Փրկու՞մ են, օգտվու՞մ, թե՞ իրենք են փրկվում – Քաղաքական դաշինքները բնականոն երեւույթներ են, եթե գործում են գրված պայմանավորվածությունները, ոչ թե չգրված… ու դաշինքը (կոալիցիա կոչվածը) բացառապես կերակրաման են ծառայեցնում…

Քաղաքական դաշինքները նորմալ բնականոն երեւույթներ են ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում: Նորմալ եւ բնականոն չէ, երբ հատկապես ներքաղաքական կյանքում դաշնակցում են, ապա բաժանվում ու վարկաբեկում միմյանց, հետո կրկին դաշնակցում: Չգիտեմ, թե դաշինքի սկզբունքները ինչպես են որոշվում, լինում են գրված եւ չգրված պայմանավորվածություններ, բայց չի կարող եռյակ կամ քառյակ դարձած իշխանական դաշինքը լուծարվել եւ պատասխանատվություն դրվել մեկի վրա, ով մնացել է իշխանության մեջ: Նույնը վերաբերում է ընդդիմությանը, ոչ մի տարբերություն:

Բոլորն էլ լավ հասկանում էին, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ՕԵԿ իշխանական դաշինքը առավելապես քաղաքական ու գաղափարական բնույթ ունի ՀՀԿ-ի ցեղակրոն-պահպանողական եւ ՀՅԴ-ի ազգային-հայդատական գաղափարների շնորհիվ (համենայնդեպս, կուսծրագրով այդպես է): Մյուս երկուսի գաղափարները ցայսօր դեռ ի հատ բերել է պետք: ԲՀԿ-ն դաշնակից էր դրամա-տնտեսական առումով, իսկ ՕԵԿ-ը՝ աշխարհա-քաղաքական: Հիմա կրկին խոսվում է քաղաքական դաշինքի, այսօրվա լեզվով ասած՝ կոալիցիայի կազմման մասին: Եվ ՀՀԿ վերնախավը հայտարարել է, որ «կուսակցությունը կանոններ ունի կոալիցիա կազմելու համար»:

«Կոալիցիայում ամենակարեւոր պահը պատասխանատվությունն է, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց մոտ զգան՝ նախքան իրավունքներից օգտվելը։ Մեր քաղաքական անցած ճանապարհը հուշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի պատասխանատվության բարձրացման վրա»,- խոսելով ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թիվ մեկ կանոնը այսպես է հրապարակել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Սա այն է, ինչ ասեցինք վերեւում՝ պատասխանատվությունը չի կարող լինել մեկի վրա, իսկ մյուսները միայն օգտվեն ու հետո դառնան «նեղացած ու ազնիվ ընդդիմադիր»…

«Իրավունքներից բոլորը կարող են օգտվել, պատասխանատվությունից խուսափել, բոլորին չէ, որ կհաջողվի այս պարագայում։ Ցանկացած քաղաքական ուժ միշտ կոալիցիայից դուրս գալու ճանապարհին մտածում է խուսափել պատասխանատվությունից՝ օգտված լինելով իրավունքներից։ Ովքեր դուրս են եկել, ասել են, թե իշխող քաղաքական ուժը այդ լծակներն իրենց չի վերապահել, բայց դա իրականությունից շատ հեռու է։ Այս անգամ կոալիցիա մտնելու առաջին նախապայմանը հենց դա պետք է լինի՝ պատասխանատվություն վերցնելը։ Բոլորս պետք է դաս քաղենք»,- եզրափակել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Դեռ ամիսներ առաջ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել էր, որ իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցի շուրջ բանակացություններ են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դաշնակցականի խոսքով՝ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձեւ կստանա, որովհետեւ դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում: Եղել է առաջարկությունը, եւ մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն նախ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որեւէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»,- նշել էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:

Բայց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից հետո ՀՅԴ-ն քննարկեց իշխանության հետ հնարավոր համագործակցության հարցերը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարության նշանակությունը: Հրանտ Մարգարյանը, բացի ակնկալվող դերակատարությունը, կարեւորեց նաեւ ՀՅԴ հայտնի 7 կետերի շուրջ արձանագրված դրական լուծումները եւ որոշակի քաղաքական ձեռքբերում որակեց նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման ձեւի եւ մի շարք կարեւորագույն քաղաքական խնդիրների շուրջ:

Վերջին օրերին ավելի կտրուկ եղան պարզաբանումները: Անգամ նշվեց, թե դեռեւս կոալիցիան չի ձեւավորվել, բայց Հանրապետականի եւ Դաշնակցության ջրերն արդեն մի առվով չեն հոսում: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իշխանությունը հեղինակազրկված է, դրա համար էլ իրենք գնում են դաշինքի, որ կարողանան կարգավորել շատ հարցեր:

Դաշնակցությունը համագործակցելու է, որպեսզի հեղինակազրկվածների որակն ու քաղաքականությունը փոխվի: Բայց իշխանության հետ համագործակցելու որոշումը մեծացրել է հակադաշնակցական տրամադրությունը. «Ես խնդիր չունեմ համոզել նրանց, ովքեր համոզված են հակադաշնակցական մոտեցումների մեջ: Այդ մարդկանց համար ուզում ես մատներդ մոմ արա եւ վառի, միեւնույն է, Դաշնակցությանը քարկոծելու են: Ոչինչ, ասում եմ, թող մեր վարկանիշի անկման հաշվին, բայց երկրի վիճակը շտկվի»,- ընդգծել է ՀՅԴ պատգամավորը:

Իհարկե, սա անպատասխան չէր մնալու, եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անակնալի գալով՝ լսելով, որ Հանրապետականի մասին ասել են հեղինակազրկված, պատասխանել է. «Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում է իշխանության համար, բայց ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, ամենաազդեցիկն է ու ամենավարկանիշային կազմակերպությունն է… Ինչպիսի՞ն կլինի համագործակցությունը, կլինի, թե չի լինի, շուտով կպարզվի»: Ինչ մնում է հեղինակազրկված ուժ լինելուն, Էդուարդ Շարմազանովը դիմեց Արմեն Ռուստամյանին. «Կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, զերծ մնալ զգացմունքային գնահատականներից, դրանից հետո երբեմն զղջում ես… պարզապես քաղաքականության մեջ արդեն փորձված եմ, որպեսզի այդ խայծը կուլ տամ… Իմ բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ իմ սիրելի, իմ հարգելի դաշնակցական Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել…»:

* * *

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանելով այն հարցին, թե ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջին հնարավոր պաշտոնյան ինքն է ճանաչվել, որպես Արմավիր մարզպետ, պատասխանեց. «Չկա նման բան, ապատեղեկատվություն է, դադարեցրեք, թողեք անցնեք մեր գործերին»… Խոսք կա, որ նա արդարադատության կամ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին է ձգտում…

Պաշտոն ունենալու մասին մի հարց էլ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս) են ուղղել, ով անակնկալի չգալով՝ չի բացառել, որ հենց ինքն էլ կդառնա Մարդու իրավունքների պաշտպան: Համենայնդեպս, իր համոզմամբ, այդ գործում շատ անելիք ունի. «Ում ուզեմ, ոնց ուզեմ, ըտենց կանեմ»…

Ի դեպ, ՄԻՊ-ի պաշտոնն ստանալու մասին խոսում են նաեւ ընդդիմադիրները, արծարծվում են Գագիկ Ջհանգիրյանի (ՀԱԿ) եւ Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») մասին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։