Շուռ եկող իրավիճակներ – Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը փոխել է իրավիճակը տարածաշրջանում, հատկապես՝ արաբական մի շարք երկրների, Թուրքիայի ու Իսրայելի համար…

Ավստրիայի մայրաքաղաքում վերջ դրվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչի մասին ուրախությամբ հայտարարեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում էր այդ բանակցություններին: Համաձայն հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցով հանդես եկավ (զեկուցեց ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն)՝ հայտարարելով, որ Իրանը կատարել է Իրանի ու «5+1 խմբի» միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները: Վիեննայում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այսպես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները:

Զեկույցներից հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով միջուկային համաձայնության մեկնարկը: Վիեննայում հանդիպեցին նաեւ Իրանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»:

Այս որոշումը լարել է իրավիճակը Սաուդյան Արաբիայում, այս երկրին Իրանի հետ հակասությունների հարցում պաշտպանող որոշ արաբական երկրներում, նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Որոշակի նաեւ Իսրայելում, չնայած Թել Ավիվն ամեն բան արեց, որ «միջուկային համաձայնություն» չկայանա: Գուցե սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեց Իրանի նկատմամբ՝ կապված արդեն բալիստիկ հրթիռների արտադրության եւ օգտագործման հետ՝ այսպիսով սատարելով նաեւ դաշնակից Իսրայելի ջանքերին:  Արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար եւս Արեւմուտքը փորձում է մեղմացնել խնդիրը խաղաղ ճանապարհով: Բայց Իրանը հայտարարել է, որ չի կարող Սաուդյան Արաբիայում զանգվածային եւ միտումնավոր կատարված մահապատիժը փոխարինել դիվանագիտական հարաբերություններով սահմանափակվելով: ԻԻՀ ԱԳՆ տեղակալ Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը նույնպես հայտարարեց, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի կարող շտկել այն «մեծ սխալը», որը գործեցին Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ մահապատժի ենթարկելով հայտնի շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին: Սաուդյան Արաբիան էլ մեղադրում է, որ իրանցի ցուցարարները հարձակվել են ԻԻՀ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա եւ հրդեհել շենքը, ջարդել շինության սենյակները: Իրանական կողմը հայտարարել է, որ այդ գործով քննություն է ընթանում, եւ ոստիկանները ձերբակալել են ավելի քան 40 մարդու:

Բրյուսելն ու Մոսկվան էլ են փորձում հարթել իրավիճակը, քանի որ իրանա-սաուդական պատերազմը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում: Սա կվերածվի նաեւ նավթա-գազային պատերազմի, ինչը տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնի անգամ հզոր, զարգացած երկրներում:

Պաշտոնական Թեհրանը կարծես սա հաշվի առնելով է խոսել իր տնտեսության հնարավորությունների մասին: «Իրանի նոր բյուջեի կախվածությունը նավթից 25% է»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա Հարավային Փարս գազի հանքավայրի 15 եւ 16-րդ հատվածների շահագործման հանձնման արարողության ժամանակ, անդրադառնալով երկրի տնտեսական զարգացման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Թող որոշ շրջանակներ չխոսեն լճացման մասին. կառավարությունը 30 դոլարանոց նավթի գնի պայմաններում է կառավարում երկիրը, ոչ թե 147: Կառավարությունը երկիրը կառավարում է պատժամիջոցների պայմաններում»: Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ նախագահը հավելել է. «Նավթ արտադրող եւ արտահանող շատ երկրներ լուրջ խնդիրների առջեւ են կանգնել: Մեր բյուջեի նավթից ունեցած կախվածությունը հազիվ 25% է, այն դեպքում, որ այդ նույն երկրների բյուջեի կախվածությունը նավթից 100% է (Ադրբեջանում ավելի քան 90%,-հեղ.): Եթե ցանկանում էին մեզ վնաս հասցնել, ապա առաջինն իրենց վնասեցին»: Թեհրանում վստահ են, որ երկիրը տանում ենք կատարյալ տնտեսական անկախության ճանապարհով: ԻԻՀ նախագահը նաեւ նշել է, որ ուրախ կլինեն, որ «երկրի հարստություն համարվեն բարձր տեխնոլոգիաները, աշխատաշուկան, երիտասարդների գիտելիքն ու հմտությունները»: Եվ Իրանում կախվածությունը պետք է լինի ներքին տեխնոլոգիաներից, աշխարհի հետ կառուցողական փոխգործակցությունից, ոչ թե նավթի գնի բարձրացումից:

Նույնը չեն կարող ասել Սաուդյան Արաբիայի իշխանությունները, քանի որ կախվածությունը նավթից հսկայական ծավալների է հասնում եւ տնտեսական առումով Էր Ռիադը մրցակից չէ Թեհրանին: Դրա համար էլ Իրանի դեմ պայքարող երկրների դաշինք է ստեղծվել:

Ինչ մնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո իրանական նոր քաղաքականության ձեւավորմանը, ապա դա եւս հարթ չի ընթանում: Ռուսաստան-Իրան կապը վաղուց կա եւ որոշակիորեն դաշնակցային է ու քաղաքական առումով շահեկան: Սակայն այժմ Իրանը կարող է նավթ եւ գազ արտահանել Եվրոպա, ինչը եւս շահեկան է, հատկապես տնտեսական առումով: Բայց սա հնարավորություն կտա Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, ինչը քաղաքական դաշնակից Ռուսաստանին ձեռնտու չէ: Բայց Իրանը արդեն բանակցում է Վրաստանի հետ՝ Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու համար:

Սա ձեռնտու չէ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Վերջինիս ԱԳ նախարարը փորձեց Թբիլիսիին հետ պահել Իրանի հետ համագործակցությունից, սակայն եվրոպական ուղղությամբ շարժվող Վրաստանը չէր կարող համաձայնել Բաքվի եսակենտրոն ցանկությունների հետ: «Վրաստանի էներգետիկ քաղաքականությունը չպետք է հարցեր առաջացնի հանրության մեջ»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելին։

Ռուսական «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի իշխանությունների վարած բանակցությունները անհասկանալի են մնացել վրացական հասարակությունում, իսկ ընդդիմադիր ուժերը խիստ քննադատություններով են հանդես գալիս: Փորձագետները պահանջել են հայտնել 2016թ. պայմանագրի մանրամասները եւ պնդել են, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը Վրաստանը զրկում է էներգետիկ անկախությունից։

Եվ ԱՄՆ-ի դեսպանի կոչը հենց թափանցիկության ապահովումն է, ոչ թե դեմ արտահայտվելը: Նրա կարծիքով՝ երկիրը չպետք է կախված լինի էներգիայի մի աղբյուրից, ինչի համար պետք է մտածել դիվերսիֆիկացման մասին։ Անգամ հեռատեսական քայլ է համարել Վրաստանի իշխանությունների բանակցությունները Ռուսաստանի՝ որպես պոտենցիալ էներգամատակարարի հետ։

Այս ամենը հուսադրում է, որ Հայաստանն ի վերջո կդառնա տարանցիկ երկիր եւ կարեւորագույն օղակ տարածաշրջանում: Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա (վերջինիս դեպքում՝ նաեւ Ռուսաստան) մեծապես կնպաստի հայկական շահերի առաջխաղացմանը նաեւ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Հայաստանի իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականությունը կարող է լուրջ հաջողություն գրանցել այս դեպքում:

Մերձավոր Արեւելքում էլ բավականին եռանդուն է գործում Արամ Առաջին կաթողիկոսը: Նա բացի Կիլիկիայի հանդեպ պահանջատիրական քայլերից նաեւ մերձավորարաւելյան խնդիրներով է զբաղվում:

Հաճախ դա իրականացնում է տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների շահերը պաշտպանելով, բայց հիմքում հայկական հարցն է: Խոսելով Միջին Արեւելքի ներկա վիճակի մասին՝ նա նշել է, որ այս տարածքը գտնվում է իր պատմության ճակատագրական մի հանգրվանում. «Մենք մերժում ենք ամեն տեսակի բռնություն՝ տեսանելի, թե անտեսանելի: Մենք մերժում ենք կրոնի օգտագործումը որեւէ մեկի կողմից: Մերժում ենք փոքրամասնությունների ու քրիստոնյաների նկատմամբ ցուցաբերված անմարդկային մոտեցումները: Երկար դարեր Միջին Արեւելքը դարձել է կրոնների, մշակույթների, քաղաքակրթությունների համակեցության վայր՝ հակառակ գոյություն ունեցող տարբերությունների»:

Ըստ Արամ Ա կաթողիկոսի, բազմազանության դեմ ուղղված հարվածը վտանգում է այս շրջանի ապագան: Իսկ Միջին Արեւելքում հայ ժողովուրդը հաստատվել է 10-րդ դարից, Կիլիկյան հայկական թագավարության ժամանակներից սկսած ապրելով այս միջավայրում՝ պահել է իր կրոնական եւ մշակութային ինքնությունը, «այսօր իրավունք չունեն մի խումբ ծայահեղականներ խախտել այստեղ արմատացած կրոնների, մշակույթների, ազգերի խաղաղ գոյակցությունը: Նման վիճակում մենք հավաքական պատասխանատվություն ունենք»:

Արամ Ա-ն խոսել է նաեւ Լիբանանի եւ լիբանանահայության խնդիրների մասին: Անթիլիասում ընդունել է Իրանի դեսպան Ֆաթըհ Մուհամմատ Ալիին եւ խոսել վերջին շրջանի քաղաքական զարգացումների, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ առկա լարվածության մասին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Արամ Ա-ն մեկնել էր Աթենք՝ քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համագումարին, որի խորագիրն էր «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցութիւնը Միջին Արեւելքում»:

Այսպես քաղաքական, հոգեւոր-մշակութային ոլորտներից մեր տարածաշրջանային քաղաքականությունը պետք է առաջանա դեպի ռազմա-քաղաքական ոլորտ, որտեղ էլ պիտի առաջադրվեն հայկական նպատակների շուրջ կառուցված միջազգային ծրագրերը, որոնցում պետք է համադրված լինեն հայության եւ այս կամ այն քաղաքական բեւեռի շահերը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։