ՏՄՊՊՀ-ն կասի այն, ինչ իրեն կասվի – Իսկ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն… Մեր երկրում գնանկումը երբեք ադեկվատ չի լինում, անգամ թանկացումն ադեկվատ չի լինում…

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանում այս վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 1%-ով է նվազել, այն դեպքերում, երբ հարեւան երկրներում շատ ավելին է եղել. «Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր»:

Նա ներկայացրել է, որ օրինակ՝ Ռուսաստանում իջել է 33%-ով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու նաեւ Ֆրանսիայում՝ 18:

Նա նշել է, որ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բենզինի գնի վերաբերյալ հայտնել է, որ այդ հարցը անհանգստացնում է նաեւ կառավարությանը: Նա ասել է, որ կառավարությունը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն:

Յա, իրո՞ք, ո՞ր հանձնաժողովին: Այն, որի նախագահի համար հացն էժանացել է, բայց էդպես էլ էժան հաց չենք գտնում: Կամ՝ ՌԴ-ում թանկացած հնդկաձավարի հետեւանքով մեզ մոտ թանկանում է 1 տարի առաջվա փաթեթավորածը, բայց ինքը դա չի տեսնում…

Վաչե Գաբրիելյանը լավ կաներ միանգամից ասեր, թե ինչ է ասվել ՏՄՊՊՀ-ին, որ ասի:

Մենք էլ վերջինիս նախագահին իզուր չէինք լսի ու չէինք նյարդայնանա…

Բայց նյարդայնացանք, երբ երեկ կառավարության նիստում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց դիզվառելիքի եւ բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները (վերնագիրն այս հանձնաժողովի պարագայում մշտապես ապառնի եղանակով էլ կմնա՝ ցանկացած հարցի դեպքում):

Այսպիսով, Ա. Շաբոյանի խոսքերը ներկայացնենք առանց խմբագրման: «Քանի որ բենզինի ներկրման եւ իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է հանդիսանում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, եւ հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում: Մեր ոսւումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015թ. ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով եւ ներմուծվում ամերիկյան դոլարով եւ այդ պատճառով, հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարեւոր նշանակություն ունի: Եթե թվերը դիտարկենք 2014թ.-ից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե մենք ուսումնասիրենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին:

Մենք պարբերաբար համեմատություններ ենք իրականացնում նաեւ այլ երկրների հետ: Կոնկրետ երեկ Ազգային ժողովում համեմատական հաշվարկ հնչեցվեց այլ երկրների հետ, եւ մենք ուսումնասիրություն ենք իրականացրել կոնկրետ տվյալ ժամանակահատվածում կոնկրետ տվյալ երկրների հետ: Մեր ուսումնասիրությունը հիմնված է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող պետական վիճակագրության թվերի վրա: Թվերը ներկայացված են եվրոյով: 2015թ. ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14%-ով, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7%-ով: Այսինքն, մյուս եվրոպական երկրներում, երբ համադրելի ժամանակահատված ենք վերցնում համադրելի թվերով, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում: Կցանկանայի նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ կարեւոր նշանակություն ունի գնագոյացման վրա նավթի տեսակարար կշիռը: Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն եւ երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է, տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Հաշվի առնելով նաեւ հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում՝ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8%: Այսինքն, եթե համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է եւ նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա: Այսպիսով, եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, կստացվի, որ վաճառքի գները 2015թ. նվազել են մոտ 10%-ով, իսկ 2014թ.-ից սկսած, երբ համաշխարհային շուկայում սկսեց բենզինի գների նվազում, այսինքն՝ վաճառքի գները դոլարային արտահայտությամբ նվազել են շուրջ 28%-ով: Եվ կցանկանայի մեկ անգամ եւս կրկնել, որ դա ամբողջությամբ ադեկվատ է ձեռք բերման գներին: Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք ներմուծող ընկերությունների վարքագիծը, ներկայումս բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ «Ֆլեշ» եւ «ՍիՓիԷս»: Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007թ.-ից սկսած որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007թթ. եղել են 5-6 խոշոր ներմուծող ընկերություններ: Այս պահին խոշոր ներմուծումներ իրականացնում են երկու ընկերություններ եւ նրանց գործունեությունը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երեւույթներ չկան: Մրցակցության պաշտպանության մարմնի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք ուսումնասիրենք, տեսնենք՝ կան արդյոք մուտքի խոչընդոտներ, կան արդյոք մրցակցային անհավասար պայմաններ, թե ոչ: Մեր ուսումնասիրության արդյունքներով ՝ չկան այդպիսի երեւույթներ: Այնուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որ այդ ոլորտում կհանդիպեն խնդիրների, դժվարությունների, ապա կարող են դիմել մեր հանձնաժողովին: Ես վստահեցնում եմ, որ մեր հանձնաժողովը հետեւողական կլինի բոլոր այդ խնդիրների լուծման հարցում»,-տեղեկացրեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:

Տեսա՞ք ինչ եղավ:

Այս՝ դոլար-դրամ խաղը հանձնաժողովը մշտապես է բանեցնում ու, չգիտես ինչու, մշտապես ի վնաս սպառողի: Ու պարզվում է՝ գնային անկումն ադեկվատ է:

Իսկ իրականությունն այլ բան է հուշում. մեր երկրում, ցավոք, գնանկումը երբեք ադեկվատ չի լինում: Մեր երկրում անգամ թանկացումն ադեկվատ չի լինում: Աշխարհում մի ապրանքը չի հասցնում թանկանալ 1 տոկոսով, մեզ մոտ 10-ը պատրաստ է արդեն: Հանձնաժողովը կասի՝ փաստեր: Կասեմ՝ իրականությունից էլ լավ փա՞ստ: Ու թող հանձնաժողովը հավատա, որ դոլար-դրամ խաղը կարող եմ ավելի ճարտար տանել, պարզապես երբ փաստերն առավել քան խոսուն են, անհեթեթ կարգավիճակում հայտնվել չեմ ուզում: Դա, մեղմ ասած, ծիծաղելի է շատ: Մինչդեռ հանձնաժողովին թվում է, թե ինքն է մարդկանց ծաղրում…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։