ՀՀԿ-ում արդե՞ն վարչապետական ընտրություններ են – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի ներկուսակցական թատերաբեմում եւս հայտնվելը… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին… Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ հետեւում է…

Ըստ ՀՀԿ-ի, ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել: ՀՀԿ-ն դեռեւս վերջնական չի որոշել, թե ում հետ պետք է համագործակցեն եւ ինչ ձեւաչափով, բայց ՀՅԴ-ի հետ բանակցությունները մոտենում են ավարտին: «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումից հետո քրեաօլիգարխիկ համակարգը չի վերանա… Ճգնաժամն էլ կխորանա: Դա հանգուցալուծում չէ: Դա ընդամենը թուլացած իշխանությունն ինչ-որ մի ժամանակահատվածով ուժեղացնելու խնդիր է լուծում: Դաշնակցության հաշվին է դա տեղի ունենալու»,- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծման մասին այսպես է արտահայտվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ ՀՅԴ-ն հերթական պատին է հանդիպելու եւ չի կարողանալու ոչ իր գաղափարներն իրականացնել, ոչ էլ ծրագրերը: Որպես սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն ավելի է վարկաբեկվելու:

«Ժառանգություն»-ը կրկին ցայտնոտի մեջ է՝ Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ, թե կուսղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ նպատակով է մեկնել Թուրքիա (ըստ սպրդած տեղեկույթունների): Նա միայն գիտի, որ ղեկավարը Բրյուսել է մեկնել, հետո՝ Փարիզ կգնա:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ է համոզված, որ ՀՅԴ-ն չի կարողանալու իր ծրագրերը իրականացնել: Ըստ նրա՝ «երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական… Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»: Անհասկանալի է, քանի որ «երբ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու ունես ամբողջական ռեսուրս, ապա դա պատասխանատվության լղոզում է: Դաշնակցականների համար միգուցե դա հնարավորություն է կյանքի կոչելու իրենց տարբեր նախընտրական ծրագրերում խոստումները, իրենց տեսլականները, դրա հետ միասին, փորձ ձեռք բերել պետական կառավարման մեջ, ինչ-որ ոլորտների կառավարումը ստանձնեն: Բայց դրա հետ միասին, եթե ինքը նորից դառնալու է շատ արհեստական ինչ-որ կոալիցիոն համաձայնագիր, ապա այս պարագայում էլի կնպաստենք շատ վատ քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2017թ.-ից Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, եւ այդ պատճառով պետք է պատկերացնենք, որ կոալիցիան պետք է հիմնված լինի իրական պատասխանատվության վրա. «Այս դեպքում դիտարկենք ինչպես կլասիկ քաղաքական դաշտի ձեւավորման մեջ, ինչը կնշանակի՝ փոքրիկ կուսակցությունը փորձում է իր տեսլականները կյանքի կոչել: Ասում են՝ սահմանադրական բարեփոխումները եղել են մեր նախընտրական ծրագրի խնդիրը, մենք հասել ենք դրան: Միգուցե հույս ունեն նոր հաջողությունների, որ ապագայում իրենց ընտրողներին ասեն, թե մենք մի կուսակցություն ենք, որ մեր խոստումները կյանքի կոչենք»:

ՕԵԿ-ի մասին այլեւս չեն խոսում որպես քաղաքական դաշնակցի: Համարում են, որ այս կուսակցությունը հեղինակազրված է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր դաշտերում: Հիշեցնենք, որ ընդդիմադիր քառյակի ձեւավորման ժամանակ ՕԵԿ-ը ցանկացավ կազմել հնգյակ, բայց մերժվեց: ՕԵԿ-ը պատրաստվում է նոր անունով հանդես գալ՝ «Հայկական վերածնունդ» միավորում, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադիր է մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Նրանք համագործակցում են նաեւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ՝ հույս ունենալով մեծացնել քաղաքական հնարավորությունները:

Արա Աբրահամյանը Հայաստանում պիտի կուսակցություն հիմներ, սակայն այդպես էլ լուրջ առաջընթաց չունեցավ եւ դեռ հայտնի չէ նրա հետագա ճակատագիրը նաեւ «Հայկական վերածնունդ»-ի հետ հարաբերություններում: Norlur.am-ը գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ՝ գողական աշխարհում բավականին հայտնի եղած «Սվո Ռաֆի» թոռնուհին՝ Սառա Գասպարյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն եւ համագործակցելու է Ռուսաստանի հայերի միության նախագահի հետ, եւ վերջինիս միջոցով զգալի դերակատարություն է ունենալու հայաստանյան քաղաքական դաշտում: Արա Աբրահամյանի հետ համագործակցությունը պատահական չի ընտրված: Նա եւ Սառա Գասպարյանը քավոր-սանիկակական հարաբերությունների մեջ են: Նշենք, որ Սառա Գասպարյանը բավականին լուրջ կարողությունների տեր է եւ վճռական է տրամադրված: Նրա քաղաքականություն մուտք գործելու ցանկությունը որոշակիորեն անդրադարձել է նաեւ անձնական կյանքի վրա՝ քաղաքականություն մուտք գործելուն դեմ է եղել վերջինիս ամուսինը, ինչի պատճառով նրանք բաժանվել են: Ապահարզանի գործը ներկայումս դատարանում է: Ըստ շրջանառվող տեղեկությունների, Սառա Գասպարյանը բաժնեմաս ունի նաեւ ՀԷՑ-ում, որը ինչպես հայտնի է ձեռք է բերվել «Տաշիր գրուպի» կողմից: Նա նաեւ բաժնեմասեր ունի «Շանթ» գործարանում, եւ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգ»-ում…

Ինչ մնում է երբեւէ իշխանափոխության ելած ԲՀԿ-ին, որ այսօր շատ քիչ հնարավորությունների է տիրապետում, դեռ նոր բնույթի հայտարարություններ չկան: ԲՀԿ-ից ասել են, որ կոալիցիա մտնելու առաջարկ, չի եղել, չնայած որոշ աղբյուրներ հայտնում են, որ ակնարկներ եղել են ու եթե առաջարկ լինի, գուցե չեն մերժի:

ՀՅԴ-ի մասով չեն արտահայտվել, համարում են, որ դա իրենց գործն է, ամեն կուսակցություն իր ապագան ինքն է կերտում։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք չեն խանդում, ԲՀԿ-ական մի պատգամավոր պատասխանը եղել է. «Չէ, չէ, մենք հո աղջի՞կ չենք՝ խանդենք»։

Բայց բոլոր քաղաքական ուժերին մի բան է հատկապես հետաքրքրում այս կոալիցիայի կազմման հարցում: Արդյո՞ք ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համաձայնեցրել են Սերժ Սարգսյանի հետ իրենց քաղաքական քայլերը, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել ՀՀԿ-ի ներսում առկա դիմադրությունները մինչեւ նոր խորհրդարանական ընտրությունները:

Միանգամայն հավանական է, որ իրականում ՀՀԿ-ում իսկապես ոգեւորված չլինեն ՀՅԴ-ի հետ այսպիսի պայմանավորվածությամբ, հատկապես այն շրջանակները, որ ՀՀԿ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: Համենայնդեպս՝ այն շրջանակները, որոնք հավակնում են 2017թ. հետո վերցնել խորհրդարանն ու կառավարությունը՝ վարչապետի պաշտոնի հետ միասին, Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիան տեսնում են նման հեռանկարների համար լուրջ խոչընդոտ:

Չի բացառվում, որ սա ՀՀ 2-րդ նախագահի՝ իշխանության գալու 3-րդ փորձը լինի վերջին մեկ տարում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ասպարեզից խայտառակ հեռացումից եւ մոր մահվան պատճառով հետաձգված փորձերից հետո:

Չի բացառվում նաեւ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կփորձի թեկուզ ժամանակավորապես հայտնվելը նախագահի աթոռին… եթե, ինչպես ասում են, հաջողվի «ձիուց գցել» Սերժ Սարգսյանին: Զուր չեն այն խոսակցությունները, որ ներկայիս վարչապետի կադրերը ամենաառաջին փոփոխման ենթականերն են, անգամ վարչապետի փոփոխման խնդիր կա:

Այս պահին զարմանալի է, որ կուսակցապետ Նաիրա Զոհրաբյանը շատ կոպիտ է փակում ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու թեման. «Ես պարտավոր չեմ մամուլի՝ բացառապես սեփական հիվանդագին երեւակայություններով առաջնորդվող ինչ-ինչ վերլուծաբանների ամենօրյա գեղարվեստական մտորումներին պատասխանել»: Մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ-ի օրակարգում նման հարց չկա: ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին»:

Ինչ մնում է ՀՀ 1-ին նախագահին, ապա ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցության խնդիր չի դրվել, իսկ ԲՀԿ-ի հետ նոր քայլերը հստակեցված չեն: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որեւէ համագործակցություն չի կարող լինել իշխող ուժի հետ, ինչ քողի տակ էլ փորձեն երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Համենայնդեպս, ՀԱԿ-ը եւս պատրաստվում է 2017-ի ընտրություններին:

Գուցե ՀՀԿ երեկվա ԳՄ նիստը որոշ պարզաբանումներ մտցնի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։