Հայկական խոհանոց – Թանապուր՝ ջիլ պանրով… Աշխարհի մարզական հեւքից.- 2015-ի կարճ ամփոփում եւ 2016-ի մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Թանապուր՝ ջիլ պանրով

Բաղադրությունը – Մածուն – 1 լիտր, թթվասեր – 0.5 լիտր, ալյուր – 1 ճաշի գդալ, հավկիթ – 1 հատ, ջուր – 3 լիտր, կլոր բրինձ – 100 գ, կանաչ սոխ – 2 կապ, փշրած չոր ծիտրոն – 1 ճաշի գդալ, կարագ կամ յուղ՝ ըստ ճաշակի, ջիլ պանիր՝ կրկին ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը - Թանապուրը պատրաստելու համար մածունը, թթվասերը, ալյուրը, հավկիթը, ջուրը խառնել, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի: Մեջն ավելացնել կլոր բրինձը, կտրտած կանաչ սոխը, ծիտրոնը:

Մատուցելիս մեջը լցնել կարագ կամ յուղ եւ ջիլ պանիր՝ ըստ ճաշակի: Տոնական օրերի ծանրաբեռնվածությունից հետո սա կօգնի բեռնաթափվել: Բարի ախորժակ:

* * *

Մարզաշխարհի խաչմերուկներում

ՀՀ նախագահը մարզական 2015-ը փակեց մաղթանքով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի տարեվերջին սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգեւատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը:

Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի 2015թ. մասին՝ Հանրապետության նախագահը կարեւորեց տարին նաեւ որպես նախաօլիմպիական եւ մաղթեց, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հայաստանի մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգեւելով հպարտության պահեր:

Facebook սոցիալական ցանցի հիմնադիրւ 2016-ը հայտարարել է վազելու տարի

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ 2016-ին իր ծրագրերից է նաեւ ֆիզիկապես լավ վիճակում գտնվելուն ուղղված ջանքերը:

«2016-ին պատրաստվում եմ վազել 365 միլ (587,5 կմ) եւ կուզենայի, որ ֆեյսբուքյան համայնքում շատերը, եթե հնարավոր է, միանային ինձ: Ինչպես նախորդ տարի այս համայնքում շատերը միացան իմ՝ ընթերցանության կոչին, այնպես էլ այս տարի այն կանվանենք վազելու տարի: Ես կբացեմ առանձին խումբ, որտեղ կպատմենք մեր արկածների մասին, որոնք կունենանք վազելիս»:

Լիոնել Մեսիի 5-րդ «Ոսկե գնդակ»-ը

Իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին հռչակվեց 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:

Արգենտինայի հավաքականի ավագը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով 5 անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին: Նա վաստակած միավորներով առաջ անցավ իր թիմակից, բրազիլացի հարձակվող Նեյմարից, ինչպեսեւ՝ վերջին 2 տարիների դափնեկիր, Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից:

Նշենք, որ Լիոնել Մեսին անցած տարի «Բարսելոնա»-ի կազմում նվաճել է հինգ տիտղոս, թիմի եւ հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 61 խաղ, որոնցում դարձել է 52 գոլի հեղինակ:  * * *

«Բավարիայի» մարզիչներն ու ֆուտբոլիստները ներկա չեն եղել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, որը կկայանա հունվարի 11-ին, Ցյուրիխում:

«Ափսոս, որ տարվա լավագույն մարզչի հավակնորդ Խոսեպ Գվարդիոլան ու «Բավարիա»-ի մյուս հավակնորդները չեն մասնակցի Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը: Սակայն ՖԻՖԱ-ն հասկանում է, որ դա մարզական պատճառներ ունի: Չէ՞ որ թիմի նախապատրաստությունն ամեն ինչից վեր է: «Բավարիա»-ն կներկայացնի ակումբի դեսպան եւ լեգենդ Պոլ Բրայթները»,- նշված է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հենրիխ Մխիթարյանը՝ աշխարհի 77-րդ լավագույն ֆուտբոլիստ

Բրիտանական «Գարդիան» թերթը ներկայացրել է նախորդ տարվա աշխարհի լավագույն 100 ֆոուտբոլիստների ցուցակը, որտեղ ընդգրկված է նաեւ գերմանական «Բորուսիա»-ի (Դորտմունդ) կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հաւաքականին ֆուտբոլիստը, որ Հայաստանի նախորդ տարվա լավագույնն էր ընտրված, գրավել է 77-րդ տեղը՝ անցյալ տարվա 85-րդի փոխարեն:

Մխիթարյանը նկատեց մարզադաշտում ծածանվող եռագույնը

Գերմանական լիգայի՝ «Բորուսսիա»-«Վոլֆսբուրգ» խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է «Բորուսսիա»-ի ֆան-սեկցիա եւ շապիկը նվիել այն երկրպագուին, ում ձեռքին հայկական եռագույն է ծածանվել։

Մաքսիմ Մանուկյանի հնարքը լավագույնն է 2015թ.-ին

Հայաստանի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի կիրառած հնարքը ըմբշամարտի միջազգային միության կողմից ճանաչվել է 2015 թվականի լավագույն նետում:

Խոսքը վերաբերում է անցած տարի Բաքվում կայացած եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի Մաքսիմ Մանուկյան – Սաման Թահմասեբի մրցամարտին: Մեր մարզիկն արդեն 20-րդ վարկյանին անսպասելի հնարք էր կիրառել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, որի արդյունքում վստահ հաղթանակ էր տարել:

Նշենք, որ հաջորդ փուլում մեր 74 կգ քաշային ըմբիշը միավորներով պարտվել էր ուկրաինացի Ժան Բելենյուկին եւ դուրս մնացել պայքարից:

Արթուր Ալեքսանյանին մոռացե՞լ են եվրոպացիները

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է Եվրոպայի 2015թ. լավագույն մարզիկ:

Լեհաստանի լրատվական գործակալության կողմից անցկացվող ամենամյա հարցման արդյունքների համաձայն՝ սերբ թենիսիստը վաստակել է 199 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլտոնը՝ 139 միավոր, 3-րդը՝ հոլանդացի աթլետուհի Դաֆնե Սխիպերսը:

Հարցմանը մասնակցել են Եվրոպայի 22 երկրների առաջատար գործակալությունները: Դրանք, ընդհանուր առմամբ, հիշատակել են 69 մարզիկ-մարզուհիների անուններ: Մասնավորապես՝ 5-րդ տեղը զբաղեցրել է պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, 11-րդը՝ բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, 19-րդը՝ ռուսաստանցի ծանրորդ Ալեքսեյ Լովչեւը, 43-րդը՝ նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը:

Հայաստանի 2015թ լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը չի արժանացել եվրոպացի լրագրողների ուշադրությանը, չնայած հաղթել է եւ՛ աշխարհի, եւ՛ հին աշխարհամասի առաջնություններում: Բայց ահա ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիեւը, որը միայն աշխարհի առաջնությունում է ոսկե մեդալ նվաճել, ստացել է 3 միավոր եւ ցուցակում զբաղեցրել 55-րդ հորիզոնականը:

Արթուր Ալեքսանյանը` Հայաստանի ամենաազնիվ մարզիկ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը 2015թ. ամենաազնիվ մարզիկ է ճանաչել ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օր մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաեւ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը եւ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Պարգեւատրությունը կայացել է Գյումրիում հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Հայ ըմբշամարտիկին պարգեւատրել է արեւելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:

Արթուր Ալեքսանյանը կմեկնի Բուլղարիա, իսկ Արսեն Ջուլֆալակյանը՝ Թուրքիա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը այսօրվանից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: «Հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներ են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին»,- ՀԱՕԿ-ի կայքին ասել է մեր հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 ըմբիշներ՝ Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գեւորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ): Աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային մրցաշարին:

Հայտնի են մրցաշարին մասնակցող հայ ըմբիշների անունները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարին մեկնարկում է Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարով:

Հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Նարեկ Խաչատրյանը, Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014թ. չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կմասնակցի հունվարի 30-31-ը Թուրքիայում կայանալիք Վեհբի Էմրեի եւ Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարին:

Մեր ազատ ոճայինները կպայքարեն Թախթիի գավաթի համար  

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի ավանդական հուշամրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունվարի 14-15-ը Թեհրանում կայանալիք մրցաշարում մեր հավաքականը հանդես կգա թիմի 3-րդ համարներով: Նրանք են Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Արտակ Հովհաննիսյանը, Աշոտ Վելիցյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը (65 կգ), Պողոս Թադեւոսյանը (70 կգ) եւ Սուրեն Խաչատրյանը (74 կգ):

Թախթիի գավաթի այս տարվա խաղարկությունում առաջին տեղ գրաված ըմբիշը կպարգեւատրվի 3 հազար ԱՄՆ դոլարով: Հաջորդ հինգ տեղերը կստանան համապատասխանաբար 2500, 2000, 1500, 1000 եւ 500 դոլար:

Երեւանի «Դինամոն»` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Նախորդ տարեվերջին Իրանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող Երեւանի «Դինամո» ակումբը զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: Մրցումների առաջին օրը մեր թիմը ուժերը չափել է Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ եւ առավելության հասել միեւնույն 8:0 հաշվով: Կիսաեզրափակիչում «Դինամոն» 7:1 հաշվով հաղթել է հունգարական թիմին: Եզրափակիչում «Դինամոն» մրցել է իրանական «Բիմեյե Ռազիի» հետ: Մեր ըմբիշները զիջել են 1:7 հաշվով եւ բավարարվել արծաթե մեդալներով: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է իրանական «Փադիդե Դո-Քուհե» թիմը:

Երեւանի «Դինամոն» առաջնությանը մասնակցել է այսպիսի կազմով. Նարեկ Խաչատրյան (59 կգ քաշային կարգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (130 կգ):

Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանի հաղթանակով ավարտվեց արագ շախմատի Եվրոպայի 2015թ. առաջնությունը, որը կայացավ դեկտեմբերի վերջին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Նա վաստակեց 9,5 միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանը 9 միավորով բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային տեղերը զիջեց չեխ Դավիդ Նավարային եւ ռուսաստանցի Իվան Պոպովին:

Սամվել Սեւյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ

Ամերիկահայ շախմատիստ Սամվել Սեւյանը հոլանդական Վեյկ-ան-Զեեում անցկացվող Tata Steel Chess Challengers մրցաշարը կմեկնարկի ադրբեջանցի Էլթաջ Սաֆարլիի հետ պարտիայով: Մեր հայրենակիցը հանդես կգա սեւ խաղաքարերով:

Մրցաշարը կմեկնարկի հունվարի 16-ին, իսկ կավարտվի ամսի 31-ին: Հրավիրված 14 մասնակիցները կպայքարեն գլխավոր մրցաշարի ուղեգրի համար: Սամվել Սեւյանի գլխավոր մրցակիցները կլինեն գերմանացի Լիվիու-Դիտեր Նիսիպեանուն, հնդիկ Ադհիբան Բասկարանը, ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւը եւ հոլանդացի Էրվին Լ’Ամին: Ի դեպ, Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը, ով 4 անգամ հաղթող է ճանաչվել Վեյկ-ան-Զեեում, այս անգամ չի հրավիրվել կազմակերպիչների կողմից: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Վեսլի Սոն, հոլանդացիներ Անիշ Գիրին, Լյուկ Վան Վելին, չինացիներ Դին Լիժենը, Ի Վեյը, Հոու Իֆանը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը, Եվգենի Տոմաշեւսկին, ուկրաինացի Պավել Էլյանովը, անգլիացի Մայքլ Ադամսը, չեխ Դավիդ Նավարան եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը:

Վլադիմիր Հակոբյանը 1200 դոլար վաստակեց

Քաթարում ավարտվեց շախմատի «Մաստերս» կարգի խոշոր մրցաշարը: Մեր գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 8-17-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո գրավեց 13-րդ հորիզոնականը, որը պարգեւատրվում է 1200 դոլարով (իսկ, օրինակ, 8-րդ տեղը ստանում է 3500 դոլար): Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նա եւ չինացի գրոսմայստեր Յու Յանիյը վաստակեցին 7-ական միավոր: Կայծակնային շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով հաղթեց Մագնուս Կառլսենը, որը բացի գլխավոր մրցանակից ստացավ նաեւ 27 հազար դոլար պարգեւավճար:

Կին մասնակիցների գլխավոր մրցանակին եւ 8 հազար դոլարին տիրեց աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը, որը 5,5 միավորով գրավեց 38-րդ տեղը:

Վեսելին Թոփալովը համաձայնել է մեկնել Ռուսաստան

Մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում բաց էր մնում միայն մեկ հարց. արդյոք բուլղարացի Վեսելին Թոփալովը կհամաձայնի՞ մեկնել Ռուսաստան: «2006թ. Էլիստայում տեղի ունեցած սկանդալից հետո մենք որոշել էինք այլեւս հանդես չգալ Ռուսաստանում անցկացվող ցանկացած մրցաշարում, քանի որ Վեսելինն իրեն անհարմար է զգում այդ երկրում: Սակայն երկար մտածելուց հետո նա, այնուամենայնիվ, որոշեց մասնակցել Մոսկվայի հավակնորդների մրցաշարին: Լավ կլիներ, որ Վեսելինը հրաժարվեր, բայց դա նրա որոշելիք հարցն է»,- բուլղարական լրատվամիջոցներով հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոնի գործակալ Սիլվիո Դանաիլովը:

Դա նշանակում է, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու համար պայքար կմղեն նախապես որոշված բոլոր հավակնորդները: Դրանք են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Սերգեյ Կարյակինը, հոլանդացի Անիշ Գիրին, Վեսելին Թոփալովը եւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Կանայք ժամանակին ներկայացան վիճակահանությանը, իսկ տղամարդիկ՝ ուշացումով

Երեւանի շախմատի տանն այսօր կայացած շախմատի Հայաստանի առաջնության վիճակահանության արարողությունը սկսվեց 45 րոպե ուշացումով: Այն վարող Հայաստանի շախմատի ֆեդերացայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ներողություն խնդրեց դրա համար եւ ասաց, որ առաջնությունից առաջ սովորաբար որոշակի հարցեր են ծագում, որոնք եւ քննարկել են ժողովի ժամանակ: Սակայն ուշագրավն այն է, որ շախմատի կանանց առաջնության մասնակիցներն այդ ընթացքում սպասում էին դահլիճում, իսկ ահա տղամարդիկ բոլորը միասին ուշացած ներկայացան արարողությանը:

Ինչեւէ, վիճակահանությամբ կազմվեց առաջնությունների խաղացանկերը: Առաջին փուլի պարտիաները տեղի կունենան հունվարի 12-ին, ժամը 15:00-ին: Տղամարդկանց առաջնության անդրանիկ փուլում միմյանց հետ կհանդիպեն մրցաշարի ֆավորիտներից երկուսը՝ Հայաստանի նախկին չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա կանանց առաջնությանը կմասնակցեն 10, իսկ տղամարդկանցը՝ 12 շախմատիստ:

Հայտնի դարձան շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցները

Այսօր հայտնի դարձան շախմատի 2016թ. Հայաստանի առաջնության բոլոր մասնակիցների անունները: Կանանց մրցաշարում հայտավորվել է 10 շախմատիստուհի. միջազգային վարպետներ Մարիա Գեւորգյան, Նարինե Գասպարյան, Աննա Հայրապետյան, առաջին կարգայիններ՝ Մանե Ադամյան, Սոնա Ասատրյան, Արմինե Բաբայան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան, Արփինե Գրիգորյան, Աննա Սարգսյան: Առաջնությունը կմեկնարկի այսօր, հունվարի 11-ին, իսկ կավարտվի ամսի 21-ին: Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 12 շախմատիստ՝ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Լեւոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, առաջին կարգային Նորայր Թորոսյանը:

Առաջնությունը կմեկնարկի հունվարի 11-ին, կավարտվի հունվարի 24-ին:

– Երեւանում տեղի ունեցող շախմատի Հայաստանի առաջնությունում կայացան 3-րդ փուլի խաղերը: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով հաղթեց Հովիկ Հայրապետյանին եւ վաստակեց 2,5 միավոր: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը եւ զրկվեցին առաջատարի կարգավիճակից: Նրանց հաջորդում են 5 շախմատիստներ, ովքեր ունեն 1,5-ական միավոր: Հանրապետության գործող չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանն առայժմ վատ է հանդես գալիս եւ 1 միավորով գտնվում է ետնապահների խմբում:

Հայաստանի կանանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, ով բոլոր 3 խաղերում հաղթանակ է տարել եւ ներկայումս վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա արդեն 1 միավորով գերազանցում է Սուսաննա Գաբոյանին եւ Արփինե Գրիգորյանին:

Հ.Գ.-1 – Զավեն Անդրիասյանը շարունակեց հաղթարշավը – Երեւանում տեղի ունեցող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում արդեն ընդգծվել են չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդները: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ով 4-րդ փուլում հաղթեց Հովհաննես Գաբուզյանին եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 3,5-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Լեւոն Բաբուջյանը, որն այսօր սեւերով պարտության մատնեց գործող չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանին եւ վաստակած միավորներով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող Արման Փաշիկյանին՝ 2,5:

Աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվում է առաջնության մյուս ֆավորիտը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով այս փուլում խնդիր չունեցավ վարպետության թեկնածու Նորայր Թորոսյանի հետ մրցախաղում: 5-րդ փուլում նա սպիտակներով կփորձի հաղթահարել միջազգային վարպետ Արման Միքայելյանի արգելքը, ով առայժմ 1 միավոր է վաստակել եւ եզրափակում է աղյուսակը:

Կանանց առաջնության միանձնյա առաջատարն է 100 տոկոսանոց արդյունք ունեցող Մարիա Գեւորգյանը, ով 4-րդ փուլում սեւերով հաղթեց Արփինե Գրիգորյանին: Նրան շարունակում է հետապնդել Սուսաննա Գաբոյանը, ով սեւերով խաղալիս ոչ մի շանս չտվեց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանին եւ 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա այժմ ունի 3 միավոր եւ ընդամենը կես բալով է գերազանցում Աննա Հայրապետյանին եւ Սիրանուշ Ղուկասյանին:

Հ.Գ.-2 – Տղամարդկանց առաջատար եռյակը ջախջախում է հետապնդողներին – Երեւանում ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում շարունակում են իրենց հաղթարշավը առաջատարները: Տղամարդկանց պայքարում առաջին տեղում շարունակում է ընթանալ 5 հնարավորից 4,5 միավոր վաստակած Զավեն Անդրեասյանը: Նրանից 0,5 քայլ ետ է մնում Ռոբերտ Հովհաննիսյանը, 1՝ Արման Փաշիկյանը: Իսկ ահա առաջատարներին հետապնդող Մանուել Պետրոսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Սամվել Տեր-Սահակյանն այս փուլում պարտվեցին եւ զիջեցին դիրքերը: Այժմ նրանց եւ առաջատար եռյակին բաժանում է ստեփանակերտցի շախմատիստ Հովիկ Հայրապետյանը, որն այս փուլում հաղթանակ տարավ եւ 3-րդ միավորը վաստակեց: Վաղը կայանալիք 6-րդ փուլում կարեւոր սկզբունքային նշանակություն ունեն Զավեն Անդրեասյան-Սամվել Տեր-Սահակյան եւ Կարեն Հ. Գրիգորյան-Ռոբերտ Հովհաննիսյան խաղերը:

Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս է միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը, ով 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում եւ էլ ավելի ամրապնվեց 1-ին հորիզոնականում: 2-3-րդ տեղերում ընթացող Աննա Հայրապետյանն ու Սիրանուշ Ղուկասյանը նրանից արդեն ետ են մնում 1,5 միավորով:

Հ.Գ.-3 - Մարիա Գեւորգյանը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ – Երեւանում շարունակվող շախմատի Հայաստանի առաջնություններում այսօր կայացան 6-րդ փուլի խաղերը: Տղամարդկանց մրցաշարի 3 մասնակիցների միջեւ իսկական մրցավազք է ընթանում չեմպիոնության համար: Առաջնության միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանը եւ նրան հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը կրկին հաղթանակներ տարան եւ լիովին ամրապնդվեցին առաջին 3 հորիզոնականերում: Այժմ նրանք ունեն համապատասխանաբար 5,5-5-4,5 միավոր: Իսկ ահա 4-րդ տեղում ընթացող Հովիկ Հայրապետյանն առաջատարից արդեն ետ է մնում 2 բալով: Հաջորդ, 7-րդ փուլում, տեղի կունենա առաջնության ամենակենտրոնական հանդիպումը. Զավեն Անդրիասյանը սեւերով կմրցի իր գլխավոր մրցակից Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Արման Պաշիկյանը սպիտակներով ուժերը կչափի միջազգային վարպետ Արման Միքայելյանի հետ: Հայաստանի կանանց առաջնությունում առաջատարը նույն Մարիա Գեւորգյանն է, ով վստահ առավելության հասավ վարպետության թեկնածու Սոնա Ասատրյանի նկատմամբ եւ տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը: Նա սպիտակներով կմրցի Սիրանուշ Ղուկասյանի հետ, ով 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարի մյուս ֆավորիտ, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը չնայած 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, սակայն Մարիա Գեւորգյանից նրան դեռեւս բաժանում է 1,5 միավոր:

Երեւանում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թվով 6-րդ հուշամրցաշարը: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են 8-ից մինչեւ 18 տարեկան պատանիներն ու աղջիկները: Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,5 մլն դրամ: Մրցաշարի հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, հուշանվերներով, բացի այդ իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:

Շրջանային մրցաշարում հանդես կգան 10 շախմատիստ՝ գրոսմայստերներ Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաեւը, Դավիթ Պառավյանը (երկուսն էլ Ռուսաստան), Ամին Տաբատաբայը (Իրան), Տիգրան Ս. Պետրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, ՖԻԴԵ-վարպետներ՝ Դավիթ Շահինյանը եւ Հայկ Մ. Մարտիրոսյանը: Հուշամրցաշարը կավարտվի հունվարի 16-ին:

Հ.Գ.-1 – Անդրանիկ Մարգարյանի մրցանակը հայազգի շախմատիստինն է, բայց կուղեւորվի Ռուսաստան – Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 6-րդ շախմատային մրցաշարը: Վերջին 9-րդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը հաղթելով Տիգրան Ս. Պետրոսյանին, վաստակեց 6,5 միավոր եւ վստահ գրավեց 1-ին հորիզոնականը: Նրան հաջորդող Հայկ Մ. Մարտիրոսյանը, Մաքսիմ Չիգաեւը (Ռուսաստան) եւ Օլեկսանդր Բորտնիկը (Ուկրաինա) վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի շախմատիստը, իսկ 3-րդ՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը:

Զուգահեռաբար անկացվեցին նաեւ պատանեկան մրցաշարեր: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցումներում հաղթեց արմավիրցի Վահան Միրզախանյանը, 12-ում՝ Արշակ Մելքոնյանը (Արտաշատ), 14-ում՝ Արեգ Շմավոնյանը (Երեւան), 18-ում՝ Արտյոմ Մանուկյանը (Ագարակ): Մինչեւ 12 տարեկան աղջիկների պայքարում լավագույն ճանաչվեց Միլենա Գասպարյանը (Երեւան):

Ֆուտբոլ. 2016թ. Գլխավոր իրադարձությունները

Ավանդույթի համաձայն՝ armsport.am-ը կազմել է տարվա ֆուտբոլային օրացույցը: Ներքնշյալում ամիս առ ամիս ներկայացված են ֆուտբոլային կարեւորագույն իրադարձությունները.

Հունվար

5-ից սկսած. հայկական թիմերը կսկսեն նախապատրաստությունը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին:

30.Լոս Անջելեսի «ՍթաբՀաբ» մարզադաշտում Գյումրիի «Շիրակ»-ը ընկերական հանդիպում կանցկացնի «Լոս Անջելես Գելեքսի»-ի հետ:

Փետրվար

Փետրվարից սկսած հայկական թիմերն արտերկրյա ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն:

20.Երեւանի «Արարատ»-ը ԱՄՆ-ում ընկերական հանդիպում կանցկացնի «Նյու Յորք Կոսմոսի» հետ:

Մարտ

5.Կվերսկսի Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-16թթ. առաջնությունը:

7.Կվերսկսի նաև Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը:

15-16.Կայանան Հայաստանի գավաթի 2015/16թթ. խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները:

21-29.Ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: Հայաստանի հավաքականը 2 ընկերական խաղ է նախատեսել Երեւանում:

23.Եվրո-2017.Հայաստանի երիտասարդական հավաքականը տարին կսկսի Դանիայի դեմ տնային հանդիպումով:

Ապրիլ

12-13.Կայանան Հայաստանի գավաթի 2015/16թթ. խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Մայիս

  1. Կկայանա Հայաստանի գավաթի 2015/16թթ. խաղարկության եզրափակիչը:

18.Կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը:

28.Կավարտվի Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-16թթ. առաջնությունը:

28.Կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

30.Ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ

Հունիս

1-7.Ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:

  1. Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը:

Հուլիս

Կմեկնարկեն Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի խաղարկությունները: Հայկական 4 թիմեր կներգրավեն ակումբային հեղինակավոր մրցաշարերի մեկնարկային պայքարին:

  1. Տեղի է ունենալու Եվրոպայի առաջնության եզրափակիչը:

14-15.Նախատեսված են Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի 1-ին հանդիպումները:

16.Կկայանան Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի 1-ին հանդիպումները:

21-22.Կկայանան Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները:

23.Տեղի կունենան Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումները:

Օգոստոս

1.Կմեկնարկի Հայաստանի Բարձրագույն խմբի 2016/17թթ. առաջնությունը:

Սեպտեմբեր

4.ԱԱ-2018.Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ԱԱ-2018-ի ընտրական փուլում պայքարը: Մեկնարկային խաղում մեր ընտրանին կհյուրընկալիվի Դանիայի հավաքականին:

6.Եվրո-2017. Հայաստանի երիտասարդական հավաքականը տարվա 2-րդ պաշտոնական խաղը կանցկացնի՝ ընդունելով Բուլղարիային:

24.Կկայանա Հակոբ Տոնոյանի անվան 2016թ. Սուպերգավաթի համար հանդիպումը:

Հոկտեմբեր

7.Եվրո-2017.Հայաստանի երիտասարդական հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի տարիքակից ընտրանու հետ, որի դեմ Երեւանում 1:1 էր խաղացել:

8.ԱԱ-2018.Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն:

11.ԱԱ-2018. Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Լեհաստանի հավաքականին:

11.Եվրո-2017.Երիտասարդական հավաքականը խմբային փուլի վերջինփուլում կհյուրընկալի Ուելսին:

Նոյեմբեր

1-6.Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Իսրայելում կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին՝ մրցելով Իսրայելի, Լեհաստանի եւ Իսլանդիայի ընտրանիների հետ:

11.ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը տարվա եզրափակիչ հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալելով Մոնտենեգրոյի ազգային թիմին:

10-15.Երեւանում կկայանան մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական 7-րդ խմբի հանդիպումները: Կմրցեն Հայաստանը, Իտալիան, Շվեյցարիան եւ Հունգարիան:

«Արարատ»-ից հեռանում են ֆուտբոլիստները  

Ամանորյա տոներից հետո «Արարատ»-ը սկսել է Հայաստանի առաջնության գարնանային փուլի հիմնական նախապատրաստությանը: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 9-ին թիմը երկկողմանի հանդիպում է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Արարատ»-ը նախատեսել է 2 արտասահմանյան ուսհավաքներ: Առաջինը կկայանա հունվարի 25-ից փետրվարի 5-ը Սոչիում, իսկ երկրորդը` փետրվարի 14-24-ը ԱՄՆ-ում: Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Լեւոն Մինասյանի, Հայկ Չիլինգարյանի եւ Արեգ Ազատյանի հետ: Իսկ ահա թիմի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն իր անձնական կայքէջում շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, մարզիչներին, երկրպագուների եւ ցանկացել է նրանց նորանոր հաջողություններ: Նա, ինչպես նաեւ Զավեն Բուլուտը, հավանաբար նույնպես կհեռանան «Արարատ»-ից:

Արաս Օզբիլիսը չի մասնակցի ԱՄԷ-ում պլանավորված հավաքին

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը, կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, չի ընդգրկվել գլխավոր թիմի կազմում ու չի մասնակցի Աբու Դաբիում պլանավորված ուսումնամարզական հավաքին: Նա եւ պաշտպան Կիրիլ Կոմբարովը մարզումները շարունակում են ակումբի երկրորդ թիմում:

Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի ԱՄՆ-ում

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի ԱՄՆ-ի ֆուտբոլի լիգայում հանդես եկող «Ռեալ Սոլտ-Լեյք» թիմում: Մոսկվայի «Սպարտակ»-ն» ու ամերիկյան ակումբը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում: «Ռեալ Սոլտ-Լեյքը» մինչեւ 2016թ. դեկտեմբերը վարձակալել է Յուրա Մովսիսյանին, որի ավարտից հետո կարող է գնել նրա տրանսֆերը:

Նշենք, որ 28-ամյա հարձակվողը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվել էր 2013թ. «Կրասնոդար»-ից: Նա կարմրասպիտակների կազմում անցկացրել է 66 հանդիպում, որոնցում դարձել է 27 գոլի հեղինակ:

Հայ մարզիչը շնորհավորել է ադրբեջանցի ֆուտբոլիստներին

Ադրբեջանցի ֆուտբոլային մարզիչ Շաքիր Ղարիբովը, որն այսօր նշում է 60-ամյակը, իր ֆուտբոլային կյանքի ամենահիշարժան պահը համարում է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը: «Այն ժամանակ շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ առաջին խաղն էր այդ երկրների անկախացումից հետո: Մոտ կես տարի Ադրբեջանում խոսում էին այդ մասին, բոլորը մտածում էին, թե ինչպես կխաղանք հայերի հետ: Հանդիպումը կայացավ Իսրայելում: Մենք շատ լավ խաղացինք: Հանդիպումից հետո հայերի մարզիչը հանդերձարանում բարձրաձայն գոռում էր իր սաների վրա: Հետո նա շնորհավորեց ինձ հաղթանակի կապակցությամբ, ապա թույլտվություն խնդրեց նույնը անել նաեւ ֆուտբոլիստների հետ: Ես չմերժեցի, նա մտավ մեր հանդերձարան եւ սեղմեց բոլոր ֆուտբոլիստների ձեռքը»,-ս հիշում է Շաքիր Ղարիբովը:

Նշենք, որ ադրբեջանցի մասնագետը նկատի ունի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների 2006թ. առաջնության որակավորման առաջին փուլի Հայաստան – Ադրբեջան հանդիպումը, որը կայացել է 2005թ հոկտեմբերի 28-ին, Կֆար Սաբայում: Խաղն ավարտվել էր ադրբեջանցի պատանիների հաղթանակով՝ 3:0: Մեր պատանեկան հավաքականն այդ մրցաշարում պարտվելով բոլոր 3 խաղերում (Իսրայել՝ 2:7, Ռուսաստան՝ 0:4), զբաղեցրել էր վերջին, 4-րդ տեղը: Ի դեպ, 2016թ. նմանատիպ առաջնությունում մեր 17 տարեկան ֆուտբոլիստները երեք խաղում վաստակել են 1 միավոր եւ իրենց խմբում գրավել են 3-րդ տեղը՝ առաջ անցնելով Սան Մարինոյին գոլերի տարբերության հաշվին (1-13՝ 1-14-ի դիմաց): Այնպես որ, մեր պատանեկան ֆուտբոլն անցած 10 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց չի գրանցել:

ԱԱԾ-ն բացահայտեց ֆուտբոլային խարդախությունը

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք: Ըստ ԱԱԾ-ի, 2015թ. նոյեմբերին ֆուտբոլային «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ, ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց եւ առանձին ֆուտբոլիստների միջեւ: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ քրօր-ի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

«Արարատ-2»–«Ուլիս-2» խաղի հետ կապված քրեական գործ է հարուցվել

2015թ. նոյեմբերի 30-ին Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կայացած Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Արարատ-2» –«Ուլիս-2» խաղի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ասել է «Ուլիս» (Երեւան) ակումբի գլխավոր մարզիչ՝ կալանավորված Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Այդ քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված իմ պաշտպանյալին՝ Գագիկ Ռոստոմի Սիմոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա չի ընդունում իր մեղավորությունը: Գագիկ Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի խաղադրույք չի կատարել, ոչ մեկի հետ չի համագործակցել, որեւէ անձի նման ցուցում չի տվել: Այժմ գնում է նախաքննություն: Ես հակված եմ այն բանին, որ այն օբյեկտիվ կընթանա եւ մենք կստանանք հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխանները»,- տեղեկացրել է փաստաբանը: Սակայն, պարզվում է, փաստաբանը դեռեւս լավ չի ծանոթ գործի մանրամասներին: Այն հարցին, թե երբ եւ ինչպես է ձերբակալվել մարզիչը, նա պատասխանեց. «Գագիկ Սիմոնյանը ձերբակալվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, իսկ թե որտեղ, ինչ պայմաններում, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Դա եղել է օրենքով սահմանված կարգով, այնպես չէ, որ ապօրինություն է կատարել պետական լիազորը, ուղակի  օգտվելով իր իրավունքից, ձեռք բերված որոշակի շրջանակում, մարդիկ կատարել են այդ գործողությունները եւ խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 2 ամսով»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը տարածել էր հայտարարություն, ըստ որի իրականացված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք եւ որ ձերբակալվել են «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ադմինիստրատոր Արա Ազարյանը, մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը եւ ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը:

Զեպ Բլատերը եւ Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներ` համապատասխանաբար Զեպ Բլատերը եւ Միշել Պլատինին 8 տարով զրկվել են ֆուտբոլային գործունեությունից: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նման որոշում է կայացրել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն, երբ վերջնական քննել է ՖԻՖԱ-ի կողմից Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու գործը: Զեպ Բլատերը այդ կապակցությամբ հայտարարել էր, որ իր եւ ՈՒԵՖԱ-ի նախագահի միջեւ բանավոր պայմանավորվածություն էր եղել, որի հիման վրա էլ կատարվել էր փոխանցումը: Սակայն ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն անօրինական է ճանաչել այդ գործարքը:

Պլատինին հրաժարվել է հավակնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, ով որակազրկվել է 8 տարով, հաստատ չի մասնակցի փետրվարի 26-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին: Նշենք, որ Պլատինին 8 տարով որակազրկվել է ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Յոզեֆ Բլատտերի հետ միասին՝ ապօրինի վճարման պատճառով, սական դեռ հույս ունի բողոքարկել այդ որոշումը: Սակայն այն բանի հետ, որ այլևս չի կարող պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի աթոռի համար, Պլատինին արդեն հաշտվել է:

«Ես դուրս եմ գալիս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար մղվող արշավից: Հիմա ինձ համար լավագույն ժամանակը չէ՝ մյուս թեկնածուների հետ պայքարելու համար: Մնաս բարով, ՖԻՖԱ, մնաս բարով, նախագահություն,- ֆրանսիացու խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Կարծում եմ՝ Ցյուրիխի վարչակազմը չի ուզում, որ ՈՒԵՖԱ-ից ինչ-որ մեկը գլխավորի ՖԻՖԱ-ն: Որովհետև մենք գեղեցիկ ենք, մեծ, հարուստ ու ուժեղ»: Պլատինին ավելացրել է նաեւ, որ աջակցում է Բլատտերին ու կարծում է, որ նա մեծ մարդ է, ով ֆուտբոլին շատ բան է տվել, սակայն նաև վատ արարքներ է կատարել:

Պլատինին կբողոքարկի իր որակազրկման մասին որոշումը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կբողոքարկի իրեն 8 տարով որակազրկելու ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումը: Այս մասին հաղորդում է «Sky Sports»-ը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի էթիկայի անկախ կոմիտեի դատական պալատը՝ Հանս-Յոահիմ Էկերտի ղեկավարությամբ, ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերին ու ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին է ուղարկել նրանց որակազրկման հիմնավորումները:

Հիշեցնենք, որ Պլատինին որակազրկվել է 8 տարով Յոզեֆ Բլատտերից ապօրինաբար խոշոր գումար ստանալու համար: Նույնպիսի պատժի է ենթարկվել նաև ՖԻՖԱ-ի ղեկավարը:

Նշենք նաև, որ ֆրանսիացին հանել է իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։