Աշխատանքային խորհրդակցություններին հետեւելիս – Երեւանի քաղաքապետը շեշտադրում է «մեսիջները»… Հայաստանն ամեն օր պատրաստ է պատերազմի – Ըստ պաշտպանության նախարարի՝ 2 գործոն կա, որն ապահովում է հայկական զինուժի հաղթական ելքը…

Փետրվարի 25-ին, 27-ին եւ 29-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգայանը որոշակի շեշտադրումներ արեց: Օրինակ, քաղաքապետը պահանջեց հետեւողական լինել՝ աշխատակազմի գործուղումների գործընթացի նկատմամբ: Սա մի թեմա է, որ հանրության համար շատ ցավոտ է: Հասարակությունը միշտ ուզում է իմանալ, թե պետական այրերը ուր են գնում, ինչքան գումար ծախսում եւ ինչ ուղղությամբ, բայց այդ հարցադրումները միշտ կամ անպատասխան են մնում, կամ, լավագույն դեպքում, թերի պարզաբանվում:

Քաղաքապետը այլ լուծում է առաջարկում՝ այն է՝ թեման լայն բացել կամ՝ հանրությանը ներկայացնել անգամ արարողակարգային նրբություններ՝ շահարկումների տեղիք չտալու համար. «Գործուղումները պետք է լինեն նպատակային: Այս հարցում ակնկալում եմ շատ հստակ մոտեցում: Քույր ու գործընկեր քաղաքներ գործուղվող մեր աշխատակիցների առջեւ խնդիր դրեք, որ երկու քաղաքների միջեւ ստորագրված համաձայնագրի կետերի շրջանակում նախանշված ծրագրերի մասով հենց տեղերում փորձեն առավել գործնական ընթացք տալ հարաբերությունների խորացմանը: Գործուղումները պետք է լինեն առավել արդյունավետ… Կարող ենք արձանագրել, որ նկատելի է արտաքին կապերի վարչության ակտիվ գործունեությունը Երեւանի 50 քույր եւ գործընկեր քաղաքների հետ, բայց 2016թ. ակնկալում եմ ստորագրված համաձայնագրերով եւ պայմանագրերով նախանշված ծրագրերի կյանքի կոչման հարցում լինել ավելի հետեւողական: Բացի այդ, պարբերաբար ներկայացրեք դրանց մանրամասները: Մեր համաքաղաքացիները պե՛տք է իմանան, թե ինչ է տալիս Երեւանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը: Հասարակությանը պետք ներկայացվեն նաեւ արարողակարգային որոշ նրբությունները, որպեսզի անհարկի շահարկումները բացառվեն»:

Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ՝ հանձնարարելով ավելի ճշգրիտ աշխատանք տանել քաղաքապետարան դիմած քաղաքացիների հետ եւ աջակցել իրավական հարթությունում. «Իրավաբանական վարչությունը դեռ անելիքներ ունի: Հատկապես ֆիզիկական անձանց հետ կապված դեպքերում հանգամանորեն ուսումնասիրե՛ք ամեն մի մանրուք: Մենք չպետք է անհարկի ավելացնենք մեր համաքաղաքացիների բեռը: Քաղաքացին պետք է տեսնի եւ զգա, որ մենք իր կողքին ենք»,- ասել է քաղաքապետը:  Ու գանք վերջերս շոշափվող ամենացավոտ թեմային՝ քաղաքաշինական լուծումներին: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին, եւ ոլորտի պատասխանատուները պարտավոր են կառուցապատողներից պահանջել՝ բացառել Երեւանի արտաքին տեսքն աղավաղող եւ մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Քաղաքապետը շեշտել է, որ անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում, քանի որ ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաեւ ծայրամասերում:

Ի դեպ, քաղաքապետը նկատել է նաեւ, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրները, տրամադրված շատ շինթույլտվությունները եւ ներկայում խնդրահարույց բազում որոշումները ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երեւանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները:

Որպեսզի հետագայում նման խնդիրներից խուսափել լինի, Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում. «Մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն եւ հանրության մասնակցություն. լինի համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Մեկընդմիշտ հիշե՛ք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երեւանի հաշվին»:

Անի Մարության

Հայաստանն ամեն օր պատրաստ է պատերազմի

Պատերազմի վերսկսելու խնդիրը հուզում է նաեւ գիտնականներին: Այս մասին Գիտությունների ազգային ակադեմիայում խոսել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այն հարցին, թե որքանով է հավանական պատերազմի վերսկսումը, նախարարն ասել է. «Համապատասխան աշխատանքներ ենք տանում, առաջին հերթին հակամարտության խնդիրը խաղաղ պայմաններում լուծելու, այսինքն՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի հիմքում ընկած է երկխոսության միջոցով հարցին լուծում տալը, իսկ դրա հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձեւավորման աշխատանքներն ու փոխադարձ համաձայնությունները: Ցավոք, մեր հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում վստահության մեխանիզմներ ձեւավորել, այսինքն՝ առաջին գծում զերծ մնալ ոտնձգություններից, չխախտել հրադադարի պայմանագիրը, չկրակել, դիվերսիոն գործողություններ չիրականացնել»:

Սա, ըստ նախարարի, փաստում է այն, որ հակառակորդը հետեւողականորեն լարում է իրավիճակը: Ադրբեջանի նպատակները նախ՝ ներքաղաքական են, այդպես փորձում են լուծել ներքին հարցերը, հետո նաեւ նպատակ ունեն միջազգային ասպարեզում միակողմանի առավելություն ունենալ: «Չհասկանալով, որ մենք, ինչպես Հայաստանի նախագահն է ասել, պատերազմ չենք ուզում, բայց կռվելուց չենք վախենում, այսինքն՝ պատրաստ ենք մեր երկիրը եւ մեր երկրի սուրբ հողը՝ Արցախը պաշտպանել»,- ասել է նախարարը:

Այս իրավիճակում Հայաստանի պաշտպանական համակարգն ամեն օր է պատրաստվում պատերազմի. հայտարարել է նախարարը՝ հավելելով. «Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները չեն փաստում այն մասին, որ այսօր կարող է լայնամասշտաբ պատերազմ սկսվել, որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք՝ ազգային, միջազգային երաշխիքների ձեւավորմամբ զսպելու հակառակորդին, բայց եթե հակառակորդի կողմից լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»:

Ըստ ՊՆ պատասխանատուի, կա 2 գործոն, որն ապահովում է հայկական զինուժի հաղթական ելքը.

«Առաջինը մեր զինվորն է: Ու որքան կրթված լինի նա, ունենա համապատասխան ունակություններ, պատրաստված լինի գաղափարապես, այնքան ավելի լավ կկատարի իր առջեւ դրված խնդիրները:

Երկրորդ գործոնը զենքն է: Մի մասը մենք ժառանգել ենք Խորհրդային միությունից, բայց նաեւ մեծ աշխատանքներ ենք տանում առաջատար միջոցներ ունենալու եւ մեր հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար»:

Ի պատասխան հետաքրքրասերների, թե ինչ զինատեսակներ ունի մեր բանակը, նախարարն ասել է. «Մեր պլանների մեջ մենք շեղումներ չունենք, ամեն ինչ արվում է մեր ռազմական գործընկերոջ հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ու իրականացվում է ժամանակակից համատեղ սպառազինություն»:

Գոհար Վանեսյան

Հ.Գ. – Հերթական անգամ. ԼՂՀ ՊԲ-ն ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողություններիՄարտի 4-ին, ժամը 15:20-ի սահմաններում հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր: ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատժիչ գործողությունների եւ վերջինիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը մարտի 3-ի լույս 4-ի գիշերը փորձել են մոտենալ իրենց դիրքերին, սակայն կորուստներ կրելով հետ նահանջել, հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության քարոզիչների հերթական վառ երեւակայության արդյունքն է»,- նշված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։