Հայկական խոհանոց – Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով… Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Աղցան՝ նեխուրով, խնձորով ու հավով

Բաղադրությունը - Սպանախ – 1 կապ, նեխուր – 1 կապ, կանաչ սոխ – 8 հատ, հավի կրծքամիս – 200 գ, խնձոր – 1 հատ, բուսայուղ – 20 գ:

խյուսի համար՝ թթվասեր – 2 ճաշի, գդալ, կոնյակ – 1 ճաշի գդալ, կիտրոնահյութ – 1 հատի, աղ, պիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը - Կանաչեղենը կտրատել: Միսը ձողաձեւ կտրատել, բուսայուղով տապակել: Այնուհետեւ ափսեի մեջ լցնել կտրտած սպանախն ու նեխուրը, վրան ավելացնել խնձորը կտրտած, սրա վրա էլ խյուսը լցնել, այնուհետ՝ հավի կրծքամիսը եւ վերջում զարդարել կտրտած կանաչ սոխով: Անուշ լինի:

Գիտնականները հետազոտում են եգիպտական բուրգում գտնված տիեզերական մասնիկները

Գիտնականների խումբն ուսումնասիրում է մյուոնները՝ տիեզերական ծագում ունեցող տարրական մասնիկնեը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսի այսպես կոչված «Թեքված բուրգում»: Associated Press-ի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ այդ մասնիկների ռենտգենային տվյալները կարող են նոր տեղեկությունները հաղորդել բուրգի կառուցման մասին: Գիտնականները նախազգուշացրել են, որ Դահշուրի Թեքված բուրգի նոր հետազոտությունը կարող է փոխել ավանդական պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կառուցվել եգիպտական բուրգերը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Մարիա Գեւորգյանը՝ շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում 8-րդ փուլում առաջնության միանձնյա առաջատար միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը հանդիպեց 2-րդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից 1 փուլ առաջ չեմպիոն դառնալու համար առաջատարին նվազագույնը անհրաժեշտ էր ոչ-ոքի: Նա կարողացավ գրանցել բաղձալի արդյունքը, վաստակեց 7,5 միավոր եւ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Ավելին՝ վերջին փուլուն նա հաղթեց նաեւ նախորդ տարվա չեմպիոնին՝ Սուսաննա Գաբոյանին եւ առանց պարտության ավարտեց մրցաշարը:  Նորընծա չեմպիոնը կհամալրի նաեւ Հայաստանի կանանց հավաքականը: 2-րդ տեղում Աննա Հայրապետյանն է՝ 6,5 միավոր, 3-րդում՝ Սուսաննա Գաբոյանը՝ 6 միավորով: Հաջորդ տեղերում են՝ 4. Արմինե Բաբայան՝ 5,5; 5. Սիրանուշ Ղուկասյան՝ 5; 6. Նարինե Գասպարյան՝ 4; 7. Աննա Սարգսյան՝ 3,5; 8. Արփինե Գրիգորյան՝ 3,5; 9. Սոնա Ասատրյան՝ 1,5; 10. Մանե Ադամյան՝ 1:

Տղամարդկանց մրցաշարում կայացել են 8-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարի առաջատարների՝ Զավեն Անդրիասյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ նախորդ փուլի խաղը երկարատեւ պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի: Իսկ 8-րդ փուլից հետո Զավեն Անդրիասյանը ունի 6,5 միավոր, 6-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը: Հաջորդ տեղերում են՝ 4. Պետրոսյան Մանուել՝ 4,5; 5. Հայրապետյան Հովիկ՝ 3,5; 6. Բաբուջյան Լեւոն՝ 3,5; 7. Պետրոսյան Տիգրան Լ.՝ 4; 8. Գաբուզյան Հովհաննես՝ 3,5; 9. Տեր-Սահակյան Սամվել՝ 4; 10. Գրիգորյան Կարեն Հ.՝ 3; 11. Թորոսյան Նորայր՝ 2,5; 12. Միքայելյան Արման՝ 1:

Հ.Գ.-1 – Ռոբերտ Հովհաննիսյանը հավասարվեց Զավեն Անդրիասյանին -Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 9-րդ փուլի խաղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Արման Փաշիկյանի հետ: Իսկ ահա նրանից կես միավոր ետ մնացող Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով վստահ հաղթեց Լեւոն Բաբուջյանին եւ վաստակած բալերով հավասարվեց առաջատարին: Այժմ նրանք ունեն 7-ական միավոր:

Հենց այս երկուսն էլ կվիճարկեն Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նախավերջին եւ վերջին փուլերում Զավեն Անդրիասյանը հանդիպելու է միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանի եւ ազգային վարպետ Նորայր Թորոսյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցներն անհամեմատ ավելի վտանգավոր են, հանձինս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի, որը պայքարում է 3-րդ տեղի համար, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ուժեղագույն շախմատիստ Հովիկ Հայրապետյանի:

Հ.Գ.-2 – Զավեն Անդրիասյանը կրկին առաջ անցավ Ռոբերտ Հովհաննիսյանից - Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ փուլի խաղերը: Մրցաշարի երկու առաջատարներն այս անգամ անհաջող հանդես եկան: Զավեն Անդրիասյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանի հետ: Նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով պարտվեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին:

Այդպիսով, առաջնության ավարտից 1 փուլ առաջ մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը: Նրան հաջորդող Ռոբերտ Հովհաննիսյանը ունի 7 միավոր, իսկ Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը՝ 6-ական: Նախատեսված 11-րդ փուլում Զավեն Անդրիասյանը սեւերով կհանդիպի մրցաշարի նորեկ Նորայր Թորոսյանի հետ: Չեմպիոն դառնալու համար նրան ձեռք է տալիս անգամ ոչ-ոքի արդյունքը: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ:

Հ.Գ.-3 – Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը շախմատի Հայաստանի 2016թ. տղամարդկանց չեմպիոնն է: Վերջին փուլում առաջնության միանձնյա առաջատարը սեւերով հանդիպեց մրցաշարի նորեկ Նորայր Թորոսյանի հետ: 1-ին տեղը գրավելու համար Զավեն Անդրիասյանին հարկավոր էր նվազագույնը ոչ-ոքի խաղալ ազգային վարպետի հետ: Դա նրան հեշտությամբ հաջողվեց անել եւ, վաստակելով 8 միավոր, դարձավ այս տարվա առաջնության հաղթողը:

Մրցանակային հաջորդ 2 տեղերի համար պայքար էին մղում երեք շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը, ընդ որում վերջին երկուսին անպայման հաղթանակ էր պետք: Սակայն երեքն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը եւ մնացին նույն տեղերում: Դա նշանակում է, որ Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ արծաթե, իսկ Արման Փաշիկյանը՝ բրոնզե մեդալակիր: Սամվել Տեր-Սահակյանը լրացուցիչ գործակիցներով դուրս մնաց առաջին եռյակից: Հավելենք, որ անցած տարվա չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը վերջին փուլում պարտություն կրեց, վաստակեց ընդամենը 4 միավոր եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ բաժանեց 10-11-րդ տեղերը:

Մարիա Գեւորգյանը չի վախենում մեկնել Բաքու

Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը նվաճելով շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը, առաջին անգամ դարձավ հանրապետության կանանց հավաքականի լիարժեք անդամ: Դա նշանակում է, որ 22-ամյա շախմատիստուհին հնարավորություն է ստացել մասնակցելու շախմատային օլիմպիադային:

Ինչպես հայտնի է, 2016թ. այդ մրցաշարը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, սեպտեմբեր ամսին: Մարիա Գեւորգյանին այդ փաստն այնքան էլ չի մտահոգում. «Եթե հավաքականը մեկնի Բաքու, ապա ես կլինեմ թիմակիցներիս կողքին»,- ասել է նոր չեմպիոնը: Մեր այն հարցին, թե անցած տարի ինչու չհաջողվեց գրավել 1-ին տեղը եւ ետ մնաց իրենից ավելի ցածր վարկանիշ ունեցող մրցակցից, չեմպիոնն ասաց. «Անցած տարի պապիկս նոր էր մահացել եւ ես հոգեբանական ծանր վիճակում էի գտնվում, այդ իսկ պատճառով շատ անհաջող մեկնարկեցի: Ճիշտ է, հետագայում մի քանի հաղթանակներ տոնեցի, սակայն այլեւս հնարավոր չէր հասնել առաջատարին»,- պարզաբանեց նա:

Անդրանիկ Մարգարյանի մրցանակը հայազգի շախմատիստինն է, բայց ուղեւորվեց Ռուսաստան

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թվով 6-րդ հուշամրցաշարը: Շվեյցարական մրցաշարին մասնակցում էին 8-18 տարեկան պատանիներն ու աղջիկները: Մրցանակային հիմնադրամը կազմում էր 1,5 մլն դրամ: Մրցաշարի հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, հուշանվերներով, բացի այդ իրավունք ստացան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին: Շրջանային մրցաշարում հանդես եկան 10 շախմատիստ՝ գրոսմայստերներ Ալեքսանդր Բորտնիկը (Ուկրաինա), Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, միջազգային վարպետներ Մաքսիմ Չիգաեւը, Դավիթ Պառավյանը (երկուսն էլ Ռուսաստան), Ամին Տաբատաբայը (Իրան), Տիգրան Ս. Պետրոսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, ՖԻԴԵ-վարպետներ՝ Դավիթ Շահինյանը եւ Հայկ Մ. Մարտիրոսյանը (Հայաստան):

Վերջին 9-րդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը հաղթելով Տիգրան Ս. Պետրոսյանին, վաստակեց 6,5 միավոր եւ գրավեց 1-ին հորիզոնականը: Նրան հաջորդող Հայկ Մ. Մարտիրոսյանը, Մաքսիմ Չիգաեւը (Ռուսաստան) եւ Ալեքսանդր Բորտնիկը վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի շախմատիստը, իսկ 3-րդը՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը:

Զուգահեռաբար անկացվեցին նաեւ պատանեկան մրցաշարեր: Մինչեւ 10 տարեկան տղաների մրցումներում հաղթեց արմավիրցի Վահան Միրզախանյանը, 12-ում՝ Արշակ Մելքոնյանը (Արտաշատ), 14-ում՝ Արեգ Շմավոնյանը (Երեւան), 18-ում՝ Արտյոմ Մանուկյանը (Ագարակ): Մինչեւ 12 տարեկան աղջիկների պայքարում լավագույն ճանաչվեց Միլենա Գասպարյանը (Երեւան):

Հայը կրկին 1-ինն է Բրազիլիայում

Հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց շախմատի Բրազիլիայի տղամարդկանց թվով 82-րդ առաջնությունը: Մեր հայրենակիցը, 11 փուլում վաստակելով 10 միավոր, վստահ գրավեց 1-ին տեղը: Նա 1 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականում գտնվող միջազգային վարպետ Ամորիմ Բարբոսայից:

Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 2-րդ անգամ դարձավ Բրազիլիայի չեմպիոն (առաջինը՝ 2012թ):

Վեսելին Թոփալովը համաձայնել է մեկնել Ռուսաստան

Մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում բաց էր մնում միայն մեկ հարց՝ արդյոք բուլղարացի Վեսելին Թոփալովը կհամաձայնի մեկնել Ռուսաստան: «2006թ. Էլիստայում տեղի ունեցած սկանդալից հետո մենք որոշել էինք այլեւս հանդես չգալ Ռուսաստանում անցկացվող ցանկացած մրցաշարում, քանի որ Վեսելինն իրեն անհարմար է զգում այդ երկրում: Սակայն երկար մտածելուց հետո նա, այնուամենայնիվ, որոշեց մասնակցել Մոսկվայի հավակնորդների մրցաշարին: Լավ կլիներ, որ Վեսելինը հրաժարվեր, բայց դա նրա որոշելիք հարցն է»,- բուլղարական լրատվամիջոցներով հայտարարել է աշխարհի նախկին չեմպիոնի գործակալ Սիլվիո Դանաիլովը:

Դա նշանակում է, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ հանդիպելու համար պայքար կմղեն նախապես որոշված բոլոր հավակնորդները: Նրանք են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Սերգեյ Կարյակինը, հոլանդացի Անիշ Գիրին, Վեսելին Թոփալովը եւ մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Փոփոխություն Հայաստանի առաջնությունների խաղացանկերում

ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը տեղեկացրել է, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ 1-ին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ փուլի՝ մարտի 5-ին եւ 6-ին նշանակված հանդիպումները տեղափոխվել են: «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը՝ ժամը 14:00-ին: «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը կկայանա մարտի 2-ին, սկիզբը՝ ժամը 16:00-ին: «Միկա»-«Արարատ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը՝ ժամը 14:00-ին: «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումը կկայանա մարտի 3-ին, սկիզբը՝ ժամը 16:00-ին:

Մարտի 23-ին նշանակված Հայաստանի 1-ին խմբի առաջնության «Արարատ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը կկայանա մարտի 25-ին:

Հենրիխ Մխիթարյանի՝ 2016թ. առաջին գոլը

Բունդեսլիգայի երկրորդ շրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական խաղում Դորտմունդի «Բորուսիաե-ն Գերմանիայում մրցեց չեխական «Սպարտա»-ի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Դորտմունդցիների կազմում 68-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը 2016թ.-ին:

Ադրբեջանական թիմի նախկին մարզիչը գլխավորում է «Միկա»-ն

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Սերգեյ Յուրանը նշանակվել է Երեւանի «Միկա» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է 46-ամյա մասնագետը. «Պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիսի 1-ը»,- ասել է նա:

Սերգեյ Յուրանի վերջին թիմը եղել է Կալինինգրադի «Բալթիկա»-ն, որը մարզել է մինչեւ 2015թ. հունիսը: Նա նախկինում աշխատել է նաեւ մերձմոսկովյան «Խիմկիում», Յարոսլավլի «Շիննիկ»-ում, ղազախական «Լոկոմտիվ»-ում, էստոնական ՏՖՄԿ-ում, լատվիական «Դիտոն»-ում, Ստավրոպոլի «Դինամո»-ում եւ ադրբեջանական «Սիմուրգ»-ում:

Արաս Օզբիլիսն արդեն ժամանել է Թուրքիա

Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ժամանել է Թուրքիա՝ «Բեշիկթաշ»-ում բժշկական հետազոտության ենթարկվելու համար: Թուրքական ակումբի պատվիրակությունը 25-ամյա հայ ֆուտբոլիստին դիմավորել է Աթաթուրքի անվան օդանավակայանում: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կկազմի 3 մլն եվրո, իսկ Արասի հետ պայմանագիր կստորագրվի 4,5 տարի ժամկետով: Հայտնի է նաեւ, որ «Բեշիկթաշ»-ը պլանավորում է մեր հավաքականի ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել իսպանական «Ռայո Վալեկանո»-ին, որը վերջերս հետաքրքրվում էր նրա ծառայություններով: Պատճառն Արաս Օզբիլիսի՝ խաղային պրակտիկա ստանալու անհրաժեշտությունն է: «Բեշիկթաշ»-ը հույս ունի, որ Արաս Օզբիլիսը լիարժեք կփոխարինի ռուսական «Ռուբին»-ի նախկին ֆուտբոլիստ Գյոքհան Տերեին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի արեւմտաեվրոպական որեւէ թիմ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ողջունել է Արաս Օզբիլիսի տեղափոխումը «Բեշիքթաշ»

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանարպետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը ողջունել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տեղափոխումը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբ: Այս մասին Սելինա Դողանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում: «Հայ ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի` «Բեշիքթաշ» տեղափոխվելու լուրն ինձ շատ ուրախացրեց: Կասկածից վեր է այն, որ սպորտն ու սպորտային մրցումները կարեւոր դեր են կատարում հասարակությունների` միմյանց ավելի լավ ճանաչելու, հասկանալու, եղբայրական կապերն ամրացնելու ուղղությամբ: Արաս Օզբիլիսի` այսուհետ Թուրքիայում խաղալու փաստը կարեւոր եմ համարում թուրքական ու հայկական հասարակությունների միջեւ եղբայրական (այդպես էլ չհասկացան, որ թյուրքական որեւէ ցեղատեսակի հետ եղբայրական ոչ մի բան հնարավոր չէ կառուցել… միեւնույնն է՝ մի քանի գիշեր անց փորձելու են մորթել «հայ եղբորը»…- խմբ.) կապերի ամրապնդման տեսանկյունից»,- նշել է Դողանը:

Նա ցավով է անդրադարձել այն փաստին, որ սոցիալական ցանցերում Օզբիլիսի էթնիկ պատկանելության պատճառով նրա դեմ ռասիստական քարոզչություն է իրականացվում: «Թող ոչ ոք չմոռանա, որ այս հողերում ֆուտբոլը որպես մարզաձեւ բերվել է ոչ մուսուլման ժողովուրդների կողմից: Առաջին ակումբները հենց նրանք են հիմնել»,- ընդգծել է թուրքական մեջլիսում առաջին կին հայ պատգամավորը: Նա հաջողություն է մաղթել «Բեշիքթաշ»-ին եւ Արաս Օզբիլիսին` ասելով. «Սիրելի Արաս, բարի գալուստ քո տուն, քո ծնված հող»:

Հ.Գ. – Արազ Օզբիլիսը պայմանագիր կնքեց «Բեշիկթաշ»-ի հետ – Հայաստանի հավաքականի աջ եզրային կիսապաշտպան Արազ Օզբիլիսը պայմանագիր կնքեց թուրքական «Բեշիկթաշ» ակումբի հետ: «Քիչ առաջ պայմանագիր կնքեցի «Բեշիկթաշ»-ի հետ: Սա նոր փուլ է իմ կյանքում: Ես ցանկանում է շնորհակալություն հայտնել բոլորին լավ ընդունելության համար»,- իր թվիթերյան էջում գրել է ֆուտբոլիստը: Այդպիսով, Արազ Օզբիլիսը դարձավ հայկական ֆուտբոլի առաջին պատվիրակը Թուրքիայում: Ըստ տեղական լրատվամիջոցների, «Բեշիկթաշ»-ն այդ տեղափոխության համար Մոսկվայի «Սպարտակ»-ին կվճարի 1,3 մլն եվրո փոխհատուցում:

Հայազգի թենիսիստուհին Ավստրալիայում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը անհաջողության մատնվեց ավստրալական Խոբարտ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Քառորդ եզրափակիչ մտնելու համար նա հանդիպեց շվեդուհի Յուհաննե Լարսոնի հետ եւ առաջին սեթում վստահ հաղթանակ տարավ՝ 6:3, սակայն հետո 2 անգամ զիջեց նույն հաշվով եւ պարտություն կրեց՝ 1:2:

Մեր հայրենակիցը մասնակցեց նաեւ Ավստրալիայի բաց առաջնությանը, որը տեղի ունեցավ Մելբուռնում: Մարգարիտա Գասպարյանը առաջին փուլում հանդիպեց ճապոնուհի Կուրումի Նարայի հետ եւ հաղթեց նրան: Հայազգի թենիսիստուհին հաղթանակ տարավ Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1-ին փուլում: Հաջորդ խաղը իտալուհի Սառա Էրանիի հետ էր եւ հանդիպումն անչափ անհաջող սկսեց հայ մարզիկը, ով առաջին սեթում պարտվեց 1:6 հաշվով: 2-րդ սեթում Մարգարիտան վերականգնեց հավասարակշռությունը՝ 7:5, իսկ 3-րդում իսկական ռեւանշի հասավ իր մրցակցի նկատմամբ՝ 6:1, տանելով իր 2-րդ հաղթանակը:

Հ.Գ. – Մարգարիտա Գասպարյանը չդիմացավ աշխարհի առաջին ռակետի հարվածներին -Մարգարիտա Գասպարյանն ավարտեց ելույթները Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհին այսօր 1/8 եզրափակիչ խաղում հանդիպեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ: Ավաղ, 22-ամյա Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու ամերիկուհուն եւ պարտվեց երկու սեթում՝ 2:6, 1:6: Քառորդ եզրափակիչում Սերենա Ուիլյամսն արդեն կհանդիպի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, որն այս փուլում մեծ դժվարությամբ հաղթեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին՝ 7:5, 7:5:

Հովհաննես Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 3-րդ տեղը գրավեց Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած Մեծ մրցանակի մրցումներում: 60 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը նախ հաղթեց չեխացի Պավել Պետրիկովին, ապա ուզբեկստանցի Շարաֆուդին Լուտֆիլաեւին եւ մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նա լարված պայքարում զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Բեքիր Օզլուին: 3րդ տեղի համար մրցամարտում Հովհաննես Դավթյանը կրկին հանդիպեց այդ երկրի պատվիրակի՝ Ահմեդ Կաբայի հետ: Այս անգամ մեր մարզիկը վստահ անցկացրեց մարտը եւ արդեն 3-րդ րոպեին հաղթանակ տոնեց:

66 կգ քաշային կարգում հանդես եկած մեր ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը վստահ սկսեց մրցաշարը եւ 1-ին փուլում պարտության մատնեց արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսին: Սակայն հաջորդ փուլում նա պարտվեց չինացի Մա Դուանբինին եւ դուրս մնաց պայքարից: Այսպիսով, Հայաստանի ձյուդոյիստներն ավարտեցին ելույթները Կուբայում, քանի որ մնացած 5 քաշային կարգերում մենք մարզիկներ չենք հայտավորել:

Կարեն Աղամալյանը հրապարակել է հավաքականի կազմը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Մինսկի՝ Լիվենցեւի հուշամրցաշարին եւ Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

Մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցեւի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ, հավաքականին կմիանա Մոսկվայից), Հենրիկ Սարգսյանը եւ Ռաֆայել Սիմոնյանը (91 կգ):

Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ) Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին: Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, իսկ Սոֆիայի մրցաշարը՝ փետրվարի 22-29-ը:

Ծանրորդները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: «Այս հավաքին մասնակցում են մարզիկներ, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներ են: Մինչ այդ տղաները կմասնակցեն եւս մեկ հավաքի` Աբովյանում, որից հետո կկայանա Հայաստանի առաջնությանը: Այնուհետեւ կրկին կվերադառնանք Ծաղկաձոր ու կշարունակենք նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին կմասնակցեն 8 ծանրորդ: Մասնակիցների անունները հայտնի կդառնան Հայաստանի առաջնությունից հետո: Եվրոպայի առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնող մարզիկների կազմը»,- Փաշիկ Ալավերդյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքը մեկնարկել է հունվարի 15-ին եւ կավարտվի 31-ին:

Կանանց հավաքականը եւս նախապատրաստվում է… նաեւ Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ծաղկաձորյան հավաքով նախապատրաստվում է երկրի եւ Եվրոպայի առաջնություններին: «Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում են 4 մարզիկ, իսկ մեր մյուս ծանրորդները` Սոնա Պողոսյանը և Իզաբելա Յայլյանը, վատառողջ են և չեն եկել Ծաղկաձոր: Նրանք թիմին կմիանան հանրապետության առաջնության ավարտին: Այս տարվա ուսումնամարզական հավաքի խտությունը կապում եմ Օլիմպիական խաղերին լավ նախապատրաստվելու հետ: Որքան մարզիկն ավելի քիչ մնա տանը, այնքան ավելի լավ»,- ասել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Դահուկորդները կբարձրացնեն վարկանշային միավորները

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքերով` զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջին խաղարկությունից հետո հայ մարզիկները 50%-ով կբարձրացնեն վարկանշային միավորները: «Դահուկասահքի զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջին խաղարկության մրցումային առաջին օրվա արդյունքներից հետո Հայաստանի հավաքականի անդամները կարող են բարձրացնել վարկանշային միավորները մոտ 50%-ով: Հայաստանում մրցաշարեր անցկացնելով՝ փորձ է արվում լուծել մի քանի խնդիր թե որպես մարզական կառույց, թե որպես միջազգային ֆեդերացիա, եւ հատկապես այս ամենը կարեւոր է մարզիկների համար: Մենք պլանավորում ենք նաեւ, որ հետո մրցաշարեր կանցկացնենք նաեւ Ծաղկաձորի քաղաքային մարզադաշտում: Ֆեդերացիային հաջողվել է հավաստագիր ստանալ` մարզադաշտում միջազգային վարկանշային մրցաշարեր անցկացնելու համար»,- Գագիկ Սարգսյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկության մրցումային առաջին օրն ազատ ոճում հաղթել են Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Միքայելյանը եւ Կատյա Գալուստյանը:

Հ.Գ. – Գավաթի առաջին խաղարկությունում կատարեցինք մեր առջեւրված խնդիրները – Ծաղկաձորում ընթացող Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի անդրանիկ գավաթի խաղարկությունն ավարտվեց: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է արդյունքները եւ խոսել ձեռքբերումների մասին:

- Ամփոփելով Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը՝ ինչպիսի՞ գնահատական կտաք:
– Ինձ համար լավ գնահատականը մի քանի բաղկացուցիչ ունի: Եթե լավ, ուրեմն լավ: Այն գերազանց ստացվեց մեզ համար, քանի որ Հայաստանի թիմը դարձավ գավաթակիր: Բնական է, որ մեզ համար դա գերազանց արդյունք է: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները եւմասնավորապես, Զարգացող դահուկային ֆեդերացիաների խորհրդի նախագահն աշխատանքը պարզապես անթերի գնահատեցին: Վերջինս սկսել է այլ երկրների համար հենց Հայաստանի օրինակը նշել: Գավաթի առաջին խաղարկությունում մենք պատվով կատարեցինք մեր առջև դրված խնդիրները:

- Արդյոք այս մրցաշարը կարո՞ղ է հիմք ծառայել՝ միջազգային այլ մրցաշարեր եւՀայաստանում անցկացնելու համար:
– Բնականաբար: Երբ ինձ հարցրեցին, թե որքան ժամանակ ենք նախապատրաստվել այս առաջնությանը, ես ասացի՝ մոտ մեկ տարի: Բայց իրականում մենք այս ամենին նախապատրաստվել ենք ոչ թե մեկ, այլ երկար տարիներ: Ինքներս սկսել ենք ամենափոքր մրցաշարից եւ փոքր թիմով, բայց այսօր անցկացնում ենք նման խոշոր մրցաշար: Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Տա Աստված՝ Հայաստանում ավելի խոշոր մրցաշարեր անցկացվեն:

- Որքանո՞վ բարձրացան հայ մարզիկների վարկանշային միավորները:
– Չէինք էլ կարող երազել, որ Հայաստանում կանցկացնենք մրցաշար, եւ լավագույն վարկանշային միավորը կլինի 31-ը: Եվ մրցումային առաջին օրը մենք ունեցել ենք 31 միավոր: Դահուկասահքի խոշոր մրցաշարերում նման արդյունքներ չեն գրանցվում:

2016-ը աննախադեպ հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար

Մրցակիցների անունները հայտնի կդառնան հունվարի 22-ին: 2016թ. աննախադեպ հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի միանգամից 4 հավաքականներ մասնակցելու են Եվրոպայի տարբեր տարիքային առաջնությունների: Հունվարի 22-ին Մյունխենում կկայանա Եվրոպայի 2016-ի առաջնությունը, որտեղ հայտնի կդառնան Հայաստանի հավաքականների մրցակիցների անունները: Տղամարդկանց ազգային հավաքական Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մասնակցելու պաշտոնական մրցումների՝ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Առաջնությունը կայանալու է Մոլդովայում, իսկ ժամկետները հայտնի կդառնան հունվարի 22-ին: Փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 12 երկրները. Հայաստան, Ադրբեջան, Անդորրա, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Ուելս, Շոտլանդիա: Տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների հավաքական Հայաստանը 2-րդ տարին անընդմեջ կմասնակցի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիումներին: Սպասվում է, որ B դիվիզիոնի մասնակիցների քանակն այս տարի կգերազանցի 20-ը: Մասնակից երկրների թվում են լինելու նաեւ բասկետբոլային գերտերություններ՝ Ռուսաստանը, Հունաստանը, Խորվաթիան: Առաջնությունը կայանալու է հուլիսի 15-ից 24-ը, Աթենքի հարեւանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում: Տղամարդկանց մինչեւ 16 տարեկանների հավաքական 5 տարվա ընդմիջումից հետո միջազգային ասպարեզ դուրս կգա նաեւ Հայաստանի պատանեկան հավաքականը, որն այս տարի հանդես կգա Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Սպասվում է, որ C դիվիզիոնում ելույթ կունենան շուրջ 10 հավաքականներ: Առաջնությունը կայանալու է Կիպրոսում: Կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքական Կանանց մրցաշարերում Հայաստանը հանդես կգա մեկ հավաքականով: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա Եվրոպայի առաջանության C դիվիզիոնում: Առաջնությունը տեղի է ունենալու Վրաստանում: Սպասվում է, որ Թբիլիսում ասպարեզ դուրս կգան 6-8 հավաքականներ:

Հ.Գ- Երիտասարդական եւ պատանեկան հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները – Առաջնությունը կկայանա հուլիսին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Մյունխենում կայացան մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի 2016թ. առաջնության եւ մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունները, հաղորդում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մինչեւ 16 տարեկանների Հայաստանի ընտրանին հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Անդորրայի, Ջիբրալթարի և Մոլդովայի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում: Մինչեւ 20 տարեկանների Հայաստանի հավաքականը հայտնվեց A ենթախմբում, որտեղ կմրցի Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի ու Վրաստանի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին, Հունաստանի Խալկիդա քաղաքում: Իսկ կանանց Հայաստանի Մ18 ընտրանին հայտնվեց Ա ենթախմբում, որտեղ կմրցի Անդորրայի և Ուելսի հետ: Առաջնությունը կկայանա հուլիսին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                  «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։