Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում… Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է… Ադրբեջանի դեսպանությունները կփակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպեսեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում…

Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում

Ադրբեջանական ճգնաժամը հասել է այն կետի, որ մի շարք դեսպանատներ են փակվելու անգամ՝ պետական ծախսերը խնայելու նպատակով: Ըստ վերլուծաբանների, Ադրբեջանի կառավարությունը համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամով պայմանավորված է լրջորեն դիտարկում արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը։ Ըստ Haqqin.az պարբերականի, այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից եւ նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանությունները հնարավոր է փակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ հետ է կանչել մի քանի դեսպանների, բայց այժմ ադրբեջանական կառավարությունը դեռեւս չի կողմնորոշվում, թե որ երկրներում փակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները։

Ադրբեջանի առեւտրային կենտրոններից իսպառ անհետացել է ալկոհոլը, ինչը պայմանավորված է կառավարության վերջին որոշմամբ, համաձայն որի ալկոհոլը վաճառվելու է միայն բանկային քարտերից վճարելու դիմաց: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ակցիզային ապրանքների՝ ներառյալ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մեծածախ ու մանրածախ վաճառքը կանխիկ տարբերակով արգելվում է: Այսինքն՝ հունվարի 1-ից ալկոհոլի դիմաց պետք է վճարել միայն բանկային քարտի միջոցով:

Սակայն, օրենքը ուժի մեջ մտնելուց 10 օր անց ալկոհոլը անհետացել է խանութներից, այն հնարավոր չէ ձեռք բերել անգամ քարտային վճարման եղանակով: Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները հայտնել են, որ իրենց հրամայված է չվաճառել ալկոհոլ եւ առայժմ սպասել: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Լենքորանի շրջանի Լիման քաղաքի բնակիչները վերջերս բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Բաքու-Աստարա մայրուղին: Չի բացառվում, որ այս բողոքի ձեւը կկիրառվի այլ բնակավայրերում եւս: Բողոքող քաղաքացիները դժգոհում են ծխախոտի ու ալկոհոլի վաճառքի նկատմամբ սահմանված նոր կանոններից: Ըստ պարբերականի՝ այժմ քաղաքի խանութներում բացակայում են նշված ապրանքները: Ադրբեջանական իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ պարբերաբար քաղաքացիների հետ իրավապահները բանակցություններ են վարում ակցիաները դադարեցնելու եւ ճանապարհները բացելու համար:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 10-ի կառավարության նիստի ընթացքում երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու մասին որեւէ կոնկրետ գաղափար չի հնչեցրել: «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին նշել է, որ «դա սովորական խորհրդակցություն էր, որի ընթացքում դարձյալ խոսվել է տարբեր ոլորտների զարգացումների մասին, հնչեցվել են շաբլոն հայտարարություններ՝ նավթային ոլորտի հայտարարությունների մասին»: Ընդդիմադիր գործիչը չի հավատում փոփոխություններին՝ իշխանությունները պարզապես չեն գիտակցում, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանն ու ինչ է սպառնում երկրին:

Երկրում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ճգնաժամ է:

«Ադրբեջանական հանրության մեջ շարունակվում է դիմակայության մթնոլորտը: Երկրում մինչեւ 100 քաղբանտարկյալ կա: Ադրբեջանը փաստացի մեկուսացման մեջ է: Այդ համապատկերին տնտեսական ճգնաժամը խորանում է: Գներն աճում են ամեն օր, արժութային ճգնաժամը շարունակվում է: Սա միայն ճգնաժամի անոնսն է: Առաջիկա ամիսներին դրա հետեւանքներն ավելի լուրջ են լինելու»,- ենթադրում է Արիֆ Հաջիլին։

Բաքվում գրեթե դադարել է դոլարի եւ եվրոյի վաճառքը. տարադրամի փոխանակման կետերը շարունակում են փակ մնալ: Արտարժույթ հնարավոր չէ ձեռք բերել անգամ պլաստիկ քարտերի օգնությամբ: Արժութային շուկան փաստացի կաթվածահար է: Այդ վիճակը հանգեցնում է նաեւ ներկրվող ապրանքների գնաճին:

Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է

Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի 1բարելն արդեն 3,47%-ով կամ 1,18 դոլարով էժանացել է: Դա պայմանավորված է այն բանով, որ նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները:

Ներկայումս Azeri LT CIF տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է 32,81 դոլարի:

Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` 1 բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001թ. դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008թ. հուլիսին: Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 31,20 դոլար, WTI նավթի1 բարելը` 30,79 դոլար:

Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցում նշված է, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները անցյալ նոյեմբերի դրությամբ մոտ 9 մլրդ դոլարով նվազել են: Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական ու մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:

Այս երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. 2 անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016թ. ռազմական բյուջեն` սահմանվելով մոտ 1,7 մլրդ դոլար: 2016թ.պետբյուջեի ծախսային մասը 3,1 մլրդ մանաթով կամ 15%-ով կրճատվել է: Պետբյուջեի օրենքի համաձայն` պետբյուջե եկամտային մասը կանխատեսվում է 14,566 մլրդ մանաթ, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25,2%-ը: Պետբյուջեի ծախսերը կկազմեն 16,264 մլրդ մանաթ, կամ ՀՆԱ-ի 28,2%-ը: Դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 698 մլն մանաթ, կամ ՀՆԱ-ի 2,9%-ը:

Բյուջետային ցուցանիշները կազմվել են 1 բարելի դիմաց նավթի գինը 50 դոլարի չափով եւ 1 դոլարի դիմաց մանաթի 1,05 փոխարժեքի կանխատեսմամբ:

Ադրբեջանի պետբյուջեն եւ պաշտպանական ոլորտի համար հատկացումները, անցյալ տարվա եղածի համեմատ, գրեթե 2 անգամ նվազելը կապված է նավթի գների շարունակական անկման հետ: ԱՄՆ-ի հեղինակավոր Morgan Stanley, Goldman Sachs եւ Citigroup բանկերի կանխատեսումներով` մոտ ժամանակում նավթի համաշխարհային գինը կարող է 1 բարելի դիմաց կազմել մոտ 20 դոլար:

Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 2016թ. պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։