12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունը (1-ին մաս) – Բոգդան Գեմբարսկին Հայաստանը ճանաչեց ու համարեց իր երկրորդ հայրենիքը եւ փաստացի գտավ թե որտեղ է բիբլիական դրախտը երկրի վրա…

Բոգդան Գեմբարսկի (1905-1978). այս լեհ հրապարակախոսը, արեւելագետն ու թարգմանիչը 2-րդ hամաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից էր, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում:

Հայանպաստ գործունեությունն սկսել է հասուն տարիքում: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում լեհ ժողովրդի նշանավոր զավակի գործունեությունը, եւ պատահական չէ, որ նրա տապանաքարին դաջված է մարմարե փոքր խաչքար, ինչը Հայաստանից տարել է լեհուհի, երեւանաբնակ Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ով զբաղվել է թարգմանությամբ:

«Նամակներ աշխարհին» գրքից ներկայացնում ենք «Առաջին նամակը իմ անծանոթ ընթերցողին»:

Սույն աշխատությունը տպագրում ենք այն պարզ պատճառով, որ այն հայերիս համար, ցավոք, դեռ արդիական է եւ հենց օտարի աչքերով է բացահայտվում այսպես կոչված միջազգային հանրության «մոռացկոտությունը» հայերի, հայոց բնօրրանի ու միջազգայնորեն ձեւակերպված հայկական հարցի նկատմամբ:

Բայց պարզվում է նաեւ, որ լեհ հրապարակախոսը Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է համարում, քանզի այն մարդկության դրախտավայրն է երկրի վրա, ու այլեւս դադարում է օտար լինել:

Նա Հայաստանը նորովի է հայտնագործում, ինչպես Կոլոմբոսը՝ Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ…

Առաջին նամակն իմ անծանոթ ընթերցողին (որի մեջ հիշեցնում եմ նրան 12 մոռացվւսծ ճշմարտությունները):

Այս նամակներս լույս են տեսնելու նաեւ հայերեն, իսկ հետո այլ լեզուներով, ըստ էության նրանք չեն հասցեագրված հայ ընթերցողներին. վերջիններս գիտեն այն, ինչ ես գրում եմ այստեղ: Իսկ եթե նույնիսկ չգիտեն ամբողջը, ապա առնվազն զգում են այն մեծ ճշմարտությունը, որը ես պետք է պատմեմ այլ ազգի մարդկանց, որոնք, ինչպես եւ ես, հայ չեն եւ մինչեւ այժմ բոլորովին չեն հետաքրքրվել Հայկական հարցով: Սակայն հասավ այն օրը, երբ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքը դարձավ իմ ընտրությամբ: Բայց դա չի նշանակում, թե ես հրաժարվում եմ առաջին հայրենիքից՝ Լեհաստանից: Սերը երկուսի նկատմամբ էլ հիանալի տեղավորվում է սրտիս մեջ: Ու եթե ամեն ոք, հավատարիմ մնալով իր հայրենի երկրին, աշխատեր ճանաչել եւ անկեղծ սիրել որեւէ այլ ժողովրդի, հավատացեք ինձ, սիրելի՛ ընթերցող, աշխարհն այլ պատկեր կունենար:

Այժմ ձեզ պետք է ասեմ, թե ինչու հենց Հայաստանը սիրեցի:  Հնդկաստանի հանգուցյալ պրեմիեր մինիստրը՝ Ջավահառլալ Ներուն, Անգլիայում դաստիարակված հնդիկ էր: Նախքան իր հայրենիքը՝ Հնդկաստանը, սիրելը, պետք է հայտնագործեր այն: Ու հենց այդպես էլ նա վերնագրել է իր մեծ ստեղծագործությունը այդ երկրի մասին՝ «Հնդկաստանի հայտնագործումը»: Ես նույնպես պետք է հայտնագործեի Հայաստանը՝ նախքան նրան իր տառապանքների մեջ սիրելը, մանավանդ որ երակներիս մեջ չի հոսում հայկական արյան ոչ մի կաթիլ:

Այդ հայտնագործումը մեծապես ցնցեց ինձ: Կարծես գտա վաղուց կորած բանալին այն սենյակի, որի մեջ խառնիխուռն թափթփված են ամբողջ մարդկությանը պատկանող գանձերը: Դրա համար երկար ժամանակ մարդիկ անցնում էին այդ սենյակի մոտով՝ առանց նկատելու սարդոստայնով ու փոշով ծածկված այդ դուռը. մոռացել էին հրաշագործ բանալու մասին: Եղել են անհատներ, որոնք հանկարծակի պայծառատեսության պահերին, հիշում էին հանկարծ նրա մասին, բայց չկարողացան բանալ կախարդական դուռը:

Եu էլ, ավա՜ղ, ինքս իմ սեփական ուժերով չեմ կարողանա բացել այդ դուռը, եթե դու, անծանո՛թ ընթերցողս, չգաս ինձ օգնության:

Դրա համար էլ հենց սկսեցի այս խոսակցությունը քեզ հետ: Չգիտեմ նույնիսկ թե ով ես դու, որովհետև չգիտեմ, թե որտեղ եւ ինչ լեզվով լույս կտեսնի, վերջապես, այս նամակը: Գուցե գյուղացի ես կամ արհեստավոր, գուցե գիտնական կամ բանվոր: Գուցե նաեւ նոր ազատագրված երկրներից մեկի քաղաքացին ես, կամ որեւէ այլ անձ: Բայց ով էլ որ լինես, կկարողանաս շատ ավելի բան անել, քան ես, որովհետեւ ծեր եմ արդեն եւ հիվանդոտ, պակասում է ինձ նաեւ երիտասարդական եռանդն ու նախաձեռնությունը:

Խոստանում եմ քեզ մի բան. եթե կատարես այն, ինչի մասին խնդրում եմ քեզ, ապա հավերժ կհիշվես մարդկության պատմության մեջ: Իսկ դա արդեն շատ բան է նշանակում, այնքան շատ, որ միայն դրա համար արժե ապրել:

Կատարի՛ր միայն մեկ բան. օգնի՛ր ինձ բանալ կախարդված դուռը, իսկ եթե հանկարծ սիրտս դադարի բաբախելուց, եղի՛ր մեկը նրանցից, որոնք իմ սկսած գործը կհասցնեն մինչեւ վերջ:

Բայց նախքան ասելը, թե ինչպես եմ պատկերացնում քո մասնակցությունը այդ մեծ գործին, թու՛յլ տուր, որ նախ եւ առաջ պատմեմ քեզ իմ սիրո առարկայի մասին՝ առանց հողի մարդկանց մասին եւ առանց մարդկանց հողի մասին, որն Աստված անվանեց Հայաստան: Դա հենց այն Հայաստանն է, որ ես գտել, հայտնագործել եմ, ինչպես Կոլոմբոսը հայտնագործել է Ամերիկան՝ Երկրի վրա, իսկ Ներուն՝ Հնդկաստանը՝ իր սեփական սրտի մեջ:

Լեհերենում զվարճալի մի դարձվածք կա. «Սկսել ինչ-որ բան Ադամից եւ Եվայից»: Չգիտեմ՝ ուրիշ լեզուներում նման դարձվածք կա՞, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի մասին իմ պատմությունն սկսել Ադամից եւ Եվայից:

Գիտե՞ք, արդյոք, թե որտեղ էր բիբլիական դրախտը: Սուրբ Գիրքը շատ ստույգ սահմանում է նրա դիրքը. գտնվում է նա 4 գետերի ակունքների շրջանում: Նրանցից երկուսը Եփրատն ու Տիգրիսն էին: Բավական է նայել քարտեզին, որ գտնենք նաեւ մնացած երկուսը՝ Ճորոխն ու Արաքսը: Իսկ երկիրը, որի տարածքում գտնվում էր դրախտը, այսպես կոչված Թուրքահայաստանն է, որի մասին ստորեւ խոսելու ենք ընդարձակ:

Փակագծերի մեջ նկատեմ, որ մյուս բիբլիական փաստը՝ Նոյի ճանապարհորդությունը ջրհեղեղի բարձրացած ջրերով, տեղի է ունեցել նույնպես նույն՝ հետագա Թուրքահայաստանի այդ տարածքի վրա: Այնտեղ՝ այդ երկրի հյուսիսում, խոյանում է երկու գագաթով մի մենավոր լեռ՝ Մասիս կամ, ինչպես նրան անվանում ենք Արարատ, որի վրա կանգ առավ Նոյի տապանը: Մի խոսքով, Սուրբ Գրքի համաձայն՝ Հայաստանը եղել է ամբողջ մարդկության օրրանն ու երկրային դրախտը:

Սակայն մարդկությունը մոռացել է, թե որտեղ էր գտնվում իր դրախտը, որը կրկին գտնելու մասին երազում էր հանճարեղ Միլտոնը: Եվ դա եղել է մարդկության կողմից մոռացված 1-ին մեծ ճշմարտությունը:

Հետագայում այդ տարածքի վրա թագավորել են շատ արքաներ, որոնց մասին հիշատակում են բաբելական եւ ասորական աղբյուրները: Այդ երկիրը, որ տեղական ավանդությունը անվանում էր Նաիրի, շարունակում էր մնալ խիտ բնակեցված, հարուստ եւ կենսապաշտ. չնայած որ գտնվում էր այն ժամանակվա մեծ քաղաքակրթության ծայրամասերից մեկում եւ շատ հին էր: Այնքան հին էր այդ երկիրը, որ երբ առաջին բանական արարածները սկսեցին կառուցել առաջին տերությունը, ապա դա կարծես թե պետք է լիներ հենց այստեղ եւ ոչ թե Եգիպտոսում կամ Բաբելոնում: Միայն թե մարդկությունը այդ մասին մոռացել է: Եվ դա մարդկության կողմից մոռացված 2-րդ մեծ ճշմարտությունն է:

Քրիստոսի թվարկությունից առաջ 9-րդ դարի սկզբին, այսինքն՝ 3000 տարի սրանից առաջ, այդ տարածքի վրա գոյացավ Ուրարտու կոչված մեծ տերությունը, որի սահմանները ընդգրկում էին այսօրվա ամբողջ Հայաստանը՝ թուրքական եւ խորհրդային, իսկ հյուսիսում սահմանը նույնիսկ հասնում էր Վրաստանին:

Լեզուն, որով խոսում էին ուրարտացիները, դեռ հայերեն չէր, ճիշտ այնպես, ինչպես ուրարտացիների նախորդները՝ Նաիրիի ժողովուրդը խոսում էր նրանցից տարբեր լեզվով: Չէ՞ որ լեզուն ենթակա է անընդհատ փոփոխությունների: Հին հռոմեացիները գուցե խոսում էին էտրուսկերեն, իսկ նրանց հաջորդները՝ իտալերեն: Ու, չնայած դրան, վերջիններս հռոմեացիների ու էտրուսկների օրինավոր ժառանգներն էին: Նմանապես այստեղ:

Ուրարտուի կամ հետագա հայկական թագավորության (որովհետեւ դա միեւնույն տարածքն է) սահմանները հեշտ է գտնել մեր ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուզածդ քարտեզի վրա:

Ուղղակի այսօրվա Թուրքիայի ամբողջ արեւելյան մասը, որը կարծես խցկված է հարավում Սիրիայի եւ Իրաքի, իսկ հյուսիսում՝ Խորհրդային Վրաստանի միջեւ: Եվ դա հենց այն տարածքն է, որի մասին է մեր խոսքը, այն տարբերությամբ միայն, որ Արեւելքում այն ավելի հեռու էր տարածվում: Այսօր այդ տարածության 9/10-ը պատկանում է Թուրքիային, իսկ 1/10-ը՝ Խորհրդային Միությանը:

Սակայն վերադառնանք այն հեռավոր ժամանակներին: Քարտեզի վրա գտնենք Վանա լիճը եւ նույնանուն քաղաքը՝ նրա արեւելյան ափին (այն ժամանակ նա կոչվում էր նաեւ Տուշպա): Դա Ուրարտուի մայրաքաղաքն էր: Եվ այդ ամբողջ տերությունը պատմիչները հաճախ անվանում են Վանի թագավորություն:

Այն ժամանակներից մինչեւ օրս պահպանվել են ժայռերում փորված եկեղեցիներ ու դամբարաններ, բազմաթիվ աշտարակների ու դղյակների ավերակներ եւ խողովակներ, որոնք քաղցրահամ ջուր էին հասցնում քաղաքին 70 կմ վրա գտնվող հեռավոր սարերից (Վանա լճի ջուրը աղի է, քան ամենաաղի ծովի ջուրը):

Ուրարտուն ոչնչացվել է մարերի կողմից, որոնք հարձակվել են նրա վրա 6-րդ դարում Քրիստոսի թվարկությունից առաջ: Բայց նույն դարում նրա ավերակների վրա գոյացավ եւ կառուցվեց նոր տերություն՝ Հայաստանը: Պարսկաստանի թագավոր Դարեհը ստիպված էր բավական երկար ժամանակ պայքարել հայերի դեմ եւ 5 անգամ պարտություն էր կրել նրանցից: Բայց վերջապես նա, ըստ երեւույթին, հաղթեց նրանց, որովհետեւ հայերի երկիրը մտավ Պարսկաստանի 12 եւ 18֊րդ սատրապությունների մեջ… եվ այս վիճակում մնաց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակները:

Մի խոսքով՝ այս առաջին հայկական տերությունը գոյություն է ունեցել կարճ ժամանակ, եւ համեմատաբար քիչ բան գիտենք նրա մասին:

Սակայն հայկական թագավորությունը վերածնվեց 189թ. Ք.թ. ա.: Նրա հիմնադիրը եղել է Արտաշես I թագավորը, իսկ թագավորության նոր մայրաքաղաք Արտաշատը կառուցվել է Հաննիբալի նախագծի համաձայն. Հաննիբալը ժամանակավորապես ապաստանել էր Հայաստանում:

Այդ 2-րդ հայկական թագավորությունը գոյություն է ունեցել 618 տարի, այսինքն՝ մինչեւ Քրիստոսի թվարկության 429թ., երբ նա միացվեց Պարսկաստանին:

Այդ շրջանում Հայաստանը եղել է այն ժամանակվա աշխարհի ամենաքաղաքակիրթ կենտրոններից մեկը:

Մեր թվարկության I դարում այնտեղ արդեն կային թատրոններ, մատենադարաններ: Բանաստեղծները գրում էին զանազան ստեղծագործություններ, պոեմներ, իսկ գրելուց ազատ ժամանակ ջախջախում էին հռոմեացիներին, որոնք երբեմն այդտեղ ոտնձգություններ էին կատարում: Եվ պետք է ասել, որ հենց Հայաստանն էր այն երկիրը, որն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, դեռեւս 301թ. (այսինքն՝ Հռոմից 12 տարի առաջ): Դրա մասին նույնպես մոռացել է քրիստոնեական աշխարհը: Եվ դա նրա կողմից մոռացված 3-րդ մեծ ճշմարտությունն է:

Այն հնագույն ժամանակներում գոյություն ունեին 3 մեծ կրոններ, որոնք պայքարում էին միմյանց դեմ՝ ամբողջ աշխարհին տիրելու համար: Մեկը հենց քրիստոնեությունն էր, մյուսը՝ արիոսականությունը, երրորդը՝ զրադաշտականությունը: Արիոսականի առաջխաղացումը զսպում կամ կասեցնում էին ֆրանկները, իսկ զրադաշտականի առաջխաղացումը կասեցնում էին հայերը:

Չգիտեմ, սիրելի ընթերցող ես արդյոք, թե ոչ: Բայց նույնիսկ եթե ոչ, դարձյալ պետք է ընդունես, որ քրիստոնեությունը ճանապարհ է հարթել ժամանակակից մշակույթի համար: Ու թեեւ մեր կյանքում ամեն ինչ չէ, որ մեզ դուր է գալիս, սակայն ստիպված ենք հաստատելու, որ քրիստոնեության կողմից ստեղծված մշակույթը հիմնականում վատը չէ: Եվ ահա այն ամենը, ինչով մենք այժմ ապրում ենք, այն հեռավոր ժամանակներում ոչնչացված կլիներ իր սաղմնավորման փուլում, եթե հայերը չպաշտպանեին քրիստոնեական մշակույթը: Նույնիսկ 429թ.՝, իրենց անկախությունը կորցնելուց հետո, նրանք այնքան ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս արշավողներին (450-451թթ. Վարդանանց պատերազմը եւ ուրիշները 481֊484թթ.), որ արգելում էին հեթանոսների շարժումը դեպի Արեւմուտք: Մի խոսքով, հայերը փրկեցին քրիստոնեությունը… Բայց քրիստոնեական աշխարհը այդ մասին էլ մոռացավ: Եվ դա նրա կողմից մոռացված 4-րդ մեծ ճշմարտությունն է:

Քաղաքական անկախության կորուստը բնավ չի կոտրել այդ հերոս ժողովրդի դյուցազնական ոգին: Քրիստոսի թվարկության 5-րդ դարում հայկական մշակույթը այնպիսի ծաղկման հասավ, որ կոչվեց հայկական մշակույթի Ոսկեդար:

Իրոք, Ոսկեդար էր դա, հատկապես գրականության ասպարեզում՝ թե՛ ինքնուրույն եւ թե՛ թարգմանական:

Հաջորդ դարերում հայերը ոչ միայն ստեղծում էին փիլիսոփայական, պատմական եւ գեղարվեստական աննման աշխատություններ, այլեւ շարունակում էին շատ թարգմանել: Շնորհիվ դրանց՝ միայն նրանց թարգմանություններով պահպանվել ու մեզ են հասել Հին Հունաստանի եւ Հին Հռոմի բազմաթիվ մեծ մտածողների ստեղծագործություններր: Հայերն են (եւ մասամբ արաբները) մարդկության համար պահպանել հնագույն մշակույթի գոհարները: Բայց աշխարհը այդ մասին եւս մոռացավ: Եվ դա նրա կողմից մոռացված 5-րդ մեծ ճշմարտությունն է:

Այնուհետեւ զրադաշտականության եւ արիոսականության տեղը պատմական ասպարեզում հայտնվեց իսլամը: Եվ կրկին քրիստոնեական Բյուզանդիոնի եւ Արեւելքից եկող նոր հավատքի միջեւ կանգնեցին հայերը: Այդ նրանք 8 դարով ուշացրին Կ.Պոլսի անկումը, մի բան, որ պատմության մեջ պետք է գրանցված լինի՝ որպես հայերի ամենամեծ ծառայությունը քաղաքակրթությանը առհասարակ եւ քրիստոնեական քաղաքակրթությանը՝ հատկապես: Միայն թե այդ մասին Էլ է մոռացել աշխարհը: Եվ դա նրա կողմից մոռացված 6-րդ մեծ ճշմարտությունն է:

Արաբների դեմ մղվող պայքարի բոցերի մեջ հայկական փոքրիկ անկախ իշխանություններից կազմվեց 3-րդ Հայկական թագավորությունը, որն այս անգամ գոյություն ունեցավ միայն 160 տարի (885-1045) եւ ոչնչացվեց հենց բյուզանդացիների կողմից, որոնք դրանով իրենք իրենց ձեռքով տապալեցին քրիստոնեական ամրոցը իրենց տերության արեւելքում: Ու հետեւանքները չհապաղեցին, 3 տարի անց (1048) արդեն տապալված Հայաստանի վրայով գլորվեց սելջուկ֊թուրքերի առաջին ալիքը՝ ազդարարելով Բյուզանդիայի մոտալուտ անկումը:

Քրիստոնեական Արեւելքն ինքը ոչնչացրեց նրանց, ովքեր 800 տարիների ընթացքում պաշտպանում էին իրենց պարսիկներից ու արաբներից, եւ դրանով իսկ ինքն իր դռները բացեց հերթական ամենասարսափելի արշավողների՝ թուրքերի առջեւ: Այսօր այդ մասին էլ աշխարհը չի հիշում: Եվ դա նրա կողմից մոռացված 7-րդ մեծ ճշմարտությունն է:

Լավ չէ, երբ մարդիկ իրար սպանում են նրա համար միայն, որ ցույց տան, թե իրենց կրոնը ավելի լավն է: Սակայն այն հեռավոր ժամանակներում մարդկությունը դեռ չէր հասունացել այդ պարզ ճշմարտությունը հասկանալու աստիճանի: Եվ դրա համար այդքան շատ ոճիրներ են կատարվում երկու կողմից էլ, ըստ որում՝ քրիստոնյաները հարյուր անգամ ավելի վատ էին վարվում, քան մուսուլմանները: Չէ՞ որ քրիստոնեական կրոնը քարոզում է սեր ամեն մարդու նկատմամբ՝ անկախ նրա ազգությունից ու հավատքից: Իսկ տխրությամբ հիշվող «խաչակիրները» փառավորեցին իրենց այնպիսի արարքներով, որ մինչեւ օրս մտաբերելիս ստիպված ենք կարմրելու:

Սակայն այդ ամենը հայերին չի վերաբերվում: Նրանք ոչ ոքի ուժով չէին պարտադրում ընդունել քրիստոնեություն: Պաշտում էին իրենց հողը եւ իրենց հավատքը: Ու դրանով միաժամանակ պաշտպանում էին իրենց թիկունքում ապրող քրիստոնյա հավատքի ուրիշ ժողովուրդների հողն ու հավատքը: Եթե ուրիշ ժողովուրդներ վատ քրիստոնյա են եղել, ապա հայերն այստեղ մեղք չունեն:

Ինչեւիցե, 11-րդ դարի վերջում Եվրոպայից շարժվեց խաչակիրների առաջին արշավախումբը, որպեսզի, ինչպես հայտնի է, ազատի Քրիստոսի շիրիմը: Սակայն նրանք մոռացան ազատել Եվրոպայի ամենաերկարամյա պաշտպանին՝ քրիստոնեական Հայաստանը: Եվ դա եղավ հերթական 8-րդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, երախտագիտության եւ արդարության:

Հայերի մի մասը, որոնց բյուզանդացիները բուն Հայաստանից տեղափոխեցին Կիլիկիա (որտեղ հետո բնակվում էին նրանց ազգակից ժողովուրդները), 1080թ. ստեղծեց այնտեղ ըստ հերթականության 4-րդ հայկական թագավորությունը, որը գոյատեւեց համարյա 300 տարի (1080-1375)՝ դառնալով Արեւելքի ամենաքաղաքակիրթ տերություններից մեկը: Իսկ եթե այնտեղ ստեղծված հայկական պատմական գրականությունը չլիներ, հնարավոր չէր լինի այսօր վերականգնել խաչակիրների արշավանքների, ինչպես նաեւ Արեւելքի քրիստոնեական մանր տերությունների պատմությունը: Ինչ արած, աշխարհը նորից մոռացավ օգնության հասնել պատմականորեն արդեն հայկական այդ վերջին թագավորությանը, երբ հասել էր նրա ծանր ժամը: Եվ դա եղավ ըստ հերթականության 9-րդ մեծ հանցանքը՝ ընդդեմ ճշմարտության, պարտականության եւ քաղաքական բանականության:

Դրա համար շուտով վարձահատույց եղան սերբերը՝ 1389թ. Ծուռ դաշտում տեղի ունեցած ողբերգական ճակատամարտից հետո կորցնելով իրենց անկախությունն ավելի քան 500 տարով: Իսկ քիչ հետո նրանց բախտակից դարձան նաեւ բուլղարները՝ 1393թ. Տիրնովոյի անկումից հետո: Չէ՞ որ չկան մեկուսացած փաստեր: Առանձին ժողովուրդների պատմությունը զարգանում է հաղորդակից անոթների միջոցով: Լուսինյանների հայկական թագավորության անկման եւ սերբական Լազարի տերության՝ օսման-թուրքերի կողմից ոչնչացման միջեւ ակնհայտ է կապը, որի մասին այստեղ չեմ խոսելու:

Կիլիկիայի թագավորության ամբողջ գոյության ընթացքում Մեծ Հայքը կամ բուն Հայաստանը ծանր կացություններ շատ է ապրել՝ հաջորդաբար ընկնում էր սելջուկ թուրքերի տիրապետության տակ, որն այդ վերջինները հասկանում էին շատ պարզեցրած. ուղղակի մորթում էին իրենց նոր հպատակներին: Հետո Հայաստանը բաժանված մնաց մի շարք սելջուկ-աբա֊քրիստոնեական էմիրությունների միջեւ, որոնք անընդհատ կռվում էին միմյանց դեմ: Այնուհետեւ 1170-1236թթ. այստեղ գոյացավ Վրաստանին ենթակա հայկական վասալ իշխանության պես մի բան: Բայց մոնղոլները նրանց սրբում են աշխարհի երեսից:

Այստեղ չենք պատմելու իրար հաջորդող մոնղոլական տիրապետությունների մասին 150 տարի, այսինքն 1236-1386թթ. ընթացքում Հայաստանի ողբերգական պատմությունը, ինչպեսեւ նրա հարյուրապատիկ սարսափելի պատմությունը Լենկ-Թեմուրի եւ թուրքմենական Կարա-Կոյունլու եւ Ակ-Կոյունլու ցեղերի տիրապետության ներքո, որոնք փոխադարձաբար իրար կոկորդից էին բռնում ընդհուպ մինչեւ 15-րդ դարի վերջը:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։