Կռվում են նաեւ դրամն ու մանաթը – Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ էլ հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում… Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել – Ընդամենը արդյունավետ կառավարում էր պահանջվում…

Կռվում են նաեւ դրամն ու մանաթը

Վերջին մեկ տարում միջազգային տնտեսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթներն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են: Վերը նշված պետությունների արժույթներից ամերիկյան դոլարի նկատմամբ ամենաշատն արժեզրկվել է ադրբեջանական մանաթը, ամենաքիչը՝ հայկական դրամը: Մասնավորապես ադրբեջանական մանաթը 2015թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30ն արժեզրկվել է 98,7%ով, այն դեպքում, երբ հայկական դրամն այդ ընթացքում արժեզրկվել է ընդամենը 1,8%-ով:

Նախկին խորհրդային երկրների ցանկում Ադրբեջանին հաջորդում են Ղազախստանը (85,7%-ով), Ուզբեկստանը (57,1%-ով), Բելառուսը (55,9%-ով), Ուկրաինան (50,9%-ով), Տաջիկստանը (32,1%-ով), Ռուսաստանը (29%-ով), Ղրղզստանը (28,7%-ով), Վրաստանը (27,7%-ով), Մոլդովան (26,3%-ով), Թուրքմենստանը (14,3%-ով), Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան (9,6%-ով):

Վերոնշյալ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել մի շարք գործոնների շնորհիվ, որոնցից թերեւս ամենակարեւորը, ըստ որոշ վերլուծաբանների, ՀՀ ԿԲ-ի դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունն է: Պետք է նշել, որ հակառակ բոլոր չարախոսություններին կամ անհիմն քննադատություններին՝ ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվել են տրամագծորեն հակառակ բեւեռներում:

Ըստ որոշ տնտեսագետների, մեր դրամը ռուբլու համեմատ չի արժեզրկվում երկու գործոնի հետեւանքով. ա) որովհետեւ դրամի ամրապնդման վրա ազդել է վերջին ամիսներին ներմուծման կրճատումը, բ) օտարերկրյա վարկերի ներգրավումը: Կարծիք կա, որ այս երկու գործոնները փոխհատուցել են այն կորուստները, որ ունեցել ենք տրանսֆերտների կրճատման հետեւանքով: Չնայած ռուբլու արժեզրկումը ճնշող ազդեցություն է ունենում դրամի վրա, բայց կան գործոններ, որոնք դրամի ամրապնդման վրա են ազդում։ Տնտեսագետները նշել են նաեւ, որ դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս անց, եթե ավելի արժեզրկվի ռուբլին կամ ավելի պակասեն տրանսֆերտները, բայց այս պահին դրա նախադրյալները չեն նկատվում:

Ինչ վերաբերում է դրամն արհեստական պահելուն, ԿԲ-ում այդ տեսակետին համաձայն չեն եւ դա համարում են դրամավարկային քաղաքականության գործիքներ, միջոցառումներ, որ նպատակ ունեն փոխարժեքը կարգավորելու:

Ուրեմն՝ ՀԷՑ-ում ռուսներն իրապես քաոս էին սարքել

Պարզվում է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոր սեփականատեր ունենալուց հետո այլեւս կորուստով չի աշխատել:  Անցած տարի, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տվյալների, արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7,8 մլրդ. կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 0,62%-ով ավել է 2014թ. համեմատ։ Դրանից արտահանվել է 1,4 մլրդ. կՎտ ժամը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն սպառողներին առաքել է 5,5 մլրդ. կՎտժ էլեկտրաէներգիա։ Այն 2014թ. համեմատ ավելացել է 2%-ով։ Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բավական բարդ ու դժվարին տարի է եղել: Այնուհանդերձ, հիմնականում հաջողվել է հաղթահարել ի հայտ եկած խնդիրները եւ բարենպաստ նախադրյալներ ստեղծել ինչպես համակարգի ֆինանսական խնդիրները բավարարելու, այնպես էլ հզորություններն ավելացնելու, հուսալիությունն ու անվտանգությունը բարձրացնելու, երկրի էներգետիկ համակարգը տարածաշրջանային ծրագրերում ներառելու առումով: Քայլեր ձեռնարկվեցին ֆինանսական առողջացման նպատակով:

«Եվ դրանք հանգեցրին այն բանին, որ համակարգի մի շարք կարեւոր օղակներ դադարել են ոչ միայն նոր պարտքեր կուտակել, այլ աստիճանաբար փակում են նախկին վնասները: Խոսքը, մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասին է, որը տարբեր պատճառներով վերջին տարիներին կուտակել էր մի քանի տասնյակ միլիարդ դրամի հասնող վնասներ՝ մեծացնելով ճնշումը էլեկտրաէներգիայի սակագների վրա՝ միաժամանակ խնդիրներ ստեղծելով համակարգի մյուս ձեռնարկությունների համար: Ֆինանսական դժվարությունների պատճառով ՀԷՑ-ը սկսել էր ժամանակին չկատարել իր պարտավորությունները արտադրող կայանների եւ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ: Դա սպառնում էր համակարգում վերականգնել տարիներ առաջ գոյություն ունեցող փոխադարձ պարտքերի շղթան, ինչը հղի էր լուրջ հետեւանքներով, ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ ընդհանրապես տնտեսության համար»: Նախարարը միժամանակ հավելեց, որ 2012-2015թթ. ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ՀԱԷԿ-ի լրացուցիչ կանգառի, ջրի սակավությամբ պայմանավորված ՀԷԿ-երում թերարտադրված էլեկտրաէներգիայի հետեւանքով ՀԷՑ-ում առաջացել էր ֆինանսական ճեղքվածք՝ շուրջ 36,4 մլրդ. դրամի չափով: Եվ դրանից 2013-2014 եւ 2014-2015 մարժային տարիների ընթացքում հատուցվել է 13 մլրդ. դրամը: Շարունակվեց չլուծված մնալ 24,4 մլրդ. դրամի խնդիրը: Այդ ամենը բերեց նրան, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստիպված եղավ գնալ էլեկտրաէներգիայի թանկացման: Օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով: «Մի բան, ինչն արդարացի դժգոհություններ առաջացրեց հասարակության շրջանում»,- չհերքեց նախարարը:

Մնացյալը գիտենք արդեն՝ միջազգային խորհրդատվական ընկերության ներգրավում, սակագների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություն, էլէներգիայի սակագների մասնակի սուբսիդավորում եւ այլն: Նախարարը տեղեկացրեց, որ այն կշարունակվի մինչեւ սակագնային տարվա ավարտը՝ 2016թ. հուլիսի 31-ը: Ինչեւէ, նախարարի բստահեցմամբ, նախորդ տարի ՀԷՑ-ում արձանագրվել է էլէներգիայի փաստացի կորուստների կրճատում: Դրանք կազմել են 11,1%: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12,73%-ի: «Կորուստների կրճատմանը նպաստել են համակարգի ֆինանսական վիճակի կայունացման ուղղությամբ նախարարության ձեռնարկած քայլերը, ինչպես նաեւ նոր սեփականատիրոջ միջոցառումները: Եթե նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ, ապա այսօր անցած մի քանի ամիսների ընթացքում ընկերության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ կապված կառավարման հետ: Մենք ունենք լուրջ սպասելիքներ, որ արդյունավետ կառավարման հետ կապված կունենանք կայուն եւ տեխնիկապես վերազինված համակարգ: Ամեն դեպքում, այս մի քանի ամիսների աշխատանքի նախնական գնահատականներն այդ մասին են վկայում»,- շեշտեց նախարարը:

Ի դեպ, նա տեղեկացրեց նաեւ, որ հաստատված էներգահաշվեկշիռների կանխատեսման նոր կարգով, «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից խստորեն պահպանվեցին էներգահաշվեկշռով նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, ինչի արդյունքում ՀԷՑ-ում վնասներ չեն ձեւավորվել, ընդհակառակը՝ առաջացել է դրական տարբերություն՝ շուրջ 3,0 մլրդ. դրամի չափով:

Փաստորեն, ոչ մի հրաշք նոր սեփականատերը չի արել, ընդամենը արդյունավետ կառավարում, եւ մեծածավալ վնասներ են չեզոքացվել: Այստեղից հետեւություն, մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ ռուսներն են ՀԷՑ-ում «բարդակ» սարքել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։