Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

«…Արայի պաշտամունքը ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել հին աշխարհի բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների դիցարանում»:

Արչիբալդ Սեյս

Վստահ կարող ենք ասել՝ Պորտասարի 12.000 տարեկան ծիսական համալիրի առկայությունը հաստատում է, որ Հայկ Նահապետի ժամանակաշրջանում կրոնական ընկալումներն արդեն ունեին կանոնակարգված դոգմատիկ լուծում: Մեր նախնիները ստեղծել են ծանրակշիռ դիցաբանական մշակույթ, որն իր ստեղծման վայրից՝ Հայքից տարածվել է աշխարհի չորս կողմերը եւ ստացել իր յուրօրինակ զարգացումները՝ ըստ կոնկրետ էթնոխմբի կրոնական պատկերացումների: Մեր նախնիների թողած դավանաբանական ժառանգության մասին կարող ենք դատել այն գրավոր նյութերից, որոնք պահպանված են շումերական, աքքադական, հուրրիական, խեթական եւ այլ արձանագրություններում:

Այսպես. հելլենական աշխարհում հայոց դիցական համակագը ներկայացվել է Արեսի, Հերմեսի, Էրոսի, Մակեդոնիայում՝ Արասի, Իրանում՝ Ահրումազդայի, Հռոմում՝ Մարսի եւ Միթրայի, գերմանացիների մոտ՝ Էրթագի, սլավոնների մոտ՝ Յարիլոի, Հնդկաստանում՝ Ռամի, Եգիպտոսում՝ Ռաի, Խեթերի մոտ՝ Արա-ի, Ասորեստանում՝ Արա-ի, Բաբելոնում՝ Արիաի, Լիդիայում՝ Արմասի միջոցով:

Նկատի պետք է ունենանք, որ նոր միջավայրում մեր գլխավոր աստծո նկարագրում պահպանվել են առանցքային մի քանի էլեմենտներ: Հիշեցման կարգով նշեմ, որ Հայոց արեւապաշտական հավատքի եւ համակարգի մասին կարող ենք դատել նաեւ ըստ Հին կտակարանի. Հայկը մոնոֆիզիտ Նոյի հինգերորդ սերունդն էր եւ, որպես ժառանգություն, Նոյից ստացել է Մեծ Լույս կամ Արեւ տիտղոսը եւ մոնոֆիզիտական ուսմունքը, որպես բարձրագույն իրավունք, Հայկը փոխանցել է իր ժառանգորդներին:

Մեծ լույս կամ Արեւ տիտղոսից եւ մոնոֆիզիտական ուսմունքից զատ արեւապաշտական դավանաբանական ժառանգության հաջորդ գլխավոր երեւույթը «անմահների երկիր» ձեւակերպումն է՝ ըստ շումերական կոչվող մշակույթի:

Դիցական հանրահայտ հերոսներից առաջինը Գիլգամեշն է Հայոց աշխարհում փնտրում «անմահության ծաղիկը», իսկ վերջին հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին էր, ով նույնպես անմահություն էր փնտրում:

5000 տարվա հնություն ունեցող այս փաստերը հաստատում են Հայոց աշխարհի եւ արեւապաշտական անմահության երեւույթի դոգմատիկ լինելու հանգամանքը։

Եվս մեկ անգամ հիշենք. Հայկ նահապետի նախնիներն են Նոյը, Հաբեթը, Գամերը, Թիրասը, Թորգոմը: Հայկի սերունդն է Արամանյակը, Արամայիսը, Ամասիան, Գեղամը, Հարման, Արամը, Արա Գեղեցիկը: Հայոց ազգադիր Հայկի թողած դավանաբանական ժառանգությամբ մենք մոնոֆիզիտ ենք եւ կրում ենք Մեծ լույս կամ արեւ տիտղոսը: Այդ ժառանգությունը որոշակի դիցաբանական փոփոխություններով մեզ է հասել հետեւյալ անցումներով՝ Հայկից մինչեւ տրոյական պատերազմ:  Համաձայն ավանդույթի՝ սա աստվածների պատերազմ էր, այս պատերազմում Հայկի՝ Մեծ Արեւ կամ Լույս տիտղոսը կրելու հայության իրավունքը պաշտպանում էր Զայրմայրը (տես «Իլիական»-ը եւ հայկական մշակույթը, «Լուսանցք» թիվ 37, 38, 39 (123, 124, 125) 2009թ.), Ուրարտական շրջան, այնուհետեւ Հայ Արիքի համադաշնություն եւ Ավեսթայի ընդունումը՝ որպես նոր ուսմունքի, ապա՝ Ավեսթայի մերժում եւ քրիստոնեության ընդունում: Արեւապաշտական դիցարանների պետական ժառանգականությունը այսպիսին է՝ Արատտա, Հայասա, Ուրարտու, Հայ Արիք, Հայք:

Հասկանալով Հայոց աշխարհի եւ արեւապաշտական անմահության երեւույթի դոգմատիկ լինելու հանգամանքը, հայոց պետական կազմավորումների, ինչպես նաեւ հայոց արեւապաշտական դիցարանների փաստը՝ շեշտենք. մեր դիցարանը անմահների՛ դիցարան է եւ մեր դիցարանում չեն եղել մեռնող-հառնող աստվածներ, սակայն մեր մշակույթի մեջ ունենք չորս հերոս, որոնք կապված են մեռնելու գաղափարի հետ: Նրանք են էպոսի դիցական հերոս Մհերը, պատմական հերոս Արա Գեղեցիկը, Ավեսթայի աստված Միհրը եւ հայոց թագաժառանգ Արտավազդը: Էպոսի Մհերը փակվում է եւ քնած է, տարվա մեջ մի քանի անգամ է արթնանում, Արա Գեղեցիկը զոհվում է, Միհրը հռոմեական համակարգում զոհաբերում է իր խորհրդանշան ցուլին, Արտավազը հոր անեծքով փակվում է Մասիսի վիհերից մեկում: Բացառությամբ մի քանի պատառիկների, ցավոք, մեր մշակույթի միջոցով մեզ չեն փոխանցվել ամբողջական առասպելներ եւ տվյալներ, ինչն էլ ստեղծում է դժվարություններ մեր նախնյաց արեւապաշտական համակարգը հասկանալու եւ վերականգնելու համար:

Առաջին անգամ մեր դիցարանի գոյության մասին տեղեկանում ենք խեթական արքա՝ Մուրսիլիս II-ի եւ Հայասայի արքա Աննիայի միջեւ (Ք.ա. 1322-1321թթ.) կնքված պայմանագրից: Սա այս պահին միակ հնագույն գրավոր աղբյուրն է, որից տեղեկանում ենք մեր դիցարանի մասին ուղղակիորեն, որտեղ նշված են աստվածություններ եւ նրանց պաշտամունքային կենտրոնները: Ըստ այս պայմանագրի՝ Հայասայի դիցարանը գլխավորել է «անդրաշխարհի տիրակալ» dU.GUR գաղափարագրով (խեթական տեքստերում շեշտվում է Հայասայի dU.GUR) հանդես եկած աստվածությունը եւ d IŠTAR-ը՝ աստվածուհին: Այստեղ նշեմ. հայոց արեւապաշտական կրոնական համակարգի մեջ անդրաշխարհը գլխավորող գործողությունների վայր չէ, սակայն ծիսական գործողության առումով անտեսված չէ։

Պայմանագիր ստորագրող կողմերը dU.GUR եւ d IŠTAR գաղափարագրերի տակ նկատի են ունեցել երկու հայկական աստվածություններ, որտեղ dU.GUR–ը իրականցնում է առաջին Աստծո, իսկ d IŠTAR-ը առաջին Աստվածուհու գործառույթը: Բնականաբար, միայն հնագույն հավատալիքների կոնտեքստում է հնարավոր հասկանալ եւ ընկալել հայասական dU.GUR-ի դերը Մուրսիլիս II-ի եւ Հայասայի արքա Աննիայի միջեւ կնքված պայմանագրում: Կնքված պայմանագրի համաձայն, dU.GUR Հայասայի աստվածությունը սկզբունքորեն անջատվում է խեթական եւ աքքադական dU.GUR-ի աստվածություններից։ Իսկ ինչու՞ են կողմերը շեշտում dU.GUR աստվածություններին: Այդ տարբերությունը մեր ուսումնասիրողների համար պարզ չէ, սակայն տարիների ընթացքում իմ պրպտումները սկզբունքորեն տվել են այդ հարցի պատասխանը, որ dU. GUR-ը Էա Հայա աստծո առաջին զավակն է (տե՛ս Հայա աստծո գենեզիսը, «Լուսանցք» թիվ 39-42 (170-173), 2010թ.):

Եթե շատ հակիրճ մատնանշեմ դիցաբանական անցումները, ապա պատկերն այսպիսին է. Արարչի զավակ առաքյալ Էա Հայան ստեղծեց մարդուն եւ տվեց նրան լույս Էա Հայայի ժառանգ, Ադապը դարձավ լույս գաղափարի կրողը եւ պահապանը: Նա այս իրավունքը փոխանցեց իր ժառանգներին, ովքեր շումերական մշակույթից մեզ հայտնի են որպես նախաջրհեղեղյան ութ կառավարիչներ։ Ջրհեղեղի ժամանակ վերջին ութերորդ կառավարիչը՝ արքա Ուբարտուտուն, Նոյին փոխանցեց Մեծ լույս կամ արեւ տիտղոսը, ով իր հերթին այն փոխանցեց Հայկին։ Հայկի եւ Բելի ճակատամարտից հետո Հայկը Մեծ լույս կամ արեւ տիտղոսը փոխանցեց նախաջրհեղեղյան վերջին կառավարիչ՝ արքա Ուբարտուտուի զավակ Արամին: Արամը Հայկ եւ Բելի ճակատամարտի ժամանակ պաշտպանում էր Հայկին (տես՝ «Արեւապաշտական Տիեզերաշինություն», մաս 4-րդ, Դյուցազնամարտեր. Հայկ եւ Բել «Լուսանցք» թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.):

Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը եւ ապահովեց Ար քաղաքակրթության շարունակականությունը ջրհեղեցից հետո:

Արամի եւ Արամանյակի տանդեմի համագործակցությամբ, ջրհեղեցից հետո ձեւավորվեց Ար քաղաքակրթության միջուկը՝ Հայք հայոց նոր պետությունը: Ըստ իմ եզրահանգման՝ նախաջրհղեղյան արեւապաշտական հավատքի գերակայության երեւույթը Հայկի հաղթանակով դիցականացավ եւ Էա Հայա աստծո առաջին զավակ dU. GUR-ը հայոց արեւապաշտական դիցարանում գահին բարձրացավ արդեն, որպես բարձրագույն աստված՝ «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» նշանաբանով:

Եվ չի բացառվում, որ ի հիշատակ նախաջրհեղեղյան վերջին կառավարիչ՝ արքա Ուբարտուտուի զավակ Արամի եւ Հայկյան Արամանյակի, շումերական աքքադական մշակույթից մեզ հայտնի Մաշուի լեռը կոչվեց Արարատ:

Խեթերը շեշտել են, որ հայասական dU.GUR -ի առանձնահատուկ լինելը հայասական dU.GUR-ի կինն է. d I TAR-ը, մեր ընկումներով, «շումերական» Ինաննան է, ով համարժեք է հայկական Անահիտին, (տես՝ Կ. Մելիք-Փաշայան, «Անահիտ դիցուհու պաշտամունքը» գրքում, Երեւան, 1963թ.): Այն փաստը, որ dU.GUR-ի կինը d I TAR-ն է (Ինաննա, հայկական Անահիտ), տալիս է մի շարք հարցերի պատասխանը: Նախ, նորից շեշտեմ, dU.GUR-ը Արարչի զավակ՝ առաքյալ Էա Հայաի առաջին զավակն է, նա ժառանգն էր Էա Հայա աստծո՝ եւ՛ բոլոր իրավունքների եւ՛ որպես տարածաշրջանում ամենահեղինակավոր աստվածություն, առաջնորդում էր արեւապաշտական դիցարանը:

Նա է անդրաշխարհում ապահովում Արեւ՝ dUTU-ի կամ ութի կամ գնացող վերադարձողի «անվտանգությունը», որը մենք ընկալում ենք որպես «Աստծո հուրը մեզ վերադարձնի, նաեւ լույս, ջերմություն տա»: «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա» դարձվածքը դոգմատիկ է եւ հենց այս դոգմատիկ դարձվածքն է եւս մեկ անգամ հստակ մատնանշում հայասական dU.GUR-ի առանձնահատուկ լինելը տարածաշրջանում։ Նշեմ նաեւ, շումերական եւ աքքադական դավանաբանական պատկերացումների մեջ անդրաշխարհը գտնվում էր Եփրատի եւ Տիգրիսի սրբազան ակունքների մոտ, որտեղ ծագում եւ մայր էր մտնում Արեւը՝ dUTU-ն կամ ութը կամ գնացող վերադարձողը: Մեր դիցաբանական մշակույթից գիտենք, որ Անահիտը (Ինաննան, d I TAR) Արամազդի կամ Հայասայի dU.GUR-ի կինն է:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա, 02. 02. 2016թ.

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։