Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը տեղացած ձյունն ու արձագանքները հետեւում են, բայց ես ստիպված եմ թարմացնել դրանք. նախ՝ այն պարզ պատճառով, որ մենք եւս բոլոր թերթերի պես տոնական օրերին չենք տպագրվել եւ ասելիք ունենք ու երկրորդ՝ որ լավին լավ պետք է ասել, վատին՝ վատ: Եվ, ամենակարեւորը, պետք է գնահատել գործունեությունը, ոչ թե գնահատական տալ անձին: Ես, օրինակ, երբեք չեմ սիրել մեր նախկին քաղաքապետերից մեկին, ով ներկայիս նախարար է, որովհետեւ նրա համար ձմռանը տեղացող՝ մինչեւ 1 սմ շերտով ձյունն անգամ միշտ անակնկալ էր, իսկ Երեւանի տրանսպորտն էլ մշտապես անթերի, իդեալական էր աշխատում: Բայց ես չեմ թողնում, որ իմ սուբյեկտիվիզմը (չնայած օբյեկտիվ բոլոր հիմքերի առկայությանը) խառնվի գործին, ու ես այսօր էլ անդրադառնում եմ նրա ղեկավարած գերատեսչության գործունեությանը եւ դրականին դրական եմ ասում, բացասականին՝ բացասական:
Գանք մեր օրերին: Հարկ է նշել, որ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ի լուսաբաց մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը օդերեւութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային: Այն է՝ ավելի քան 3 օրվա ընթացքում Երեւանում առանց դադարի տեղացել է 1 ամսվա քանակի ձյուն: Գործող քաղաքապետը երբեք չասաց, որ այդ ձյունը անակնկալ էր, թեեւ կարող էր ասել, որ ձյան շերտի այդ հաստությունն է անակնկալ, հորդորեց աշխատել, ինքն անձամբ հսկեց աշխատանքների ընթացքը, եւ 500 հոգի ամանորը դիմավորեցին փողոցները մաքրելով: Մենք մեր տաք տներում քնից հորանջելով զարթնեցինք եւ պարապ չմնալու համար մտանք համացանց, իմա՝ ֆեյսբուք ու սկսեցինք մաղձ թափել: Մինչդեռ ձյունը գալիս էր ու գալիս: Հունվարի 4-ից հեռուստաընկերությունների լրատվականները սկսեցին աշխատել ու քանի որ մաղձի կարիք կար եւ լրահոսն էլ դատարկ էր, հիշեցին այդ օրերի ձյունը: Նույնիսկ այնպիսի լրագրողներ խոսեցին այդ օրը ձյան թեմայով եւ այն տոնով խոսեցին, որ ապշեցի… Ախր չի՛ կարելի նշաձողն այդքան իջեցնել, չի՛ կարելի արվածը չասել միայն այն բանի համար, որ հանրությունը հայհոյանքի, ատելության, բացասական էներգադաշտի կարիք ունի: Հանրությանը խնդրում եմ ինձնից չնեղանալ: Այդ մենք՝ լրագրողներս ենք մեղավոր, որ դուք, մենք, բոլորս այսօր լավը չեք մարսում եւ ստամոքսներս սովորել է ժամկետանց ապրանքի:
Այո, չմաքրված փողոցներ կային, եւ այդ մասին ասվում էր, բայց հանուն ճշմարտության պիտի ասվեր նաեւ, որ ձյունը մաքրվում էր, բայց անընդհատ տեղում էր նաեւ: Այդ օրերին ես, անձամբ, ականատես եմ եղել, թե ինչպես տարածքը մաքրվել է, բայց ընդամենը մեկ ժամ հետո նորից ձյուն է նստել: Անմիջապես ինչ հիշեցի, նախորդ տարի ամերիկյան, թե եվրոպական որեւէ քաղաքում էր, երբ առատ ձյուն տեղաց, քաղաքապետարանը հայտարարեց, որ տեղացող ձյան պայմաններում անիմաստ է ծախս անել, ուստի հայտարարվում է արտակարգ դրություն, եւ քաղաքը մաքրելու մասին կմտածեն միայն տեղումների դադարելուց հետո: Ոչ մեկի մտքով չանցավ ախ ու վախ անել:
Մեր քաղաքապետարանը արտակարգ դրություն չհայտարարեց, թիմով աշխատեց, անընդհատ լրատվություն տվեց, ընդհուպ՝ թե քանի մեքենա է աշխատում, որ փողոցներում, ինչ է արվել, ինչ է արվելու, թերություններն էլ չկոծկեց: Կարծում եմ՝ սա գնահատել պետք էր:
Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձավ ձնամաքրման եւ տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազմակերպմանն ու իր դժգոհությունը հայտնեց ինչպես սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:
«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաեւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երեւանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեեւ պետք է նաեւ արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական՝ ներգրավվել այդ աշխատանքներում եւ աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաեւ ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ»:
Այս դրվագին, իհարկե, անդրադարձ չեղավ այնպես, ինչպես ձնառատ օրերին: Վատն ասել, անցել էին արդեն, հո հետ չէի՜ն դառնալու:
Մամուլն այդպես հետ չեկավ նաեւ աղբահանության խնդրով՝ ասելու, թե քաղաքապետը տեղյակ է թերություններից ու հենց ինքն է մատնանշում դրանք.
«Այն, որ աղբահանությունն այդ օրերին վատ է կազմակերպվել, անգամ քննարկման ենթակա չէ: Ու այս հարցում իմ դժգոհությունը ոչ միայն «Սանիթեք»-ից է, այլ նաեւ վարչական շրջանների ղեկավարներից: Դու՛ք պետք է տեղերում վերահսկեիք աղբահանության կազմակերպումն ու պահանջեիք այն իրականացնել պատշաճ: Առավել եւս, որ ձեզ համար նորություն չէր, որ հատկապես տոնական այդ օրերին աղբի ծավալը բավականին շատ է ու աղբահանությունը պետք է իրականացվի ոչ տարվա մնացած օրերի հաճախականությամբ եւ գրաֆիկով:
Ուստի հետեւություն արեք այս ամենից ու հենց տեղերում վերահսկեք աշխատանքների կազմակերպումը»:
Անդրադառնալով ձնամաքրման աշխատանքներում ներգրավված շուրջ 1200 աշխատակիցներին ու գնահատելով նրանց օր ու գիշեր կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ինչպես նաեւ ձնամաքրման աշխատանքներին աջակցած ընկերություններին՝ ընդգծելով, որ տոնական այդ օրերին մարդիկ իրենց ընտանիքների կողքին լինելու փոխարեն եղել են դրսում ու արել են հնարավորը, որպեսզի ապահովեն
մայրաքաղաքի բնակիչների հնարավոր անխոչընդոտ տեղաշարժը: Ի դեպ, այդ օրերին ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ սկսվել էին նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան եւ հասարակական շենք-շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների հեռացման եւ տանիքների ձյան մաքրման աշխատանքները:
Մի հավելում էլ. ես երեւի մեր թերթի միակ թղթակիցներից եմ, որ քրիստոնեական արժեհամակարգի կրող եմ: Շատ եմ ուզում, որ խմբագիրն ինձ հասկանա ու չկրճատի, եթե իբրեւ վերջաբան գրեմ. «Քրիստոնյա բոլոր սրբերով եմ երդվում, որ ես քաղաքապետարանի իրավապաշտպաններից չեմ, պարզապես սիրում եմ արվածը նկատել»:
Հ.Գ. – Թերեւս երկրորդ հետգրությունն էլ անեմ:
Նախորդ տարեվերջին մեր խմբագրություն բուհերից պրակտիկանտներ էին եկել, եւ երբ խմբագիրը հորդորեց նրանց կիսով չափ լցված բաժակում դատարկի կողքին լիքը հատվածն էլ տեսնել, ուսանողները զարմացան. «Մեր դասախոսներն ու մյուս խմբագիրները ճիշտ հակառակն են ասում»…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



