Մեծ խաչմերուկի վտանգավոր սահմանագծեր – Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին – Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ…

Արաբական մի շարք երկրներ կարծում են, որ Սաուդյան Արաբիան շտապեց հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Անկարան շարունակում է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչի դեմ նաեւ Իրանն է հանդես գալիս, եւ դա եւս վախեցնում է Թուրքիային: Բայց, փաստորեն, Սաուդյան Արաբիան լավ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց միջոցով էլ հույս ունի, թե կհաղթի Իրանին՝ համաարաբական եւ համաթուրքական միասնականությամբ:

Բայց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքն Իրաքից առանց որեւէ նախապայմանի: Նախորդ տարեվերջին դեռ Կահիրեում նման որոշում էր կայացվել: «ԱՊԼ-ն դատապարտում է Թուրքիային Իրաքի տարածք զորք մտցնելու համար եւ պահանջում է Անկարայից անհապաղ դուրս բերել այն առանց որեւէ պայմանի»,- կրկնել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլին: Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին էլ հայտարարել է, որ արաբական երկրների ԱԳ նախարարների որոշումը միաձայն է եղել, ինչը պետք է զգուշացնի ինչպես Թուրքիային, այնպես էլ տարածաշրջանով շահագրգիռ երկրներին:

Երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը Սիրիայում, եւ սիրիական բանակը սկսեց մեկը մյուսի հետեւից ազատագրել բռնազավթված տարածքները, Իրաքի կառավարությունը եւս որոշեց դիմել Մոսկվայի օգնությանը: Սա զգաստացրեց ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, եւ Բաղդադին նրանք հավաստեցրին, թե կստիպեն, որ Անկարան ետ քաշի իր զորքերը Իրաքից: Եվ կոշտ հայտարարությունները Վաշինգտոնից ու Բրյուսելից հետեւեցին մեկը մյուսին, բայց թուրքական զորքերը մնացել են… Մոսկվայի փաստացի պնդմամբ՝ իսլամական ահաբեկիչների հետ նավթային գործարքներ անելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, եւ իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը: Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան՝ իբր վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավված է նաեւ զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարեւանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման եւ պիտի անհապաղ դուրս բերվեն»,- ասվել է Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

Ահա այս իրավիճակում էլ Սաուդյան Արաբիայում ԻԻՀ դիվանագետներին խնդրել էին երկրի տարածքը լքել 48 ժամվա ընթացքում: Սա այն բանից հետո, երբ հունվարի սկզբին Թեհրանում մի խումբ ցուցարարներ գրոհել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Մինչ այդ՝ Էր Ռիադը հայտարարել էր ահաբեկչության մեջ մեղադրվող 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին, որոնց թվում էր շիաների իրավունքների պաշտպանության ակտիվ ջատագով հոգեւորական Շեյխ Նիմր Բաղեր ալ-Նիմրը: Եվ հավատացյալներն Իրանում ներխուժել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատուն:

Այս անգամ էլ ինչ-ինչ ուժերի հաջողվեց խաղարկել սուննի-շիա հակասությունները: Բայց այստեղ կա նաեւ աշխարհա-քաղաքական հիմնախնդիր, քանի որ Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքը լրջորեն հակազդում է Արեւմուտքին, որն իրեն տեր ու տիրական էր զգում Մերձավոր Արեւելքում:

Նշենք, որ 2015թ. ընթացքում Սաուդյան Արաբիայում իրականացվել է 157 մահապատիժ՝ մեծամասամբ թրով գլխատելու միջոցով: Սա 1995-ից այս կողմ, յուրահատուկ «ռեկորդ» է տարեկան մահապատիժների թվով: Այս ամենը մնում է անտեսանելի Արեւմուտքի համար: Չնայած այն հանգամանքին, որ Սաուդյան Արաբիան հնարավոր է նոր միջոցներ ձեռնարկի Իրանի դեմ, Թեհրանից հայտարարել են, որ Իրանը չի ձգտում Մերձավոր Արեւելքում սրել վիճակը: Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին գրած նամակում մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին տարածաշրջանում ծայրահեղականներին աջակցելու եւ, նրա խոսքով, Եմենի հուսիտ-ապստամբների դեմ անիմաստ ռազմական գործողոթյուններ վարելու համար, ինչը միառժամանակ սրել էր Եմենի ներքաղաքական կյանքը:

Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ հակամարտությունն ազդում է նաեւ Սիրիայի հարցով բանակցությունների վրա, ինչը հենց Թուրքիայի ցանկությունն է: Իսկ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ պատերազմը տարածաշրջանում մեծ աղետի կհանգեցնի, որն ազդեցություն կունենա նաեւ ամբողջ աշխարհում: Այս վտանգն առկա է, քանի որ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը, Սոմալին, Սուդանը, Ջիբութին ոչ միայն խզել, այլեւ սրել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններն իջեցրել է դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Սաուդյան Արքայազնը չեղյալ է հայտարարել բոլոր ներդրումներն Իրանում:

Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միջնորդ լինելու ցանկություն են հայտնել Ռուսաստանն ու Ֆրանսիան, սակայն ոչ ռուսական կողմին, ոչ էլ արեւմուտքի երկրներին չի հաջողվում ստանձնել միջնորդի դեր: Իսկ պաշտոնական Էր Ռիադը նշել է Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները. հարաբերությունները կվերականգնեն, երբ Իրանը դադարի «խառնվել այլ երկրների ներքին գործերին»: Ինչ մնում է պատերազմն սկսելուն, ապա Սաուդյան Արաբիան չի պատրաստվում պատերազմել Իրանի հետ եւ այնպիսի բան թույլ չի տա, որ երկու երկրների միջեւ պատերազմ սկսվի:

Այս հայտարարությանը նպաստել են ԱՄՆ-ի իշխանությունների կտրուկ քայլերն ուղղված Թուրքիային, ինչպեսեւ՝ նախաձեռնած միացյալ դաշինքով իսլամական գրոհայինների դեմ պայքարի կոչը:

Բայց Սաուդյան Արաբիայում կան ուժեր, որոնց կողմնակիցները միավորվում են Իրանի դեմ: Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի մի քանի պետություններ հանդես են եկել Սաուդյան Արաբիայի պաշտպանությամբ, վերոնշյալ արաբական երկրներից զատ, պաշտպանությամբ հանդես են եկել նաեւ Եմենն ու Եգիպտոսը: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է նաեւ Իրանի հետ առեւտրական կապերի եւ օդային հաղորդակցության խզման մասին, բայց ասել է, որ իրանցի ուխտավորները նախկինի պես անարգել կարող են այցելել Մեքքա եւ Մեդինա: Իրանն էլ արգելել է Սաուդյան Արաբիայից ցանկացած ապրանքի ներկրում: Այս նոր սրացունմները եղան այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին: Վիեննայում նշյալ գործիչները հանդես են եկել այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն ներկայացրել է անցած տարվա հուլիսին Իրանի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը:

Սա անհանգստացրել է Սաուդյան Արաբիային, Թուրքիային եւ սրանց կողմնակիցներին: Անհանգստացած է նաեւ Իսրայելը, սակայն դա այլ բնույթ եւ նախապատմություն ունի (Իսրայելի պաշտպանության նախարարն անգամ հայտարարել է, թե Իրանն ավելի վտանգավոր է տարածաշրջանում, քան «Իսլամական պետությունը»…):

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։