Ձնագեդոն, որ ստիպեց չմրթմրթալ Երեւանի վրա – Պարզվեց, ձյունը ոչ միայն ԱՄՆ 11 նահանգների է տիրացել՝ 33 մլն. բնակչությամբ հանդերձ, այլեւ ՍՊՀ տարածքից զատ Ճապոնիա էլ է հասել, որտեղ նույնպես զոհեր են եղել…

Ազատ խոսքի իրավունքը մեր մամուլում մի տեսակ սանձարձակության է վերածվել: Ավելի ստույգ՝ վերածվել է բացառապես քլնգելու իրավունքի: Քլնգու՞մ ես՝ ազատ ես, չե՞ս քլնգում՝ կաշառված ես: Հանգիստ, թեկուզ սուր, բայց կշռադատված խոսքին տեղ չկա: Հանրությունն էլ կարծես հայհոյանքի է կարոտ. սիրտը միայն այդպես է հովանում:

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ ասել է. մեր թերթի էջերում կարող են արտահայտվել բոլորը՝ անկախ կուսակցական, քաղաքական, կրոնական պատկանելությունից՝ զուսպ եւ ոչ հայհոյախառն խոսքի պայմանով: Մենք ուղղակի մեր թերթի ամեն սանտիմետրի վրա դողում եք եւ ափսոս է անպարկեշտ խոսքի համար գումար ծախսելը: Այսօր շատ քիչ թերթեր են մնացել, որոնց գինը 100 դրամ է: Դրանք դարձրել են 150-250 դրամ: Եվ չեն սխալվել, քանզի թանկացել են տպագրական (եւ ոչ միայն) ծախսերը: Մենք առայժմ չենք թանկացրել մեր թերթը՝ չցանկանալով թեկուզ 50 դրամի բեռ ավելացնել մեր մշտական ընթերցողների ուսերին: Բայց այդ չթանկացնելու բեռը մենք ենք կրում: Դրա համար էլ մեզ համար թանկ է, անչափ թանկ ամեն մի տառը, ու սա է պատճառը, որ չենք ուզում էժան խոսքին տեղ հատկացնել:

Հայաստանյան օրաթերթերից մեկի՝ իմ կողմից շատ հարգված խմբագիրներից մեկը մի օր ինձ ասաց. «Ջանս, շատ եք խիտ ու լուրջ, չեք ձգի, մարդիկ էսօր թեթեւ բան են ուզում»: «Կձգենք,- ասացի,- շնորհակալություն գնահատականի համար, իսկ թեթեւություն փնտրողները, խնդրեմ, թող օգտվեն մյուս թերթերից»: Անկեղծ ասած՝ նեղացավ ինձնից, ամիսներով չէր բարեւում: Անցավ երկու տարի: Մի օր ջերմ ժպտաց, առաջվա պես բարեւեց ու թե՝ «Դու ճիշտ էիր, ես թեթեւացրի, բայց ինձ հեչ թեթեւ չեմ զգում»…  Մի խոսքով, շատ երկարացրի: Առակս ինչ կցուցանե: Ես ինձ մոտ եկող բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս՝ մեդալի ոչ միայն երկու կողմը նայել, այլեւ՝ եզրերը ու նաեւ՝ որ մի թեմա շոշափելիս անպայման պետք է համեմատություններ անել, քանզի համեմատությունն է լավագույն փաստարկը: Ճիշտն ասած՝ համեմատությունը իբրեւ լավագուն փաստարկ դիտարկելը ինձ համալսարանում սովորեցրել է իմ շատ սիրելի դասախոսը՝ Յուրա Առաքելյանը (նրան կհիշեն խորհրդային տարիների «Պրավդա»-ից եւ Արցախյան շարժերի հետ կապված որոշ դեպքերից): Նրանից սովորածի օրինակով թերթ եկած ուսանողներին խորհուրդ տվեցի անդրադառնալ երեւանյան ձյան թեմային՝ վերից վար՝ մաքրման աշխատանքներին, հնարավորություններին, արվածին ու բացթողումներին, պատճառներին, օրվա համեմատականներին (այդ օրերն էին, իսկ ես այն մարդկանցից եմ, որ չեմ հասցնում նկատել ձյան գեղեցկությունը, քանզի միանգամից մրսում եմ): Գիտե՞ք ինչ դուրս եկավ. ուսանողները խնդրեցին բաց ու բանավոր քննարկում անել առայժմ՝ հետո այն վերածել գրավորի: Ու սկսել էին համեմատականներից. միայն ԱՄՆ Վիրջինիայի ճանապարհներին 989 ճանապարհատրանսպորտային պատահար, ԱՄՆ արեւելյան հատվածում 200 հազ մարդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, մարդիկ մեծածավալ սնունդ էին գնում, որպեսզի մի քանի օր տանից դուրս չգան, զոհեր եղան, կարծեմ 18-ի մասին էր խոսքը, ձյան ծածկույթի բարձրությունը հասավ 70 սմ-ի, մարդիկ Նյու-Յորքում Արմագեդոնի օրինակով ձյանն անուն տվեցին ՝ ձնագեդոն: Մինսկում ձյունը, ճիշտ է, 70 սմ չնստեց, երեւանյան 45-ին էր հավասար, բայց դարձյալ անելանելի վիճակ էր: Թեեւ Մինսկը ձնամաքրման համար անհրաժեշտ մեքենաների ու սարքավորումների հավաքակազմից բողոքելու տեղ չունի, բայց դե Նյու-Յորքին չի հասնի: Էնպես որ, մեկի 70-նն ու մյուսի 45-ը գրեթե նույն պայմաններն էին ստեղծել: Մինսկում քաղաքային իշխանությունները խնդրում էին քաղաքացիներին երթեւեկել ոչ թե սեփական թեթեւ մարդատար մեքենաներով, այլ՝ հասարակական տրանսպորտով՝ ճանապարհները թեթեւացնելու, խցանումներ չստեղծելու եւ ձնամաքրման աշխատանքները հեշտացնելու համար: Ուսանողներս պատմեցին նաեւ, որ Մինսկում մամուլն է համերաշխ աշխատել. այսինչ ժամին այսքան մեքենա մաքրել է այսինչ փողոցը, այսինչ ժամին ձյունը կրկին նստել է, այսինչ փողոցում վթար է, խցանում է, բացել են, շնորհակալություն, չեն բացել, թող մեքենաները այդ փողոց չմտնեն՝ խցանումն էլ ավելի չծանրաբեռնելու համար: Պարզվեց, ձյունը ոչ միայն ԱՄՆ 11 նահանգների է տիրացել՝ 33 մլն բնակչությամբ հանդերձ, այլեւ ՍՊՀ տարածքից զատ Ճապոնիա էլ է հասել, որտեղ նույնպես զոհեր են եղել: Ճապոնիայում մարդիկ ուշադիր լսում են, թե ինչ են ասում իշխանությունները՝ երբ տանից դուրս գալ, երբ՝ ոչ, ինչպես դուրս գալ եւ որ ուղղություններով, որ ժամերին (ճապոնական այս ֆենոմենի մասին ես խոսել եմ դեռ ֆուկուսիմա-1 ատոմակայանում վթարի ժամանակ):

Ուսանողներն այնքան էին փորփրել, որ քիչ էր մնում ինձ նահանգ առ նահանգ ու քաղաք առ քաղաք ներկայացնեն, թե ինչ է եղել աշխարհում այդ օրերին: Նրանք, առաջին անգամվա համար, գերազանցեցին իմ սպասելիքները գոնե այնքանով, որ աշխարհի ձնագեդոնից հետո ինձ ստիպեցին չմրթմրթալ հարազատ Երեւանիս վրա:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարներում, որոնք քաղված են համացանցից, մինսկյան, ամերիկյան եւ երեւանյան պատկերներ են

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։