Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում -

Արծաթե եւ բրոնզե մեդալներ՝ Եվրոպայից

Հունգարիայի Գիոր քաղաքում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվեց Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային էին հրացան եւ ատրճանակ մեծահասակների վարժությունները՝ յուրաքանչյուր ձեւից խաղարկվում էր 3-ական վարկանիշ՝ կանանց եւ տղամարդկանց համար: Հայաստանից մասնակցեց 14 մարզիկ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Մեր երկիրը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պատվիրակությամբ առաջին անգամ էր մասնակցում: Ցավոք, հայ մարզիկներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգրեր:

Մեր ներկայացուցիչները նախ վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցեցին թիմային բրոնզե մեդալ, ապա վազող թիրախ՝ խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով գրավեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե պարգեւի:

Հայաստանի արծաթե պարային զույգը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հաջող հանդես եկավ գեղասահքի «Բավարիա Օփեն» մրցաշարում: Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակելով 54,98 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը: Ազատ ծրագրում նրանք նույնպես ցույց տվեցին 2-րդ արդյունքը՝ 85,18: Այդպիսով, Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ընդհանուր հաշվարկով վաստակեցին 140,16 միավոր եւ գրավեցին 2-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Պենի Կումս-Նիկոլաս Բուքլենդ բրիտանական զույգը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր՝ 165,68 միավոր: Ադրբեջանը ներկայացնող Վարվարա Օգլոբինա-Միխայիլ Ժիրնով զույգը գրավեց վերջին՝ 12-րդ տեղը:

Արթուրը եւ Սյուզին՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկներ

Հայազգի բռնցքամարտիկը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ:

35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ: Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին՝ Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Նա նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Նշենք նաեւ, որ WBA վարկածներով լավագույնն է ճանաչվել է մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանը:

Արթուրը պատրաստ է մենամարտել Ֆյոդոր Չուդինովի հետ

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի մինչեւ 76,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA-ի վարկածով «գերչեմպիոնի» կոչման նախկին տիրակալ Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտով: Ռուս բռնցքամարտիկը կորցրել է կոչումը՝ մրցավարների որոշմամբ զիջելով գերմանացի Ֆելիքս Շտուրմին, ինչն առաջացրել է Չուդինովի բողոքը: Վերջինիս մարզիչը բողոքարկել է մրցավարների որոշումը:

«Չուդինովը լավ մրցակից է, եւ մենք հիմա էլ քննարկում ենք նրա հետ մենամարտելու հնարավորության հարցը»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Ավելացնենք, որ 35-ամյա հայ բռնցքամարտիկի առաջիկա մրցակիցը մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսն է:  Հայաստանի ծանրամարտի չեմպիոնները հայտնի են

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականների գլխավոր մարզիչները նշել էին, որ երկրի առաջնությունն ընտրական է լինելու ու դրա արդյունքներով որոշվելու են Եվրոպայի առաջնության մասնակիցները: Եվ ահա, հայտնի են ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները: Կանանց պայքարում մրցում էր 27 մարզուհի 7 քաշային կարգերի մեդալների հավաքածուների համար: Առաջնությանը չմասնակցեց 69 կիլոգրամ քաշային Մելինե Դալուզյանը, ով դեռ չի վերականգնվել ձեռքի վնասվածքից: Կանանց մրցաշարում հաղթողներ են դարձել Երանուհի Պետրոսյանը (48 կգ), Աննա Գովելյանը (53 կգ), Աղունիկ Հակոբյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի ծանրորդներ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը եւ Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը չմասնակցեցին երկրի առաջնությանը. առաջինը դեռ նոր է ապաքինվել վնասվածքից, իսկ երկրորդը ցանկություն էր հայտնել չմասնակցել: Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ մարտին հատուկ ստուգատես կանցկացվի այս քաշային կարգի 3 ուժեղագույն ծանրորդների՝ Տիգրան Մարտիրոսյանի, Առաքել Միրզոյանի եւ Անդրանիկ Կարապետյանի համար, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնի Հայաստանը:

Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը չեմպիոններն են Դավիթ Դավայանը (56 կգ), Սմբատ Մարգարյանը (62 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (86 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (94 կգ), գերծանր՝ 105 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը, իսկ 105+ քաշային կարգի չեմպիոնը Սիմոն Մարտիրոսյանն է:

Մեր ծանրորդները 3 մեդալ նվաճեցին ԱՄՆ-ում

Հյուսթոնում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները միասին վաստակեցին ընդամենը 3 փոքր մեդալ: Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 57 երկրների մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը, կանանցը՝ 19-րդը (59 երկրների մեջ):

Նշենք, որ նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը 411 կգ արդյունքով գրավեց մրցանակային 2-րդ տեղը:

Հայ ըմբիշները՝ Կիեւի մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մասնակցել են Ուկրաինայի անվանի մարզիկներին ու մարզիչներին նվիրված միջազգային 20-րդ մրցաշարին: Հայ ըմբիշներին՝ Վալոդյա Ֆրանգուլյանին (61 կգ) եւ Վալտեր Մարգարյանին (70 կգ) հաջողվեց 2 բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի միակ ձյուդոյիստը ձախողեց Ավստրիայում

Ավստրիական Օբերվարտում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի բաց խաղարկությունում Հայաստանից մասնակցել է միայն 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը: Մեր հավաքականի նորեկը առաջին մարտում հաղթելով անգոլացի մրցակցին՝ մտել է 1/8 եզրափակիչ, սակայն այս փուլում զիջել է չինացի Կայ Հուին եւ դուրս մնացել պայքարից:

Իտալիայում կայացած կանանց նմանատիպ մրցաշարում, ինչպեսեւ Իսպանիայում անցկացված Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում մեր ձյուդոյի ֆեդերացիան ոչ մեկին չէր գործուղել:

Առաջնությունները մեկնարկեցին

ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզապալատում (նախկին՝ «Միկա») մեկնարկեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երեւանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի եւ ԼՂՀ ուժեղագույն մարզիկ-մարզուհիների:

Պայքարի մեջ են մտել նաեւ երիտասարդներն ու կանայք:

Հենրիխը՝ գոլային փոխանցումների առաջատար

Գերմանիայի Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերջերս կատարած 17 գոլային փոխանցումներով գլխավորում էր Եվրոպայի բոլոր մրցաշարերի արդյունքների ընդհանուր աղյուսակը:

Հայ ֆուտբոլիստը 9 գոլային փոխանցում էր կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում՝ Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում՝ Եվրոպայի որակավորման փուլում եւ 2 գոլային փոխանցում՝ Գերմանիայի գավաթի առաջնությունում:

2-րդ եւ 3-րդ տեղը 16 գոլային փոխանցումներով կիսում են Նեյմարը՝ «Բարսելոնա»-ից եւ Մեսութ Օզիլը՝ «Արսենալ»-ից: 4-րդ եւ 5-րդ տեղերը 12 գոլային փոխանցումներով բաժանել են Քեվին Դե Բրյունեն՝ «Մանչեսթեր Սիթի»-ից եւ Անխել Դի Մարիան՝ «ՊՍԺ»-ից:

Հենրիխ Մխիթարյանը նաեւ Եվրոպայի լավագույն 5-ակում է հայտնվել՝ մի շարք չափորոշիչների միջին հաշվարկով:

Հենրիխ Մխիթարյանի խաղը կդիտեն 208 երկրում

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» կատարմամբ տեղի կունենա հերթական DerKlassiker-ը: Այն թվով 94-րդն է: «Բավարիան» առայժմ մեծ առավելություն ունի «Բորուսիա»-ի նկատմամբ՝ 42 հաղթանակ 23-ի դիմաց, գնդակները՝ 175-116:

Ընթացիկ մրցաշրջանում 2 թիմերն էլ ֆանտաստիկ արդյունավետություն են ցույց տալիս: «Բորուսիա»-ն ու «Բավարիա»-ն միասին արդեն խփել են 194 գոլ (103+91): Կողմերը չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը միայն 3 խաղերում: «Բորուսիա»-ն տարել է 12 խոշոր հաշվով հաղթանակ, իսկ «Բավարիա»-ն՝ 13: Ընթացիկ առաջնության առաջին շրջանում թիմերի միջեւ կայացած հանդիպումն ավարտվել էր մյունխենցիների խոշոր հաղթանակով՝ 5:1, որն էլ առավելություն է տալիս նրանց այդ ցուցանիշով: Այդ խաղից հետո կողմերը Բունդեսլիգայում անցկացրել են 16-ական հանդիպում: «Բավարիա»-ն դրանցում կորցրել է 10, իսկ «Բորուսիա»-ն՝ 8 միավոր: Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 5 միավոր: Եթե դորտմունդցիները ռեւանշի հասնեն մյունխենցիների նկատմամբ, ապա պայքարն առաջին տեղի համար ավելի կսրվի, իսկ հակառակ դեպքում չեմպիոնական մրցավազքը կկորցնի հետաքրքրությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Բորուսիա»-ի» այս խաղի նախնական կազմում: Գերմանական լրատվամիջոցները հարցազրույցներ են անկացրել մեր ֆուտբոլիստի հետ, քանի որ նրան համարում են DerKlassiker-ի գլխավոր դերակատարներից մեկը: Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ քանի դեռ հնարավորություն կա գրավելու առաջին տեղը, ինքը եւ իր խաղընկերները մինջեւ վերջ պայքարելու են դրա համար: Ի դեպ, «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումը ուղիղ եթերով ցուցադրվելու է աշխարհի 208 երկրներում, ինչը նոր ռեկորդ է DerKlassiker-ի պատմության մեջ:

«Արարատ»-ը պարտվեց «Նյու Յորք Կոսմոսին»

Երեւանի «Արարատ»-ը ստուգողական հերթական խաղում պարտվել է «Նյու Յորք Կոսմոս» հանրահայտ թիմին:

Խաղը տեղի է ունեցել ամերիկյան Գլենդորա քաղաքի «Ցիտրուս» մարզադաշտում: Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացել է «Նյու Յուրք Կոսմոսի» զիմբաբվեցի հարձակվող Լակի Մկոսանին, իսկ ընդմիջումից հետո ուրուգվայցի Սեբաստիան Գենզատին կրկնապատկել է այն:

Այդպիսով, «Արարատ»-ը 0:2 հաշվով պարտություն կրեց ԱՄՆ-ում անցկացրած երկրորդ ստուգողական խաղում: Մինչ այդ արարատցիները նվազագույն հաշվով հաղթել էին «Ֆրեզնո» թիմին:

Հաջորդ խաղը «Արարատ»-ը կանցկացնի փետրվարի 23-ին, հարավկորեական «Սունամի» հետ:

«Շիրակ»-ը 9:1 հաշվով ջախջախել է մրցակցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մասնակից Գյումրիի «Շիրակ»-ն այսօր անցկացրել է առաջին ստուգողական հանդիպումը Ռուսաստանում, որտեղ այժմ ուսհավաք է կազմակերպում: Գյումրեցիները մրցել են Սոչիի հավաքական թիմի հետ եւ հաղթել 9:1 գերխոշոր հաշվով։ «Շիրակ»-ի կազմում 2-ական գոլ են խփել Դավիթ Հակոբյանը, Դրիսա Դիարասուբան, Ռումյան Հովսեփյանը, 1-ական՝ Արամ Մուրադյանը, Վահան Բիչախչյանը եւ Օդիլոն Կուակուն։

Հաջորդ ստուգողական խաղը «Շիրակ»-ը կանցկացնի փետրվարի 23-ին, Ռուսաստանի պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուֆայի» հետ:

Վարուժան Սուքիասյանը նոր հավաքական է ստեղծում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 4-6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքի վերջում մեր ընտրանին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ: Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է միայն ՀՀ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների: Ահա նրանք.

Դարպասապահներ` Արսեն Բեգլարյան` «Միկա», Գեւորգ Պռազյան` «Արարատ», Գոռ Մանուկյան` «Փյունիկ»,

Պաշտպաններ` Նորայր Գրիգորյան` «Արարատ», Վարազդատ Հարոյան` «Փյունիկ», Տարոն Ոսկանյան «Փյունիկ», Արթուր Քարտաշյան` «Փյունիկ», Արտակ Եդիգարյան`«Ալաշկերտ», Սերգեյ Ավագիմյան` «Արարատ», Րաֆֆի Կայա` «Արարատ», Լեւոն Հայրապետյան` «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան` «Փյունիկ»

Կիսապաշտպաններ` Դավիթ Մանոյան`«Փյունիկ», Դավիթ Հակոբյան`«Շիրակ», Տիգրան Բարսեղյան` «Գանձասար», Բենիկ Հովհաննիսյան` «Արարատ», Զավեն Բադոյան` «Բանանց», Նաիրի Մինասյան` «Բանանց»

Հարձակվողներ` Վարդան Պողոսյան` «Փյունիկ», Միհրան Մանասյան` «Ալաշկերտ», Էրիկ Պետրոսյան` «Փյունիկ», Գեւորգ Նռանյան` «Արարատ»:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի նախորդ ուսհավաքին հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում են դարպասապահ Գեւորգ Կասպարովը, կիսապաշտպաններ Արթուր Յուսպաշյանն ու Արտակ Գրիգորյանը:

Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների հանդիպումը՝ մարտի 6-ին

Մարտի 4-ին, Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները սկսել են մարզական հավաքները ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 6-ին, ժամը 18:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ստուգողական հանդիպում Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների միջև: Հանդիպման մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

«Բանանց»-ը հաղթեց հանրապետության չեմպիոնին

«Կամաց-կամաց ձգտում ենք իսպանական ձեռագիր հաղորդել «Բանանց»-ին, բայց դրա համար դեռ շատ փոփոխություններ պետք է անենք: Համենայնդեպս, մասնագետներն արդեն բարձր են գնահատում թիմի խաղը» – այսօր վերսկսած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղից հետո ասաց «Բանանց»-ի իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն: Կադրային լուրջ փոփոխություն կրած «Բանանց»-ը 16-րդ փուլի խաղում 2:1 հաշվով հաղթեց հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ին, ընդ որում նրա իսկ հարկի տակ: Դա Տիտո Ռամալյոյի սաներին հնարավորություն տվեց կրճատելու միավորների տարբերությունը 4-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ի նկատմամբ, որն այսօր հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել է մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ին:

«Բանանց»-ն անցած տարվա համեմատ բավականին լուրջ փոփոխություններ է կրել: Թիմը համալրվել է որակյալ լեգեոնականներով, որոնք էլ իրենց անհատական վարպետությամբ վճռեցին խաղի ելքը: Մեզ հիմնականում չհաջողվեց իրացնել գոլային պահերը, որն առաջին հերթին կապված է երկարատեւ ընդմիջման հետ: Հետագայում ամեն ինչ կմտնի իր հունի մեջ»,– «Բանանց»-ից կրած պարտությունից հետո ասաց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

ՖԻՖԱ-ն 108 միլիոնի վնաս է կրել

Ֆուտբոլի միջազգային միությունն արտահերթ համաժողով անցկացրեց Ցյուրիխում, որի ժամանակ ընտրվեց կազմակերպության նոր նախագահ: Ի դեպ, ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված անկախ հետազոտությունների կոմիտեի ներկայացուցիչ Սուկետու Պատելը հայտարարել է, որ կազմակերպությունը ֆինանսական լուրջ կորուստ է կրել 2015թ.: «Վերջին 20 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն առաջին անգամ վնասով է փակել տարին: Այն կազմել է մոտ 108 մլն դոլար: Կազմակերպությունը կորցրել է իր վստահությունը, որի արդյունքում պակասել են ներդրողների թիվը եւ հովանավորները»,- ասել է նա:

Հիշեցենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում էին 5 հոգի: Նրանցից ֆավորիտներ էին համարվում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն եւ շեյխ Սալման ալ Խալիֆան, ով ներկայացնում է Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիան: ՖԻՖԱ-ի անդամ 209 երկրներից ընտրությանը մասնակցել են 207-ը (Քուվեյթն ու Հորդանանը զրկվել են այդ իրավունքից):

…«Միասնական թեկնածուի մասին Մուտկոյի խոսքերը շատերի դիրքորոշումն են արտահայտում»

Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան պաշտպանել է մեծ թվով ֆեդերացիաների՝ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում մեկ միասնական թեկնածուի շուրջ միավորվելու գաղափարը: Ավելի վաղ այն առաջ էր քաշել ՌԴ սպորտի նախարար, ՌՖՄ նախագահ Վիտալի Մուտկոն՝ ենթադրելով, որ Ալ-Խալիֆան ընտրություններում կարող է միանալ Ջաննի Ինֆանտինոյի հետ: Հիշեցնենք, որ առաջինն ստացել է Ասիայի ու Աֆրիկայի, իսկ երկրորդը՝ Եվրոպայի աջակցությունը:

«Միասնական թեկնածուի մասին Մուտկոյի խոսքերը շատերի դիրքորոշումն են արտահայտում,- Սալմանի խոսքերը մեջբերել է AP-ն:- Դա կարելի է անել ազգային ֆեդերացիաների շնորհիվ: Նրանք կարող են պայմանավորվել: Եվրոպան հետապնդում է իր շահերը, և մենք պատրաստ ենք երկխոսության: Միայն ես չեմ որոշում կայացնողը: Հիմա իմ գործընկերն Աֆրիկան է, եւ ես հետագա քայլերի հարցում կխորհրդակցեմ Աֆրիկայի ներկայացուցիչների հետ»: Ալ-Խալիֆայից ու Ինֆանտինոյից բացի, ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

…«Ողջ աշխարհին ցույց կտամ, որ ֆուտբոլի թեկնածուն եմ, այլ ոչ թե Եվրոպայի»

ՖԻՖԱ-ի նոր նախագահ Ջաննի Ինֆանտինոն պատմել է այն մասին, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Ես համաձայն չեմ, որ ֆուտբոլը հիմա բաժանված է: Սրանք ընտրություններ էին, այլ ոչ թե պատերազմ: Ընտրություններում դուք պարտվում կամ հաղթում եք, բայց կյանքը շարունակվում է: Շատ ընկերներ ունեմ Աֆրիկայում, այնտեղ շատ երկրներ եմ այցելել, ուստի բոլորի հետ էլ գերազանց փոխհարաբերություններ ունեմ: Ես հույսեր եմ կապում նրանց, ինչպես նաև Ասիայի, Օվկիանայի, Ամերիկայի ու Եվրոպայի հետ, որպեսզի միասին աշխատենք: Մենք միասին կաշխատենք, և ես աշխարհին ցույց կտամ, որ ոչ թե Եվրոպայի, այլ ֆուտբոլի թեկնածուն եմ, իսկ այն ունիվերսալ է: Այստեղ ենք՝ հանուն ֆուտբոլի աշխատելու, այլ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու համար:

ՖԻՖԱ-ի նոր գլխավոր քարտուղարի մասին

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մի շարք թեկնածուներ ունեմ: Դա կորոշի կազմակերպության խորհուրդը: Դա շատ կարեւոր պաշտոն է, եւ ես շատ եմ ուզում, որ այն ուժեղ մարդ զբաղեցնի: Արդեն ասել եմ, որ եթե նախագահ դառնամ, գլխավոր քարտուղարը Եվրոպայից չի լինի:

ՖԻՖԱ-ի նախագահին առաջինը քննադատեց հայրենակիցը

Իտալական «Պալերմո» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մաուրիցիո Ձամպարինին քննադատել է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոյին: «Համակարգը մնացել է նու,յնը: Նոր նախագահը եղել է նախկին բյուրոկրատիայի մի մասնիկը եւ նա ոչին չի փոխելու: Այդ պաշտոնում նրան են ընտրել, քանի որ շեյխից ավելի շատ ձայներ է գնել: Ես չեմ վախենում: Ուրախ կլինեմ, եթե ինձ պատժեն այդ խոսքերիս համար: Դա մեծ պատիվ կլինի իմ համար» – ասել է իտալացի ֆուտբոլային այրը:

Ի դեպ, Ջանի Ինֆանտինոն չնայած շվեյցարացի է, սակայն արմատներով Իտալիայից է սերում եւ համարվում է այդ երկրի քաղաքացին:

Ջանի Ինֆանտինոյին փոխարինեց Թեոդոր Թեոդորիսը

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է, որ միության նախկին գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին, որը լքել է այդ պաշտոնը ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելու պատճառով, փոխարինելու է հույն Թեոդոր Թեոդորիսը:

Ինչպես տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլի միության կայքէջը, 50-ամյա ֆուտբոլային գործիչն ՈՒԵՖԱ-ում աշխատում է 2008 թվականից, իսկ մինչ այդ եղել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու աշխատակիցներից մեկը: Թեոդոր Թեոդորիսը սերում է ֆուտբոլային ընտանիքից, քանի որ նրա հայրն արդեն երկար ժամանակ է հանդիսանում է Պիրեյի «Օլիմպիակոս» ակումբի փոխնախագահը:

Գլխավոր մարզիչները հրապարակեցին վերջնական կազմերը

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչները հրապարակեցին թիմերի վերջնական կազմերը, որոնք հանդես կգան այս տարվա Եվրոպայի առաջնությանը, որը կկայանան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, մարտի 8-13-ը: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն եվրոստուգատեսին մասնակցելու համար հրավիրել է 7 ըմբիշի՝ Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Դավիթ Սաֆարյանին (70 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Շամիր Աթյանին (86 կգ), Անդրանիկ Գալստյանին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ): Մինչեւ Լատվիա մեկնելը հավաքականը նախապատրաստական փուլ կանցկացնի Բելառուսում, որտեղ թիմի հետ կլինեն նաեւ Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Էդգար Ենոքյանը եւ Մուսա Մուրթազալիեւը, որոնք շարունակում են նախապատրաստվել վարկանիշային մրցաշարերին:

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Ռիգայի առաջնությունում վստահել է հետեւյալ ըմբիշներին. Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (130 կգ): Փետրվարի 25-ին մեր ըմբիշները նույնպես կմեկնեն բելառուսական Ստայկի, որտեղ կանցկացնեն նախապատրաստական վերջին փուլը:

Հայ շախմատիստների ելույթները Բունդեսլիգայում

Հանգստյան օրերին կայացան Բունդեսլիգայի հերթական հանդիպումները, որոնց մասնակցում էին նաեւ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: «Բեռլին» ակումբը գլխավորող Մելքումյանն իր 2 խաղերն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը հանդես էին գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում: Նրանք երկուսն էլ խաղացին մեկ խաղ. Մովսիսյանը 8-րդ տուրում հաղթեց Չոարա Անդրեյ-Նեստորին, իսկ Արոնյանը պարտվեց Ռիչարդ Ռապորտին:

Կասպարովը պատասխանել է Կրամնիկին

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը պատասխանել է իր իրավահաջորդի՝ Վլադիմիր Կրամնիկի այն մեղադրանքին, ըստ որի ամերիկացիների կողմից ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի նկատմամբ կիրառված սահմանափակումների ետեւում կանգնած է հենց 13-րդ չեմպիոնը: «Վլադիմիր Կրամնիկի նման մեկնաբանությունը, որը ինձ է մեղավոր դարձնում Իլյումժինովի կաշառակերության համար, հերթական անգամ ապացուցում է, որ շախմատային բարձր ունակությունները դեռեւս չեն խոսում մարդու բարձր կրթվածության մասին: Պուտինյան Ռուսաստանի այն սովորությունը, երբ սեփական սխալները պատճառաբանում են միայն արտաքին գործոններով, այնքան վարակիչ է դարձել, որ անգամ դրանից հեռու չի կարողացել մնալ Շվեյցարիայում ապրող Կրամնիկը»,- ասել է Գարի Կասպարովը:

Թենիսի Հայաստանի հավաքականը պարտվեց Մակեդոնիային

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտությունով սկսեց ելույթները Էստոնիայում ընթացող Դեւիսի գավաթի խաղարկության եվրոպական 3-րդ գոտու մրցաշարը: Մեր թենիսիստներն առաջին տուրում ուժերը չափեցին Մակեդոնիայի ազգային թիմի հետ: Առաջին մենախաղում Միքայել Խաչատրյանը 4:6, 0:6 հաշվով պարտվեց Դիմիտար Գրաբուլին: Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանը տանուլ տվեց Տոմիսլավ Յոլովսկուն՝ 4:6, 2:6:

Զուգախաղերում Հայաստանի հավաքականը ներկայացնող Միքայել Ավետիսյան-Հենրիկ Նիկողոսյան երկյակը 1:6, 4:6 հաշվով զիջեց Դիմիտար Գրաբուլ- Տոմիսլավ Յոլովսկի զույգին: Այդպիսով, մրցաշարի անդրանիկ տուրում մեր հավաքականը պարտվեց 0:3 ընդհանուր հաշվով:

Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ, որն այսօր 3:0 հաշվով առավելության է հասել Ալբանիայի ազգային թիմի նկատմամբ:

Հ.Գ. – Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը կպայքարի 9-12-րդ տեղերի համար – Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում Դևիսի գավաթի խաղարկությունը: Հայաստանի ընտրանին հերթական խաղում մրցում էր Ալբանիայի թիմի հետ: Միքայել Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով հաղթեց Էրբեր Սուլստարովային, այնուհետ Միքայել Ավետիսյանը երեք սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով պարտվեց Ֆլավիո Դեսին: Իսկ ահա զուգախաղում Ավետիսյան-Խաչատրյան զույգը 6:2, 6:2 հաշվով պարտության մատնեց Դես-Սուպեջա զույգին:

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները Դեւիսի գավաթի խաղարկության խմբային փուլում: Այդպիսով, Հայաստանի հավաքականը ընտրական Բ ենթախմբում վաստակեց 3 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Մեր թենիսիստները կպայքարեն 9-12-րդ տեղերի համար: Հայաստանի ընտրանու հավանական մրցակիցներից են Անդորան, Սան Մարինոն կամ Լիխտենշտայնը: Դևիսի գավաթի խաղարկության նախորդ 2 խաղում մեր հավաքականը զիջել է Մակեդոնիայի եւ Իռլանդիայի թիմերին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                  «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։