Ցեղակրոն Շարժումը

 nzhdeh-swastika

Ա) Ցեղակրոն շարժման պատմությունը

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսնող «Խռովք» ամսագրում Գ. Նժդեհը, «Հոգեւոր նորոգության խնդիրներ» խորագրի ներքո լույս ընծայեց «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հիմնադրութային հոդվածը (Նժդեհի մի բանախոսության սղագրումն է սա), ուր մասնավորապես կարդում ենք. «Եթե ցայսօր մեր ժողովուրդը հարվածներ է միայն ստանում եւ ողբերգորեն՝ անկարող է հակահարվածել, դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղորեն… Ցեղակրոնությո՛ւն – ահա՛ համադարմանը, առանց որի հայությունը կմնա մարդկության քաղաքականապես ամենատնանկ մասը»:

Նժդեհը գալիս էր ավետելու ցեղահայտնության ժամը` սկզբնավորելով Համահայկականության տեսությունը:

1933թ.-ի ամռանը, Նժդեհը, Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մեկնեց ԱՄՆ, ուր նախաձեռնեց Ցեղակրոն Ուխտերը, որոնց «Ծրագիր-Կանոնագրում» կազմակերպության ստեղծման նպատակն ամրագրված է. «Ստեղծել ցեղակրոն սերունդ մը, որուն անդամները ապրին եւ գործեն որպես ցեղի հպատակն ու մարտիկը, ուր որ էլ լինեն եւ ընկերային ինչ դիրք էլ ունենան…»:

Մինչեւ Նժդեհի ԱՄՆ գալը, այնտեղ գործում էին մի շարք երիտասարդական միություններ՝ «Հայորդիք», «Որդիք Հայաստանեայց» եւ այլն: Իրարից անջատ գործող այս միությունները համախմբելու եւ մեկ հայտարարի բերելու դժվարին գործը ստանձնեց Նժդեհը՝ ծավալելով Ցեղակրոն շարժումը, որի գաղափարախոսությունը շարադրեց 1933թ. վերջին, Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ «Ցեղային արթնություն» խորագիրը կրող հոդվածաշարով:

Ի՞նչ հանգամանքներով էր թելադրված շարժման անհրաժեշտությունը:

Դա մի ժամանակաշրջան էր, երբ գաղթահայության մեջ տիրող պարտվողական հոգեվիճակը, ներքին ճակատում մոլեգնող միջկուսակցական պառակտիչ կռիվները եւ դրանց միացած օտար այլասերիչ միջավայրը մղել էին դրսի հայությանն իր նվաստ վիճակին հնազանդորեն համակերպվելու` սպառնալով դարասկզբի մեր պարտությունը վերջնական դարձնել: Սրանց ավելացել էր նաեւ հիվանդագին կրոնականությունը, հայկական գաղթօջախներում գործում էին մի շարք ապազգային աղանդներ, որոնք քարոզում էին հրաժարում Հայրենիքի գաղափարից, հեռացում ազգային-հասարակական կյանքից եւ նվիրում «երկնային հայրենիքին»:

Ստեղծված մթնոլորտն անխուսափելիորեն պիտի բերեր գաղթաշխարհի շուրջ մեկ միլիոն հայության փոշիացմանը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնասպանությանը: Պետք էր կանխել այն:

Շարժման անհրաժեշտությունը թելադրված էր նաեւ թուրքերի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ: Դրա համար թուրքերն օգտագործում էին եվրոպացի ծախու հասարակական գործիչների, որոնք հայերին ներկայացնում էին աշխարհին որպես անհայրենասեր, անարի ու անմարտունակ, անիշխանական ու բարոյականությունից զուրկ թալանչիներ: Հարկավոր էր հակաքարոզչությամբ ու իրական քայլերով ցրել հայության մասին ստեղծվող թյուր պատկերացումները:

«Կար Ցեղակրոն շարժման անհրաժեշտությունն ընդգծող մի կարևորագույն հանգամանք եւս. դա մեր հին սերնդի քաղաքական տեղատվությունն էր Թուրքիայի նկատմամբ: Մեր հին կուսակցությունները սկսել էին լքել Հայկական հարցըն ու համակերպվել այն մտքի հետ, որ պետք է հրաժարվել Թուրքիայում մնացած հայկական տարածքներից ու մերձենալ թուրքերի հետ: Այդ ուրացումը երիտասարդ սերնդի աչքում մեզ կդարձներ արհամարհելի ժողովուրդ», – գրում է Նժդեհը: Անհրաժեշտ էր անհայրենիք գաղթահայության մեջ բորբոքել հայրենատիրության գաղափարը, նրան «հոգեւոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով` դարձնել հայրենատեր»:

Միաժամանակ, շարժումը նպատակ ուներ հոգեւոր հուսալի պատվար ստեղծել բոլշևիկյան բարոյազուրկ քարոզչության դեմ, որ բացիլի պես տարածվում էր հայ գաղթօջախներում:

Այս վիճակից դուրս գալու մեկ ելք կար՝ հոգեւոր-բարոյական վերանորոգումը, որն էլ հնարավոր էր միայն սեփական (ցեղային) արժեքների ու ձգտումների վերարծարծման եւ դրանք վերապրելու ճանապարհով:

mard-aryutz-ceghakron

Բնական էր, որ հոգեվերանորոգչական այդ շարժման կըրող (շարժիչ ուժ) պիտի դիտվեր երիտասարդությունը՝ որպես հասարակության առավել կարող եւ վերանորոգվելու ընդունակ տարր: Եվ այս առումով շարժումը նպատակ ուներ վերածվել սփյուռքահայ երիտասարդության համահայկական շարժման, իսկ Ցեղակրոն Ուխտերը դարձնել աշխարհի հայ նոր սերնդի ընդհանուր կազմակերպության կորիզը: «Որպես ծով՝ դա պիտի միացնի իր մեջ նորահաս սերունդին պատկանող բոլոր «գարնանային ջրերը, բոլոր ազգային միությունները». սաէր Նժդեհի սպասելիքը Ցեղակրոն շարժումից:

Քանի որ գաղթահայության ամենամեծ զանգվածն ապրում էր ԱՄՆ-ում, որտեղ եւ հայությունն առավել շատ էր ենթակա ձուլման, ուծացման, շարժումը սկզբնավորվեց այնտեղ:

Շարժման սկզբնավորման համար էական եղավ նաեւ ժամանակի գործոնը: Աշխարհում ազգայնական շարժումների աննախընթաց վերելք էր ընթանում. աշխարհն ազգայնանում էր՝ պարտադրելով նոր բախումներ: Անհրաժեշտ էր սեփական արժեքների վեր հանումով հոգեբանորեն նախապատրաստվել գալիք արհավիրքին…

Եվ վտանգված Ցեղը ցնցվեց. նա երկնեց ու Նժդեհի շուրթերով հնչեցրեց Ցեղակրոնության խոսքը՝ «որպես կազդուրիչ կանչ»:

Ժամանելով ԱՄՆ` Նժդեհը, «օժտված մարգարեական շունչով ու մոգական հմայքով, Ամերիկայի մեկ ծայրեն մյուսը էլեկտրականացուց մթնոլորտը իր կուռ բանախոսություններով, անկեղծ ու անվախ արտահայտություններով եւ անվիճելի փաստերով»:

Շնորհիվ Նժդեհի կազմակերպական ու քարոզչական անզուգական տաղանդի, Ցեղակրոն շարժումը միանգամից լայն թափ ստացավ: Եվ ինչպես խոստովանում է Ռուբեն Դարբինյանը, «առանց Նժդեհի ներշնչած ոգեւորության, առանց անոր մղիչ ուժին, առանց անոր առինքնող անձին հմայիչ ազդեցության, դժվար թե ամերիկահայ մեր նոր սերունդը կարողանար կազմակերպվիլ այնքա՛ն կարճ ժամանակի մեջ»: Այս շարժման շնորհիվ էր, որ նրանով խանդավառված ամերիկահայ «բազմահազար երիտասարդ-երիտասարդուհիներ սկսան ո՛չ միայն ամոթ չզգալ իրենց հայության համար, այլ՝ հպարտություն…»:

Ցեղակրոն Ուխտերի առաջին ներկայացուցչական ժո- ղովը գումարվեց 1933թ.-ի հուլիսին, որից հետո, շուրջ մեկ տարի կազմակերպությունը գործեց չեզոք՝ ոչ կուսակցական հողի վրա: 1934թ.-ի հունիսին, Բոստոնի «Հայրենիք» ակումբի սրահում, Նժդեհի նախագահությամբ բացված Ցեղակրոն Ուխտերի առաջին պատգամավորական ժողովը որոշեց մտնել Դաշնակցության դրոշի տակ եւ հետ այսու կազմակերպությունը կոչել Հ.Յ.Դ. Ցեղակրոն Ուխտեր:

Մի քանի խոսք Ցեղակրոն Ուխտերի մասին:

Կազմակերպությունն ուներ իր Ծրագիր-Կանոնագիրը եւ «Հավատամքը», որը ներկայացնում ենք ստորեւ.

ceghakron-yerdum

Ցեղակրոնության հավատամքը

Ա. Ես ցեղակրօն եմ -

Եվ ահա` կÿերդվեմ Վահագնի աջի վրայ` երբեք չմեղանչել ուխտիս դէմ – ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:

Բ. Ինձ համար անհատականության եւ ազատութեան ամենաբարձր արարքը – դա հնազանդուելն է ցեղիս:

Գ. Ես ցեղաճանաչ եմ, եւ ահա` գիտեմ թէ մեծ իմ ցեղն աւելին է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորոգոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:

Դ. Ես ցեղահաւատ եմ, եւ ահա` պաշտում եմ եւ մի այլ աստուածութիւն – ցեղիս արիւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:

Ե. Ես ցեղահաղորդ եմ, եւ ահա՛ զգում եմ, որ իմ անձը աւելի իմ գերագոյն ծնողին – իմ ցեղին է պատկանաում, քան իմ անմիջական ծնողներին:

Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:

Է. Ցեղակրօն եմ, ասել է` ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի:

Ը. Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ինչ վիճակում էլ որ լինեմ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր` անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ՛, վերադարձ կայ:

Թ. Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ ցեղակրօնի իմ բաժինը – առիւծի բաժինն է, ամենամե՛ծը:

Ժ. Ցեղակրօնը, որի նշանաբանն է – աւելի զօրութիւն-պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի, իմա` Հայ Ցեղ. Դաշնակցութեան հանդէպ:

ԺԱ. Զոհապաշտ եմ ես, եւ ահա` երկիւղածօրէն կÿոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան, իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար:

ԺԲ. Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան – տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:

ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչո՛ւ ցեղային անհատականութեան եղծումը ցեղակրօնը համարում է ոճիր` ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:

ԺԴ. Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն – կաթէն:

Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թեպէտև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:

Աւելի՛ պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից – ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն – ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը` հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:

Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջադիմութեան բարձր սկզբունքներին:

ժե. Մե՛ծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մե՛ծ է իմ պաշտամունքը:

Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ – որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:

- Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:

- Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը – թո՛ւրքը, միա՛յն թուրքը:

Ցեղադրուժ բոլշևիկը իր շնական հրաժարիմքն ունի.

Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.

Նա իր թուղթէ անզօր եղիցի՛ն ունի.

Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:

Զզուելիօրէն բացասական է բոլշևիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:

Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:

ԺԶ. Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդենականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն – այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:

ԺԷ. Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ ցեղիս թշնամիներն – նախ թուրքին:

ԺԸ. Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զօհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենդրոնացման: Արտաշիսեան իր նախնիքների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:

ԺԹ. Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը – Մայիս 28-ը – եւ այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որ է՝ սրբութի՛ւն, քաղաքական դա՛տ եւ վախճանաբանութի՛ւն, միաժամանակ:

Ի. Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

ԻԱ. Ինքնամսխումի մէջ ազատ չէ ցեղակրօնը:

Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:

ԻԲ. Նրա համար նախասիրելի են այն գիտությունները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:

ԻԳ. Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:

Ցեղի կամքի աստուածացումը – ահա, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ եւ ամէն:

Կազմակերպությանն անդամակցում էին Ցեղակրոնութ- յան դավանանքը (հավատամքը) ընդունող երկսեռ հայորդիներ: Կազմակերպության միավորը Ուխտն էր, որն ուներ առնվազն յոթ անդամ: Ցեղակրոն Ուխտերի ղեկավար վերին մարմինը Կենտրոնական վարչությունն էր, որն ընտրվում էր Պատգամավորական ժողովի կողմից. վերջինս գումարվում էր տարին մեկ անգամ: Կենտրոնական վարչության նիստերին մասնակցում էր Հ.Յ.Դ. ԿԿ-ի որեւէ անդամ՝ մեկ ձայնի իրավունքով:

Ուխտերը կազմակերպում էին ընկերական հավաքույթներ, Հայոց պատմության նյութի վրա՝ ցեղային ինքնաճանաչմանը նպաստող ասուլիսներ, ինչպես նաև՝ մարզանք, զբոսանք եւ այլն: Ուխտերի ժողովներին կամ հավաքույթներին հայերենը պարտադիր էր:

Ուխտերի ներսում առկա էր խիստ կարգապահություն:

Ուխտակիցների միջեւ գործում էր «Բոլորը մեկի եւ մեկը բոլորի համար» սկզբունքը:

Ցեղակրոն Ուխտերը ներդաշնակ հարաբերությաուններ էին պաշտպանում Հայկական Կարմիր Խաչի, Հ.Յ.Դ. Ուսանողական միության եւ նման այլ հաստատությունների հետ, որոնք համակրում էին Ցեղակրոն շարժմանը:

Ուխտերի նշանաբանն էր. «Հայաստանը՝ հայերին»:

Կազմակերպության պաշտոնական տոներն էին՝ Ցեղակրոնության օրը՝ հունվարի 14-ը, Դրոշակի օրը՝ օգոստոսի 10-ը:

Ցեղակրոնները պարտավոր էին նաեւ մասնակցել՝ Հայոց սգատոնին՝ ապրիլի 24-ին, Հայաստանի անկախության օրվան՝ մայիսի 28-ին, Դաշնակցության օրվան՝ հոկտեմբերին:

Ուխտերի խորհրդանշանն առյուծն էր:

Ցեղակրոն Ուխտերի առաջին Պատգամավորական ժողովում «Հառաջ, նահատակ» հայտնի քայլերգը (խոսք՝ Գ. Կառավարենցի, երաժշտություն՝ Բ. Կանաչյանի) ժամանակավոր ընդունվեց՝ իբրեւ կազմակերպության քայլերգ, իսկ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը՝ իբրեւ ցեղակրոնների օրգան:

«Հայրենիք» շաբաթաթերթը («Hairenik Weekly») հրատարակվում էր 1934թ.-ի մարտից, նպատակ ունենալով ամերիկահայ նոր սերնդին գոնե անգլերենով ծանոթացնել իր ազգի պատմությանը, մշակույթին, զերծ պահել նրան օտարացումից: «Անոր օգնությամբ էր, որ Գարեգին Նժդեհը, որ անգլերեն բնավ չէր գիտեր, իր խանդավառությամբ եւ մագնիսական շունչով կրցավ ազդել մեր նոր սերունդի վրա եւ մեկ ընդհանուր կազմակերպության դրոշի տակ հավաքել հոս ու հոն գոյություն ունեցող «հայորդիներու» խումբերը, ինչպես և՝ նորեր կազմել: Առանց «Հայրենիք Ուիքլիի» հոգեբանորեն հող պատրաստելուն, անկարելի պիտի լիներ, հարկավ, մեր նոր սերունդի ընդհանուր կուռ կազմակերպությունը… Այլապես անգլերեն չխոսող Գ.Նժդեհը տպավորիչ հռետորությամբ եւ գեղեցիկ հայերենով չպիտի կրնար երբեք խանդավառություն ստեղծել մեր նոր սերունդին մեջ», – գրում է Ռ. Դարբինյանը մի փոքր գերագնահատելով այդ շաբաթաթերթի դերը:

ԱՄՆ-ում Ցեղակրոն շարժման կենտրոնը Բոստոնն էր: Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաեւ Չիկագոյում, Դիտրոյտում, Ֆրեզնոյում եւ Ամերիկայի հայաշատ այլ վայրերում: Դրանք մասնաճյուղեր ունեին Բուլղարիայում (Սոֆիա, Պլովդիվ, Վառնա, Բուրգաս եւ այլն), Հունաստանում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ այլուր:

Իսկ ինչո՞ւ Նժդեհը Ցեզակրոն կազմակերպությունը կոչեց ուխտ եւ ոչ, ասենք, խումբ: Դիմենք իրեն. «Մեր ժողովրդի բոլոր մեծագործությունները արդյունք են իր որոշ զավակների ուխտվածության: Վաղը քաջաբար կռվելու պատրաստ զինվորներ կունենա միայն նա, ով այսօր ուխտ ունի. այս հասկացողությամբ ժամանակին ես ծնունդ տվի «Դավիթբեկյան Ուխտ»-երին, որոնք լիուլի արդարացրին իրենց անունը վտանգի ու պարտականության ճակատի վրա: Միեւնույն հոգեբանական հաշիվներով «ուխտ» անվանեցի նաեւ Ամերիկայի մեր ցեղակրոն միավորները… Չկա ավելի անպիտան իմացական էակ, քան ուխտազուրկ հայ մարդը: Անուխտ հայ, ասել է՝ անոգի, իսկ անոգի հայ, ասել է՝ աննվեր, անարի, անզոր»:

1934թ. աշնանը Նժդեհը ԱՄՆ-ից վերադարձավ Բուլղարիա` նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համահայկական, համագաղութային: Նա համոզված էր, որ հայրենատիրական այդ շարժման մեջ «վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները»: Այս առիթով Բուլղարիայի Ցեղակրոն կազմակերպության գործուն անդամներից Օնիկ Զարմունին 1936թ.-ին գրում էր, թե «պետք է ստեղծել ընդհանուր մի կենտրոն եւ հայ պատանեկությունն ու երիտասարդությունը դաստիարակել ու ղեկավարել համացեղային սկզբունքներով ու ոգիով», եւ ապա եզրակացնում. «Մեզի կթվի, թե պատմությունը այդ դերը վերապահած է Ցեղակրոնության: Չկա՛ ավելի ընդհանուր արժեք եւ գաղափար, քան ցեղը: Չունինք ավելի կենսունակ մի կազմակերպություն, քան Ցեղակրոն ուխտերը: Կմնա, որ ցեղակրոնությունը իր մեջ ձուլե մշակութային ու մարզական բոլոր միությունները եւ դառնա հայ երիտասարդության համահայկական շարժումը»:

Հետաքրքիր են նաեւ Զարմունու դատողությունները Ցեղակրոնություն-Դաշնակցություն հարաբերությունների խնդրի վերաբերյալ, որն այդ տարիներին բավական կնճռոտ էր. «Ինչ որ էլ ասվի ու գրվի, որքան էլ ժանգոտ սլաքներ ուղղվին նոր շարժումի հասցեին, սա արևի պես պայծառ ճշմարտություն է, որ ցեղակրոնությունը ո՛չ միայն հայության եւ Հայաստանի դատին, այլ նաեւ զանոնք հետապնդող մեր կուսակցության համար բացարձակ անհրաժեշտություն է: Ճշմարիտ դաշնակցականությունը սկիզբեն իսկ եղած է եւ մինչեւ հավիտյան պիտի մնա հայ ժողովուրդի ցեղային ուխտը: Ուրիշ կարգի սոփեստություններ ո՛չ հայոց պատմությունը կրնա հանդուրժել, ո՛չ ալ դաշնակցական ուխտի նահատակներու սրբազան հիշատակը»:

Սակայն, Նժդեհի հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության հետ սրվեցին այն աստիճան, որ 1937թ.-ին նա խզեց իր կապերը կուսակցության հետ, ինչը զգալիորեն ազդեց նաեւ Ցեղակրոն շարժման հետագա ընթացքին:

Դեռ 1934թ.-ին Նիկոլ Աղբալյանը Բեյրութից գրում էր ԱՄՆ-ում գտնվող Նժդեհին. «Ցեղակրոնության շարժումը, որ այդպես հաջողությամբ կծավալի քո խոսքի հմայքով, պիտի կարողանա՞ տևել, երբ դուն թողուս Ամերիկան: Մարգարեն աշակերտներ ունի՞, որ պահեն ոգին եւ ուրեմն գործը»: Ցավոք, Աղբալյանի մտավախությունը արդարացավ, եւ Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Նժդեհի Հ.Յ.Դ.-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել: Իսկ 1941թ. հուլիսին, Չիկագոյում գումարված Ամերիկահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ Պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցություն»: Վերանվանումը բացատրվում էր այն բանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործակիցներ են եւ, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը:

Այս անվանափոխությունը վերաբերում էր միայն ամերիկահայ ցեղակրոններին, իսկ այն վայրերում, ուր Նժդեհի ազդեցությունը մեծ էր (հատկապես Բուլղարիայում, որտեղի կառույցն ամենաուժեղն էր), Ցեղակրոն կազմակերպությունները այդ անունով գործեցին մինչեւ Նժդեհի ձերբակալությունը՝ 1944թ.:

Բ) Ցեղարկրոնություն

«Ես կարդացի ցեղիս թողած աստվածային հետքերը երկրագնդի վրա, տեսա, համբուրեցի, պաշտեցի – ես դարձա ցեղակրոն»:

Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:

Անշուշտ, Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի եւ այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված խտացնելով ու ամփոփելով մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ Հայի էության եւ բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, որը կոչեց Ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ՝ բերվեցին Հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-1921թթ.-ն՝ Դավիթբեկյան Ուխտի օրինակով: «Հանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը», – գրում է Նժդեհը: Նժդեհն ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էությանը, որ կոչվում է «Հայ-ցեղ»: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը:

Նժդեհի համար «ցեղ» հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից «և ոչ մեկն է ընդունելի»: Առհասարակ, ըստ նրա, «դժվար է դա սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»: Նժդեհին «բավական չեն հին եզրերը (տերմինները)», քանզի «նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը»: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավ (իմա՝ նյութ , – Մ.Լ.)»:

Այն նախաստեղծ է եւ գոյություն ունի արաչագործության սկզբից. «Ցեղը նախագոյ է Աստծո նման»: «Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը»:

Ցեղը Ոգու եւ Արյան միություն է, հոգեկան խառնվածք՝ կենսաբանական կազմվածք, միաժամանակ՛ այն անկրկնելի հոգեկանն ու անխառն մարմնականը, որ մարդկային տեսակը (իմա՝ էթնոսը) դարձնում է ինքնատիպ եւ որով տեսակները տարբերվում են միմյանցից: Այս ինքնատիպության պահպանման ու հավիտենականացման ճիգն է Ցեղակրոնությունը – հայորեն ապրելու եւ հարատևելու տենչ, մղում:

Ցեղակրոնության հիմքում երկու հիմնարար սկզբունքներ են.

ա) մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք,

բ) մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ:

Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»:

Յուրաքանչյուր աշխարհայացքային ձեւ, լինի դիցաբանություն, կրոն, թե փիլիսոփայություն, սկսվում է ճանաչողությունից: Ցեղակրոնությունը սկսվում է Ցեղի ճանաչումով՝ ճանաչումը Ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, ճանաչումը նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի ու ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայ ցեղի բերած պատկառելի ավանդի:

- Ցո՛ւյց տվեք ժողովրդին իր ցեղի արեւ-դեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնե իր խոնարհ ճակատը, – ասում է Նժդեհը համոզված, որ իր արժեքների առաքինությունների ճանաչումով է ժողովուրդն ընդունակ հոգեփոխումի եւ որ դրանում է մտավորականության, գրականության, նաև՝ հեղափոխական շարժումների դերը:

Ցեղաճանաչությունը նաեւ մեր ցեղային թերությունների ճանաչումն է, եւ Ցեղակրոնությունը դրանց սրբագրման՝ ցեղային վերաշինության լուրջ փորձ է:

Եվ պատահական չէ, որ Նժդեհը Ցեղակրոնության սուրբ գիրք է համարում «Հայոց Պատմությունը – Ցեղի կյանքի գիրքը», որը ցեղաճանաչումի, իմա՝ ինքնաճանաչումի գլխավոր աղբյուրն է:

Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանզի «ճանաչի՛ր ինքդ քեզ» կնշանակի՝ ճանաչի՛ր նախ քեզ ծնող հավաքականությունը, այսինքն՝ Ցեղդ, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են քո անհատական կերտվածքը:

Ճանաչի՛ր Ցեղդ. սա Ցեղակրոնության պատգամն է հայ նոր սերնդին:

Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը – հավատը մեր ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի ու կարողությունների, նրա ապագայի ու հավիտենականի նկատմամբ:

Հավատալ Ցեղին, կնշանակի՝ ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, լինել ցեղահաղո՛րդ: Դա ասել է՝ հաղորդակից լինել Ցեղի ուժին ու հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին: Վտանգի պահին Ցեղի ձայնը, մռնչոցը լսելու, դրան հետեւելու կամքն է ցեղահաղորդությունը:

Ցեղահաղորդությամբ թելադրված Ցեղակրոնությունն անհատից պահանջում է անխախտ միությո՛ւն իր Ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող: Այս առումով նա ընտանիքը դիտում է որպես միջոց Ցեղի հզորացման համար եւ պնդում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են Ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողներին:

Հաղորդակից լինել Ցեղին, կնշանակի նրանով որոշել քո անհատական երջանկությունն ու ազատությունը:

Ցեղակրոնությունը Ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որ է՝ «տեսնել, թե ինչպե՜ս աճում է իր ժողովրդի զորությունը, եւ արդարորեն ընդարձակվում է Հայաստանը»:

Ըստ Ցեղակրոնության, անհատի ազատության եւ նրա՝ որպես անհատականության ինքնադրսևորումի մեծագույն չափը, «ամենաբարձր արարքը»՝ հնազանդվելն է Ցեղին: Այլ խոսքով, անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում Ցեղի շահերին եւ չի վնասում նրա բարոյականը, եւ նրա ինքնադրսևորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության:

Որպես Ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, Ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՛ծ ճակատագիրը, որին արժանի է Ցեղը:

Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը – պաշտամունքը Ցեղի որակների, արժեքների ու սրբությունների:

Հայրենապաշտություն

Սա նվիրական պաշտամունք է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները եւ որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները:

Արյան Պաշտամունքը

Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաեւ պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը: Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:

Լեզվի Պաշտամունքը

Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է, նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ եւ իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգեւոր ապագան:

Զոհապաշտություն

Սա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար»:

Նախնիապաշտություն

Ցեղակրոնությունը մեծագույն վարպետություն է համարում հոգեւոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը: «Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից… Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես նհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը…»:

Հոգեհաղորդակցվել, ասել է՝ «պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»:

Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները: «Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»:

Ուժապաշտություն

Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով եւ բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը:

- Ավելի՛, է՛լ ավելի զորություն, – նշանաբանում է Ցեղակրոնությունը, ձգտելով աշխարհ բերել զորությա՛ն մարդուն – վահագնապաշտի՛ն ուժապաշտ եւ արիապաշտ, որի մոտ մշտակա է ծարավը ուժի, արիության, ճիգը՝ կատարելագործումի եւ կամքը՝ զոհաբերության:

Առաջնորդապաշտություն

Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաեւ Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները: Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաեւ Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի:

Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում Ցեղին եւ հռչակում. «Հայ կոչվելու արժանի չէ նա, ո՛վ մեր երկրագնդի վրա հայ անունից ավելի մի այլ բան է սիրում»:

- Եղի՛ր Հայ, նա՛խ Հայ, – պատգամում է Նժդեհը, – որովհետեւ Հայն իր պատմության մեջ ավելի մարդ եղավ, քան Հայ մարդ, եւ այդ իսկ պատճառով նրա ողբերգությունը եղավ անօրինակ…

Ցեղակրոնությունը չի՛ ընդունում միայն կույր բնազդի կամ զուտ տրամաբանության վրա հենված ցեղապաշտություն, ցեղասիրություն: Նա կողմնակիցը չէ նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց զգացումի ուժով, բայց մտքի տկարությամբ, ինչպես եւ նրանց, որոնք սիրում են մտքի ուժով, բայց կամքի տկարությամբ»: Նա ջատագովն է նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց անհատականության բովանդակ ուժով՝ մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով»:

Ցեղի արժեքների ու առաքինությունների իմացությունից, դրանց նկատմամբ ակնածանքից, պաշտամունքից է ծնվում անհատի ցեղային (ազգային) հպարտությունը: «Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը – ծնունդ՝ ազգային ինքնաճանաչության, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի պատմության մեջ»:

Հպարտանքի հետ կապված՝ Ցեղակրոնության մեջ կա մի էական խորհուրդ եւս. դա Ցեղի տիտանական ցավի, նրա դարավոր տառապանքի ու ամոթանքի խորապես ապրումն է: Եվ Նժդեհը համոզված է, որ այդ ապրումի՛ց պիտ վերազարթնի մեր նվաստացած հպարտությունը եւ ծնունդ առնի մեր նոր՝ հպարտության կրոնը: Եվ այնժամ աշխարհ կգա ցեղի ցավից ցնցված, «սեփական տառապանքի մեջ մկրտված» ՆՈՐ ՀԱՅԸ (իմա՝ ցեղակրոն Հայը)՝ «ցեղային բարոյականով մյուռոնված», որ կոչված է հաղթահարելու մեր տկարությունները եւ «վերականգնելու մեծությունը Հայ անունի»:

Ըստ այդմ, Ցեղակրոնությունը աշխարհի անիրավությունից վիրավորված, այդ աշխարհից զարնված ու անարգված Հայու ահեղ զայրույթն է: Պոռթկումն է ստրկության դարավոր քնից արթնացած Հայի, որի տառապանքից ու հալածանքից փոթորկվել է նրա խոցված հպարտությունը:

Անիմաստ պիտի համարել Ցեղի նկատմամբ հավատը, ցեղապաշտությունը, ցեղային հպարտությունը, եթե այդ ամենը վերացական են, դատարկախոսություն ու չեն դրսևորվում իրական կյանքում եւ անհատական վարքում: Ճանաչելով Ցեղի արժեքներն ու բարոյականը, անհրաժեշտ է նաեւ կրե՛լ դրանք, ապրե՛լ դրանցով՝ ապահովելով մտքի, խոսքի ու գործի ներդաշնակությունը: Իսկ ապրել Ցեղի ձգտումներով, նրա արժեքներով ու բարոյականով, դրանք կենսաձև դարձնել մեզ համար, կնշանակի՝ կրել մեր մեջ Ցեղը, լինել Ցեղակիր-ցեղակրոն:

Այստեղից էլ, մեր կարծիքով, Նժդեհի կողմից ցեղ եւ կրոն գոյականների միացումով՝ «ցեղ-ա-կրոն» բառի ընտրությունը: Ցեղակրոն լինել, ասել է՝ կրել քո մեջ Ցեղը (կրոն բառի արմատը «կրել»-ն է. հայերենում մենք նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն), Ցեղի որակները, բարոյականը, կրել քո մեջ այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է մեր պատմության ողջ ընթացքում: «Ցեղակրոն է նա, ո՛վ ապրում է ցեղորեն՝ ցեղի կյանքով եւ ցեղի համար»:

Պարզ է դառնում նաեւ, թե ինչո՞ւ է Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» եւ նման կարգի այլ բառերի փոխարեն նախընտրել «ցեղակրոնություն»-ը: Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ:

Նոր բառ, բայց հին էության արտահայտություն, դրսևորում, նույնքան հին է, որքան ինքը՝ Հայ ցեղը:

Ներցեղային Բարոյականը՝ ազգային միասնության գրավական

Ազգային միասնության միակ գրավականը, ըստ Ցեղակրոնության, Ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի զոհաբերել իր ԵՍ-ը: Եվ Ցեղակրոնությունը, որն ունի Ցեղն ամեն բանից վեր դասելու անխախտ սկզբունք, հայության տարանուն հատվածներին ու անհատ հայորդիներին պատվիրում է՝ առաջին հերթին լինե՛լ Հայ, մնա՛լ հպատակն ու մարտիկը Ցեղի, անկախ կուսակցական կամ կրոնական համոզմունքից, ընկերային դիրքից եւ աշխարհում գտնվելու վայրից:

Այսպիսով, Ցեղակրոնությունը ձգտում է ապահովել մեր ներքին համերաշխությունը եւ հաշտեցնել հայության տարբեր շերտերը, քանզի «առանց գերագույն հաշտարարի, որպիսին է Ցեղը, գերեզմանի հողը միայն կարող է հաշտություն պարտադրել օրվա ոգեսպառ հայությանը»: Եվ Նժդեհը հավատացած է, որ ցեղակրոնության շնչո՛վ կարող է ծնվել ներցեղային բարոյականով առաջնորդվող այն մի հատիկ սերունդը, որն անհրաժեշտ է Ցեղի վաղվա առաջնորդին՝ ապահովելու համար հայ ժողովրդի տեղն արևի տակ:

Որպես վերկուսակցական ուսմունք, որը հետամուտ է քաղաքական միադավանության, Ցեղակրոնությունն անհաշտ է կուսակցամոլության հետ: Ապրելով մի ժամանակաշրջանում, երբ կուսակցականացվում էր ամեն մի ազգային սրբություն, Նժդեհը, վեր կանգնած եսակենտրոն կուսակցականությունից, վստահորեն ավետում էր. «Չկա՛ն կուսակցական նահատակներ ու հերոսներ, կա՛ն ու կմնան ազգային մարտիրոսագրությունը եւ հերոսականը»:

Ցեղակրոնությունը՝ Հայրենատիրական ոգեւորում եւ վրիժակների դարբնոց

«Լոզա՞նը – ո՛չ, երբե՛ք» կարգախոսը զարդարում էր Ցեղակրոն Ուխտերի առաջին Ծրագիր-Կանոնագրի տիտղոսաթերթը: Ցեղակրոնների համար Հայկական հարցը չէր վերջանում Լոզանի թուրքանպաստ պայմանագրով, եւ նրանք շարունակում էին մնալ Թուրքիայի պարտատերերը:

- Մի ժողովրդի հայրենի հողը չի՛ կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ… Մնայուն Արդարության Օրենքի ուժով բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը, – ասում է Նժդեհը՝ համոզված լինելով, որ Հայկական հողերի վերանվաճումը հնարավոր է միայն սեփական արյամբ, քանզի միայն հայ զինվորի արիությամբ ու հայրենապաշտությամբ գծված Հայաստանի սահմանները կարող են լինել կայուն եւ իրական:

Ցեղակրոնությունը, այդպիսով, հայրենատեր դառնալու կամք է, տարագիր հայի՝ մեծահարուստ թե օրավարձով աշխատող բանվոր, դեպի Երկիր դարձի սրբազան ուխտն է:

Այն նաեւ վրեժխնդրության պարտավորություն է, թուրքին չներելու պատգամ եւ, ըստ այդմ, վրիժակների դարբնոց, ուր «ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կգան երկու նոր վրիժակներ»:

Թուրքից վրեժխնդիր չլինել՝ նշանակում է՝ ներել, իսկ «նրան մի հանցանք ներել, ասել է՝ նորերը արտոնել»: Ցեղակրոնությունը պահանջում է՝ աններում վրե՛ժ թուրքից, անողոք դատաստա՛ն այդ արնապարտ ցեղի նկատմամբ, որ սպանիչն է հայության կեսի: Այդ թշնամանքն այլևս պատմական չէ, այլ՝ կենսաբանակա՛ն:

Ցեղակրոնությունը եւ օտարապաշտությունները

Հաճախ, միամիտ կամ միտումնավոր, Ցեղակրոնությունը որակվում է որպես փոխառյալ ֆաշիզմ կամ նացիզմ:

Երբ 1933թ.-ին Հ.Յ.Դ. Ընդհանուր ժողովում Նժդեհին հարցրին՝ իր քարոզածը ֆաշի՞զմ է, թե՞ հիտլերիզմ, նա պատասխանեց. «Իմ քարոզածը այդ վարդապետություններից ո՛չ մեկն է. ես կփափաքիմ ի հայտ բերել մեր պատմական հին հերոսությունները եւ հայ մշակույթի ծալքերը, որոնք փոշիներու տակ մնացած են»:

Ֆաշիզմը ազգայնականության, ցեղապաշտության իտալական դրսևորումն է, նացիզմը՝ գերմանական: «Գերազանցորեն հայկական է ցեղակրոնության գաղափարը: Այդ շարժումը կաղապարված է մոր ցեղի էության վրա: Դեռ խոսք չկար ֆաշիզմի եւ հիտլերականության մասին, երբ ցեղակրոնության գաղափարը 1919-ին ոտքի էր հանել մեր Դավիթբեկյան Ուխտերը Սյունյաց աշխարհում…»: Երբ Նժդեհի ուխտյալները արշավների ժամանակ սև պատանքներ էին կրում («պատանակյաց» արշավանք) եւ ցեղային առյուծացման ու հպարտության դասեր առնում իրենց սպարապետից, Մուսոլինին դեռ նոր էր նախաձեռնում «Սև շապիկավորների» իր շարժումը:

Նժդեհի ուսմունքի եւ հիտլերականության ընդհանրությունը հիմնականում միայն այն է, որ երկու դեպքում էլ, իբրեւ գերակա արժեք, հռչակված է տեսակը (ցեղը), ինչը բնորոշ է ցանկացած ազգայնական կամ ցեղապաշտական ուսմունքի: Սակայն, էականը դրանց միջեւ առկա սկզբունքային տարբերություններն են, որոնցից կթվարկենք մի քանիսը:

Հիտլերը Արիական ցեղը (որի բնորոշումը նրա մոտ անստույգ է) հռչակում է միակ մշակութաստեղծ ռասա, իսկ մնացած ազգերին՝ իբրեւ ստորադաս տեսակներ: Նժդեհը զերծ է ընտրյալության կամ բացառիկության քարոզներից: Հիտլերը, այսպես կոչված «կենսական տարածքների» անհրաժեշտությամբ, փորձում է հիմնավորել ծավալապաշտությունը, որը, անբնականորեն, դուրս է գալիս նաեւ հայրենիքի սահմաններից: Նժդեհը խնդիր է դնում մեր բուն հայրենիքի՝ Հայկական Բարձրավանդակի վերատիրումը:

Հիտլերը հրեաներին դիտում է իբրեւ մարդկության չարիք, մշակութակործան տեսակ, եւ հակահրեականությունը նրա ուսմունքում առանցքային տեղ է գրավում: Նժդեհի մոտ այն իսպառ բացակայում է: Նա Ցեղի թշնամի է հռչակում թուրքին, քանզի վերջինս, հայության մի մասի ոչնչացմամբ, տիրել է մեր հայրենիքի մեծ մասին:

Թերևս, այսքանն էլ բավարար է նկատելու Ցեղակրոնության եւ նացիզմի ակնհայտ սկզբունքային տարբերությունները:

Համոզիչ չեն նաեւ Համաստեղի այն խոսքերը, թե «իր ( իմա՝ Նժդեհի, – Մ.Լ.) ցեղային ըմբռնումն ու ներշնչումը առավելապես հրեա ժողովուրդեն կուգար»): Թեեւ Նժդեհը հարգալից էր արտահայտվում Սիոնականության (ինչպես եւ այլ հայրենատիրական, ազգայնական շարժումների) մասին, սակայն միանշանակ պնդում ենք, որ նրա ներշնչման աղբյուրը Հայ ցեղն է՝ իր ողբերգականով ու հերոսականով:

«Ցեղակրոն շարժումը ո’չ մի ընդհանուր բան չունի եւ չէ’ր էլ կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի նա, նախ եւ առաջ, բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որը հնարավոր է միայն սեփակա’ն, այլ ոչ փոխառնված արժեքներով»:

Չկա՛ հայկական ֆաշիզմ կամ նացիզմ, կա՝ իտալական ֆաշիզմ, գերմանական նացիզմ, հրեական սիոնիզմ, կա՛ հայկական Ցեղակրոնություն:

arev-demq

* * *

Հաճախ, միանգամայն անհիմն, պնդվում է, թե իբր Նժդեհի ուսմունքը ձեւավորվել է Ֆ. Նիցշեի գաղափարների ազդեցությամբ: Նժդեհի ուժապաշտ մտածումները, նրա խոսքի վճռական ոճը, իրոք, որոշ նմանություններ ունեն Նիցշեի իմաստասիրության հետ, սակայն կան աշխարհընկալման եւ բարոյախոսության սկզբունքային տարբերություններ:

Օրինակ, Նիցշեի փիլիսոփայության առանցքը անհատ-գերմարդն է, որը հանդես է գալիս իբրեւ նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը Ցեղն է, եւ ցեղամարդը միջոց է Ցեղի համար: Նիցշեն հակաքրիստոնյա է, մերժում է որեւէ զիջում քրիստոնեությանը եւ չի ընդունում որեւէ բարեփոխում դրանում: Նժդեհը քրիստոնեամերժ չէ եւ խնդիր է դնում Հայ եկեղեցու վերագնահատման: Նիցշեն նաեւ Աստվածամերժ է, իսկ Նժդեհն ընդունում է Աստծո գոյությունը:

- Հրի՛ր ընկնողին,- ասում է Նիցշեն:

- Չարժե եւ չի՛ կարելի օգնել ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը,- ասում է Նժդեհը:

Կարծում ենք, ասվածը բավական է՝ զերծ մնալու անհիմն եզրակացություններից:

Ցեղակրոնությունը՝ առողջ ազգայնականություն

Ազգայնականության երկու ձեւերից՝ ազգայնական անհատապաշտություն եւ եսապաշտություն, ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար եւ արգասավոր ձգտումը հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը եւ պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը: Ցեղակրոնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ առաջադիմության բարձր սկզբունքներին, – ասված է Ցեղակրոնության «Հավատամքում»:

Ցեղակրոնությունը յուրատեսակ զուգորդում, ներդաշնակում է ցեղայինի ու համամարդկայինի: Անկրկնելի ցեղայինը եւ օրինակելի մարդկայինը համադրաբար կազմում են Ցեղակրոնության հիմքը:

Ցեղակրոնությունը չի քարոզում թշնամանք դեպի մնացած ազգերը, բացառությամբ թուրքի, որին աներկբա հռչակում է Ցեղի թշնամի: Այն «բացառիկություն» ու «ընտրյալություն» շեփորող կույր ցեղամոլություն չէ, այլ՝ Ցեղի ինքնատիպությունը եւ անհատականությունը հաստատող առողջ ազգայնականություն:

Նժդեհը «առողջ ցեղապաշտության քարոզիչն էր»:

Ցեղակրոնությունը եւ կրոնը

Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրո’նն է ցեղային հպարտության, ուժի եւ արիության…»:

Նժդեհը հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետեւանքները: Այնուհանդերձ, նա չի թաքցնում իր համակրանքը դեպի Հայոց հին կրոնը եւ մեր հեթանոս անցյալը: Լսենք իրեն. «Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ… Իր մտա-բարոյական զարգացման չափով ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհազգացությունը, իր բնազանցական էությունը: Հայը լինելիական է, – հաստատում է հայոց հեթանոս կրոնը: Լինելիական է հայը – ահա’ ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի ու Զորույթի»:

Նա հիացմունքով է խոսում «նախաքրիստոնեական հա- յու անգերազանցելի մարդկայնության եւ բարձրորեն ասպետական ոգու մասին»: «Վահագնա – Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին»:

Նա տեսնում է նաեւ հեթանոս հայի հոգեւոր կերպարի համամարդկային արժեքը եւ կարծում, որ նրա «մարդկայնացուցիչ գաղափարներով պիտի թթխմորել Արեւելքի հոգեւոր հացը»:

Նժդեհը հակաքրիստոնյա չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նույնիսկ համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ ներկ եւ շպար, որպես քող եւ դիմակ ուժեղների հոգու համար»:

Նա հարգում է Նազովրեցու անձը՝ իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստվածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ (ուտոպիստ – Մ. Լ.), իսկ նրա խոսքը՝ վսեմ, բայց թյուրըմբռնման, ավելի շուտ՝ տառացի ընկալման դեպքում՝ վտանգավոր:

Առհասարակ, հետաքրքիր են Քրիստոսի անձի՝ նժդեհյան արժեւորումները. «Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր, նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզոր էր… Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը , միայն հերոսը կարող է զոհաբերել»: Կամ՝ «Վերացնելով մահվան ու կյանքի միջեւ գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով եւ հանդիսացավ հավիտենական սերմնացանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների»:

Ուշագրավ է նաեւ քրիստոնյայի՝ նժդեհյան ըմբռնումը. «Քրիստոնյան նա’ չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա’, ում մեջ մի քիչ քրիստոնեություն կա – մի կայծ ամենահզոր Աստվածամարդու հոգուց»:

Նժդեհը ոչ թե հարց է դնում Հայ եկեղեցու վերացման, որը «սխալ է ըմբռնել քրիստոնեական սիրո խորհուրդը եւ դրա հետեւանքով՝ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգության», այլ՝ նրա ազգայնացման, գաղափարական վերագնահատման: Հայ եկեղեցին «վերագնահատումի պիտի ենթարկե քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը», Քրիստոսի անձնական կյանքը դարձնի իրեն ուղեցույց, «սիրո եւ զոհաբերության ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խոսի, եթե ուզում է, որ քրիստոնեության հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում»: «Ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի – ահա՛ Հայ եկեղեցու նոր հավատամքը»,- եզրակացնում է Նժդեհը:

Որպես ցեղապաշտ, Նժդեհը մեր հաղթանակում ապավեն է տեսնում նաեւ Ցեղի ուժակիր աստվածներին՝ Հայկին ու Վահագնին, որոնք «պիտի բարձրացնեն շանթընկեց մեր բազուկը եւ վարեն նրա հարվածները»:

Իբրեւ արիապաշտ եւ զորութենատենչ, Նժդեհը էական դեր է հատկացնում Վահագնապաշտությանը. «Վահագնի հետ պիտի խոսենք հիմա՝ Աստվածը հին արիական հայության: Մի նոր սուրբ գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ ավետարանը արիների»,- գրում է Նժդեհը:

«Հայ ժողովրդի հավաքական հոգու մեջ հրամայողաբար հարություն պիտի առնի պաշտամունքը մեր հին եւ հզոր Աստծու: Վահագնի համար տաճարներ պիտի բարձրանան… ամեն տեղ, ուր կապրի հայը՝ ամեն մի հոգու մեջ, քանզի արիությունն է եղել հավիտենական պարտականությունը այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել: «Արիացի’ր, արիացրու’». սա’ պիտի լինի մեր օրվա նշանաբանը: Վահագնը՝ Աստված, արիապաշտությունը՝ նոր կրոն, հայ մարդը՝ արի, եթե չենք ուզում մեր տեղն արեւի տակ մի օր զիջել մեզնից արիներին»: Եվ հենց Վահագնի աջի վրա է ցեղակրոնը տալիս իր սրբազան երդումը՝ ուխտելով «ապրել, գործել ու մեռնել որպես ցեղամարդ»:

Սակայն Նժդեհը չի հակադրում Վահագնին եւ Քրիստոսին, կամ՝ հայկականն ու քրիստոնեականը, այլ դրանք խորքում տեսնում է համադրելի: «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն»: Եվ, միաժամանակ, նա հետաքրքիր բացահայտում է անում. «Աններելի սխալ է կրոնական կրքով բացատրել հայու հավատարմությունը քրիստոնեության հանդեպ: Հայ հոգուն անծանոթ է ֆանատիզմը… Տիրապետող գիտակցությունը հայու մեջ վաղուց է ինչ ազգայինն է… Նա շատ վաղ հայացրեց քրիստոնեությունը: Հայկականությունն է հայու ճշմարիտ կրոնը»:

Այսպիսով, Ցեղակրոնությունը դավանանքը ստորադասում է ազգությանը՝ նշանաբանելով՝ «Ցեղը ամեն բանե վեր»: Այն պայքար չէ քրիստոնեության կամ Հայ եկեղեցու դեմ եւ պահանջ չի’ դնում կրոնափոխության, այլ հիշեցնում է միայն, որ հին աստվածները վկաներն են մեր ծնունդի եւ մարմնավորողը՝ մեր ցեղային որակների: «Ցեղային ձգտումներու լավագույն մեկ արտահայտությունն է մեր հեթանոսական կրոնը, որ մեզի կներկայանա իբրեւ ցեղային արժեքներու խտացում մը». այսպես է մեկնաբանում հին հավատքի նկատմամբ Ցեղակրոնության մոտեցումը Արմենակ Բարսեղյանը «Ցեղակրոն շարժումը» գրքույկում:

6

* * *

Ցե՛ղակրոնությունը նախնադարին վերադառնալու կոչ չէ, ինչի համար, հաճախ անհիմն, քննադատվել է: Դա ոչ թե նախնական նահապետական կյանքը, այլ մեր խաթարված ցեղային ինքնատիպությունը վերականգնելու ձգտում է: Դա ոչ թե Հայկի նետ ու աղեղով, այլ Հայկյան ոգով կռվելու պատգամ է: Միաժամանակ, նա չի քարոզում անցյալից հրաժարում կամ ապագայի անգործ սպասում: Ցեղակրոնությունը հետադարձ հայացք է դեպի մեր արմատները, եւ այդ արմատների հզորությունից ներշնչված՝ վստահ ու հաստատուն կեցվածք ապագայի նկատմամբ: «Ցեղակրոնություն, դա անցյալապաշտություն չէ’, ո’չ էլ՝ հոգեւոր պորտաբուծություն, ինչպես և՝ ոչ ծույլ հուսադրություն, ո’չ էլ՝ մեղկ ապագայապաշտություն: Անցյալի պաշտամունքի եւ ապագայի մեծ հույսի ստեղծագործ կենակցությունն է դա, որ ժողովրդի հոգուն ամենաշքեղ հղացումներ է տալիս»:

Ցեղարկրնությունը՝ հաղթանակի երաշխիք

«Հաղթել՝ ասել է գերազանցել: Գերազանցելու ճիգ է Ցեղակրոնությունը»: Նա ուսուցանում է, թե Ցեղի արտաքին թշնամիներին գերազանցած լինելու համար, պետք է նախ գերազանցել իր նախորդ սերնդին:

«Իբրեւ օրենք՝ գերազանցի’ր նախորդներիդ – խիզախությամբ, նվիրումով, հայրենահոգությամբ», քանզի «ով չի գերազանցում իր նախորդներին, նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ», – պատգամում է Նժդեհը: Դա ասել է՝ որպես հավատամք ընդունել, որ քո սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող սերունդը, և որ պարտականության մեջ քո բաժինը՝ առյուծի բաժինն է, ամենամե’ծը:

Եվ Նժդեհը վստահ է, թե Ցեղի թշնամիների հանդեպ «հայը միայն ցեղակրոնությամբ կարող է գերազանց լինել, որովհետև… հրաշունչ ցեղայնությունն է նրա էության հիմնական կշռույթը»: Ասել է, թե հայը միայն Ցեղակրոնությամբ կարող է հաղթել:

Ցեղակրոնըեղամարդը)

Ցեղակրոնությունը ձգտում է ստեղծել հոգեբանական այն մթնոլորտը, որի պայմաններում հնարավոր լինի Ցեղի առաքինությունների ու կարողությունների դրսեւորումը: Այն «ճգնում է աշխարհ բերել ցեղամարդը՝ ամբողջակա’ն հայ մարդը, որի մեջ եւ միջոցով պիտի արտահայտվեն ցեղի բովանդակ դրական ուժերն ու հատկությունները»:

Ցեղամարդ հայի գաղափարատիպն է ցեղակրոնը:

Ցեղակրոնը չի’ սարսափի միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտե, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե մենք ապրում ենք ցեղորե՛ն:

Նա ատում է վախկոտությունը: Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախենար» խոսքը, քանզի Ցեղակրոնի հասկացողությամբ «վախենալ մեկի համար՝ ասել է թշնամանել (անպատվել, անարգել, – Մ. Լ.) նրան»:

Պարտվողականությանը նա հակադրում է հաղթական ոգին, կրավորական տառապանքին՝ ներգործուն պայքարը, սարսափի հոգեբանությանը՝ մեռնելու կամքը, լալկանությանը՝ արիադավանությունը, մտքի անիշխանականությանը՝ ցեղային մտածումը, կրոնական անդենականությանը՝ երկրավոր հայրենապաշտությունը, դասակարգային եւ հարանվանական եսականությանը՝ ներցեղային բարոյականը:

Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշեւիկին ու սրանց հայադավ գործակալներին, որոնց վճռաբար հակադրում է իր զորութենական ցեղապաշտությունը: Նա խորշում է բոլոր այն հոսանքներից, կրոններից եւ վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը կամ եղծելով ցեղային անհատականությունը, վտանգում են նաեւ Հայ ցեղի գոյությունը:

Ցեղի եւ Հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի նա: Նրա համար սրբազան են Հայրենիքի անկախության գաղափարը եւ այն խորհրդանշող նվիրական եռագույնը, ու գիտե նաև, թե արյամբ եւ զոհաբերությամբ է նվաճվում Հայրենիքի իրական անկախությունը:

Իր փառահեղ նախնիների մեծությանը հետամուտ՝ նա պատկառում է իր Ցեղից եւ աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել այն:

Ցեղակրոնը գիտակցում է, որ իր ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը, այդ պատճառով ինքնավատնումի (ինքնամսխումի) մեջ նա ազատ չէ ու քաջառողջ լինելու իրավունք եւ պարտականություն ունի՝ առաջնորդվելով «առողջ հոգին՝ առողջ մարմնում» սկզբունքով:

Իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու եւ սերունդ տալու պարտավորություն ունի ցեղակրոնը, քանզի գիտե, որ սերնդատվությամբ է ապահովվում Ցեղի շարունակելիությունը:

Իր ցեղի հզորությանը եւ հաղթանակին նախանձախնդիր «նա աշխատում է գիտության զինարանից առնել իր կռվի զենքերը»՝ չմոռանալով, որ «մարդս ի՛նքն է իր առաջին զենքը»: Նա գիտության, արվեստի կամ արհեստի ընդամենը մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ:

«Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնապաշտ է»… Դատարկախոս չէ՛ ու խոսում է միայն «ուսանելու եւ ուսուցանելու համար, իսկ ուսանում եւ ուսուցանում է գործելու համար»: Նա լավատես է եւ խորապես հավատում է իր գործին:

Գիտակից այն ճշմարտությանը, թե ինքը մասնակի կրողն ու անձնավորումն է Հայ ոգու, հետևապես՝ նաև իր կամքով է պայմանավորված Ցեղի ոգու կատարելագործումը, ցեղակրոնը ձգտում է անձնական կամքի մշակմամբ սատարել Հայ ոգու հզորացմանը:

Ցեղակրոնը հնազանդ է Ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի: Ցեղի կա՛մքը – ահա՛ նրա գերագույն հրամայողը: Դա Ցեղի հաղթանակելու ու հարատեւելու կամքն է, եւ ցեղակրոնը ձգտում է աստվածացնե՛լ այն, ասել է՝ դրա կատարումն իր համար դարձնել օրենք, պարտավորություն: Ու այդ անմեռ կամքին նա ասում է վճռաբար՝ այո՛ եւ եղիցի՛:

Ցեղակրոնը՝ քարոզիչ

- Նոր ուխտակից գտնել, – սա՛ է ցեղակրոնի քարոզչության հիմնական նպատակը, «մի գործ, որի մեջ ցեղակրոնը հոգնել չգիտե»:

Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է: Համոզված իր դավանանքի փրկարար ճշմարտության մեջ, նա իր ցեղաշունչ, հոգեփոխիչ խոսքով ստիպում է խորհել: Խոսում է այնպես, «որ իր ձայնի մեջ ունկնդիրները իր ցեղի ձայնը լսեն…, որ իր լսարանը զգա, թե կա գերագույն հեղինակությունը՝ Ցեղը, որ խոսում է ցեղակրոնի շուրթերով»:

Քարոզչության կերպը առանձնահատուկ է, ինքնատիպ. «Կարճ ու կտրուկ նախադասություններ, պատգամի ձգտող շեշտադրություն և՝ որ գլխավորն է, ի խորոց սրտի բխած խոսքի հաղորդականություն, որոնք կգրավեն ունկնդրին, կհուզեն անոր սիրտը եւ կխմորեն միտքը»:

Հայությունը – Ցեղը, տականքը եւ ժողովուրդը

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որ- պես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ): Հայության մի մասն էլ կազմում է տականքը:

Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:

Նա ազգային պատկանելություն չունի, և եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճատռով, որ հաղորդակցության այլ ձև դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում և առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ Ցեղը «ցեխ» է, մարդկային ստորադաս տեսակ: «Ցեղանենգ շեյթա՛ն», – այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած:

Ցե՜ղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենակացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը և այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝ անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի:

Ժողովուրդն ապրում է առօրյայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով, միաժամանա՛կ:

Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններկա՛ն միայն Հայեր:

Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:

Վտանգի պահերին ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն:

Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ»:

Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:

Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ:

«Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»:

Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:

«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք». ա՛յս է Ցեղակրոնության գերխնդիրը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։