Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Խնձորտուն-Ջամբուդվիպա… Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու այսպես կոչված Մոլորակների շքերթը…

Հնդկական համարվող առասպելաբանությունում Հնդկաստանը երբեմն անվանել են Ջամբուդվիպա (jambydvipa)՝ «Խնձորների երկիր», բայց այն լայն տարածում չի գտել թերակղզի Հնդկաստանում:

Ըստ Ռենե Գենոնի, այս անվանումը վերաբերում է ոչ թե այժմյան Հնդկաստանին, այլ՝ Հյուսիսային երկրին՝ Հիպերբորեային: Իսկ Հիպերբորեան, Դրախտը, ինչպես բազմիցս ցույց ենք տվել «Լուսանցք»-ի էջերում, դա Հայաստան-Հնդկաստանն է:

Զարմանալի չէ, որ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում ունենք յոթ տասնյակից ավելի տեղանուններ «խնձոր» բառով, որոնց թվում նաեւ՝ Խնձորտուն (Խնձորեստան)- գյուղ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառում: Այժմ կոչվում է Խնձրիստան (Արցախում):

Խնձոր-ով շատ հետաքրքիր անվանումների ենք հանդիպում: Օրինակ՝ Խնձորկին, Խնձորկուտ, Խնձորգլուխ: Հենց Խնձրիստան գյուղում է գտնվում մի մեծ կաթսայաձեւ հուշարձան, որ նախկինում վկայված է իբրեւ «Սուլալ քար» մարդաձեւ ժայռ եւ որի հետ է կապված քարացած կնոջ մասին ավանդությունը:

Գորիսի տարածքում են գտնվում Խնձորեսկ բերդը եւ Խնձորեսկ գյուղը: Հին Խնձորեսկի մասին Մարտիրոս Սարյանն ասել է. «Հին Խնձորեսկը պետք է պահել ու պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան-այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա»:

Որոտան գետի ձախակողմյան գետակը կոչվում է Խնձորեսկի գետակ:  Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքում ասվում է. «Արամազդը առաջին եւ լավագույն երկիրը՝ Արրիանա վաեջան ստեղծեց Որոտան գետի հովտում եւ հենց այստեղ արարեց նախաստեղծ սրբազան կով (տավար) Եվագդաթին, որը Լուսնյակի նման սպիտակ էր եւ բարձրությունն է երեսունինը եղեգ, որից հետո միայն արարեց Հայո Մարեթային (պարս. Հայո-Մարդ)»:

Որոտան գետը սկզիբ է առնում Ղարաբաղում: Հանրագիտարանից (ՀՍՀ, 7) տեղեկանում ենք. «Ղարաբաղ անվանումը տրվել է Մեծ Հայքի երկու նահանգների՝ Ուտիք եւ Արցախ տարածքին:

Ղարաբաղ անվան առայժմ հայտնի առաջին բացատրությունը կամ հայերեն տարբերակը հիշում է տեղացի պատմիչ Հովհանիսիկ Ծարեցին, որը գործածում է Ղարաբաղին համազոր «Սեւ այգի» բառացի թարգմանությունը»:

Մենք ենթադրում ենք, որ Ղարաբաղ անվանումն առաջացել է «ղալաթա/ղարաթա» բառից, որտեղ ղալաթա բառը հայերենում նշանակում է խնձորի մի տեսակ, այսինքն՝ Ղարաբաղ=Ղալաթա/Ղարաթա+բաղ=Ղարաթաբաղ=Խնձորի այգի (բաղ):

Երեւոմ է՝ մեր թշնամիները շատ են ցանկացել Խնձորի այգին վերածել «Սեւ այգու», բայց, ինչպես ցույց տվեց պատմությունը, դա նրանց չհաջողվեց: Եթե Ղարաբաղի նախկին անվանումը մոռացության է մատնվել, ապա փոխարենը առ այսօր պահպանվել է Խնձորտուն-Խնձրիստան գյուղի անվանումը: Խնձորեստանը ունի նույն իմաստը, ինչ որ Ջամբուդվիպան: Սյունիքն ու Ղարաբաղը իրենց աշխարհագրական դիրքով ու սքանչելի բնությամբ իրոք նման են Դրախտի:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ում «Խնձորտուն» բառը նշանակում է հինգ լուծք ունեցող գութանի երկրորդ լուծը, հորիկից հաշված, իսկ ամոլից սկսած՝ չորրորդ լուծը:

Խնձոր, գութան, լուծ: Ի՞նչ է թաքնված այս երեք բառերի ներքո:

Սկսենք խնձոր բառից: Խնձորը, խնձորենին, ադամախնձորը առասպելներում կապված են Դրախտի կամ դրախտային այգու հետ: Օտարները խնձոր են անվանել նաեւ ծիրանը:

Աքադական տեքստերում ծիրանը կոչվել է (GIS)HASHUR. KUR. RA-լեռնային խնձոր կամ armannu-հայկական խնձոր:

Արաբներն ասում էին tuffal-armani-հայկական խնձոր, հռոմեացիները՝ prunusarmenica:

Սովորական խնձորը եւ հայկական խնձորը (ծիրանը) միմյանցից տարբերվում են ոչ միայն տեսքով, այլ նաեւ կորիզների քանակով: Ծիրանն ունի մեկ կորիզ, իսկ խնձորը՝ հինգ, որոնք էլ իրենց հերթին ունեն թաքուն իմաստներ:

Հատկանշական է, որ խնձորի լայնական կտրվածքում ստացվում է հինգթեւանի աստղի պատկեր, ինչը Վեներա-Աստղիկի ու նաեւ Դրախտի խորհրդանիշն է: Վեներա-Աստղիկի մասին խոսել ենք «Վարդի գիծը» եւ «Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը» հոդվածներում (կրկին «Լուսանցք»-ի էջերում): Ասվածին ավելացնենք, որ վարդավառին միմյանց երբեմն նաեւ խնձոր էին նվիրում: Արգելված էր Վարդավառից առաջ խնձոր ուտելը:

Մի հետաքրքիր տեղեկություն եւս:

Արրիանը, Գավգամելայի ճակատամարտը նկարագրելիս, հաղորդում է հետեւյալը. «Երբ զորքերը իրար մոտեցան, ապա երեւացին Դարեհը եւ նրան շրջապատող խնձորակիր պարսիկները, ինդոսները (իմա՝ հայերը), աղվանները…»:

Խնձորակիր են կոչվել Դարեհի թիկնապահները, որոնց սպառազինությանը բնորոշ են եղել ծայրակոթին խնձորով նիզակները: Այսքանը՝ խնձորի մասին:

Կարծում ենք՝ ավելորդ է բացատրել, թե ինչ են նշանակում գութան եւ արոր բառերը:

Գութան անունով բազմաթիվ տեղանուններ կան: Նշենք նրանցից մի քանիսը՝ Գութանաթումբ – լեռնագագաթ Սյունիքում, Գութանասար – լեռնագագաթ Կոտայքի սարավանդում, Գութնասար – լեռնագագաթ Վիրահայոց լեռներում, Գութանի - Երեւանի խանության ժամանակ Վեդիբասարի գավառում ճանապարհային կայան է:

Համաձայն շումերական առասպելների, Հայա-Էնկի աստվածը համարվել է հացահատիկի եւ կենդանիների ստեղծողը:

Նա է բեղմնավորել երկիրը եւ որոշել երկրների ու քաղաքների բախտը ու նաեւ ստեղծել գութանը, բրիչը, աղյուսի կաղապարը:

Շումերերենի գիտակ Արմեն Դավթյանը («Հայոց աստղային դիցաբանություն») կատարել է շումերական եւ հայկական աստղանունների զուգահեռ քննություն եւ եկել այս եզրակացության. ընդհանուր առմամբ 17 աստղատուն ուղղակիորեն կապված են վարուցանքի, հնձի, հացահատիկը տեղափոխելու, աղալու եւ արդեն թխված հացի (Հացվոր) հետ»:

Նա թվարկում է տիեզերական վարի «ատրիբուտները» երկնքում, որ ներկայացված են աստղերով եւ համաստեղություններով, որոնցից մենք կանդրադառնանք երկուսին: Գութան (Գութնի աստղ) եւ Լուծք համաստեղությանը, որի աստղերն են Ամ(բ)ոլ, Հորիկ, Մաճկալ, Հացվոր, հոտաղ:

Հեղինակը համարում է, որ GU.DA.AN.NA համաստեղությունը հայ բանահյուսությունում ունի տառացի զուգահեռ՝ Գութանի աստղ: Գութնի աստղը նույն գիշերավարն է, որ ունի երկու աստղային կոդ: Իբրեւ մոլորակ Գութնի աստղը Վեներան է, իբրեւ աստղ՝ Ցուլի ալֆան:

USDUN (SUDUN)–լուծ-Լուծք (Եզող համաստեղություն): Հայերենում լծի յուրաքանչյուր զույգը կոչվում է տուն (օրինակ՝ զոր-տուն, մուռտռ-տուն, որոնք ուժտուն բառի հոմանիշներն են, գութանի երկրորդ լուծը):

Հայերենում լծակից բառը նշանակում է միեւնույն լծին լծված եզներից յուրաքանչյուրը ու նաեւ նշանակում է ամուսին, որտեղից պարզ է, որ խոսքը միասնական զույգի մասին է. առաջին լուծը խորհրդանշում է արական սկզբունքը (Գիշերավար-Ալդեբարան), իսկ երկրորդ լուծը՝ իգականի (Վեներա-Աստղիկ):

Ուրեմն՝ կարող ենք փաստել, որ Խնձորտանը համապատասխանում է Լուծք համաստեղությունը:

Չի բացառվում, որ GU.DA.AN.NA-ի GUD արմատը նշանակում է «կուտ» (սերմ), վարուցանքի սերմ, ցլի սերմ, երկնային սերմ կամ Հայա-Էնկիի սերմը, որով նա բեղմնավորել է Երկիրը:

Գութանը հայերի շրջանում մեծ նշանակություն է ունեցել: Գովերգվել է հորովելներում, առասպելներում, գրական ստեղծագործություններում:

Գութան-Ալդեբարան աստղի պաշտամունքը տարածված է եղել Հայաստանում: Այն անվանել են Վերափոխման աստղ, Աստծո աչք կամ Մեծ Եզան աչք:

Արաբերենում «Ալդեբարան» նշանակում է «հետեւից ընթացող», որովհետեւ այս դեղնանարնջագույն հսկան երկնքում շարժվում է Բոյլքի (Պլեյադների) հետեւից՝ ասես ցանկանալով հասնել նրանց:

Զրադաշտական ուսմունքը իր արմատներով հանգում է Ալդեբարան աստղին: Զրադաշտական տեքստերի ուսումնասիրություններից ելնելով՝ ենթադրվում է, որ մարդկության նախահայրերը Ալդեբարան աստղից մեր մոլորակ եկած այլմոլորակայինների ժառանգներն էին:

Հարուստ է հայոց լեզուն:

Ընդամենը մեկ բառ՝ Խնձորտուն, բայց ինչքա՜ն գաղտնիքներ կան թաքնված այս մեկ բառում:

Գոհար Պալյան

Բացառիկի ականատես կդառնա՞նք…

Հունվարի 31-ին Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան իր գեղեցկությամբ եւ պայծառությամբ բացառիկ երեւույթի ականատեսը դառնալու:

Մասնավորապես, այդ օրը հայկական երկնքում կերեւա այսպես կոչված Մոլորակների շքերթը:

«Վեներա, Սատուրն, Մերկուրի, Մարս, Յուպիտեր մոլորակները, ինչպես նաեւ Լուսինը «կմիավորվեն» Արեգնակային համակարգի բոլոր պայծառ մոլորակների շքերթում: Եթե մեր բախտը բերի եւ երկինքը պարզ լինի, ապա Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել այս երեւույթն անզեն աչքով»,- Ira-news պորտալի փոխանցմամբ՝ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Աստղագետների կարծիքով, տվյալ երեւույթը կարելի է համարել 2016թ. գլխավոր աստղագիտական իրադարձությունը, նաեւ՝ ամենատեսարժանը:

Տեղեկացնենք, որ Մոլորակների շքերթը աստղագիտական երեւույթ է, որի ժամանակ Արեգնակային համակարգի որոշ մոլորակներ հայտնվում են Արեւի հանդեպ նույն ուղղությամբ՝ ոչ մեծ հատվածում: Միեւնույն ժամանակ՝ մոլորակներն այդ պահին երկնակամարում գտնվում են իրար կողքի:

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։