Վերադարձ դեպի նախնիների գյուղատնտեսություն.- Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։… Ադրբեջանն արդեն խմբագիրների մակարդակով տանում է այս գիծը…

Իբրեւ տեղեկանք…

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2002թ. Արագածոտնի ու Արմավիրի մարզերի լեռնային գոտիներում։ Ներկայումս տարածքներն ընդլայնվել են՝ ընդգրկելով Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերը։ Արդեն ասացինք, որ համապատասխան օրենք ունենք, եւ գոյություն ունի նաեւ ազգային օրգանական նշանը, որը պարտավոր են կիրառել տեղական շուկայում օրգանական սննդամթերք արտադրող բոլոր ընկերությունները։ Արտադրանքի վերահսկողությունն արվում է որակավորված սերտիֆիկացնող մարմինների կողմից։ Օրգանական սննդի մակնշման կամ պիտակի վրա պարտադիր պետք է առկա լինի նաեւ սերտիֆիկացնող մարմնի անունը։ Եթե այդ նշումը չկա, ուրեմն կա ապօրինություն, ասենք՝ արտադրողը, առանց սերտիֆիկացնող մարմնի, ինքնարտահայտվել է։ Սպառողին մնում է ուշադիր լինել։

Հայաստանում այս պահի դրությամբ սահմանափակ քանակությամբ օրգանական սնունդ է արտադրվում։ Այս տարվա դրությամբ ՀՀ-ում հիմնականում արտադրվում են օրգանական միրգ ու վայրի հատապտուղներ, բայց ներուժ կա օրգանական բանջարեղեն եւս արտադրելու։ Խոսքն, իհարկե, գրանցված ընկերությունների մասին է։ Շուկայում չհայտնված բազմաթիվ գյուղացիներ սպառողին կարողանում են մատուցել սեփական փոքրածավալ արտադրության անարատ մեղրը, խնձորը, կաթն ու մածունը եւն։

Այս պահի դրությամբ, ճիշտ է, օրգանական մթերքը թանկ է, բայց եթե հաշվի առնենք, որ առողջությունից թանկ բան չկա, ապա պետք է մտածենք ծախսերը վերահաշվարկելու մասին։ Բացի այդ, երբ օրգանական արտադրանքի ծավալները մեծանան, գնային բոլորովին այլ հարաբերակցություն ու կարգավորում կլինի. դա է հուշում աշխարհի փորձը (այս թեմային մասամբ անդրադարձել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում)։

* * *

Հայաստանը նավթ ու գազ չունի կամ, քանի որ այդ պաշարների որոնողական որոշ աշխատանքներ ընթանում են պարբերաբար, ճիշտ կլինի ասել, թե դրանից այս պահի դրությամբ արդյունաբերական ծավալներ չունենք։ Գուցե արդի աշխարհում սա դժբախտություն է, քանզի շատ հաճախ տանուլ ենք տալիս միայն այն պատճառով, որ չունենք նավթագազային խաղաքարտը։ Բայց նույն արդի աշխարհի զարգացման միտումները բերում են նրան, որ վաղը մենք այլեւս տանուլ չենք տա։

Բանն այն է, որ պարբերաբար հետեւում եմ հատկապես մեզ ոչ բարեկամաբար տրամադրված երկրների անցուդարձին՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ զարգացումներ կամ հետընթացներ են, ո՞ր ոլորտներում եւն։ Վերջին երեք ամիսներին ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակումներ եմ նկատում օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ։ Գրում են գյուղատնտեսներ, փորձագետներ, հարակից ոլորտների շահագրգիռ մասնագետներ։ Եվ սա հենց այնպես չէ։ Ինչու է հանկարծ Ադրբեջանը խոսում մի բանի մասին, որից երբեք չի խոսել։ Ընդ որում, անթաքույց է խոսում՝ առանց թաքցնելու, որ նավթի ու գազի վրա հիմնված ադրբեջանական տնտեսությունը մի օր տանուլ կտա, եթե տնտեսության զարգացման այլ ուղիներ չփնտրի։ Եվ այդ ուղին օրգանական գյուղատնտեսությունն է։ Ու այս մասին արդեն թերթերի ու կայքերի խմբագիրներ են խոսում, կամ իրենց ստորագրությունը դնում այս ու այն մասնագետի համապատասխան հոդվածի տակ։ Կարծեմ երկու ամիս առաջ փորձագետ Ի. Ուլուսաբովն էր բլոգներից մեկում նկատել, որ պետք է շտապել, քանզի «նույնիսկ Հայաստանն է արդեն այդ ուղով գնում»։ Այս օրերի ընթացքում էլ նմանօրինակ մի հոդված հանդիպեցի ադրբեջանական կայքերից մեկում, երբ անձամբ խմբագիրն էր գրել, թե՝ խելոք պետք է լինել հենց այսօր, քանզի «ժամանակն ու միջազգային տնտեսությունը չեն սպասի»։ Ոչինչ, որ նավթագազային այս երկրին իբրեւ գյուղատնտեսական, մաքո՛ւր գյուղատնտեսական երկրի երբեք չեն նայի։

Սա ոչ մի կանոն էլ չէ, այլ, այսպես ասենք, օրգանականի կողմնակիցների չգրված օրենք. կամ նավթ է, կամ գյուղատնտեսություն։ Դրանք միասին հակացուցված են։ Հոգ չէ, Ադրբեջանը անընդհատ կխոսի ու կխոսի՝ լավ իմանալով, որ մի պահի, երբ քաղաքական այլ շահի շուրջ մեկ այլ երկրի հետ համաձայնության գա, կարող է դառնալ օրգանական գյուղատնտեսական երկիր։

Ի. Ուլուսաբովի գրառման տակ գրառում թողեցի այն մասին, որ իր ասած «նույնիսկ Հայաստանը» նոր չէ այդ ուղով գնում, եւ որ նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովը, ում, ի դեպ, այդքան ատում են Ադրբեջանում, գրել է, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել։ Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, գինու, օղու, գարեջրի եւ քացախի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում։ Խորհրդային տարիներին, երբ Վայոց ձորի տարածքում ուսումնասիրություններ էին արել, բուսաբույծների արշավախումբը հատնաբերել էր վայրի ցորեն։ Սա նշանակում է, որ մեր հայրենիքը ֆենոմեն ունի. մենք եղել ու շարունակում ենք մնալ բնական մթերքի բնօրրան։ Ու սա չտեսնված մի առավելություն է արդի աշխարհում։

Ուլուսաբովը ինձնից պահանջեց «Վավիլովին մատի փաթաթան չդարձնել», այլ փոխարենը կարդալ ադրբեջանցի հայտնի ծագումնաբան Գ. Ուլուսաբովին, ով ապացուցում է, որ «Ադրբեջանը դարեր ի վեր մաքուր մթերքի օազիս է եղել»։ Հասկանալի է, որ միայն ադրբեջանցի «ծագումնաբանը» (չհաշված, որ այդպիսի ծագումնաբան չկա) իրենց դարերի խորք կտաներ…

Ինչեւէ։ Գանք մեր երկիր։ Խոսել մեր երկրի գյուղատնտեսության զարգացումից ու չքննարկել օրգանական գյուղատնտեսության թեման, ճիշտ չի լինի։ Միջազգային շուկայում, հատկապես Եվրամիության երկրներում, ամեն տարի շեշտակի աճում է պահանջարկը ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված օրգանական պարենամթերքների նկատմամբ։

Իսկ մեր երկիրն ունի այդ ներուժը, գյուղատնտեսության նախարարությունը մեկ անգամ չէ, որ վստահեցրել է՝ առկա են որոշակի պայմաններ առավել բարձր ավելացված արժեք ապահովող օրգանական սննդամթերքի արտադրության զարգացման համար։

Մանրամասնենք, որ օրգանական գյուղատնտեսությունը ենթադրում է աղտոտող տեխնոլոգիաների օգտագործման բացառում, քիմիական նյութերի կիրառման խիստ սահմանափակում, բույսերի տեսակների, ինչպես նաեւ կենդանիների ցեղերի կենսաբազմազանության ավելացում եւ հողի բնական բերրիության բարձրացում։ Բացի այդ, օրգանական արտադրության բնագավառում արգելվում է գենետիկական վերափոխված օրգանիզմների եւ դրանց ածանցյալների, իոնացնող ճառագայթման, ինչպես նաեւ ժամանակակից որեւէ կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառումը։

Այլ կերպ՝ օրգանական գյուղատնտեսական արտադրությունը այն է, ինչով զբաղվել են մեր պապերը՝ «մաքուր հողից՝ անարատ, բնական ուտելիք»։

Էկոնոմիկայի նախարարությունն էլ չի հերքում, որ հետագայում օրգանական գյուղատնտեսության արտադրանքը շատ հետաքրքիր կլինի նաեւ Եվրամիության երկրների համար, քանի որ հասկանալի է, որ էկոլոգիապես մաքուր սնունդ օգտագործելը ավելի օգտակար է։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության ապագան տեսնում է նաեւ որպես մրցունակ եւ արտահանման ներուժ ունեցող ոլորտ։ Իսկ ավելի պարզ՝ հույսեր է կապում օրգանական գյուղատնտեսության զարգացման հետ։

Այլ կերպ՝ եթե մենք խոսում ենք անվտանգ սննդամթերքի մասին, ապա դա չենք կարող ուղղակիորեն չշաղկապել օրգանական գյուղատնտեսությանը։ Պետությունը դեմ չէ այս ոլորտին աջակցելուն։ Նկատենք, որ նույնիսկ օրգանական հատապտղի մշակման համար 300 մլն դրամի վարկային աջակցության օրինակ է եղել տարիներ առաջ մեր երկրում, երբ ամբողջ բերքն արտահանվել է (օրգանական հատապտղի գինը միջազգային շուկաներում շուրջ 40 տոկոսով բարձր է), այսինքն՝ մաքուր սնունդը նաեւ մրցունակ է ու մեծ պահանջարկ վայելող։

Գյուղացիների հետ շատ եմ զրուցել այս թեմայով։ Ոչ ոք չի հերքում, որ օրգանական գյուղատնտեսությունը լավ բան է (խոսքը այս նյութի պարագայում մասնավոր հաջողված օրինակների մասին չէ, այլ ավելի ծավալային գյուղատնտեսության վարման ձեւի), բայց նրանք դա արդեն ռիսկային են համարում, արդեն չեն պատկերացնում իրենց վար ու ցանքն առանց պարարտանյութերի ու թունանյութերի։ Որովհետեւ դեռ չկա ապահովագրական համակարգը, հողն էլ առաջվա հողը չէ, էլ ուժ չունի սնունդ տալու, այնպես որ առանց պարարտանյութի չի լինի։ Մասնագետների հետ էլ եմ խոսել։ Նրանք, իհարկե, այս տեսակետներին համաձայն են, բայց նաեւ շտկումներ են անում։ Այն, որ հողն էլ ուժ չունի սնունդ տալու, նրանից է, որ մենք տեւական ժամանակ հողին չենք տալիս, որ հողից ստանանք։

Օրգանական գյուղատնտեսությունը, այո, ենթադրում է, որ չեն կիրառվում սինթետիկ քիմիական միացություններ՝ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, արհեստական խթանիչներ, բայց նաեւ ցանկալի դրական արդյունքի են հասնում՝ ճիշտ օգտագործելով բնության պաշարները։ Իսկ դրա հետեւանքով հողի բերրիությունն է պահպանվում եւ հնարավոր է առատ բերք ունենալ, նվազեցնել հիվանդությունների ու վնասատուների հասցրած վնասը։

Օրգանական գյուղատնտեսության անցումը չի նշանակում, որ պարարտանյութեր չպետք է կիրառվեն, պարզապես պետք է կիրառվեն օրգանական պարարտանյութեր՝ գոմաղբ, կենսահումուս, տորֆ, բուսական մոխիր, որոնք պարունակում են բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը, հարստացնում են հողը օրգանական նյութերով, նպաստում են բերրիության բարձրացմանը եւ հողի վիճակի բարելավմանը։ Հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտվածության դեմ պայքարը պետք է տարվի ոչ թե թունանյութերի, բուժանյութերի եւ հերբիցիդների միջոցով, այլ կենսաբանական պայքարի մեթոդների, բուսական թուրմերի միջոցով, ինչու ոչ՝ հողի մշակությունը ճիշտ եւ ժամանակին կազմակերպելով։

Այստեղ նաեւ այլ հարց է ծագում՝ գյուղատնտեսությունը նաեւ երկիր է կերակրում, այն է՝ օրգանականի տեմպերով կարո՞ղ ենք կերակրել մեզ ու նաեւ օգուտ ստանալ։

Ֆրանսիական ֆերմերների միությունն, օրինակ, այն կհամոզմունքին է, որ միանշանակ կարելի է։ Ի դեպ, ինձ հիմա կարող են մեղադրել ֆրանսիացի ու մեր ֆերմերներին ակամա համեմատելու մեջ։ Միանգամից ասեմ, որ այո, Ֆրանսիայում վիճակը քիչ այլ է, այստեղ կա ապահովագրական համակարգ, ռիսկերը քիչ պակաս են, բայց այստեղի ագարակատերերը առանց պետության ամենամյա աջակցության ոչինչ չեն կարողանում անել։

Գրեթե ամեն տարի ֆրանսիայի գյուղատնտեսները բողոքում են Փարիզի փողոցներում՝ այս ու այն դոտացիան ուզում։ Այս տարի էլ տրակտորներով դուրս էին եկել Փարիզի փողոցներ։ Այնպես որ, այս կամ այն չափով գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր ոլորտներում։

Ինչեւէ, ֆրանսիական ֆերմերների միությունը վստահ է, որ ճիշտ է, գյուղատնտեսության վարման ժամանակ քիմիական միջոցների կիրառումը մեծացնում է պարենով ապահովվածությունը, բայց եւ հողերի պարբերաբար որակական ձեւախեղումը հետագայում հանգեցնելու է նույն պարենի պակասին, ավելացնելու է հիվանդությունները։ Առողջ սննդի պահանջարկը գնալով մեծանալու է՝ իբրեւ հետեւանք գյուղացուն նաեւ օգուտ բերելով։

Իտալիայում ագարակատերերն ու խաղողագործները կրակն են ընկել բույսերի վնասատուների ձեռքը, բայց փորձում են հնարավորինս քիչ թունանյութեր օգտագործել, քանզի լավ են գիտակցում բացասական հետեւանքները։

Ուրեմն՝ օրգանական գյուղատնտեսությունն այլընտրանք չունի. ԵՄ երկրներում օրեցօր ավելանում է այն սպառողների քանակը, ովքեր գնում են օրգանական մթերք՝ արտադրված առանց պարարտանյութերի։ ԵՄ երկրներում օրգանական գյուղատնտեսական տարածքները վերջին 10 տարվա ընթացքում տարեցտարի ավելանում են՝ տարեկան մոտ 8 տոկոսով (4,3 մլն հա-ից հասել են 7,6 մլն հա-ի)։

Նկատեմ նաեւ, որ իմ մասնավոր հարցումները ցույց տվեցին, որ հայկական օրգանական արտադրանքի հնարավորությունների մասին արտերկրում նույնիսկ ավելի շատ գիտեն, քան մենք պատկերացնում ենք։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարողանում եվրոպական շուկայում ամուր ոտք դնել։

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։