Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…

Չեմ հերքում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գիտակցելով մեր ժողովրդի պատմական մշակութային արժեքների կարեւորությունը, զգալի նշանակություն է տալիս դրանց պահպանմանն ու նորերի հայտնաբերմանը: Նա էլ է բազմիցս այդ մասին ասել եւ հայտարարել: Ամիսներ առաջ երկրի ղեկավարը ցանկություն էր հայտնել անձամբ ծանոթանալ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող այդպիսի տարածքների հնավայրերի հետ: Այդ շրջագայության ժամանակ նրան ուղեցում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, բնագավառի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Երկրի ղեկավարին ներկայացրեցին մայրաքաղաքի արեւմտյան մասում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր տարածքում գտնվող «Շենգավիթ» պատմամշակութային հնավայրը, փոքրիկ թանգարանում գտնվող արժեքավոր հանածոները: Ապա խումբը եղավ Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում գտնվող Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների վայրում: Այցելեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այստեղ մանրամասն քննարկում ծավալվեց: Էական ուշադրություն դարձվեց հնագիտության ժառանգության պահպանման բարելավման, գտածոների վերականգնման, տարածքի բարելավման եւ բնագավառին վերաբերող կարեւոր շատ այլ հարցեր: Նպատակը մեկն էր. լինելով աշխարհի հնագույններից հնագույնը, հենց մեր պատմամշակութային կենտրոններով աշխարհին ցույց տանք հայ ժողովրդի դարավոր գոյության փաստը:

Սա դեռ կարեւոր հարցի մի կողմն է: Մյուս կարեւոր գործոնն այն է, որ հայտնաբերելով աշխարհահռչակ պատմամշակութային կենտրոներ, արժեքավոր գտածոներ, տեղանքը բարեկարգելով ու որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելով՝ կարող ենք մեր երկիրը համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը դարձնել: Սա բազմակի կգերազանցի բոլոր կարգի ներդրումները եւ մեր երկրին հսկայական օգուտներ կբերի: Ասում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Ուրեմն՝ մենք պե՛տք է կարողանանք այդ հնություններն ու հնագիտական արժեքները արժանի ձեւով ներկայացնել օտարին: Իսկ սրա համար պետք է երկարատեւ ու ջանասիրաբար աշխատել: Մեր նախագահը համակարգի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց ա՛յս խնդիրների վրա:  Մեզ համար անչափ զարմանալի է, որ նախագահին ցույց չտրվեց մայրաքաղաքի տարածքում գտնվող պատմամշակութային եզակի արժեք ներկայացնող, աշխարհում նմանը չունեցող Կարմիր բլուրի հնավայրը: Ասեմ՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ լավ գիտեր Կարմիր բլուրի տեղն ու արժեքը: Բայց քանզի հենց իր «թագավորության» ժամանակ այդ պատմական եզակի արժեքը բառացիորեն ոչնչացվեց, նա չհամարձակվեց դա ցույց տալ երկրի ղեկավարին: Եվ դա չարեց ոլորտի պատասխանատուներից ոչ մեկը:

Ասենք, որ ազգային աժեքների ոչնչացումը պետք է քրեորեն եւ խստագույնս պատժվի: Մեղավորը պետք է պատժվի անկախ ժամանակից, անկախ պաշտոնից եւ գրաված դիրքից: Հայաստանում գտնվող ամենախոշոր եւ աշխարհում եզակի պատմամշակութային, անգնահատելի հնություններով տարածքի կողոպուտն (ուր են հարյուրավոր կարասները) ու ավերումը, մեղմ ասած, հակամարդկային, հակագիտական եւ հակազգային երեւույթ է, մեղք՝ հենց անցյալի ու ապագայի աշխարհի հանդեպ, համաշխարհային մշակույթի հանդեպ:

Ահա այս պատճառով էլ «մեր» մշակույթի նախարարը թաքցրեց երկրի նախագահից Կարմիր բլուրը: Ա՜յ քեզ համարձակություն, ա՜յ քեզ աննախադեպ խաբեություն:

Բայց չէ՞ որ նախագահը արժեքների վերհանման, պահպանման ու նորովի ներկայացման ցուցում էր տվել:

Եթե շատ հակիրճ անդրադարձ անեմ Կարմիր բլուրին, ապա պիտի հիշեցնեմ, որ այստեղ պեղումները դեռ 1939թ. են սկսվել Լենինգրադի պետական թանգարանի «Էրմիտաժի» գիտնականների նախաձեռնությամբ: Դեռ 1936թ. երկրաբան Ա. Դեմյոխինը բլրի վրա գտնում է հղկած քար, որի սեպագիր տեքստը հայտարարում է Ուրարտական թագավոր Արգիշտիի որդու անունը, որը թագավորել է Ք.ծ.ա. 7-րդ դարում: Այսպես, Ք.ծ.ա. 7-րդ դարում Վանի թագավորության վերրջին շառավիղներից Ռուսա Բ թագավորը կառուցում է ռազմի եւ ամպրոպի աստծուն՝ Թեյշեբանուն նվիրված Թեյշեբանի քաղաք-ամրոց այս անառիկ բլրի վրա: Իսկ «Կարմիր բլուր» անվանումն առաջացել է հետագայում, երբ հրդեհի հետեւանքով հողն այրվել էր…

Ինչեւէ, Կարմիր բլուրում պեղումների արշավախումբը ղեկավարեց Լ. Օրբելու ենթակա, «Էրմիտաժի» նշանավոր գիտաշխատող Բ. Բ. Պիոտրովսկին:

Հայտնաբերվեցին 5 հազարից ավելի գտածոներ: Հայտնաբերվեցին ցորենի, գարու, կորեկի խոշոր պահեստներ: Ցորենի պահեստի տարողությունը 450 տոննայի էր հասնում, այստեղ պահեստավորվել էր ցորենի 2 տեսակ: Գինու 8 մառաններում ուղիղ շարքում տեղադրած էին 400 խոշոր կարասներ, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը 800-1000 լիտր էր: Սրանք պատած էին գոտիով, իսկ բերնամասում՝ նախշերով, վզամասում սեպագիր էր՝ տարողության վերաբերյալ: Գինու կարասների ընդհանուր տարողությունը կազմել է 16 հազար դեկալիտր: Գարեջրի ստացման արտադրամասում առկա էր գարու ծլեցման (ածիկ) ընդարձակ սրահ: Լավ պահպանված էր քունջութի, կանեփի սերմերից ձեթ ստանալու արտադրամասը: Բարվոք վիճակում էին նաեւ ցորենի, գարու, կորեկի, քունջութի, կանեփի զգալի քանակի սերմնահատիկներ: Կարմիր բլուրի բնակչությունը զբաղվում էր նաեւ անասանապահությամբ: Հիանալի պահպանվել էր պանրագործության արտադրամասը: Հայտնաբերվել էին նաեւ նռան, բալի, սալորի, ծիրանի, սերկեւիլի սերմեր: Պատկերացնել է պետք, որ գտնվել էր ուրարտական հաց. այն կլոր էր, միջնամասում՝ կլոր անցքով:

Կարմիր բլուրը դեռ ասելու շատ բան ունի: Վերջերս հայտնաբերված դամբարանները, գերեզմաններն ու դրանցում եղած կմախքները, սրվակներն ու թասերը դեռ կասեն իրենց պատմությունը:

Մի բան միանշանակ է. այստեղ հայտնաբերված գինու կարասները, գարեջրի ու պանրագործության արտադրամասերը, ձիթհանքը փակում են այն զազրախոսների բերաններն ու վայրահաչոցները, թե ասենք, գինու կարասները մեր մի դրկիցինն են՝ վրացիներինը, իսկ գարեջրի հայրենիքն էլ չգիտեմ որ երկիրն է (եվրոպական մի քանի երկրներ այսօր մրցում են առաջնային տեղի համար) եւ այլն եւ այլն:

Բայց այս բոլորն այլեւս իր տեղում չէ, ավերված է, կողոպտված:

Չկան ոչ կարասները՝ գեղեցիկ շարքերով, ոչ գարեջրի ու պանրագործության արտադրամասերը:

Ավելին, ժամանակին ամբողջ տարածքը ցանկապատված էր: Այստեղ անցկացվում էին տոնախմբություններ, զբոսաշրջիկների թիվն էր զգալի, բետոնապատ երթուղիներ կային նաեւ:

Հիմա ու՞ր է մեր հարստությունը, տիկի՛ն նախարար: Կարմիր բլուրի պաշտամշակութային այդ արժեքավոր եւ նմանը չունեցող հնավայրը ու նրա վիճակը երկրի նախագահից թաքցնելը ամեն ինչ ասում է այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հակահայ քաղաքականության մասին: Օրենքի ամբողջ խստությամբ պիտի պատժվեն ինչպես նախկին, այնպես էլ ներկա ատասխանատուները:

Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան:

Եթե Ձեր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ժամանակ չեք գտնի անձամբ այցելելու ավերված Կարմիր բլուր, ապա, խնդրում եմ, պահանջեք, որպեսզի Ձեզ ներկայացնեն Բ. Բ Պիոտրովսկու «Կարմիր բլուր» (Ավրորա, հր. 1970, Լենինգրադ) գիրքը, եւ Ձեզ համար շատ բան պարզ կդառնա. ինչ ենք ունեցել, ինչ է ավերվել եւ թե ինչու են մշակույթի ոլորտի պատասխանատուները, այդ թվում եւ՝ ոլորտի թիվ մեկ պաշտոնյան՝ Հասմիկ Պողոսյանը, թաքցրել հնավայրը Ձեզանից՝ չկատարելով Ձեր ցուցումներն ու պահանջները:

Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս խնդրին՝ հավաստիացնելով, որ մեր մշակույթի ոլորտը շատ անմշակութային ու անտաշ, կոպիտ ձեռքերում է:

Սերգեյ Ավագյան

Շրջակա միջավայրի անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։