Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում… Վրաստանն ընտրում է ռուսական տարբերակը… Հայաստանի միջոցով…

Ադրբեջանում ճգնաժամն սկսված է – Եվ այն թագավորելու է բոլոր ոլորտներում

Երբ տարեվերջի նախորդ համարում մենք խոսեցինք այն մասին, որ Թուրքիայի խաղաքարտը ադրբեջանական SOCAR ընկերությունն է մնում, եւ Էրդողանի խոսքերը դառնում են ընդամենը հնչեղ հայտարարություն («Լուսանցք», 44 (390), դեկտեմբերի 18-24, 2015), իմ՝ ազգությամբ ռուս գործընկերներից մեկը ինձ անթաքույց, ուղղակի հարցրեց, թե՞ արդյոք փոխել եմ կողմնորոշումս եւ դարձել ռուսամետ: Ճիշտ նույն հոդվածից հետո ինձ զանգահարեց իմ՝ ոչ ռուսամետ գործընկերներից մեկը եւ շնորհավորեց ինձ՝ այլեւս արեւմտամետ լինելու համար: Ես երկուսին էլ նրբանկատորեն բացատրեցի, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արեւմտամետ եւ իրենք, մեղմ ասած, իրենց կողմնորոշումների շահերից ենելով, չեն հասկացել իմ հստակ եւ առանց տողատակերի, մաքուր հայերենս, ինչը բոլորովին այլ բան է վկայում, այն՝ թե որ երկրի ինչ գործողությունը ինչ չափով կարող է առնչվել հայկական շահերին եւ ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ (գլոբալ ասած, թեեւ նյութը հստակ նպատակ ուներ):

Ինչեւէ, մեր խմբագրությունը մշտապես պատրաստ է լսել բոլորի տեսակետները, արձագանքները, նաեւ տպագրել դրանք, ինչպես ժամանակ առ ժամանակ անում ենք եւ ինչու ոչ, խորհրդակցել մշտական ընթերցողների հետ, ինչպես շատ հաճախ ենք անում: Բայց արձագանքողը պիտի իմանա, որ մեզ զանգահարելուց առաջ ինքը մեկ հստակ պարտականություն ունի՝ մնալ չափի մեջ:

Գանք Բաքվում զարգացող դեպքերին: Ինչպես եւ կանխատեսել էինք, Ադրբեջանին մեծ ճգնաժամ է սպասվում: Չսխալվեցինք: Այս երկրում «իսկական» աղետ է: Այն, որ Իրանը հստակ որոշել է Վրաստանին գազ մատակարարել Հայաստանի միջոցով, Ադրբեջանի SOCAR ընկերության ներկայացուցչին վազեցրել է Վրաստան: Նախ ասենք, որ Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Այս նախարարության պաշտոնական կայքը վկայում է, որ նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 միլիոն խմ գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է: Հասկանալի է, որ սա թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: Հիշեցնենք, որ այն շահագործման է հանձնվել 2007թ.: Ու թեեւ ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, Հայաստանը կառուցեց միայն 700 միլիմետրանոց գազատար: Շատ տնտեսագետներ այդ օրերին գրեցին, թե դա արվեց Ռուսաստանի ուղղակի ճնշմամբ (պատճառների մասին շատ ենք խոսել):  Այս պարագայում հարցը բոլորովին այլ է, այդ ինչպես է որ Վրաստանը Հայաստանի հանդեպ հավասրակաշռված է փորձում մնալ եւ չի ասում, թե իրեն գազ պետք չէ Հայաստանի միջոցով: Չեմ կարծում այն պատճառով, որ Վրաստանը հանկարծ հարեւանասեր է դառնում, պարզապես, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, դառնում է խելամիտ եւ մտածում իր երկիր էներգակիրների մատակարարման ուղիները տարատեսակացնելու մասին:

Այս հանգամանքը ստիպել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչը հապճեպ գա Հայաստան եւ հիշեցնի թուրք-վրացական դարավոր բարեկամության մասին: Թե ինչ հաղոդագրություն կտրվի, էական չէ: Էականն այն է, որ Վրաստանը կարողանա դարավոր բարեկամին համոզել, որ ինքը հարեւանասեր չի դառնում, պարզապես այս պահին պիտի օգտվի հայկական կողմի նպաստավոր դիրքից:

Բաքուն Թբիլիսիին կհավատա, քանզի չհավատալու հիմքեր չունի, ավելի ստույգ՝ ժամանակ չունի. Բաքվի ճգնաժամաը օրեցօր ավելի ու ավելի շատ ոլորտների է խփում: Ինչը Վրաստանն իր կաշվին էլ զգում: Օրինակ՝ ադրբեջանական մանաթի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել Վրաստանի զբոսաշրջության վրա, քանի որ կրճատվել է ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը: Մանաթի արժեզրկումը իր հերթին բացասական ազդեցություն է ունեցել նաեւ Ադրբեջանի հյուրանոցային բիզնեսի վրա: Բաքվի բարձրակարգ հյուրանոցների համարները մեծամասամբ դատարկված են: Աղբյուրս ադրբեջանական լրատվամիջոցներն են: Ըստ որոնց, ասենք Hilton հյուրանոցում զբաղեցված է համարների 30%-ն ընդամենը, Samaxi Palace Sharadil-ում՝ 19%-ը եւ այլն:

Դատելով նավթագազային շուկայի միջազգային զարգացումներից՝ Ադրբեջանի վիճակն այս՝ 2016թ. ավելի է վատանալու: Տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի ամբողջ հույսն իր SOCAR նավթագազային ընկերությունն է, քանզի SOCAR-ն է լցնում պետական բյուջեն, զինում սրանց բանակը: Մինչդեռ հիմա SOCAR-ը կորցնում է իր ազդեցության ոլորտները, վերջերս նույնիսկ Վրաստանում զրկվեց իր մենաշնորհային դիրքից: Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ստիպված է շեշտակիորեն կրճատել իր երկրի գլխավոր ֆինանսական զամբյուղի չափերը: SOCAR-ը քիչ գումարներ է տակու բյուջեին՝ 43%-ով պակաս 2015թ. համապատասխան ցուցանիշից: Եթե հավելենք, որ այս 43%-ը միլիոններ չեն, տասնյակ միլիարդներ են, ապա իրավիճակը ավելի պարզ կդառնա:

Հայաստանին մնում է զգոն լինել: Քանզի Բաքուն իր ձախողումները ցույց չտալու համար՝ գազազելու է:

Աստղինե Քարամյան

Վրաստանն ընտրում է ռուսական տարբերակը… Հայաստանի միջոցով

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկրի բնական գազի դեֆիցիտը այս տարի հնարավոր չի լինի լրացնել միայն ադրբեջանական գազով: Փոխանցում է «Գրուզիա օնլայն» գործակալությունը: Նախարարը նման հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանական գազային SOCAR ընկերության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:

Հաղորդվում է, որ Կախա Կալաձեն միաժամանակ նշել է, որ կոմերցիոն սպառողների համար նոր սակագներ են մշակվում, իսկ Ադրբեջանից մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ են տեխնիկական աջակցություն եւ համապատասխան ներդրումներ, ինչին կողմերը պատրաստ են:

Վրաստանի էներգետիկայի նախարարը մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է մատակարարումների նոր նախագծին եւ դրանում SOCAR-ի մասնակցությանը: Կալաձեն հավելել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը, եւ որ 2016 թվականին նախատեսվում է համատեղ նախագծի շրջանակներում նոր գազատարի կառուցում, իսկ 2019թ-ին «Շահ-Դենիզ»-ի շահագործման 2-րդ էտապի սկսում: Նշենք, որ մինչ SOCAR-ի ղեկավարության հետ հանդիպումը, Կախա Կալաձեն ասել էր, որ ռուսական գազ գնելու դեպքում Վրաստանը կկարողանա բալանսավորել գազի պակասուրդը, որը չի կարողանում լրացնել SOCAR-ը. «Ես առայժմ թիվ չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ ռուսական գազը ավելի էժան է, քան առաքվող ադրբեջանականը: Այդ գինը մրցակցային է եւ մենք բաց կերպով ներկայացրել ենք SOCAR-ին, որպեսզի ադրբեջանական գործընկերները իմանան, թե ինչ առաջարկ ենք ստացել: Վաղը լինելու է հանդիպում SOCAR-ի ղեկավարության հետ, որից հետո հայտարարություն կանենք»:

Հիշեցնենք, որ բանակցել են նաեւ Վրաստանի եւ Իրանի ներկայացուցիչները՝ Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Եվրոպա իրանական գազն առաքելու հնարավորության մասին:

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։