Գարեգին Նժդեհ (կենսագրական ակնարկ)

7

«Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժացնելուԱնշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը…»: («Սյունիք», Գորիս 1920թ., թիվ 7)

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը:

Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն եւ մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր` հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:

Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 14-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում: Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը` Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր` Տիրուհու խնամքին: Ընտանիքում եղել են 4 երեխա, ինքը փոքրն էր:

nzhdeh-130

Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում, ապա` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով` լքել է համալսարանը ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին` ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ, այն հաջողությամբ ավարտելով, 1907թ.-ին վերադառնում է Կովկաս:

1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ իբրեւ կուսակցական նշանավոր գործիչ Սամսոն Թադևոսյանի օգնական, մասնակցում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք ու ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում` Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել է ավելի քան երեք տարի, ապա` անցել Բուլղարիա:

Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այս պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով եւ 1913թ.-ին զորացրվեց` հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին (իմա՛ Բալկանյան 2-րդ` թուրքանպաստ պատերազմին):

Բալկանյան պատերազմի տարիներին, իրավասությունների հետ կապված, ցավալի վեճ տեղի ունեցավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջեւ, որի արդյունքում վաշտը բաժանվեց Նժդեհի ու Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար, վաշտի զորացրումից շատ չանցած, Գ. Նժդեհը, 1913թ.-ի հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Բալկանյան կենտրոնական կոմիտեին ուղղեց մի գրություն, որով փակված հայտարարեց իր ու Անդրանիկի միջեւ ամիսներ տեւած անախորժ վեճը:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս` Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում` ղեկավարել հայ-եզիդական առանձին մի զորամաս:

1917թ.-ին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ.-ի գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով կարելիություն է ընձեռնվել նահանջող հայկական զորամասին` անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ` Նժդեհն իր խմբով նահանջում է դեպի Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա այս օրհասկան պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը, – կհնչեր Նճդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը»: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից` Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:

Այստեղ հարկ ենք համարում, թեեւ ընդհանուր գծով, բայց մի փոքր հանգամանալից անդրադառնալ այն հերոսականին, որ վարեց Նժդեհը 1919-1921թթ.-ին, Զանգեզուրի լեռներում, որը նրա կյանքի եւ հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջերից է:

Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը Նժդեհի ղեկավարությամբ վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին որեւէ կերպ օգնելու` բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ՀՀ կառավարությունը ո՛չ մի կերպ չարձագանքեց:

Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարարը` Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920 թվականի օգոստոսին 10-ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին` թողնել Կապանն ու Գենվազը եւ անցնել Երեւան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի` Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը` անցնել Երեւան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը:

Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով` «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը»: Այսպես ծնուդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի` Դավիթ Բեկաբար»:

Բացահայտած թուրք-բոլշեւիկյան միացյալ դավադրությունը ու չընդունելով ՀՀ կառավարության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով, փաստորեն, Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը շարունակեց կռիվը, եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920թ.-ի դեկտեմբերին, իրեն հռչակեց ինքնավար:

1921թ. հունվարին, Դրոն Բաքվից մի հեռագիր հղեց Նժդեհին, առաջարկելով նրան թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը, հավատացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով, Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում, ուր լուծվելու էին նաեւ վիճելի հողային հարցեր, Խորհրդային Ռուսաստանը բարի կլինի դեպի Հայաստանը եւ կպաշտպանի հայ աշխատավորության շահերը: Այս անգամ եւս, Նժդեհը, իբրեւ հեռատես քաղաքագետ, չհեռացավ Սյունիքից եւ շարունակեց մաքառել:

1921թ.-ին, Գորիսում լույս տեսավ Նժդեհի «Խուստուպյան կանչեր» փոքրածավալ գրքույկը, որը պարունակում է կոչեր` լեռնահայությանը եւ պատվիրաններ` իր զինվորներին:

Զինվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ խոսքով Նժդեհին հաջողվեց ստեղծել «Ժողովրդական կուռ բանակ մը, որ պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անսալով` կրակի մեջ անգամ նետվելու»: Նժդեհն էր, որ պարտության դառնությունը ճաշակել տվեց Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի բանակները ջարդած եւ «անպարտելի» հռչակված 11-րդ Կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին:

Նույնիսկ Փետրվարյան ապստամբության պարտությունը եւ դրա հետեւանքով` 12 հազար գաղթականության (որից` 4 հազարը զորք) նահանջը, որ զգալիորեն ազդեցին լեռնահայության բարոյա-հոգեբանական վիճակի վրա, չընկճեցին Սյունիքին, եւ նա շարունակեց իր հաղթական կռիվները: 1921թ, ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն` սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:

Հունիսի 1-ին, Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան` Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնում էր իբրեւ սպարապետ): Նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականն եղավ երեք հազար թաթար-թուրքերի` իբրեւ քոչվոր, իսկ իրականում` որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտքի արտոնումը: Իսկ Երևանից նահանջած զորքը կամավոր անձնատուր եղավ կարմիրներին:

Այս պայմաններում, մի կողմից` Վրաստանի ու Հայաստանի բոլշևիկացումը, Արարատյան գաղթականությունը` դեպի Սյունիք նահանջը (մասնավորապես, նահանջող մտավորականության եւ երիտասարդության վաղաժամ անցնելը Պարսկաստան), որոնք բարոյալքիչ ու հոռի ազդեցություն ունեցան լեռնաշխարհի հայության վրա, մյուս կողմից` պարենի ու հացահատիկի չգոյությունը, վարչական եւ զինվորական մարմինների միջեւ ծագած անհամաձայնությունները, միաժամանակ` խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող էր ենթարկվել Խորհրդային Հայաստանի հայությունը, եւ հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունը իր 1921թ.-ի հունիսի հռչակագրով Սյունիքը հայտարարում էր կցված մայր երկրին, Լեռնահայստանը հուլիսին տեղի տվեց խորհրդայնացման առաջ: Թողնելով Զանգեզուրը` Նժդեհը հրաժեշտից առաջ հավաստեց լեռնահայությանը, որ ինքը ընդմիշտ չի հեռանում եւ պիտի վերադառնա, եթե Երեւանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը: Իսկ Խորհրդային Հայաստանի հեղկոմին ուղղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտում էր սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»:

2 տարվա կռիվների ընթացքում, թշնամու 15 հազար սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղեր մաքրագործվեցին թուրքերից ու վերադարձվեցին հայերին:

Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի` հնարավոր եղավ`

ա) Փրկել Լեռնահայությանը կոտորածից,

բ) Սյունիքը կցել Մայր հայրենիքին` մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը,

գ) Հոգեբանորեն եւ ռազմագիտորեն հնարավոր դարձնել փետրվարյան ապստամբությունը,

դ) Ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջն ու անցումը Պարսկաստան:

Եվ այս ամենը, հիմնականում, շնորհիվ Նժդեհի անհատականության:

Այսպիսով, 1921թ. հուլիսին Նժդեհը թողնում է Զանգեզուրը եւ անցնում Թավրիզ: Այստեղ լրջորեն սրվում են հարաբերությունները նրա եւ Հ.Յ.Դ. Բյուրոյի միջեւ, ինչը սկիզբ էր առել դեռեւս Սյունիքի կռիվների շրջանում: Արաքսի պարսկական ափին գտնվելու ժամանակ, Հ.Յ.Դ. որոշ ղեկավար անդամներ (այդ թվում` պարենավորման նախարար Հակոբ Տեր-Հակոբյանը) Նժդեհի ներկայությամբ ծեծի ենթարկվեցին, գնդակահարվեց Ասլանյան ազգանունով դաշնակցության մի սպա: Այս կապակցությամբ (ու մի շարք այլ պատճառներով, որոնց թվում, ով զարմանք, Նժդեհին մեղադրում էին նաեւ Լեռնահայաստանի անկումը արագացնելու մեջ), Թավրիզում, Նժդեհը Հ.Յ.Դ. Բյուրոյի կողմից կուսակցության Գերագույն Դատական Ատյանի մոտ պատասխանատվության կանչվեց: Թեեւ Նժդեհը դատարանին (նաեւ` ՀՀ Նախարարական խորհրդին ու Հ.Յ.Դ. Ատրպատականի ԿԿ-ին) մանրամասն բացատրագիր ներկայացրեց Լեռնահայաստանի անկման պատճառների մասին, սակայն, 1921թ. սեպտեմբերին կուսակցական դատարանը, Ս. Վրացյանի առաջարկով, վճռեց «հեռացնել Գ. Նժդեհին Դաշնակցության շարքերից եւ ներկայացնել նրա գործը կուսակցության ապագա 10-րդ Ընդհանուր ժողովին»:

1925թ.-ին, Հ.Յ.Դ. 10-րդ Ընդհանուր ժողովի կողմից Նժդեհը վերականգնվում է կուսակցության շարքերում:

Թավրիզում եղած ժամանակ անգլիացիները Նժդեհին առաջարկում են վերադառնալ Հայստան եւ ապսամբություն բարձրացնել (այդ ժամանակ Լենքորանում տեղի բնակչությունը ապստամբել էր խորհրդային իշխանության դեմ), որը Նժդեհի կողմից մերժվում է:

Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո Նժդեհը մեկնում է Բուլղարիա եւ հաստատվում Սոֆիայում: Այստեղ, հավանաբար 1922թ.-ին, նա ամուսնանում է Էփիմե անունով հայուհու հետ:

1922թ.-ին լինելով Բուխարեստում` այնտեղ գտնվող Վարդան Գևորգյանին առաջարկում է իր (իմա՛ Նժդեհի) տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել «Լեռնահայաստանի հերոսամարտը», որը լույս տեսավ 1923թ.-ին:

1923թ.-ին կրկին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը-Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով:

Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառ- նում է Սյունիքի կռիվների պատմությանը` 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:

1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» դաշնակցական թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը (այն 1929թ.-ին Բեյրութում լույս է տեսնում առանձին գրքույկով):

1926թ.-ից, Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը (Նժդեհը տեղի Հ.Յ.Դ. ԿԿ-ի անդամ էր) բաժանվում է Նժդեհի եւ բյուրոյի կողմնակիցների: Կուսակցության բյուրոյի կարծիքով, կարելի եւ ցանկալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ. այդ մտայնության հաստատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թվում` բյուրոյի քարտուղար Ռուբենի «Հայ-թուրքական կնճիռը» (1924թ.): Նժդեհը, որպես պատասխան այդ գրքի, 1927թ.-ին Սալոնիկում լույս ընծայեց «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքույկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցավ Շահան Նաթալու կողմից Փարիզում 1928-1929թթ. խմբագրվող, ընդգծված հակաթուրքական ուղղվածությամբ «Ազատամարտ» շաբաթաթերթում, ինչպես նաեւ` Բուլղարիայի դաշնակցական «Նոր Արաքս» թերթում:

1932թ.-ին Սոֆիայում լույս տեսավ նրա հերթական գրքույկը` «Ցողի ոգու շարժը» վերնագրով, որում (ինչպես նաեւ «Խռովք» ամսագրում նույն թվին լույս տեսած «Ցեղակրոնությունն իբրեւ հաղթանակի զորույթ» հոդվածում) նախանշվեց հայկական ցեղային շարժումը:

1933թ.-ին, Փարիզում կայացավ Հ.Յ.Դ. 12-րդ Ընդհանուր ժողովը, որին Նժդեհը մասնակցում էր իբրեւ պատգամավոր Բուլղարիայից: Վերջինս ժողովի առջև բարձրացրեց եւ անցկացնել տվեց երեք հիմնական հարցեր.

ա) Ձգտել, որ գաղթահայությունը դառնա զինական գործոն Հայաստանի ինքնապաշտպանության գործում,

բ) Կազմակերպել հայ երիտասարդ սերունդը ապակուսակցական հողի վրա,

գ) Բոլոր ուժերը կենտրոնացնել հակաթուրքական ճակատում:

Բ կետի հիման վրա, 1933թ. ամռանը Նժդեհը մեկնեց ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, ում հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում:

ԱՄՆ-ում նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:

1934թ.-ի սկզբին, Նյու-Յորքի Սբ. Խաչ եկեղեցում, դաշնակցական խմբապետի ձեռքով դաշունահարվեց ամերիկահայոց հոգեւոր առաջնորդ Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանը: Ում սպանության կազմակերպման պատասխանատվությունը տարբեր ուժեր փորձեցին վերագրել Նժդեհին՝ Ցեղակրոն շարժումը չեզոքացնելու դավադիր մտայնությամբ:

«Իմ այդ ազգահոգ քարոզչության համար հայության հատվածականացած, ապահայրենացած ու պարտվողական տարրերը դավադրեցին ինձ», – գրում է Նժդեհն իր «Ինքնակենսագրություն»-ում:

Ամեն դեպքում, Ցեղակրոն շարժումը զգալի հաջողություններ ունեցավ ԱՄՆ-ում, իսկ Նժդեհը 1934թ.-ի աշնանը վերադարձավ Սոֆիա: Այստեղ, 1935թ.-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը – Ցեղը եւ իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը եւ այն դարձնել համագաղութային: Սակայն նրա հարաբերությունները Հ.Յ.Դ. ղեկավարության (հատկապես՝ կուսակցության փաստացի բյուրոյապետ Ռուբենի) հետ խիստ լարվեցին: Այդ հողի վրա 1936թ.-ին Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը պառակտվեց: Հակասությունները Նժդեհի ու կուսբյուրոյի միջեւ այնքան էին սրվել, որ Բուլղարիայում մայիսի 28-ը Ցեղակրոն Ուխտերն ու տեղի Դաշնակցության ԿԿ-ն նշում էին առանձին. ցեղակրոնները՝ Պլովդիվում, Վառնայում, ԿԿ-ն՝ Սոֆիայում ու Բուրգասում:

Այդ տարիներին ռուսների վտարանդիական, հակաբոլշևիկյան «ՌՕՎՍ» (Ռուսաստանյան համազորային միություն) կազմակերպությունը Բուլղարիայում դիմում է Նժդեհին՝ տալ 2-3 ահաբեկիչներ՝ Ստալինին մահապատժելու համար: Առաջարկը մերժվում է:

1937թ.-ին Նժդեհը կանչվում է Կահիրե՝ կուսակցության բյուրո, որտեղ նրան փորձում են հաշտեցնել Ռուբենի հետ: Սակայն, բյուրոյի հետ հանդիպումը ոչինչ չի տալիս, եւ Նժդեհը վերադառնալով Սոֆիա, նույն թվին հայտարարություն է անում Հ.Յ.Դ.-ից իր հեռանալու մասին: Բյուրոն եւս, առանց դանդաղելու, որոշում ընդունեց՝ «պառակտողական գործունեության» որակումով Նժդեհին կուսակցությունից հեռացնելու մասին: Իսկ 1938թ.-ին, Կահիրեում գումարված Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհ. ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից այս անգամ արդեն արտաքսելու վճիռ տվեց:

* * *

Կուսակցությունից հեռանալուց հետո, Նժդեհը շարունակում է Ցեղակրոն կազմակերպությունների ընդլայնումը, իսկ 1937թ.-ին, նույնպես Հ.Յ.Դ.-ից հեռացած Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը: 1937թ.-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին: Հիշատակելի է նաեւ «Հերկ» ամսագրում (որը խմբագրում էր Կարապետ Պալճյանը՝ ապագա Վազգեն Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսը) Նժդեհի մեկ գրությունը ժամանակի հայ երիտասարդության ու նրա անելիքների վերաբերյալ՝ իբրեւ պատասխան «Հերկ»-ի խմբագրության հարցումներին:

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ.-ին, Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը (1938-1939թթ հանդես գալիս շարժման պաշտոնական օրգան «Տարոնի Արծիվում»):

1938թ.-ին, Հ.Յ.Դ. 13-րդ Ընդհանուր ժողովից հետո, կուսբյուրոյի լիազորությամբ, Սոֆիա է ժամանում դաշնակցական գործիչ Կարո Սասունին, որը հայտնում է Նժդեհին, թե Բյուրոն պատրաստ է ընդառաջել իր պահանջներին, միայն թե ինքը չստեղծի նոր կազմակերպություն: Նժդեհը փաստարկելով, որ թուրքական թերթերը անընդհատ հարձակումներ են գործում ի՛ր վրա, բայց ո՛չ Հ.Յ.Դ.-ի, որ կուսբյուրոյի ամեն անդամ կարող է բնակվել Թուրքիային դաշնակից որեւէ երկրում, իսկ իրեն նույնիսկ արգելվում է տարանցիկ ճանապարհ այդ երկրներով, որ Հ.Յ.Դ. ղեկավարությունը թշնամանք է տածում Ցեղակրոնության եւ Տարոնականության նկատմամբ…, ինքը հիմք չունի հավատալու, թե Հ.Յ.Դ. նոր բյուրոն քաղաքականապես ավելի իմաստուն կգտնվի, քան նախորդը: Նմանօրինակ առաքելությամբ, 1939թ.-ին Նժդեհի հետ տեսակցություն է ունենում Դրոն՝ հորդորելով նրան խզել կապերը Բուլղարիայի ցեղակրոն կազմակերպության իր ընկերների հետ: Սակայն Նժդեհը մնում է անդրդվելի:

Եվ Նժդեհը սկսում է գործնական աշխատանքներ տանել՝ հրավիրելու Հ.Յ.Դ.-ից հեռացածների եւ Ցեղակրոն շարժմանը հարողների համագումար: Սակայն պայթեց երկրորդ աշխարհամարտը, եւ ստեղծված իրադրությունը թելադրեց այլ պայմաններ:

Պատերազմի հենց սկզբից Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ, գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի 1915թ.-ի ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուրդների շարքում եւ ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին, Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան` երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրություններ: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպություններ, որոնք կոչ էին անում հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից…

Այս իրավիճակում, Նժդեհը «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեի» (որի փոխնախագահն էր ինքը եւ, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լույս տեսնող «Սվետլոգլազ» բուլղարական գրական թերթում) միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ.-ին անցնում Բեռլին` հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար նա վաճառում է պատվո թրի վրայի ոսկին, որը 1936թ.-ին նրան էր նվիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպությունը՝ ի նշան երախտագիտության իր հակաթուրքական-հայրենասիրական բազմամյա գործունեության:

Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկայացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով` Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ՝ Բեռլինում վարժվելու եւ Գերմանիայի՝ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է Հայկ Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում եւ Գերմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ.-ի աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ՝ Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո, Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների՝ ո՛չ թե Ղրիմում, այլ՝ Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանա-թուրքական հարաբերությունները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:

Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ եւ հակաթուրքական հողի վրա:

Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան):

Բեռլինում եղած ժամանակ, գերմանացիների միջնորդությամբ, հանդիպել է Դրոյի հետ՝ նացիստների հետ համագործակցության ձեւի ու համատեղ գործելու խնդիրների շուրջ առաջ եկած հակասությունները հարթելու համար: Սակայն, Նժդեհի եւ Դրոյի միջեւ հաշտեցում չկայացավ:

nzhdeh-citum-3nzhdeh-citum-1nzhdeh-citum-2

1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները (իմա՝ Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը, – Մ.Լ.): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմԱյսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին», – գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ: 1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային «Սմերշ» (ռուսերեն րՎպ’ՐՑՖ ՔտՌՏվՈՎ – «մա՛հ լրտեսներին» բառակապակցության հապավումն է) բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում:

Որո՞նք էին Նժդեհի՝ Բուլղարիայում մնալու լուրջ պատճառները:

Հանձնվելով կարմիրներին` Նժդեհը հույս ուներ, թե խորհրդային իշխանությունները իրեն, որպես հայ ազգայնականի, կօգտագործեն Թուրքիայի դեմ: Դրա համար, անշուշտ, իրական հիմքեր կային: Նա ենթադրում էր, որ Թուրքիան թիրախ կդառնա Խորհրդային Միության համար (1945թ.-ին խորհրդային բանակը, իրոք, պատրաստվում էր մտնել Թուրքիա), եւ Կարմիր բանակի՝ Թուրքիային հարվածի դեպքում, հնարավոր կլիներ ազատագրել Արեւմտյան Հայաստանն ու այն կցել Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է եզրակացնում պատմաբան Ռուբեն Խուրշուդյանը. «Նժդեհը համոզված էր, որ սվինների վրա կանգնած խորհրդային կայսրությունը վաղ թե ուշ անպայման կփլվի: Նա ուզում էր, որ կայսրության բեկորների վրա վերածնվեր ո՛չ թե փոքր հայկական պետություն, այլ՝ մեծ, միացյալ Հայաստանը, որի իրականացման գաղափարին էր նվիրել նա իր ողջ կյանքը»:

Փաստորեն, Արեւմտահայաստանի ազատագրման համար, Նժդեհը իր քառասնամյա հակաթուրքական պայքարի փորձն էր առաջարկում խորհրդային իշխանություններին (այս խնդրի հետ կապված՝ Մոսկվայում նա հատուկ խոսակցություն է ունենում գեներալ Աբակումովի հետ): Սակայն, միջազգային քաղաքական կյանքում իրադարձությունների հետագա փոփոխություները ի նպաստ Թուրքիայի, չարդարացրին Նժդեհի հույսերը. խորհրդային բանակը չշարժվեց դեպի Թուրքիա:

1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):

Նժդեհի ձերբակալությունից հետո ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը:

1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, դրա ապագա գործունեության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն ի վերջո այն մերժվեց:

1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև, մինչեւ 1953թ.-ի ամռանը՝ Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը, պայմանավորված էր այն բանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ «առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն մը եւ գործակցություն մը ստեղծելու համար»: Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր)՝ հորդորելով նրան մերձենալ ռուսներին հակաթուրքական հողի վրա: Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել, եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ:

Այնուհետեւ, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր եւ մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին (Դեւեջյանը նշում է նոյեմբերի 21-ը, որը ճիշտ չէ):

Խորհրդային ղեկավարությունը Նժդեհին զրկեց ընդհանուր ներումից օգտվելու իրավունքից. դա ա՛յն դեպքում, երբ դրան արժանացան զգալի թվով հակախորհրդային գործիչներ եւ գերմանական բանակի զորավարներ:

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին` եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լեւոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ «Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)»:

* * *

Սակայն, ինչպես ամեն մի իրական հերոս, Նժդեհը չմոռացվեց:

1963թ.-ի սեպտեմբերին, Բոստոնի «Հայրենիք» ակումբում բացվեց Նժդեհի կիսանդրին, որը պատրաստվել էր Բեյրութում, արձանագործ Զավեն Խտշյանի ձեռքով: Այս առթիվ տեղի ունեցավ մեծ հանդիսություն, «Հայրենիք» օրաթերթը բացառիկ համար լույս ընծայեց` գրեթե ամբողջովին նվիրված Նժդեհին (1963թ., 13 սեպտեմբերի), բացառիկ համար հրատարակեց նաեւ Հայ երիտասարդաց դաշնակցության պաշտոնաթերթ «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթը: Իսկ 1968թ.-ին Բեյրութում «Համազգային»-ը հրատարակեց Նժդեհին նվիրված ծավալուն եւ շքեղ մի գիրք` կազմված Ավոյի (Ավետիս Թումայան) կողմից (1989թ.-ին վերատպվեց Լոս Անջելոսում` Հ.Յ.Դ.-ի «Ռոստոմ» կոմիտեի հրատարակությամբ): Այս ամենը վկայում է, որ անկուսակցական դարձած Նժդեհը դաշնակցության կողմից վերարժևորվում էր:

1993թ.-ին Երեւանում Հ.Յ.Դ.-ի «դեպի երկիր» մատենաշարով լույս տեսավ Նժդեհի «Խորհրդածութունները», որը նրա` սովետական բանտախցերում գրված մտածումներն են ու խոհերը, ինչի գոյության մասին (իբրեւ ձեռագիր) դեռեւս վկայել է Նժդեհի բանտակից Դեւեջյանը:

1983թ.-ին, Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ եւ Նժդեհի հարազատներից մեկի միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երեւան: Նույն տարի, աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղում մի քանի տարի պահելուց հետո, 1987թ.-ին հանգրվանում է Գլաձորի Սպիտակավոր վանքի բակում: Տարիներ անց, վանքի բակում թաղված մասունքներից նաեւ Կապանում կառուցված Նժդեհյան հուշահամալիրում վերաթաղվեցին՝ հիմք դնելով արդեն Նժդեհի 3 սրբազան աճյունավայրերի ուխտագնացություններին, որը մինչ այդ տեղի էր ունենում Խուստուփի լանջ եւ Սպիտակավոր վանք այցելություններով: Կապանի հուշահամալիրում նաեւ զինվորական երդումներ են իրականացվում

5

Իր մահից տասնամյակներ անց միայն` 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբեւէ չուներ:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։