Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայաստանի սահմանադրական փոփոխությունները բոլորովին նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել երկրում:

Հայ Արիական Միաբանությունը միշտ է շեշտել, որ շուրջ 25 տարի Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախում) չի կայացել քաղաքական ինքնաբավ ոլորտը, որը անկախ քաղաքական հայացքների բազմազանությունից, պիտի լիներ հայրենակենտրոն եւ ազգամետ: Այսինքն՝ գոնե քաղաքական գործիչները պետք է տարբերակեն իշխանությունը պետությունից, պետությունը՝ հայրենիքից, զանգվածներին ու հանրությանն էլ՝ ժողովրդից, առավել եւս՝ ազգից:

1orhmerg-hayaryac

Բայց չկայացած իրավիճակում երբեւէ չեն կարող տարբերակել, առավել եւս փոխվել այն քաղաքական դերակատարները, ովքեր փոփնիփոխ իշխանություն են կամ ընդդիմություն: Հենց սա էլ հանգեցրել է լճացման՝ այլեւս ասելիք ու անելիք չունեն, բայց մնալու շա՜տ մեծ ցանկություն ունեն… Իսկ նույն կեցվածքի ու նմանատիպ գործելաոճի պայմաններում չի կարող երբեւէ թարմանալ, շնչել-առողջանալ քաղաքական դաշտը:

Եվ քաղաքականությունը Հայաստանում մեծածախ ու մանրածախ առեւտրի բնորոշիչներ է ձեռք բերել, ինչի չվերացման դեպքում այն կդառնա պետական ու ժողովրդական կեցակարգ: Չնայած արդեն այդ բնորոշիչների տարրերը թափանցել են համաժողովրդական ու համապետական նշանակության ամենատարբեր բնագավառներ եւ «կեցությունն է թելադրում գիտակցությունը» այստեղ վիրավորանք չի համարվում…

Կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցումը ոչինչ չի տա, եթե քաղաքական բարեփոխումները չհետեւեն սահմանադրական փոփոխություններին: Համակարգային փոփոխություններ են պետք համակարգերի փոփոխությունից հետո: Անգամ ընդգծված նախագահական համակարգի դեպքում (ինչն էլ պետք էր թշնամիներով շրջապատված այսօրվա Հայաստանին) ոչինչ չի փոխվի, եթե քաղաքական համարձակությունը չլինի իշխանության եւ ընդդիմության կողմնորոշիչը: Պետք է վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ, թարմություն եւ գաղափարաբանություն պիտի հաղորդել այդ վերակազմավորման ընթացքում: Մարդիկ այլեւս հոգնել են այս վիճակից, չեն փոխվել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ոլորտների «առաջատարները» տասնյակ տարիների ընթացքում: Անկախ այն հանգամանքից, թե ով է հակաիշխանական հանրահավաք կամ ցույց կազմակերպում՝ մարդիկ մասնակցում են ենթագիտակցորեն: Նրանց փոփոխություն է պետք, բայց անգամ չեն նկատում, որ հնին ներկայինով են փոխարինում ու նույն կոտրած տաշտակի առաջ են հայտնվելու: Սա էլ հենց չփոփոխվող իշխանություն եւ ընդդիմադիրի համագործակցության գերագույն նպատակն է: Սա է նախապայմանն այն նպատակի, որ միշտ միմյանց փոխարինելով (իշխանություն-ընդդիմություն անփոփոխ կազմով) բոլորը կմնան կուշտ ու անվնաս…

Իսկ չեն փոխվում, քանի որ ծայրահեղ անհանդուրժող են նորի, ավելի երիտասարդի կամ հստակ գործողի, ավելի ազգային մտադրությունների հետեւորդի ու գաղափարների տիրապետողի նկատմամբ: Այս ուժերը հասանելի չեն մեր բնակչության հիմնական մասին, առավել եւս սփյուռքահայությանը, քանի որ իշխանությունն ու ընդդիմությունն ամեն բան անում են, որպեսզի նման ուժերը զրկվեն ինքնուրույն գործելու եւ բարեփոխման տանող շարժեր անելու հնարավորություններից:

Սա շատ վատ է, քանի որ աշխարհը գնալով ազգայնանում է, ինչքան էլ աշխարհի տերերը խափում են մարդկությանը ժողովրդավարական շղարշով. իսկ մեր հին ու նոր իշխանությունն ու ընդդիմությունը ժողովրդավարանում կամ ազգայնանում է, երբ բոլորն այդ գործերն ավարտած են լինում… Եվ Հայաստանն ու հայությունը տարածաշրջանում կամ միջազգային հարթակներում մնում են որպես խաղաքարտ, ոչ թե վերածվում են խաղացողի…

Շուրջ 25 տարի Հայաստանմում նույն քաղաքական համակարգն է իշխում՝ ՀՀ 3 նախագահներն էլ նույն թիմից էին (գոնե մինչեւ վերջին ժամանակներս), որը պարզապես մասնատվել է իշխանությունը հավասարապես չբաժանելու պայմաններում: ՀՀ 3 նախագահներն էլ չեն փոխել իրենց քաղաքական ու գաղափարախոսական հայացքները, որոնցում կար եւ կա որոշակի տարբերակում: Այստեղ է, որ որոշակի տարբերություն է գործում, այն էլ արտաքին քաղաքական ասպարեզում, ներքին հարցերում ՀՀ 3 նախագահները գրեթե չեն տարբերվում: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ իշխանության պաշտոնյաների մեծամասնությունը աշխատել է դեռ 1-ին նախագահի ժամանակներում… Կան նաեւ պաշտոնյաներ, որ դեռ համայնավարական կարգերից են գալիս:

2018-ը սարերի հետեւում չէ, ինչն արդեն ոտքի է հանել (չնայած մինչ այդ էլ չեն թաքցրել) ՀՀ 1-ին եւ 2-րդ

նախագահներին: Իհարկե, սահմանադրական փոփոխություններին դեմ էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նախկին Սահմանադրության պայմաններում ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանն այլեւս մրցակից չէր լինում նրանց: Իսկ երկու բեւեռների դեպքում ավելի մեծ հնարավորություններ են ստանում երկու կողմերն էլ: Ընտրողները գրեթե կիսվում են… Իզուր չէ, որ գործող նախագահի սահմանադրական բարեփոխումների քայլը՝ քայլ ձիով համարեցին:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Միացյալ Նահանգներում ենթարկվեց աղիքային քաղցկեղի վիրահատության եւ լիովին կազմ ու պատրաստ կլինի 1 տարի անց: Կարծում եմ՝ նաեւ քաղաքական նպատակներին է ծառայել վիրահատությունը այդ երկրում, եւ ամերիկյան ուղղության հետ եղել են նախնական պայմանավորվածություններ: Սա նաեւ տրամաբանական է, քանի որ Եվրոպան ու Ռուսաստանը ՀԱԿ-ին այդպես էլ եղբայր չեղան: Իսկ միակողմանի քաղաքական գիծը նման է միաբեւեռ աշխարհի քաղաքականությանը: Համաշխարհային ոստիկանն է որոշում կարգն ու կանոնը:

Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Դաշնությունում իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Եվ հենց սա էլ ամենավտանգավորն է: Անգամ լավ լողացող ձուկը նույն ջրի շնաձկան համար սովորական կեր է: Եթե անգամ այս քաղաքականությունը Արեւմուտքին պատժելու եւ ինչ-որ բան հասկացնելու համար արվեց, ապա արվածն արված է:

Սերժ Սարգսյանը այս եռյակից միակն է, որ հաջողեց արտաքին քաղաքականության մեջ գործնականում կիրառել փոխլրացնող քաղաքականությունը: Այսինքն՝ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի շահերը հնարավորինս համադրվեցին Ռուսաստանի Դաշնության շահերի հետ Հայաստանում: Անգամ Չինաստանի շահերը համադրվեցին, այն երկրի, որը վաղուց համաշխարհային 3-րդ բեւեռը ստեղծելու կողմնակիցն է: Մասնավորապես՝ ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն համադրվեցին ԵՄ-ի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանում, մինչդեռ համաթուրքական ջանքերն ուղղված էին դրանց հակադրմանը: Իսկ այսօր Հայաստանը անգամ Իրանի ու Վրաստանի հետ կարող է տարանցիկ երկիր դառնալ Եվրոպայի համար… որոշակի նաեւ՝ Ռուսաստանի:

Այստեղ գործող նախագահին մրցակից չեն նախկին նախագահները միանշանակ: Սակայն, նաեւ Սերժ Սարգսյանի թույլ կողմն է ներքին ասպարեզը, հայության ներքին կյանքի կազմակերպումը…

Կրկին գալիս ենք վերեւում ասվածին՝ երկրի ներքին կյանքին առնչվում են մարդիկ, ովքեր պաշտոններ կամ բարձր դիրքեր են զբաղեցնում ՀՀ 1-ին նախագահի ժամանակներից սկսած: Կան որոշակի նոր դեմքեր, բայց դրանք կամ դերակատարում չունեն կամ էլ՝ եղել են նախկինում, բայց ավելի ցածր պաշտոններում:

Անբեկանելի է՝ Հայաստանի վերածնման ամենադժվար ժամանակներում, հայության ինքնահաստատման տարիներին երկրի ու բնակչության ունեցվածքը յուրացրածը, հետո թալանն ու ապօրինությունները շարունակածը եւ դեռ շարունակողը չի՛ կարող բարեփոխվվել, նմանի «բարեփոխումը»՝ պարզապես կամովին հեռանալը կլինի: 25 տարին քանի՞ 25 միլիոնատերի ծնեց աղքատ ու սոված Հայաստանում ու Արցախում (1991-ից սկսած):

Այսօր նոր աշխարհակարգ է ձեւավորվում, երկբեւեռ աշխարհ է առաջանում: Պարտականություններն ու իրավունքները թարմացվում են, օդում կախված պահանջները՝ նույնպես: Ազգայնացող աշխարհը ավելի կտրուկ քայլերի է գնալու: Միայն մեր բանակով հնարավոր չէ դիմակայել համաշխարհային փոփոխություններին: Դեռ լավ է, որ հայոց հաղթական բանակ ունենք, եւ այդ մի ուղղությունը հստակորեն պաշտպանված է… Մեր քաղաքական, հանրային, իրավական, սոցիալ-տնտեսական, լեզվա-մշակութային եւ մյուս ոլորտները դեռ չունեն մեր զինուժի պես հզոր ոգի ու հնարավորություններ: Իսկ թշնամին արտաքին ուղղությունը հանգիստ է թողել եւ մեր ներքին կյանքում է մեզ հաղթում, եւ՝ առանց մի կրակոցի: Դեռ Ալեն Դալեսի՝ 1945-ին ԱՄՆ-ի կոնգրեսում հնչեցրած աշխարհը անբարոյականացնելու, ապազգայնացնելու … գրավելու հանրահայտ ծրագիրն է իշխում: Բայց կործանման գնալու ճաքեր է տալիս…

Վստահ եմ, նոր ընտրությունները այս անգամ էլ կընթանան (հուսանք՝ վերջին անգամ) ՀՀ 3 նախագահների թիմերի մենամարտով, մյուսները հավասարազոր ուժեր չեն լինի: Թե ով կհաղթի, գուցե մինչեւ ընտրություններն էլ պարզ լինի, բայց գոնե պետք է իրական բարեփոխումների տանող քայլեր արվեն:

Ի վերջո, ՀՀ 3 նախագահներն էլ մոտենում են տարիքային մի սահմանագծի, որ պիտի մտածեն ազգի ու հայրենիքի ապագայի մասին: Մի համեմատություն կանեմ, որը գուցե տեղին չդիտվի, բայց նմանություն տեսնում եմ:

Ամբողջ կյանքը սփյուռքում ապրած հայը մահանալուց խնդրանք, անգամ կտակ է թողնում, որ իր անկենդան մարմինը թաղեն հայրենիքում, որ Հայաստանի հողը գրկի իրեն… Երբ կգա պատասխանատու քաղաքականությունից հեռանալու ժամանակը, ապա կարելի է որպես երկրի նախագահ մի գործ, մի քայլ անել, որն ազգի ու հայրենիքի համար ճակատագրական նշանակություն կունենա… Իհարկե, դրական փոփոխություն բերող ճակատագրի մասին է խոսքը:

Թե չէ ժամանակին ինչպես մեռած սփյուռքահայի վրա էին զայրանում հայաստանցիները՝ թե «եղբայրական գերեզմանոց են սարքել, Հայաստան գալիս են միայն մեռնելուց հետո…», մինչեւ կանոնավորվեց հայաստանցի ու սփյուռքահայ հավատի եզրը.. այդպես էլ կլինի ՀՀ նախագահների համար…

Հայաստանի քաղաքական դաշտի ձեւավորումը խիստ անհրաժեշտ է: Խոսքը դրա արհեստական ստեղծման կամ ստիպողաբար կանոնակարգելու մասին չէ: Իրավական կարգավորում է անհրաժեշտ: Հայաստանում կարող են լինել (իրականում էլ այդպես է) քաղաքական ու գաղափարախոսական 5-6 ուղղություններ, որոնք առողջ մրցապայքարում կարող են ուշքի բերել հանրությանը եւ ինքնակազմակերպել ազգը: Այսօրվա աշխարհի հետ քայլելով եւ մեր երկրի գաղափարա-քաղաքական իրավիճակը հաշվի առնելով՝ քաղաքական նույնաբնույթ ուժերը պետք է միավորվեն: Ավելի քան 70 կուսակցություն կա (ժամանակին 100-ն անցել էր), բայց ընդամենը մի ձեռքի մատների վրա հաշվվող գաղափարներ են ամփոփված դրանցում: Լավ՝ գոնե 70-ի 0-ն կարելի է հանել…

Սկսենք այն բանից, որ դեռ կան համայնավարական պատկերացումների հետեւորդներ, կան ժողովրդավարներ (երեւի 70-ից ավելի կուսակցությունների 90%-ը այդ գաղափարներն է դավանում), եղել ու մնում են հայ ազգայնականները, նաեւ կան ժողովրդավարների ու ազգայնականների «ոսկե միջինը» ընկալողներ, որոնց կոչենք ազգայիններ կամ հայրենասերներ, կան նաեւ պահպանողականներ, որ փորձում են հայոց նախաքրիստոնեական ու քրիստոնեական պատմական հատվածները միակցել, այս ուժերի մեջ կարելի է առանձնացնել ինչպես ազատական եւ ընկերվարական տնտեսական, այնպես էլ արիադավան-հեթանոսական եւ քրիստոնեական հավատի ուղղությունները: Մի բան ավել կամ պակաս ասվածը կարելի է միշտ լրացնել:

34

Ուղղակի պիտի հիշել, որ Հայաստանի քաղաքական ու հասարակական ոլորտները պետք է լծվեն հայրենակենտրոն ու ազդամետ գործին եւ օտարի որեւէ դրամավարկային հրահանգ կամ դրամաշնորհային օժանդակություն պիտի պատժվի անվարան:

Որ ուժը ինչպես է պատկերացնում Հայաստանի հզորացումն ու հայության միասնականացումը, այդպես էլ պիտի աշխատի, աշխարհի ավելի քան 200 երկրներում եւս կան քաղաքական ուժեր, որոնք աչքի են ընկնում բազմազանությամբ ու կարող են ազգային ու պետական շահերը ներառել կուսակցական շահերի առաջնային հարցերում:

Քաղաքականությունը արտաքին եւ ներքին է զուտ հարաբերականորեն՝ պետական գործերի բազմազանությունը կանոնակարգելու առումով:

Եվ իրականում չկա հաջողված արտաքին քաղաքական գիծ տանող կամ ներքին քաղաքականությունում ճանաչված գործիչ, առհասարակ քաղաքականությունը մի բան է նշանակում, պետության եւ քաղաքացու խնդիրների համադրում, որը ապագա սերունդներին կայուն պետություն եւ ապագ հզոր հայրենիք է փոխանցում:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 4 (394), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։