Իրանա-սաուդական հակամարտության գինը – Պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետեւանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի…

Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հակամարտության համապատկերում: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝ հասնելով 38,18 դոլարի 1 բարելի դիմաց: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96%-ով եւ կազմել 37,77 դոլար 1 բարելի դիմաց:

Նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ 1-ին տեղը:

Ռուսական զլմ-ները եւս անդրադարձել են Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությանը եւ դրա հնարավոր ազդեցությանը նավթի համաշխարհային գների վրա: Այդ հակամարտությունը Մերձավոր Արեւելքում իշխանություն ձեռք բերելու համար է, եւ այդ երկրների միջեւ վերջին տասնամյակում ամենալուրջ բախումն է: Եթե նախկինում Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող սրացումները առնվազն մի քանի դոլար ավելացնում էին նավթի գներին, ապա այժմ վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել նավթի համաշխարհային գների վրա: Ըստ պարբերականի` դրա պատճառն այն է, որ նավթի գլոբալ ավելցուկներն ավելի շատ են, քան ցանկացած բացասական ազդեցության սպասում, որը կարող է բարձրացնել նավթի գինը:

Ըստ պարբերականի` իրավիճակը լրիվ այլ կլինի, եթե Իրանը եւ Սաուդյան Արաբիան անցնեն հակամարտության ակտիվ փուլին, եւ տեղի ունենա ռազմական բախում: «Սաուդյան Արաբիան, հաշվի առնելով շուրջը տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես Իրանի ու Արեւմուտքի միջեւ միջուկային գործարքը, իրեն այլեւս անվտանգ չի զգում: Արդեն հիմա պատերազմ է ընթանում Եմենում եւ Սիրիայում, սակայն ուղղակի առճակատումը բացարձակապես այլ խնդիր կլինի»,- գրում են ռուսական լրատվամիջոցները:  Նման պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետեւանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի:

«Եթե Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ռազմական դիմակայություն լինի, ապա նավթի գինը կարող է որոշակի պահին գերազանցել 250 դոլարը, այնուհետեւ ընկնել մինչեւ 100 դոլար: Եթե նրանք ոչնչացնեն մատակարարումների համար անհրաժեշտ օբյեկտները, ապա մենք կարող է ականատես լինենք 500 դոլար գնին, եւ դա կտեւի որոշակի ժամանակ` կախված այն բանից, թե որքան վնասներ են կրել այդ օբյեկտները»,- այս կարծիքին է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Հոսեյն Ասկարին: Այնուամենայնիվ,այս թվերն այժմ այնքան էլ արժանահավատ չեն թվում, սակայն շատ հավանական կլինեն Իրանի եւ Սաուսյան Արաբիայի միջեւ ռազմական բախման դեպքում:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը աֆրիկյան CEMAC տարածաշրջանային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նավթի ցածր գները դեռ երկար կպահպանվեն: «Ի տարբերություն նախորդ պարբերաշրջանների, այս անգամ նավթի ցածր գները կպահպանվեն տեւական ժամանակ: Ֆյուչերսային գործարքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գները 60 դոլարի հասնելու հավանականություն ունեն 2019թ-ին»,- հայտարարել է Լագարդը:

ԱՄՀ-ի ղեկավարի խոսքով՝ թերթաքարային նախագծերը, ՕՊԵԿ-ի ռազմավարությունը եւ Իրանի գործոնի պատճառով նավթի շուկայում առկա է ավելցուկ, իսկ պահանջարկի նվազումը ԱՄՆ-ում եւ տնտեսական ակտիվության դանդաղեցումը զարգացող երկրներում իրենց հերթին ազդում են նավթային շուկայի վրա:

Ռուսաստանը կարող է այս դեպքում նաեւ ծահեկան դիրքում հայտնվել: 2015թ. նավթի եւ գազային կոնդենսատի արդյունահանման ծավալներով Ռուսաստանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Ընթացիկ տարվա ընթացքում Ռուսաստանում նավթի եւ գազային կոնդենսատի արդյունահանման ծավալները կազմել են 533,6 մլն տոննա, ինչը համաշխարհային արդյունահանման 12%-ն է: Սաուդյան Արաբիան այս ցուցանիշով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Գազի արդյունահանման ծավալներով Ռուսաստանը զիջում է ԱՄՆ-ին՝ արդյունահանելով համաշխարհային արդյունահանման 17,7 %-ը, կամ 630 մլրդ խմ գազ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով Ռուսաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:Համաշխարհային արտադրության տեսակարար կշռում Ռուսաստնի բաժինը կազմում է 4,4%-ը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան դեկտեմբերի 22-ին հաստատել էր ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի նախագիծը: Ներկայացնելով փաստաթուղթը` հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Թաիր Մանսուրովն ընդգծել է, որ այն մշակվել է ԵԱՏՄ պայմանագրերին համապատասխան: Գազի ընդհանուր շուկայի ստեղծման հայեցակարգը հաստատվել է նախորդ տարեվերջին, իսկ մինչ 2018թ. հունվար` դրանով նախատեսված ծրագիրը կհաստատվի: Ծրագրի միջոցառումները պետք է իրականացվեն մինչ 2024թ. հունվարի 1-ը: Այնուհետեւ միության անդամ երկրները կկնքեն ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման միջազգային պայմանագիր եւ կապահովեն դրա ուժի մեջ մտնելը ոչ ուշ, քան 2025թ. հունվարի 1-ը:

Հայեցակարգի նախագիծը մշակվել է գիտահետազոտական աշխատանքի հիման վրա, որն իրականացրել է Էներգետիկայի եւ ֆինանսների ռուսական ինստիտուտը: Ինստիտուտի փորձագետների գնահատականներով` ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղիղ նվազագույն էֆեկտը կկազմի տարեկան 1 մլրդ դոլար, իսկ հաշվելի առնելով բազմապատկիչ էֆեկտը` ոչ պակաս քան տարեկան 3-4 մլրդ դոլար:

Այս համապատկերին, ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ իր ցուցակը ԵՄ-ի հետ «ավելի շատ ներդաշնակեցնելու» համար: «Այսօրվա գործողությամբ մենք ցուցակում ներառել ենք մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք արդեն նշված են ԵՄ պատժամիջոցային ցուցակում»,- հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամուլի պատասխանատու Ուիլ Սթիվենսը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի ցուցակների ներդաշնակեցումը «ապահովում է այնպիսի իրավիճակ, որի դեպքում ԱՄՆ-ի եւ ԵՄ բիզնեսի ներկայացուցիչները նույն կանոններով են խաղում, եւ նվազեցնում է ծանրաբեռնվածությունը մասնավոր ոլորտի վրա»:

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ իշխանություներն ընդլայնել են պատժամիջոցային ցուցակը ռուսական եւ ուկրաինական մի շարք ընկերությունների նկատմամբ: Կրեմլում այդ որոշումն անվանել են ոչ բարեկամական եւ ապակառուցողական: «Դա գծի շարունակությունն է, որն ավերիչ ազդեցություն ունի երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա խոստացել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին: Դեկտեմբերի 1-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգել 6 ամսով՝ մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը: Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 22-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել պատրաստվել շուկայում նավթի գների անկման հետ կապված պատրաստվել տնտեսական ոլորտի վատ սցենարին: «Կուտակած պաշարները թույլ են տվել հավասարակշռել ընթացիկ տարվա բյուջեն, սակայն եթե նավթի գները հետագայում էլ շարունակեն նվազել, ապա պետական բյուջեի չափերը պետք է հստակեցվեն: Սա պետք է հասկանալ և պատրասվել վատթարագույնինե,- ասել է նա եւ ավելացրել, որ ներկա պահին անհրաժեշտ է ընտրել բյուջեի օպտիմալացման առավել արդյունավետ տարբերակ: Ըստ կառավարության ղեկավարի՝ «Մեր քաղաքականության հիմնական սկզբունքը պետք է նախկինը մնա. պետք է կրճատել բյուջետային ծախսերը, նվազեցնել պետական ապարատի ծախսերը, ՌԴ-ն երբեք չի առնչվել այնպիսի հզոր տնտեսական մարտահրավերների, ինչպիսին ներկայումս է»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն, որ արտահանվող հումքի ցածր գները կարող են երկար տեւել: Պետք է պատրաստ լինել հակառուսական պատժամիջոցների երկարատեւությանը եւ ընթացիկ դժվարությունները պետք է խթան հանդիսանան տնտեսության եւ սոցիալական ոլորտի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական իշխանությունները հնարավոր են համարում բյուջեի վերանայումը՝ պայմանավորված նավթի գինը 40 դոլարից նվազելու հետ: Ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտնել է 2016թ. հունվարից դադարեցրել է թուրքմենական բնական գազի ներկրումը: Որոշման հիմքում ընկած են գազի միջազգային շուկայում փոփոխվող իրավիճակը, ինչպես նաեւ առանձին տնտեսական ու ֆինանսական հարցերը, որոնք ծագել են «Գազպրոմ էքսպորտ»-ի մոտ»,- հայտնել են «Թուրքմենգազ»-ից:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։