ԵԽԽՎ-ն ընդդե՞մ ԵԱՀԿ-ի կամ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի… Արցախի «օկուպացիայի» հարցը բանանաբումերանգային ձեւով տապալվեց, իսկ Սարսանգի ջրամբարը չի կարող ջուր տալ արցախցուն ոչնչացնել եւ Արցախը գրավել ցանկացող մարդագազանին…

ԵԽԽՎ-ն հերթական անգամ քննարկեց հակահայկական բանաձեւեր, որոնք ինչպես արդեն Եվրոպայում են բացահայտ խոսում, ադրբեջանական խավիարային քաղաքականության (այսպես կոչված՝ օրինական կաշառքի) հետեւանք են, ինչը մեկ անգամ էլ հիմնավորեց, որ եվրակաշառակերների պակաս չի զգացվում հին աշխարհամասում: Բայց կա նաեւ եվրոպացիների մի հատված էլ, որ ամենեւին չեն պաշտպանում այս գործելաոճը ԵԽԽՎ-ում՝ համարելով, որ դա վարկաբեկում է եվրաարժեքները:

Սրանք անգամ ողջունել են, որ հակահայկական բանաձեւերից մեկը հաջողվեց հանել օրակարգից: Դա իսկապես հաղթանակ էր այդ եվրոպական հատվածի համար, ինչը չի թաքցրել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: «ԵԽԽՎ-ում, ցավոք, գիտենք՝ ինչ իրավիճակ է ստեղծված: Հայկական կողմը եւս կոշտ դիրքորոշում ուներ: Բայց ցավոք, չհաջողվեց բանաձեւերից մեկը հանել օրակարգից: Կարծում եմ, մեծ առաջընթաց էր, որ մյուս բանաձեւը չընդունվեց»,- նշել է նա: Դեսպանի խոսքով, ԵԽԽՎ-ն շահարկում է այն սկզբունքներով, որոնք նաեւ ԵԱՀԿ որդեգրած սկզբունքներն են ու «որդեգրել է մի գիծ, որով փորձում է անտեսել ԵԱՀԿ սկզբունքները»: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ-ն հստակ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»:

Ինչու չհաջողվեց տապալել նաեւ ԵԽԽՎ մյուս զեկույցը: Հիշեցնենք, որ ասպարեզում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպեսեւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումներով բանաձեւերն էին: ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Իսկ ահա մյուս զեկույցը, որ ներկայացրել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը, հաստատվեց քվեարկությամբ:

Կարծիք կա, որ արտաքին ճնշումները մեծ էին եւ ԵԽԽՎ-ն «հավասարակշռված քաղաքականություն տարավ»՝ մերժելով ԼՂՀ-ի մասին բրիտանացի պատգամավորի զեկույցը՝ ընդունելով Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը: Դրանք իրենց կարեւորությամբ տարբեր «քաշերի» բանաձեւեր էին եւ շատ տարբեր խնդիրներ են արծարծում: Իհարկե, Բաքվի համար կարեւոր էր մերժված բանաձեւը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան գոհ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից: ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարությունը իրապես մեծ ազդեցություն ունեցավ քվեարկության ժամանակ:  Մյուս բանաձեւի քվեարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Ռուդի Սալն ընդգծել է, որ Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը պատրաստվել է՝ առանց լինելու տեղանքում, որին վերաբերում է զեկույցը: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, եւ նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,- ասել է պատգամավորը: Հայկական կողմը նաեւ Էմիր Կուստուրիցային էր խնդրել խոսել իր համերկրացի Միլիցա Մարկովիչի հետ, բայց հայ ժողովրդի բարեկամ, աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի խոսքը Միլիցա Մարկովիչի մոտ չի անցել, քանի որ վերջինս ավելի շահութաբեր տարբերակն է ընտրել: Պարզապես սերբ ռեժիսորի խնդրանքին ի պատասխան, խոստացել է ակտիվ չլինել ԵԽԽՎ քննարկման ժամանակ եւ նրան ամոթով չթողնել հայ բարեկամների մոտ… Ի միջի այլոց, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համացանցում ստորագրահավաք էր նախաձեռնել՝ ընդդեմ ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների: Առցանց ստորագրահավաքին միացել էր ավելի քան 8 հազար մարդ:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտնել է, որ «խավիարային դիվանագիտության հաճախորդները պաշտպանում էին Ադրբեջանի տեսակետները, բայց մեզ հաջողվեց թույլ չտալ, որպեսզի ամենավտանգավոր նախագծերից մեկն ընդունվի»: Նա շեշտել է նաեւ, թե «ռեսուրսները, որ ունի թուրքական տանդեմը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, անհամեմատելի են

հայկական ռեսուրսների հետ: Չնայած, անընդհատ պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի բան չլինի, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ կան երկրներ, որ չափից դուրս խավիարասեր են»:

ԵԱՀԿ կոչը ԵԽԽՎ-ին օգտակար էր, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքը (Միացյալ Նահանգներ) եւ Պիեռ Էնդրյուն (Ֆրանսիա) ներկայացրել էին, թե ինչպիսի ջանքեր ու բանակցություններ են իրականացվում, որոնց միջոցով ԼՂ հակամարտության խնդրի կարգավորման հարցում պահպանվում են խաղի կանոնները: «Մենք հասկանում ենք, որ ԵԽԽՎ-ն կարող է մոտ ապագայում ընդունել հակամարտությանը վերաբերող բանաձեւեր, եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, այլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափը։ Բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների հետաքրքրությունը, սակայն մտահոգություն ենք հայտնում, որ հնարավոր է այդ ամենը բարդացնի բանակցությունների ընթացքը»,- ասվում է հայտարարությունում։

Համանախագահների արձագանքը ամենասպասվածն էր ու ճիշտ ժամանակին, այսպես են համարում վերլուծաբանները. ԵԽԽՎ-ի «զուգահեռ ջանքեր» ասվածով հասկացվում էր, որ «փորձ էր արվում վնասել գործընթացը», ինչը հղի է անկանխատեսելի ծավալումներով: Իհարկե, չի կարելի անտեսել նաեւ Հայաստանի ու Սփյուռքի ուժերի, մեր բարեկամ երկրների համատեղ գործունեությունը, որի արդյունքն է նաեւ վերոնշյալ հաղթանակը:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայ կերպարը վաղուց է հայտնի, ում միջոցով Բաքուն փորձում էր «բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումը դարձնել միջազգային երկխոսության թեմա: Այսինքն՝ Արցախը ակամա պիտի համարվեր Ադրբեջանի մի մաս եւ, այսպիսով, հետագա բանակցություններոմ տարածքային անձեռնմխելիության իրավունքը պիտի գերակա դիտվեր ազգային ինքնորաշման իրավունքից: Սա պիտի ցույց տար աշխարհին, որ Արցախը չճանաչված անկախ պետություն չէ այլեւս, անջատողական հայերով լեցուն մի տարածք է՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ, որ այլեւս հայանպաստ չէին լինի: Եվ կարեւոր էր, որ գոնե այս բանաձեւը տապալվեց:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ ունեցած ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խորհրդարանականներին կոչ արեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան իրենց համար ուղեցույց դարձնել։ Նա, խոսելով Եվրոպայի առաջ ծառացած բազում մարտահրավերների մասին, ասաց, որ Կոնվենցիան համընդհանուր բառարան է, արժեքների փաթեթ, որը պետք է հարգեն բոլոր երկրները։ Որպես Կոնվենցիայի չկիրառման օրինակ ներկայացրեց Ադրբեջանը եւ Իլգար Մամադովի գործը, ով բանտարկված է Ադրբեջանում եւ նրա նկատմամբ վերաբերմունքը դաժան է։ «Մամադովը միակ մարդը չէ Եվրոպայում, ով բանտարկված է, բայց չպետք է լիներ, սակայն նա միակ դեպքն է, երբ ՄԻԵԴ-ը՝ մայրցամաքում բարձրագույն դատական ատյանը, կոչ է արել ազատ արձակել նրան»: ԵԽ նախագահը գրեթե հայտարարեց, որ «Ադրբեջանում տոտալիտար համակարգ է»: Ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւան փորձելով շեղել իրավիճակը, հարց ուղղեց, թե «ադրբեջանցի 1 մլն. տեղահանվածները ի՞նչ պիտի անեն, որ չեն կարողանում վերադառնալ իրենց տները»։ Գլխավոր քարտուղարի ճշտող հարցին, թե նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պատգամավորը պատասխանեց՝ այո։ «Ես բազմիցս ասել եմ այս վեհաժողովում, որ հակամարտության լուծումը գտնելու մանդատը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքերում։ Այնուամենայնիվ, ես համաձայն եմ, որ լուծումը պետք է գտնվի շտապ եւ լինի այնպիսի լուծում, որը հիմնված է Կոնվենցիայով Հայաստանի ու Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների վրա։ Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնային, եթե որեւէ մեկը ցանկանում է հակամարտության լուծումը գտնել։ Ավելին, փախստականների ճգնաժամը լուծելու միակ միջոցը, որին մենք բախվել ենք ներկայումս, հակամարտությունների դադարեցումն է»,- պատասխանեց ԵԽ նախագահը՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես գործել, եթե ԵԽ-ին խնդրեն ինչ-որ ձեւով օգնել՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում։

Իհարկե, այստեղ կա ծավալվելու տեղեր հենց հայկական կողմի համար, սակայն այս դեպքում խոսքը այլ բանաձեւերի մասին էր: Իսկ առհասարակ, փախստականների, ցեղասպանության ու գաղթի զոհերի մասին բավականին լուրջ փաստաթուղթ հենց պաշտոնական Երեւանը պետք է ներկայացնի:

Ինչ մնում է Սարսանգի ջրամբարին, ապա ջուրն օգտագործելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ. ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ արցախցիները հասկացնում են եվրոպացիներին, որ որեւէ որոշում չի կարող պարտադրել ջուր տալ մեկին, ով ամեն օր ձգտում է սպանել ջուր տվողին: Սա եվրախելացնորություն է, թե խավիարային դիվանագիտություն, միեւնույնն է՝ հակահայկական է ու ցնդաբանական:

«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձեւում իրականության հետ կապ ունեցող ոչ մի աղերս չկա»,- շարունակել է Արցախի փոխվարչապետը, հավելելով, որ Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչեւ Կուր գետը: «Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձեւերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի եւ՛ Արցախի ժողովուրդը եւ՛ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները: Ի դեպ, բանաձեւը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռեւս 2002թ. նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 մլն. դոլարին համարժեք դրամ»,- ասել է է ԼՂՀ կառավարության ներկայացուցիչը։

Սարսանգի ջրամբարի օգտագործումը եղել ու լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը. հայտարարել ԼՂՀ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը: «Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ակնհայտ միակողմանի ու քարոզչական բնույթ կրող բանաձեւի նախագիծը։ Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը։ ԵԽԽՎ-ն, փաստորեն, հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս եւ պետք է դիտարկվեն կողմերի միջեւ փոխադարձաբար համաձայնեցված եւ միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»։ Միաժամանակ ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձեւի հարցում։ Կցանկանայինք եւս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի եղել է եւ լինելու մեր ժողովրդի սուվերեն իրավունքը»:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։