Հատեցինք կարմիր գիծը.- Մեր երկրի պետական պարտքը աճել է – Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը…

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը առաջին անգամ պաշտոնապես հատեց 5 մլրդ. դոլարի սահմանագիծը:

2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 5 մլրդ. 771,2 մլն. դոլար՝ նոյեմբերի համեմատ ավելանալով ավելի քան 220 մլն դոլարով։

Այս մասին տեղեկանում են Հայաստանի կենտրոնական բանկից։ Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները 2015թ. դեկտեմբերին կազմել են 1 մլրդ. 540 մլն. դոլար։ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլն. դոլար։ Ոսկի եւ ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։

Ի դեպ, մեր երկիրը երբեւէ այսքան պարտք չի ունեցել:

Այդ գումարից 4,309,5 մլրդ.-ն արտաքին պարտքն է, 761,4 մլն-ն՝ ներքին: Դեռ հայտնի չէ, թե պետական պարտքը համախառն ներքին արդյունքի քանի տոկոսը կկազմի, որովհետեւ ՀՆԱ-ի մասին տվյալները կամփոփվեն 2 ամսից միայն: Իսկ նախնական ցուցանիշները վկայում են, որ պետական պարտքը մեր ՀՆԱ-ի 50%-ին կհասնի:

Այլ կերպ՝ սա այն շեմն է, որից այն կողմն անցնելն արդեն վտանգավոր է: Ավելի ստույգ՝ այս շեմին հասնելն արդեն իսկ վտանգավոր էր:

Հակառակ տեսակետ ունեցողները կբերեն ԱՄՆ-ի օրինակը, ում պետական պարտքը վաղուց հատել է, այսպես ասած, մի քանի կարմիր գծեր: Մենք, ի հավելումն, ընդամենը կասենք. այո՛, բայց ԱՄՆ-ի ու Հայաստանի օրինակներն անհամեմատելի են եւ տեղին չէ այս 2 երկրին վերաբերող տվյալները մեկտեղ մեջբերել: Իսկ պատճառը շատ պարզ է. ԱՄՆ-ն ունի աճող տնտեսություն, արդյունաբերական, արտադրական հզոր ճյուղեր եւ իրեն կարո՛ղ է թույլ տալ ՀՆԱ-ն անգամ մի քանի անգամ գերազանցող պարտք ներգրավել:

Իսկ Հայաստանի պարագայում՝ տնտեսական ներկայիս տիրույթում ու հեռանկարային տեսլականում, վտանգավոր է նույնիսկ 50 տոկոսի շեմը: Եվ այն հանգամանքը, որ գործադիրը փոփոխություն արեց՝ շեմը 60-ի հասցնելով, դեռ չի նշանակում, որ վտանգն անցել է: Մյուս տարի կարող ենք շեմը փոխել՝ 70-ի հասցնելով, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Ընդամենն ավելանում է բնակչության 1 շնչին ընկնող՝ պարտքի սպասարկման չափը:

Ու, բացի այդ, այն, որ Հայաստանն անընդհատ կարողանում է արտաքին պարտք ներգրավել, հպարտանալու առիթ չէ: Հայաստանին միշտ էլ պարտք են տալու, չուզենք էլ՝ տալու՛ են: Մեխանիզմը հստակ է, ով գիտի՝ գիտի, ով՝ ոչ, կարող է հպարտանալ…

Մնում է հիշեցնել, որ անցած տարի գործադիրի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում, ըստ որի մեծացվեց կառավարության՝ պարտքեր ներգրավելու հնարավորությունը: Նախկինում պետական պարտքը չէր կարող գերազանցել ՀՆԱ-ի 60%-ը, իսկ փոփոխությունից հետո այդ սահմանափակումը տարածվում է միայն կառավարության պարտքի վրա:

Այժմ մեր կառավարության պարտքը կազմում է ավելի քան 3,8 մլրդ. դոլար, կամ ՀՆԱ-ի 37%-ը եւ շատ արագ աճում է: Միայն անցած տարվա դեկտեմբերի ընթացքում կառավարության պարտքը աճել է 254 մլն. դոլարով, իսկ 2015թ. ընթացքում գրեթե 500 մլն. դոլարով:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի միջազգային պահուստները 2014թ. կրճատվել են 34%-ով՝ տարվա վերջի դրությամբ կազմելով՝ 1 մլրդ. 489,3 մլն. դոլար: Այսինքն՝ 2015թ. նախորդ տարվա համեմատ պահուստներն աճել են։ Պահուստների հիմնական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը:

Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները ներկայացված են ըստ ֆինանսների նախարարության տեղեկատվության: 2014թ. համեմատ արտաքին պարտքն ավելացել է ավելի քան 524 մլն. դոլարով, իսկ ներքինը՝ 105 մլն դոլարով։

Ստացվում է, որ 2015-ին՝ միջազգային պահուստների աճին զուգահեռ ավելացել է նաեւ Հայաստանի պետական պարտքը։

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – Այս թեմայի մասին շատ եմ խոսել ֆինանսների նախկին նախարարներ Տիգրան Դավթյանի եւ Դավիթ Սարգսյանի հետ: Ցավոք, իմ «բայղուշությունն» իրականացավ:

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

ressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։