Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս – Ինչու՞ են հայ-իրանական որոշ ծրագրեր տասնամյակներով ձգձգվում… Կլինե՞ն հրաշքներ Իրանում – ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում…

Իսկ Իրանն էժան գազ չի՜ տալիս

Անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազ մատակարարելու հնարավորությանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած մամլո ասուլիսում ասաց, որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ ո՛չ Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ «Գազպրոմ»-ի կողմից: Հայաստանը, իհարկե, հետեւում է այդ բանակցություններին, եւ անհրաժեշտ պահի կմիանա դրանց:

Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստանին այդ բանակցություններին մասնակից չդարձնեն, չէ՞ որ հայ-իրանական գազատարը մերը չէ: Նախարարն ընդհանրապես հորդորեց եթե-ներով, հնարավոր-ներով ու արդյոք-ներով չխոսել: Բայց, այնուամենայնիվ, թյուրըմբռնումներից խույս տալու նկատառումով ընդգծեց, թե՝ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իրան գազատարը պատկանում է «Գազպրոմ»-ին՝ այդ գազը պետք է անցնի Հայաստանի տարածքով, եւ Հայաստանը չի կարող այս ամենին կողքից նայել»:

Տեղեկացնենք, որ խոսքը տվյալ պարագայում Իրանից 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան մատակարարելու մասին է, ինչն իրատեսական է եւ «Հայաստանը կարող է ապահովել այդ մատակարարումը»:

Գանք գազի սակագնի հարցին: Տեղեկացվել է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, այս պահին պարզ չէ: «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները եւ ինչ արդյունք կտան»,-ի հավելումն ասաց նախարարը:

Նկատենք, որ երկու օր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, թե եթե հայկական կողմն ակնկալիքներ չունենար, ապա չէր դիմի: Հիմա ունե՞նք, թե՞ ոչ, պարզ չէ:  Իսկ ինչու՞ մենք Իրանից ավելի էժան գնով չենք գազ վերցնում: Տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը կարծես մեկ տարի առաջ էր, ասել էր, թե եթե հայկական կողմը դիմի, իրենք պատրաստ են էժան գազ վաճառել: Ճիշտ է, Երվանդ Զախարյանն ասաց, որ այդպիսի բան չի եղել, եւ միայն մամուլն է գրել: Թեեւ նույն այդ գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ լսել եմ, հետո՝ գրել: Երվանդ Զախարյանը խնդրեց լսողներին ձայնագրություն ցույց տալ: Խե՜ղճ լրագրողներ, տարիներով պիտի արխիվ պահեն, որ ամեն պահի ապացուցելու բան ունենան:

Ինչեւէ: Նախարարի խոսքերով, ՀՀ-ում Իրանի դեսպանի կողմից չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը: Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ, ինչպես գրում են որոշ թերթեր: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: «Մենք շատ լավ գիտենք, թե Իրանն ում ինչ գնով է գազ մատակարարում: Մենք տիրապետում ենք գազի բնագավառի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը: Թող ձեզ չթվա, մենք այստեղ նստած ինչ-որ այլ բաներով ենք զբաղված: Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում: Ես սա պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-հստակ ընդգծեց Երվանդ Զախարյանը:

Այ այս համապատկերում չեմ վիճում, գուցե Իրանն ասում է, բայց չի՞ տալիս: Դե, մոտավորապես այնպես, ինչպես հայ-իրանական որոշ ծրագրերն են տասնամյակներով ձգձգվում: Կամ՝ դիմե՞լ է հայկական կողմն իրանական կողմին, որպեսզի իմանա՝ տալի՞ս են, թե՞ ոչ: Մի խոսքով, բարդ իրավիճակ է: Իսկ իրականությունն այն փաստն է, որ այլընտրանքային գազատար ունենալով էժան գազ ունենալ չենք կարողանում, այն պարագայում, երբ իրանական կողմը պատրաստակամ է անգամ Եվրոպային ավելի էժան գազ տալ, քան Ռուսաստանն է տալիս:

Ի դեպ, 2015թ. Հայաստան է ներկրվել 1920,9 մլն խմ բնական գազ ՌԴ-ից եւ 371 մլն խմ գազ՝ ԻԻՀ-ից: Նախորդ տարվա համեմատ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8%-ով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Սպառումը կրճատվել է հատկապես ջերմային կայաններում։

Աստղինե Քարամյան

Կլինե՞ն հրաշքներ Իրանում

Իրանն ու «5+1 խումբը» տարիներ շարունակ բազմաթիվ վտանգավոր մարտահրավերներ հաղթահարելով, ի վերջո միջուկային խնդրի շուրջ ձեռք բերեցին համաձայնություն, որը սկիզբ դրեց Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացմանը:

Իրանի ժողովրդի բարեկացության եւ երկրի անվտանգության ապահովման համար նախատեսված միլիարդավոր դոլարներն անցած տարիների ընթացքում ծախսվել են ուրանի հարստացման հաստատությունները, Արաքի ծանր ջրի ռեակտորը, Ֆորդուի կայանն ու այլ միջուկային հաստատություններ կառուցելու եւ շահագործելու համար: Հասան Ռոհանիի քաղաքական ընդդիմախոսները հստակ պատասխանի են սպասելու. այս բոլոր հաստատությունները շահագործվելու՞ են այսուհետ, եթե այո, ապա ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ո՞վ է պատասխան տալու կորած միլիարդավոր դոլարների համար:

Փաստ է, որ իրանական հանրությունը պատժամիջոցների վերացումից հետո տնտեսական հրաշքի է սպասելու: Իսկ դա բավարարելն իշխանությունների համար այնքան էլ հեշտ չի լինի:

Նախ՝ Իրանը ներքին բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի՝ քաղաքական (ինչին մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք) եւ տնտեսական-սոցիալական: Չմոռանանք, որ Իրանում 7 մլն գործազուրկ է հաշվվում: Ու տարիներ շարունակ փակ շղթայական լինելով՝ իրանական տնտեսությունը օբյեկտիվ պատճառներով առաջիկա տարիներին չի կարողանալու միջազգային շուկաներում մրցունակ լինել (թե սա ինչ է նշանակում, հայերս ցայսօր լավ ենք հասկանում): Իսկ պետական պարտքն էլ հասել է 540 մլրդ դոլարի սահմանագծին:

Հասկանալի է, որ այս պարագայում իրանական կողմը փորձելու է տնտեսական հատվածում աշխատել շատ երկրների հետ՝ այդ թվում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, ԵՄ եւ ռուսական ուղղություններով: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդի աշխարհում չկան զուտ տնտեսական գործարքներ եւ դրանք առավելապես քաղաքատնտեսական եւ ռազմատնտեսական են, իրանական կողմը պետք է հստակեցնի իր տնտեսական ուղղությունները: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վերջին ժամանակներում առկա հակասությունները՝ Սիրիայի եւ «Իսլամական պետության» հարցով, ինչպեսեւ՝ Ադրբեջանի հետ ունեցած տարածքային խնդիրների նորովի ի հայտ գալը, համենայնդեպս, կպարտադրի Թեհրանին, ինչպես ասում են, լավ օրերում չմոռանալ վատ օրերի լավ հարեւանի՝ Հայաստանի մասին:

Չնայած, ռազմաքաղաքական տեսանկյունից եւս հայկական ուղղությունը շահեկան է դառնում: Այն այսօր ձեռնտու է ինչպես Արեւմուտքին, որ ներառել է նաեւ Վրաստանին, այնպես էլ՝ Ռուսաստանին, որ Հայաստանին իր միակ դաշնակիցն է համարում տարածաշրջանում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։