«Վերեւի» կամքը «վերեւների՛ն» պիտի պարտադրել – Դեպի վարչապետական Հայաստան… Իսկ «խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին» հայտարարությունը եւս առաջին անգամ չի ասվում…

Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ընդարձակ ելույթով ընդգծեց այն սպասվող փոփոխություններն ու առաջիկա համապետական քայլերը, որոնք պիտի լինեն այլեւս եւ իրականություն դառնան Հայաստանում: Դա իրականում մեր պետական համակարգի փոփոխմանն առնչվող ընդարձակ վերլուծություն էր, որը մեզ սպասում է 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական համակարգից անցում կկատարի դեպի խորհրդարանական համակարգի: Ինչն այլեւս երկրորդական կդարձնի 2018թ. սպասվող ՀՀ նախագահի ընտրության կարեւորությունը:

ՀՀԿ-ականներն այդ ելույթն անվանեցին պետության առաջնորդի հայեցակարգային եւ ծրագրային ելույթ, որը հնչել է ՀՀԿ ԳՄ նիստում:

Կառավարության փոփոխության մասին քննարկումներից առաջ հայեցակարգային հարցերի եւ արդեն սկսած սոցիալ-տնտեսական քաղաքականության շուրջ են եղել ծավալումները, որտեղ խոսվել է «իրենց անելիքներից, պաշտոնյաների գործունեությունից, նրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին եւ արտաքաին քաղաքականությունից, մամուլի ազատությունից, ժողովրադավարության զարգացումից… Չի եղել մի ոլորտ, որին նախագահը չի անդրադարձել»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Իր խոսքերի հաստատմամբ էլ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ընդունեց ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին ու նրա գլխավորած պատվիրակությանը: Մեր երկրի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները:

Դառնալով նախագահի վերոհիշյալ ելույթին՝ նշենք, որ նա պարզորոշ հայտարարեց, թե «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա, որ մեր խնդիրների լուծումը մեզնից դուրս չպետք է փնտրել: Ավելին՝ «իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ»:

Եթե այստեղ մի փոքր դադար առնենք, ապա կարելի է ենթադրել, որ խոսքը «վերեւում» այն գտնվողների մասին է, որոնց մի մասը աշխատում է Սերժ Սարգսյանի ենթակայությամբ, բայց միաժամանակ սպասում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին… Այս «իրենց ուժերի նկատմամբ վստահություն չունեցող մարդիկ» այլեւս տեղ չեն ունենալու իշխանության մեջ, ինչի մասին հնչեց հստակորեն:

Խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում պաշտոնատար անձանց առաքելության մասին՝ երկրի ղեկավարը նշել է. «Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ: Մեզ պետք է ցանկացած հանրային նշանակության հարց սեփական բարօրությունից հարյուր անգամ բարձր գնահատող հանրային ծառայող: Անել այն, ինչ կարողանում ենք, անել այնքան, որքան կարողանում ենք՝ սա որեւէ հանրային ծառայողի համար չի կարող արդարացում լինել: Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»:

Հրաշալի ձեւակերպում է, սակայն հասկանալի, որ այն դժվար իրականանալի է: Բայց կարող է իրականանալ, եթե զորավոր կամք եւ համակարգային փոփոխության մտածողություն դրսեւորվի:

«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչեւ իշխանության ամենաբարձր օղակ»,- նշել է նախագահը՝ պարզաբանելով, որ այդպես նման արտահայտությունների հեղինակները փորձում են 2 խնդիր լուծել. «1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում եւ, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով, 2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց»:

Այո, այսպես էլ է լինում, քանզի «վերին» եւ «ներքին» օղակների միջեւ գրեթե միշտ համաձայնեցում լինում է, որոշակի պատժամիջոցներն էլ թերեւս «ներքին» օղակներին զգաստ պահելու համար է իրականացվում: Չկա այն խրոխտ մոտեցումը, ինչի մասին վերեւում նշել է երկրի ղեկավարը:

Այս կապակցությամբ նախպագահը 2 դիտարկում ունի.«1. «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա, 2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է եւ ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»: Եվ ամփոփելով իր խոսքի այս մասը՝ ՀՀ նախագահը նշել է, որ եղած խնդիրների լուծումը չպետք է փնտրել այլուր: «Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր խնդիրների, եւ մենք ենք լուծողը այդ խնդիրների: Մեզնից յուրաքանչյուրը, ինչպիսին որ ուզում է տեսնել իր շրջապատը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հասարակությունն ու պետությունը, առաջին հերթին ինքն է պարտավոր այդպիսին լինել»,- ասել է նա ու կրկին ընդգծել, որ թերահավատությամբ տոգորված մարդիկ տեղ չունեն իշխանության մեջ:

Երկրի նախագահն ուրվագծել է նաեւ Հայաստանի տեսլականը. «Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը եւ շտկելու թերացումները»:

Նշվել է, որ ասվածը վերաբերում է բոլորին՝ թե՛ երկրի նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն: «Պետք է վերացնենք այն համոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որեւէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը: Ինքներս մեզ կերտելու, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու ցանկությունը ամենատարածվածը չէ մեզանում: Այս ամենի հետեւանքն են նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում՝ քննադատական ելույթների ցածր որակը: Հանրային համաձայնությունը, աջակցությունը սովորաբար արտահայտվում են լռությամբ: Առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային եւ պատասխան չենթադրող: Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր եւ հոգեւոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետեւողականորեն պետք է ազատվել: Ասել եմ եւ էլի եմ ասում՝ բարեկեցության աղբյուրը աշխատանքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում եւ նոր, ազատ եւ ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն ունենք, Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը:

Նա առաջարկել է, որ մեզնից յուրաքանչյուրն իր ամենօրյա պարտքը համարի անել այնպես, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ՝ 1. Իշխանությունը թափանցիկ է եւ ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա եւ ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջեւ այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, եւ որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով, 2. Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է եւ անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է եւ հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձեւն է, որովհետեւ այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու եւ պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ, 3. Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով, 4. Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարեւոր են պետության գոյատեւման եւ առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար, 5. Մարդու իրավունքները ձեւավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները եւ մյուսները, լիարժեք ինքնադրսեւորվում են, 6. Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ եւ կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարեւորությամբ, 7. Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է:

Բայց չէ՞ որ ամեն օր էլ այս մասին խոսում են մարդիկ, կազմակերպություններ, քաղաքական ուժեր, նաեւ ահազանգում են, բայց… Ի վերջո մեզանից յուրաքանչյուրը կարող է վերոնշյալին նպաստել միայն այն ժամանակ, երբ «վերեւում» արդեն այն սկսած լինեն: Որ այդ ամենը գործնականում նկատելի լինի նաեւ ոչ միայն հայտարարությունների մեջ…

Սերժ Սարգսյանը կողմ է խոսել, որ ՀՀ քաղաքական համակարգը դառնա առավել բաց եւ ճկուն, որ նոր քաղաքական համակարգի ձեւավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացն անդառնալի լինի: Շատ լավ է, բայց սա եւս «վերեւում» պետք է սկսվի:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նախագահը նշել է, որ դրանց արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն եւ ներքուստ բարդ. «Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ եւ բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին: Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները եւ նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տեւական փորձ, պատասխանատու եւ իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն եւ սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:

ՀՀ ղեկավարն անդրադարձել է նաեւ ապագայի տեսլականին՝ խոսելով տարբեր ոլորտներում առկա խնդիրների, մարտահրավերների եւ առաջնահերթությունների մասին: Այսօր մեզ անհրաժեշտ է անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ, ուստի՝ Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլեւ անցկացնել առավելագույնս վստահելի ընտրություններ: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների ներկայությամբ ունեցած ելույթում խոսելով կայունության մասին՝ Սերժ Սարգսյանը հայտնել է. «Քաղաքական կայունության ամենանշանակալի երաշխիքը քաղաքական-կուսակցական համակարգի շարունակական կայացումն է, հասարակության վստահության ամրապնդումը հասարակական-քաղաքական հոսանքների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ: Մեր ընտրած պետական կառավարման խորհրդարանական մոդելը հենց դա էլ պարտադրում է: Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձեւավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, եւ անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը: Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը, ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը եւ այլն: Խիստ կարեւոր է գիտակցել, որ նոր օրենսդրության եւ նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ ԱԺ-ի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաեւ քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները»:

Նախագահը մատնանշել է նաեւ տնտեսական օրակարգի առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման եւ ավելի արագ առաջ մղման համար: Նա առանձնացրել է մի շարք հարցեր, որոնք պետք է լինեն «տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում»: Մասնավորապես մատնանշել է հետեւյալ հարցերը. «1. Մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում եւ այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ: Այս տեսանկյունից 2015թ. մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015թ. տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1%, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միեւնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7%, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաեւ ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արժեզրկվել է 1,8%-ով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաեւ, որ 2015-ին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8%ով՝ կազմելով 184.441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2%, եւ 7%՝ մասնավոր հատվածում: Արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, եւ մենք աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով խիստ կարեւորվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների խելամիտ եւ էլ ավելի կոորդինացված իրականացումը: 2. 2015թ. տնտեսական տարվա 3,1% տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի եւ Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման եւ նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը եւ բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել եւ արտաքին ներդրողներին ներկայացնել»:

Նաեւ տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին է եղել անդրադաձ, որպեսզի անհրաժեշտ օժանդակության եւ տնտեսական խթանների տրամադրումը լինի պարբերական: «Յուրաքանչյուր երկրում տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու եւ ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետեւաբար մեզ համար գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող եւ արտահանող ընկերությունների կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները եւ առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին:

Կրկին դառնանք այն մտքին, որ ցանկությունը պետք է իրականություն դարձնել ոչ միայն հայտարարությամբ: Եվ «խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին» հայտարարությունը եւս առաջին անգամ չի ասվում.. Սա հենց օրենքի տառի կիրառումն է: Եվ սա կարող էր գործել ինչպես հին, այնպես էլ այսօրվա Սահմանադրության ներքո: Իսկ երկրի տնտեսական խթանի համար նախ ոտքից գլուխ պետք է փոխել հարկային մարմինների գործելաոճը:

Նախագահի նստավայրում այս օրերին օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների ներկայությամբ ՀՀ ղեկավարն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքական օրակարգին՝ նշելով, որ «ՀՀ իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու»:

Մասնավորապես նշվել է արտաքին ազդակների տեղն ու դերը հստակ գնահատելու անհրաժեշտությունը, քանի որ մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված եւ հաճախ խիստ հակասական, ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաեւ անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է, ուստի եւ չի կարող խուսափել նաեւ համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է:

«Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն»,- նշել է Սերժ Սարգսյանը եւ խոսելով Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման մասին. «Փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից: Այդ ձեւով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որեւէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր»,- ընդգծել է երկրի ղեկավարը եւ հավելել. «Արցախի հակամարտության մասով նախագահը նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է իր ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած հարցերն ածանցյալ են դրանից, իսկ հիմնական խնդիրը անորոշության է մատնված: Որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերություններում: Մենք այս պայմաններում ապրում ենք շուրջ 25 տարի»:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։