Շաբաթվա մարզական հեւքից – մարզաշխարհի խաչմերուկներում…

Ընդդեմ՝ Զիկա վիրուսի եւ Ռիոյի օլիմպիադայի

ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն հաղորդել է, որ ամերիկացի մարզիկները հնարավոր է բաց թողնեն Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերը, եթե Զիկա վիրուսի վտանգը վերացված չլինի: Մարզական բոլոր ֆեդերացիաներն արդեն համապատասխան հանձնարարականները ստացել են: Ավելի վաղ՝ «Ռիո-2016»-ի կազմկոմիտեն նշել էր, որ հետեւում է Բրազիլիայում վիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին: Կազմկոմիտեի տնօրեն Մարիո Անդրադան հայտարարել է, որ իրենք կհետեւեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ցուցումներին՝ կապված համաճարակի հետ:

Այդուհանդերձ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ Զիկան մոլորակի լավագույն մարզիկներին չի խանգարի մասնակցել 2016թ. Օլիմպիական խաղերին: Նրա խոսքերով՝ խնդրի լուծման համար դեռ ժամանակ կա: Հիշեցնենք, որ հիվանդության բռնկման դեպքեր են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արեւմտյան կիսագնդում վիրուսը շատ ավելի արագ է տարածվում: Այս տարի հիվանդության դեպքեր են արձանագրվել 33 երկրում: Բրազիլիայում վիրուսի տարածողը «Aedes aegypti» մոծակն է: Իշխանությունները հատուկ արշավ են իրականացնում, որպեսզի համոզեն բնակչությանը՝ ամեն օր ստուգվելու ու մոծակների բեղմնավորման հնարավոր վայրերը ոչնչացնելու համար:

Կմասնակցենք 2 մարզիկով  

Նորվեգական Լիլեհամերում կայանալիք պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով երկրներ: 71 երկրներ են ցանկություն հայտնել մասնակցելու այդ ստուգատեսին, որոնցից 7-ն առաջին անգամ են հայտ ներկայացրել: Դրանք են Կիպրոսը, ՀԱՀ-ը, Արեւելյան Թիմորը, Նեպալը, Քենիան, Լիբիան եւ Ջամայկան: Ըստ նախնական տվյալների, բոլորից շատ մասնակիցներ կունենան Նորվեգիան՝ 73, Ռուսաստանը՝ 67, ԱՄՆ-ն՝ 58, Կանադան՝ 50: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ, մեր երկիրն այդ խաղերին կմասնակցի 2 մարզիկով՝ Անաստասիա Գալուստյան, Միքայել Միքայելյան:

Բասկետբոլի մարզչական սեմինար՝ Երեւանում

Հայաստանի ԱՕԿ-ը ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ կանցկացնի մարզաձեւի մարզչական սեմինար: Այն կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը:

59-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը: Այն կկայանա փետրվարի 15-20-ը:

Նաեւ շախմատի Եվրոպայի առաջնություն

2016թ. շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երեւանում: Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի 2 տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների եւ 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 փուլում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 10 հազար եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգեւատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը:  Պարգեւավճարը՝ 22,500 դոլար

Գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ միջազգային հուշամրցաշարը տեղի կունենա այս տարվա հունիսի 15-25-ը, Ջերմուկում: Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով, մրցանակային հիմնադրամը կազմում է 22,500 դոլար: Դրամական պարգեւ կստանան 1-15-րդ տեղերը:

Ի դեպ, հուշամրցաշարի կազմակերպիչները 2601-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին եւ 2451-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհիներին տրամադրելու է գիշերելու անվճար սենյակներ: Հավելենք, որ վաղամեռիկ տաղանդավոր Կարեն Ասրյանի 1-ին հուշամրցաշարն անցկացվել է 2008թ., որն ավարտվել է Լեւոն Արոնյանի հաղթանակով:

Աշխարհի չեմպիոնը կխաղա Անտարկտիդայում

Աշխարհի ամենացուրտ մայրցամաքում՝ Անտարկտիդայում, առաջին անգամ կանցկացվի շախմատի միջազգային մրցամարտ: Այդ մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան: Այն կազմակերպելու է Չիլիի շախմատի ֆեդերացիան: Մրցամարտին մասնակցելու են աշխարհի եռակի չեմպիոն, չինուհի Հոու Յիֆանը եւ Չիլիի ուժեղագույն շախմատիստ, գրոսմայստեր Քրիստոբալ Էնրիկեսը:

Մրցամարտը նախատեսված է անցկացնել առաջիկա կիրակի օրը, Անտարկտիդայի չիլիական տարածքում գտնվող բեւեռային կայանում: Ինչպես նշում են չիլիական լրատվամիջոցները, այդ մրցամարտը նվիրված է Մագելանի նեղուցի հայտնաբերման 500-ամյակին:

Facebook-ում հնարավոր է գաղտնի շախմատ խաղալ

Ֆ/բ սոցիալական ցանցի օգտատերերը բջջային մեսենջերի օգնությամբ կարող են «գաղտնի» շախմատ խաղալ:

Մինչ այդ չբացահայտված ֆունկցիայի մասին ներկայացրել է Tech Insider-ը:

Խաղը սկսելու համար անհրաժեշտ է բացել ենթադրյալ «հակառակորդի» հետ մեսենջերային հաղորդագրությունների պատուհանիկը, այնուհետեւ անհրաժեշտ @fbchess play հրահանգը տալ: Զրույցի պատուհանում բացվում է շախմատային տախտակը: Երկխոսությունն սկսած խաղացողը կխաղա սպիտակ քարերով: Շախմատը կարելի է կառավարել նաեւ տեքստային հրահանգների միջոցով. առաջ շարժվելու համար տեքստի դաշտում պետք է գրել @fbchess եւ համապատասխան կոորդինատները, որի վրա պետք է տեղաշարժել քարը:

Արթուրը եւ Սյուզին՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկներ

Հայազգի բռնցքամարտիկը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ:

35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ:

Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Նա նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Գերմանիայի WBA վարկածներով լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել նաեւ գերմանահայ Սյուզի Կենտիկյանը:

Հենրիխը՝ գոլային փոխանցումների առաջատար

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կատարած 17 գոլային փոխանցումներով գլխավորում է Եվրոպայի բոլոր մրցաշարերի արդյունքների ընդհանուր աղյուսակը:

Հայ ֆուտբոլիստը 9 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում՝ Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում՝ Եվրոպայի որակավորման փուլում եւ 2 գոլային փոխանցում՝ Գերմանիայի գավաթի առաջնությունում:

2-րդ եւ 3-րդ տեղը 16 գոլային փոխանցումներով կիսում են Նեյմարը՝ «Բարսելոնա»-ից եւ Մեսութ Օզիլը՝ «Արսենալ»-ից: 4-րդ եւ 5-րդ տեղերը 12 գոլային փոխանցումներով բաժանել են Քեվին Դե Բրյունեն՝ «Մանչեսթեր Սիթի»-ից եւ Անխել Դի Մարիան՝ «ՊՍԺ»-ից:

Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանի 20 տուրից հետո լավագույն ցուցանիշն ունի ըստ Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի:

20 փուլի արդյունքներով Մխիթարյանի միջին գնահատականը 8,0 է: 2-րդ տեղում «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան է` 7,9 գնահատականով: 20 փուլից հետո լավագույնների հավաքականում 3-ական ներկայացուցիչ ունեն «Բավարիա»-ն եւ Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Մարզահավաք է…

Հայաստանի ֆուտզալի հավաքականը փետրվարի 8-10-ը մարզական հավաք անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների՝ Հարություն Հարությունյան – Չարբախ, Հակոբ Լոբասյան – ՀՊՏՀ, Դավիթ Ջիլավյան – ՀՊՏՀ, Գրիգոր Կապուկրանյան – Չարբախ, Սարո Մարդանյա – Չարբախ, Հենրիկ Գրիգորյան – Չարբախ, Անդրանիկ Սարգսյան – Չարբախ, Սարգիս Նասիբյան – Չարբախ, Գարեգին Մաշումյան – Չարբախ, Էդգար Կիրակոսյան – Չարբախ, Վահե Միրաքյան – Չարբախ, Սարո Գալստյան – ՀՊՏՀ, Հակոբ Դոքմանյան – ՀՊՏՀ, Անդրանիկ Կարապետյան – ՀՊՏՀ, Գոռ Սարգսյան – ՀՊՏՀ, Արա Մկրչյան – Գյումրի, Տիգրան Դավթյան – Գյումրի, Էդուարդ Մկրտչյան – ՎՊՀ, Արտուշ Քերոբյան – ՎՊՀ, Ռուբեն Հանեսյան – Մետալուրգ, Վարդան Ղուկասյան – Առխիզ (Սարատով, Ռուսաստան), Բորիս Վարդանյան – Վոլգա (Սարատով, Ռուսաստան):

Վարդան Մինասյանն էլ միացավ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը միացել է Գյումրիում ապրող անօթեւաններին բնակարանով ապահովելու նպատակով անցկացվող դրամահավաքին եւ բարեգործական աճուրդին ներկայացրել է ազգային հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ՝ իր մակագրությամբ: «Սոցիալական ցանցերից եւ կայքերից տեղեկացա այս հրաշալի նախաձեռնության մասին եւ անմիջապես որոշեցի արձագանքել: Մեր բոլորիս պարտքն է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելը: Կոչ եմ անում մարզաշխարհի մյուս ներկայացուցիչներին եւս միանալ դրամահավաքին եւ օգնել, որպեսզի 13 ընտանիք վերջապես ձեռք բերի ընտանեկան երջանկությունը եւ սեփական բնակարանը»,- այս կապակցությամբ Mediamax Sport-ին ասել է Վարդան Մինասյանը: Մեր տեղեկություններով, անվանի մի շարք մարզիկներ եւս միացել են դրամահավաքին:

Հիշեցնենք, որ այս մարզչի օրոք էր, որ Հայաստանի ազգային հավաքականը փայլուն խաղ էր ցուցադրում, եւ միայն որոշ մրցավարների կողմնակալ խախտումների պատճառով մեր ազգային հավաքականը չկարողացավ մասնակցել Բրազիլիայի աշխարհի առաջնությանը:

«Ալաշկերտ»-ը հաղթել է Թուրքիայում

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատարը՝ Երեւանի «Ալաշկերտ»-ը, Թուրքիայում նախատեսված ուսումնամարզական հավաքի շրջանակներում առաջին խաղում ուժերը չափեց Հունգարիայի 2-րդ լիգայի մասնակից «Շիոֆոկ»-ի հետ:

Խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2:1: Հաջորդ խաղը մեր առաջատարը կանցկացնի Հունգարիայի 2-րդ լիգայի ետնապահ «Շորոկսար»-ի հետ:

Երեւանի «Փյունիկ»-ը մարզվում է Կիպրոսում

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը մեկնել է Կիպրոս՝ Այա Նապայում երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի: Դրա ընթացքում «Փյունիկ»-ը նախատեսել է 4 ընկերական հանդիպում, որոնցից առաջինը կկայանա Բելառուսի Սոլիգորսկի «Շախտյոր»-ի հետ:

Մարզիչ Սարգիս Հովսեփյանի սաները միանգամից 2 ստուգողական հանդիպում կանցկացնեն փետրվարի 15-ին, նախ՝ Չերկասիի «Դնեպր»-ի, ապա՝ տեղի «Էթնիկոս Ախնայի» հետ: Վերջին մրցակիցը կլինի ռուսական «Վոլգա» թիմը, որի հետ կհանդիպեն փետրվարի 21-ին:

«Արարատ»-ում փոփոխություններ են

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող Երեւանի «Արարատ»-ի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, ով վերջերս էր պայմանագիր կնքել ակումբի հետ, իր նախաձեռնությամբ խզել է այն: Միաժամանակ «Արարատ» է վերադարձել կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով վերջերս փորձաշրջան էր անցնում պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» ակումբում:

«Արարատ»-ն ու «Բանանց»-ը արտերկրում ավարտել են իրենց ուսումնամարզական հավաքները եւ արդեն Երեւանում են:

«Գանձասար-Կապան»-ի ծրագրերը փոխեցին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող «Գանձասար-Կապան»-ն առաջին հանդիպումն անցկացրեց այս տարում՝ ստուգողական խաղում մրցելով «Փյունիկ»-ի հետ (0:3): «Կապանում հավաք անցկացնելու ժամանակ 2 ստուգողական հանդիպում էինք նախատեսել, սակայն եղանակային պայմանների պատճառով դրանք չկարողացանք անցկացնել»,- հանդիպումից հետո ասել է կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը: Փորձառու մասնագետն ընդհանուր առմամբ գոհ է թիմի նախապատրաստական փուլից: «Առաջիկայում թիմը մարզվելու է Երեւանում, իսկ փետրվարի կեսերին ընկերական խաղում մրցելու է «Արարատ»-ի հետ:

Ինչպես պարզվել է, «Գանձասար-Կապան»-ն այս ձմռանը կանցկացնի արտասահմանյան մեկ ուսումնամարզական հավաք, չնայած ակումբի ղեկավարությունը նախապես նշել էր, որ թիմը պատրաստվելու է հանրապետությունում: «Հայաստանի առաջնության խաղերը սպասարկող մրցավարները փետրվարի 14-ին մեկնելու են Կրասնոդար՝ ուսհավաք անցկացնելու: Մենք որոշեցինք նրանց հետ մեկնել նույն մարզաբազա, որտեղ ռուսական շատ թիմեր այժմ հավաքներ են անցկացնում: Այնտեղ նախատեսել ենք 3 ընկերական հանդիպում: Փետրվարի 24-ին կվերադառնանք Հայաստան եւ կսկսենք պատրաստվել առաջնության խաղին»,- ասել է մարզիչը:

«Ուլիս»-ը չի շարունակի ելույթները

«Ուլիս» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել, որ թիմը չի շարունակի ելույթները Հայաստանի առաջնությունում: «Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին թիմը հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Հեռացան բոլոր արտասահմանցիները: Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին 3 հանդիպումներում էլ «Ուլիս»-ը հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս-2»-ի ֆուտբոլիստներով:

Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների, տարբեր կազմակերպությունների հետ՝ թիմի ելույթները առաջնության 2-րդ հատվածում ապահովելու համար, սակայն, ամեն ինչ ապարդյուն… Իհարկե, ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն, ինչ տեղի ունեցավ 2015թ. վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին թիմի աշխատակիցներ: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում, ըստ մարզչի, դեռ մտածում էին, որ կշարունակեն խաղալ: Չստացվեց, եւ նա ստիպված էր հայտարարել, որ «Ուլիս»-ը չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում:

ՀՖՖ-ն «Ուլիս»-ին տուգանեց 1,1 մլն. դրամով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 1,1 մլն դրամով տուգանել է բարձրագույն խմբից դուրս մնացած «Ուլիս» ֆուտբոլային ակումբին: Կարգապահական կոմիտեի նիստին քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ.Կազանչյանի գրությունը եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Ա.Ազարյանի ծառայողական գրությունը: Կոմիտեի որոշմամբ «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» եւ «Ուլիս-2» թիմերը հանվել են առաջնություններից, դրանց մնացած խաղերում գրանցվել է տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 500 հազար դրամով: Արտոնագրման բաժնի հաշվետվության արդյունքում հետ է կանչվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի արտոնագրերը՝ վերջինիս միաժամանակ տուգանելով 600 հազար դրամով:

Կանայք փորձել են հարաբերություններ պարզել մարզադաշտում

Ֆուտբոլի Ֆրանսիայի կանանց առաջնության 2-րդ դիվիզիոնի «Բորդո»-«Ռուան» խաղին հանդիսականները տարօրինակ միջադեպի ականատես են դարձել: Հանդիպման 67-րդ րոպեին թիմերի 2 ֆուտբոլիստուհիներ մոռանալով, թե ինչի համար են մտել խաղադաշտ, սկսել են պարզել իրենց արտաֆուտբոլային հարաբերությունները: Մրցավարը ստիպված դադարեցրել է խաղը եւ զբաղվել կռվարարներին հանգստացնելով: Որոշ ժամանակ անց մրցավարը վերսկսել է հանդիպումը եւ հասցրել ավարտին:

Ի վերջո, գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 3:3:

Սեռական սկանդալ՝ բուլղարական սպորտում…

Սոֆիայի ԲԿՄԱ սպորտային ակումբի ձյուդոյի եւ սամբոյի մարզիչ Սիմեոն Ցենեւը մեղադրվում է իր անչափահաս սաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Ինչպես հայտնում է «Տելեգրաֆ» հանդեսը, սկանդալը թափ է հավաքել դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ մարզուհիների ծնողները իմանալով կատարվածի մասին, ցանկացել են հաշվեհարդար տեսնել 65-ամյա մարզչից:

Ներկայումս քրեական գործ է հարուցվել Սիմեոն Ցենեւի դեմ, 4 մարզուհիներ կոնկրետ մեղադրանքներ են ներկայացրել իրենց մարզչի դեմ: Վերջինս հայտարարել է, որ ինքը հայրաբար է վերաբերվել իր սաներին, ոչ մի ավելորդություն թույլ չի տվել եւ միայն մեկ-մեկ համբուրել է նրանց որպես իր զավակների: Լրատվամիջոցը նաեւ հայտնում է, որ մասնագետը ամուսնացած է եւ ունի 2 աղջիկ:

Ձյուդոյի լեգեոնականը ձախողվեց

Հայաստանի ձյուդոյիստներն ավարտեցին ելույթները Փարիզի Մեծ սաղավարտի մրցաշարում: Վերջինը տատամի մտավ մեր ընտրանու լեգեոնական, 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը:

25-ամյա ռուս ձյուդոյիստն անհաջող հանդես եկավ եւ արդեն առաջին մենամարտում մաքուր զիջեց խորվաթ Զլատկո Կումրիչին: Նշենք, որ նա մեր հավաքականի կազմում անցկացրեց թվով 6-րդ մրցամարտը եւ կրեց 6-րդ պարտությունը: Փարիզում ելույթ ունեցած մեր մյուս 3 ձյուդոյիստներին՝ Հովհաննես Դավթյանին, Ֆերդինանդ Կարապետյանին եւ ժաննա Ստանկեւիչին, նույնպես չհաջովեց զբաղեցնել մրցանակային տեղ: Հովհաննես Դավթյանը գրավեց 5-րդ տեղը, չնայած կարող էր պայքարել մեդալի համար, բայց 4 անընդմեջ հաղթանակներից հետո ցավալի պարտություն կրեց: Կանանց մրցաշարում հայտավորված մեր միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը, եւս անհաջողության մատնվեց:

Հայկական պարային զույգը՝ «Bavarian open»-ում

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, որը ներկայացնում է Հայաստանը, կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին: Պարային զույգը Եվրոպայի առաջնությանը զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը, հրավեր ստացավ մասնակցելու բավարական մրցաշարին: Պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն եւս 17 զույգ: «Bavarian Open»-ը կկայանա փետրվարի 17- 21-ին:

Մեկնարկեց «Խազարի գավաթ-2016»-ը

Փետրվարի 11-ին Իրանում մեկնարկել է «Խազարի գավաթ-2016» մրցաշարը, որին մասնակցելու են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, ինչպես եւ Սարգիս Մկրտչյանն ու Հովհաննես Հակոբյանը:

ՀՄՖ-ն խոստանում է անել ավելին

ՀՀ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ, ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը ՀՄՖ նիստում ներկայացրել է 2015թ. արված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես՝ հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նախորդ տարվա մարզական եւ զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել ու մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների համար անցկացվել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային եւ հեծանվահրապարակային մարզաձեւերով:

Հայաստանի ՀՄՖ-ն աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաեւ եվրոպական ու աշխարհի առաջնությունների՝ եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոն:

«Մեր Էդգար Ստեփանյանն անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015թ. նման արդյունք չի գրանցել: Ընդ որում՝ սա մարզաձեւի առաջին ոսկե մեդալն էր Հայաստանի ամբողջ մարզական պատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանը) Եվրոպայի առաջնությունից»,- hայտարարել է ֆեդերացիայի նախագահը:

Մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում, Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, Համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձեւի մասսայականության առումով հատկապես կարեւորվել է սեպտեմբերի 18-ին ԱԺ հետ համատեղ կազմակերպած՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ հեծանվորդներ:

Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը:

Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015թ. կազմել է 17 մլն. դրամ, որը ներդրվել է մարզաձեւի զարգացման ամենահրատապ ուղղություններով: Պատասխանատուները վստահեցրել էեն մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռք բերածով եւ այս տարի կանի ավելին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» շաբաթաթերթ

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։