վերարկուն երբեք չէր հագներ, այլ՝ կնետեր ուսերուն: Հաճախ կնստեր հատակին ու Նիցշեի եւ Կանտի գիրքը առջև դրած՝ կկարդար եղանակով, ճիշտ դերվիշի տպաւորություն ձգելով: Արդեն կենցաղով ալ Հայկը դերվիշ էր, աննյութասեր, կյանքի հաճույքներուն վրա քամահրանքով նայող, կատեր սուտն ու կեղծիքը, շողոքորթությունն ու քմծիծաղը, մարդոց թերությունները կըսեր իրենց ճակտին»:

Ուշագրավ են Ասատրյանին նվիրված հիշողություններում Բուլղարիայի նրա կուսակիցներից Կարո Մեհյանի (որ հանդես է գալիս «Սօսեաց տղան» ծածկանունով)՝ իր իմացականությունը բնորոշող վկայությունները: «Մղված իր սերեն, ինչպես եւ նպաստավորված իր արտակարգ հիշողութենեն, ան (իմա՝ Հայկ Ասատրյանը) ուսումնասիրած էր Հայաստանի աշխարհագրությունը մանրամասնորեն: Հայերեն թե օտար լեզուներով գրված բոլոր գործերը, որոնք կխոսին մեր երկրի մասին, ծանոթ էին անոր: Նաեւ մեր մատենագրության մեջ չկար տող մը, որուն վրա ան տքնած չըլլար: Նարեկացիեն երկար հատվածներ կարտասաներ գոց: Իսկ առհասարակ հայերեն լեզուն ան իրեն համար վերածած էր տեսակ մը մասնագիտության: Տևապես «կխուզարկեր» բառերը, կըբաղդատեր օտար բառերու հետ ու չէր հանդարտեր, մինչեւ որ չլուծեր անոնց ծագման կամ արմատի հանգույցը: Սեղմ՝ իր մտածումներուն մեջ եւ ատկե՝ քիչ մը «թանձր» արտահայտվելու իր ձեւով, Հ. Ասատրյան հարկադրվա՞ծ կըլլար, թե՞ կընախասիրեր նոր բառեր կերտել: Իր փոքրաթիվ գրքերուն եւ բազմաթիվ հոդվածներուն մեջ ունի մեծ թիվով բառեր, որոնք «իրն» են, եւ զորս կարժե «լույսին բերել», տրված ըլլալով որ անոնցմե շատերը արտահայտիչ են, հեշտալուր եւ մեր լեզվին օրենքներուն համապատասխան: Որովհետեւ այս «դերվիշը» ո՛չ միայն հասկացողություն եւ հմտություն, այլեւ՛ ճաշակ ուներ: Ճաշակ՝ ամեն բանի մեջ ու գեղեցկագիտական ըմբռնումով»:

Այնուհետեւ, Հայկ Ասատրյանն անցնում է Բուլղարիա, ուր մնում է Գարեգին Նժդեհի մոտ եւ գործում նրա հետ: Բուլղարիայի հետ է կապված նրա ազգային-քաղաքական գործունեության ամենաբեղուն եւ եռանդուն շրջանը: Հայկ Ասատրյանը ուսուցչություն էր անում Սոֆիայի Գեւորգ Մեսրոպ ճեմարանում եւ, միաժամանակ, Հ.Յ.Դ. տեղի ԿԿ-ի քարտուղարն էր:

Հայկ Ասատրյանը եղավ Գարեգին Նժդեհի ամենամոտ գործակիցը՝ 30-ական թվականների Հայկական ցեղային շարժումը ծավալելու եւ հիմնավորելու գործում: «…Հայկը աջ բազուկն էր, Նժդեհին, երբ «Ցեղակրոնություն» գաղափարաբանությունը կխմբագրեր»: Նա խորապես ընկալեց Նժդեհի ուսմունքը եւ, մի տեսակ, մեկնիչ (թերեւս չգերազանցված) եղավ նրա գաղափարների: Վերջինիս երկու մենագրությունների՝ «Ցեղի ոգու շարժը», «Ամերիկահայությունը – Ցեղը եւ իր տականքը» վերաբերյալ Հայկ Ասատրյանի մեկնաբանություններն ու խորհրդածությունները լավագույնս ա՛յդ են վկայում:

1932թ.-ին, Սոֆիայում, Հայկ Ասատրյանի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս է տեսնում «Խռովք» իմաստասիրական – գիտական ամսագիրը, որը, սակայն, կուսակցության կողմից աջակցություն չի ստանում եւ փակվում է: 1935թ.-ից, Բուլղարիայի Հ.Յ.Դ.ԿԿ-ի ներսում ունեցած տարաձայնությունների պատճառով, կուսակցության հետ իր կապերը փաստացիորեն խզում է: Դրանից հետո, 1936թ.-ին, կրկին Սոֆիայում, Ներսես Աստվածատուրյանի հետ լույս են ընծայում «Ցեղ և Հայրենիք» կիսամսյան, որը նույնպես երկար կյանք չի ունենում:

1937թ.-ին Հայկ Ասատրյանը, պաշտոնապես, Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից հեռացվել է կուսակցությունից: Ի դեպ, նա Հ.Յ.Դ.-ից հեռացվել է մի փոքր շուտ, քան Նժդեհը, եւ ոչ առանց հիմքի. այս կապակցությամբ, «Ամրոցը», իր 1937թ.-ի թիվ 20-ի խմբագրականում Հայկին համարում էր քավության նոխազ Նժդեհի «մեղքերին»:

Մեզ հայտնի են 1933թ.-ին Սոֆիայում հրատարակված նրա երկու գրքույկները՝ «Ցեղանենգ շեյթանը» եւ «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության եւ Մայիս 28-ի մասին»:

1937թ.-ից, Նժդեհի հետ հիմնում և մինչև 1944թ.-ը հրատարակում են «Ռազմիկ» հասարակական-քաղաքական կիսաշաբաթաթերթը, որը, փոստորեն, Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության թերթն էր: Խմբագիրը, որոշ ընդմիջումներով, Հայկ Ասատրյանն էր:

Եղել է Տարոնական շարժման հիմնադիրներից ու գաղափարախոսներից մեկը եւ 1938-1939թթ.-ին Ներսես Աստվածատուրյանի հետ խմբագրել է Սոֆիայում հրատարակվող «Տարոնի Արծիվ»-ը, որը Տարոն-Տուրուբերանի Հայրենակցական Միության պաշտոնաթերթն էր:

1942թ.-ին Հայկ Ասատրյանն ավարտում է Հայկական հարցին եւ արժեքներին նվիրված իր «Հայաստան-Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» գրքի Ա մասը (գրքի առաջաբանը գրել է Գարեգին Նժդեհը) եւ շտապ մեկնում Բեռլին՝ դա գերմաներեն թարգմանել տալու եւ անմիջապես հրատարակելու համար: Այդ գործի կարևորությունը պայմանավորված էր այն բանով, որ մի շարք եվրոպացի գիտնականներ սխալ տեղեկություններ էին տվել Հայ ցեղի ծագման մասին (կասկածի տակ էր դրվում հայերի արիական ծագումը), եւ այս ապատեղեկատվության հիման վրա նացիստական կուսակցության մեջ ձեւավորվել էր մի թև՝ Ռոզենբերգի ղեկավարությամբ, որն հայերին վերագրում էր սեմական ծագում: Վտանգի տակ էր գերմանական տիրապետության տարածքում բնակվող շուրջ 400 հազար հայերի գոյությունը: Հետևաբար, անհրաժեշտ էր գործնական ու գիտական-քարոզչական միջոցներով վերացնել այդ վտանգը:

Կապված Հայկ Ասատրյանի Բեռլին մեկնելու հետ, 1943թ.-ի սկզբին Գարեգին Նժդեհի կողմից Բուլղարիա է հրավիրվում Կարո Գեւորգյանը (որը Սալոնիկում 1928-1937թթ-ին խմբագրում էր «Հորիզոն» թերթը ու եղել է տեղի Ցեղակրոն Ուխտերի ղեկավարը), որն առժամանակ խմբագրում է «Ռազմիկը»:

1943թ. վերջին Հայկ Ասատրյանը վերադառնում է Բուլղարիա և կրկին անցնում «Ռազմիկ» թերթի խմբագրության գործին, ինչպես նաեւ ավարտում իր գրքի Բ մասը, որը սակայն լույս չի տեսնում:

Երբ 1944թ-ին համայնավարները գրավեցին Բուլղարիան, իրար ետեւից ձերբակալվեցին Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը (ձերբակալվել է 1945թ. հունվարի 27-ին) եւ Ներսես Աստվածատուրյանը: Հայկ Ասատրյանը, դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, նախ ուղարկվում է Քիշինևի, այնուհետև՝ Ուրալի բանտը, ուր գտնվում էր նաեւ Ներսես Աստվածատուրյանը: Վերջինս կարճ ժամանակ անց մահանում է: Իր սիրելի ընկերոջ մահվան լուրը Հայկ Ասատրյանն առնում է միայն նրա դիակը՝ բանտից դուրս հանելիս:

1952թ. Հայկ Ասատրյանն Ուրալից փորձում են տեղափոխել Երեւան (Գարեգին Նժդեհի մոտ)՝ Դաշնակցության եւ Թուքիայի հետ կապված խնդիրներում օգտագործելու համար: Սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, դա տեղի չի ունենում:

Հայկ Ասատրյանի ձերբակալումից հետո հալածվում են նաև նրա ընտանիքի անդամները. կնոջն ու երկու աղջիկներին (Հեղինե եւ Արածանի) աքսորում են Պավլիկենի քաղաքը, ուր աքսորվել էր նաեւ ԳարեգինՆժդեհի ընտանիքը: Նրանց ստիպում են ամեն առավոտ ու երեկո ստորագրություններ տալ՝ ներկայության համար, իսկ տիկնոջը նույնիսկ արգելում են աշխատել: 1947թ.-ին, Հայկ Ասատրյանի կինը (Սիրանուշ Խանջիկյան) Չեկայի կողմից ստանում է կեղծ երկտող՝ իր ամուսնու մահվան մասին, որից հետո նրան ստիպում են ամուսնանալ, քանզի հակառակ դեպքում, աշխատանքի իրավունք չի ունենա եւ կդիտվի որպես հակակառավարական անձ: 1951թ.-ին տիկին Ասատրյանը ամուսնանում է մի բուլղարացու հետ՝ այդպես փորձելով պահել իր երկու աղջիկներին:

1955թ.-ին, ընդհանուր ներման շնորհիվ ազատվելով բանտից, Հայկ Ասատրյանը ծանր հիվանդ վիճակում վերադառնում է Սոֆիա եւ ցավով իմանում իր ընտանիքի ու հատկապես կնոջ նկատմամբ՝ Չեկայի խարդավանքների մասին: Սակայն, ստիպված է լինում հաշտվել իրականության հետ եւ մնում է իր մեծ աղջկա՝ Հեղինեի մոտ (ի դեպ, Հեղինեի կնքահայրը Գարեգին Նժդեհն էր):

Սարգիս Սարունու վկայությամբ, բանտարկության տարիներին «թերթի լուսանցքներուն վրա, Հայկ գրած էր ընդարձակ դյուցազներգություն մը, որով կուտար հայ ժողովրդին ամբողջ պատմությունը, սկիզբեն մինչեւ մեր օրերը», որը, ցավոք, կորել է: Հայկ Ասատրյանի՝ աքսորի վերջին տարիներին գրած անավարտ, «հանգավոր մեկ վեպի» մասին է վկայում նաեւ նրա բանտակից Կարո Մեհյանը:

1956թ. հունվարի 13-ին, Հայկ Ասատրյանը վախճանվում է սրտի կաթվածից: Մահվան պահին, երկինք նայելով, երեք անգամ բացականչում է. «Ա՜խ, Հայաստա՜ն…»: Այսպես է ընդհատվում ցեղադրոշմ կյանքը հայաշունչ մտավորականի, որի դեռևս քիչ հայտնի տեսական ժառանգությունը կգա անշուշտ լրացնելու հայ, թերեւս ոչ այնքան հարուստ, ազգային-իմաստասիրական միտքը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։