Հին դեմքերի նոր մղձավանջը – եթե իշխանության կամ իշխանության ներսում լինելու համար այսքան մեծ աղմուկ կար՝ ինչու՞ կառույցների 1-ին դեմքերը չստորագրեցին քաղաքական համաձայնագիրը…

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փետրվարի 24-ին ստորագրեցին այդքան թմբկահարված համագործակցության համաձայնագիրը: Առաջին հայացքից սա զարմանալի է, եթե իշխանության կամ իշխանության ներսում լինելու համար այսքան մեծ աղմուկ կար, ապա ինչու՞ կառույցների 1-ին դեմքերը չստորագրեցին համաձայնագիրը, ինչն ավելի ազդեցիկ կդիտվեր ոչ միայն մեր ներքին կյանքում:

Խոսք կա, որ Արմեն Աշոտյանին լուրջ կուսակցակցական աշխատանք է սպասվում, իբր այդպես նախատեսված է, եւ նրա ստորագրությունը պատահական չէ: Սերժ Սարգսյանի չստորագրելու դեպքում ավելի հավանական էր համարվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի կամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մասնակցությունը, կամ՝ գոնե ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի: Բայց վարչապետը ցայսօր առավելապես համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, Գալուստ Սահակյանը մեծ վստահություն չունի այլեւս, իսկ Վահրամ Բաղդասարյանը ոչ միանշանակ ընկալելի գործիչ է համարվում…

Կրթության եւ գիտության արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական երիտասարդ կուսակցական կադրերից է, ով ապացուցել է, որ կարող է նաեւ նախարար աշխատելով մնալ կուսակցական դեմք: Ով կարողացել է այդ ընթացքում խիստ չվարկաբեկվել, նաեւ ազատ ու անկաշկանդ շփվել լրագրողների հետ. իսկ միջազգային հանդիպումներում դրսեւորել է իրեն որպես միջազգային եւ ազգային հարաբերությունները համադրող պետականամետ գործիչ:

Այսպես՝ Արմեն Աշոտյանի՝ համաձայնագրի ստորագրման հանգամանքը կարծես հասկանալի է: Իսկ Աղվան Վարդանյանի դեպքում, եթե հետեւենք նույն տրամաբանությանը, ապա շատ անտրամաբանական է հետեւությունը:

Աղվան Վարդանյանը նախորդ քաղաքական կոալիցիայի ամենավարկաբեկված նախարարներից է, եթե ոչ՝ ամենավարկաբեկվածը: Նա սոցիալական ոլորտը դրամաշնորհային կաշառակերությամբ լիովին հանձնեց օտարին եւ մարդկանց համարակալման գործընթացը Հայաստանում հասցրեց ավարտին: Ազգային կուսակցության ներկայացուցիչ համարվելով՝ 100%-ով ծառայեց միջազգային կառավարիչներին… Նմանին հետագայում կուսակցական առաջատար գործիչ դարձնելու հեռանկարը ձախողված է: Հակառակ դեպքում Դաշնակցությունը Օրինաց երկրից ոչ մի բանով չի տարբերիվի:

Իսկ եթե պարզապես հիշյալ անձը համաձայնագիրը ստորագրել է ՀՅԴ կողմից, քանի որ մեծ ներդրումներ է կատարել կուսակցության համար նախարար եղած ժամանակ, ապա՝ հասկանալի է: Սակայն հասկանալի է նաեւ, որ ՀՅԴ-ն նախորդ փորձին հենվելով՝ աշխատելու է ոչ թե ազգային գործերի համար, այլեւ՝ ներկուսակցական ներդրումների: Այս մասին է փաստում այն, որ 3 նախարարներից 2-ը նախարար էին նաեւ նախորդ քաղաքական դաշինքի ժամանակ:

«Դաշնակցությունը հսկայական կառույց է եւ մեր բոլոր որոշումները ընդունվում են համախոհաբար եւ ցանկացած հսկայական կառույցում գուցե կլինեն անհատներ՝ մեկ-երկու հոգի, որոնք չեն համաձայնվի, բայց սա տասներորդական խնդիր է»,- ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կնքված Քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ այս գործընթացը յուրահատուկ է ոչ միայն բովանդակությամբ, այլեւ «գալիս է կոտրելու Հայաստանի քաղաքական դաշտում վերջին 4 տարիների ընթացքում օրինաչափ դարձած տրոհման գործընթացը»: «2012թ-ից առ այսօր իշխանական եւ ընդդիմադիր բոլոր ձեւաչափերը միայն տրոհվել են. տրոհվել է ՀԱԿ դաշինքը, 2012թ-ի խորհրդարանական կոալիցիան, Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն միասնությունը: Մենք ստեղծում ենք նոր փոփոխություններ, մենք ասում ենք, որ քաղաքական դաշտում հնարավոր է եւ պետք է համախմբում, համատեղ աշխատանք: Տրոհման մշակույթը պետք է թողնել անցյալում եւ խոսքը չի գնում միայն իշխանության մասին»,- ասել է նա:

Հայտնի է նաեւ, թե քաղաքական այս փոխգործակցության արդյունքում ինչ պաշտոններ են ստանձնել ՀՅԴ-ականները. Արծվիկ Մինասյանը էկոնոմիկայի նախարարն է, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Լեւոն Մկրտչյանը՝ կրթության եւ գիտության, Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետն է, Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։