Բժիշկների հրաշագործ ձեռքը եւ Աստվածների կամքը – Երբ փորձառու բժիշկներն են մարդու՝ կյանքի հետվերադարձը համարում հրաշք, ապա առանց աստվածային զորության հնարավոր չէ պատկերացնել դեպի երկրային կյանք դառնալու իրողությունը, (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Երբ փոքր երեխաներ էինք, բժիշկները մեզ համար «բոբոներ» էին, այսպես էին մեզ վախեցնում մեր մայրերը, երբ հիվանդ ժամանակ հրաժարվում էինք դեղեր օգտագործել. «Զանգե՞մ բժիշկը գա սրսկի»… Դե իհարկե ոչ, մենք մի կերպ եւ արագ կուլ էինք տալիս այս կամ այն հաբը, որպեսզի որեւէ «բոբո» չգա մեր տուն իր սարսափելի «սպրիչով»…

Երբ մի քիչ մեծացանք, տաք թեյի վրա ջերմաչափ տաքացնելը (մինչեւ 38-39 աստիճան) եւ էլի նման բաները դարձան դասից բացակայելու միջոց, բայց երբ գալիս էր բժիշկ կանչելու պահը, մենք արագ կազդուրվում էինք ինչ-որ դեղահաբից կամ մայրիկի՝ ջերմության դեմ պայքարի քացախային միջոցներից… Միայն թե այդ բժշկից հեռու:

Երբ երիտասարդներ էինք, բժիշկներն այլեւս «բոբո» կարգավիճակում չէին: Ընդհակառակը, բժիշկ ծանոթ կամ որ ավելի գերադասելի էր՝ ընկեր ունենալը, միանգամայն անհրաժեշտ էր: Կյանք մտած եւ կյանքի բարիքներից օգտվող երիտասարդի համար բժիշկը կարեւոր առանցք էր…

Երբ սկսվեց արցախյան շարժումը, բժիշկը պարզապես փրկիչ էր՝ բառի բուն իմաստով: Հարյուրհազարավոր մարդկանց հանրահավաքների ժամանակ, երբ որեւէ մեկը վատ էր զգում… ահարկու լսվում էր միայն մեկ բառ՝ բժիիի՜շկ… եւ անտեսանելի ձեռքի միջոցով հարյուրհազարավոր մարդիկ արագ ճանապարհ էին բացում այդ ուղղությամբ, եւ բուժանձնակազմը վազքով մոտենում էր վատ զգացողին: Բժիշկները նաեւ հերթապահում էին Ազատության հրապարակում եւ այլ վայրերում:

Երկաշարժի օրերին բժիշկների սխրանքը անմեկնելի էր, բժիշկը գերմարդ էր… Առավել անմեկնելի էր նրանց սխրանքը Արցախյան ազատամարտի տարիներին… Բժիշկն այստեղ փրկիչ չէր, դա քիչ է ասված, նա աստվածամարդ էր, ով պահպանում էր հայ զինվորի արարչական-աստվածային կյանքի թելը: Ես տեսել եմ դաշտային պայմանների վիրահատություններ: Միայն աստվածամարդը քաջություն կունենար առանց ժամանակակից գործիքների կատարել «անմարդկային» վիրահատություններ, երբ անգամ թմրեցուցիչն էր բացակայում…  Երբ տարիքներս որոշակի բոլորեց, հասկացանք, որ բժիշկը պարզապես մարդ է, բայց մարդ, ով իր մասնագիտությամբ եւ՛ «բոբո» է, եւ՛ գերմարդ, եւ՛ փրկիչ, եւ՛ աստվածամարդ միաժամանակ: Հասկացանք, որ նման ընկեր կամ մտերիմ ունենալը նաեւ բախտավորություն է, քանի որ քեզ ապահով ես զգում, որ կարիքի դեպքում դիմելու տեղ ունես վստահելի: Չնայած հենց բժիշկ ընկերներս են ասում. «Բժշկի հետ ընկերություն արա, կեր-խմի, բայց ձեռքը մի ընկնի»… Իհարկե, այսպես արտահայտվում են նաեւ ոստիկան, հրշեջ կամ այլ վտանգավոր մասնագիտության տեր ընկերների նկատմամբ:

Մեզ հաճախ թվում է, թե բժիշկները չեն հավատում աստծուն: Նրանք աթեիստ գիտնականների նման իրենց գործն են անում: Եվ եթե որեւէ բժիշկ հանկարծ աստծուն է ապավինում, անգամ զայրանում ենք, թե «իր գործն աստծու վրա է թողնում»: Բայց բժիշկը, ինչպես նշեցի, նույնպես մարդ է, մսից ու արյունից: Իր մասնագիտական գործն անում է, բայց երբ հիվանդն անհուսալի վիճակում է՝ դիմում է աստծո օգնությանը: Սա պետք է հասկանալ, սա իր գործից հրաժարվելը չէ, այլ իր գործն անելուց հետո ամենազորին դիմելու մի փորձ է՝ իր հիվանդի կյանքը փրկելուն ուղղված: Սա այն մարդկայինն է, որը որոշ բժիշկների մոտ պակասում է՝ վիրահատությունն արվել է ու վերջ՝ կապրի՝ կապրի, չէ՝ չէ…

Իսկ երբ փորձառու բժիշկներն են մարդու՝ կյանքի հետվերադարձը համարում հրաշք, ապա ինձ համար հստակ է, որ առանց աստվածային զորության հնարավոր չէ պատկերացնել դեպի երկրային կյանք դառնալու իրողությունը, հատկապես, երբ դրա համար այլեւս բժշկագիտական որեւէ հետ բերող «ճեղք» այդ պահին չի երեւացել… Սա բոլորովին այլ բան է՝ երբ խառնվում են մարդու եւ աստծո ձեռքերը…

Կնոջս եւ որդուս՝ կենաց մահու պայքարի դեպքում հենց դա էլ եղավ: Ես հոգեւոր մարդ եմ առավելապես, ունեմ Հայ Աստվածների պաշտամունքը, գիտեմ Տիեզերքի Արարչի գոյության մասին… եւ հասկանում եմ, երբ փորձառու մասնագետ բժիշկն ասում է՝ «Ամեն բան, անգամ հնարավորից ավելին արված է, հուսանք, որ աստված կօգնի մեզ»…

Ես գիտեմ, որ մեր Աստվածներն օգնել են, եւ սա առաջին անգամը չէ… Երբ 2009թ. իմ դեմ մահափորձ իրականացվեց եւ ինձ ոտքից գլուխ լրիվ ջարդված եւ մեծ քանակությամբ արյուն կորցրած հասցրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, բոլորին «պարզ է եղել», որ մի քանի րեպեից մահս պիտի արձանագրեն: Բայց այս կենտրոնի մասնագետների ջանքերը զուր չեն անցել… Իսկ բժիշկներն ինձ հետո ասացին, որ կոմայի մեջ եմ եղել, նաեւ կլինիկական մահ եմ տարել, երբ հետ եմ եկել, Աստվածներին եմ ձայն տվել, Վահագնին եմ բարձր կանչել ու ինչ-որ բաներ խոսել:

Օրեր անց մի քանի երիտասարդ բժիշկ մոտեցան ինձ թե՝ «մենք քո հավատից ամեն բան չէ, որ հասկանում ենք, Արմեն, բայց հաստատ զորավոր է, քանզի քո վիճակից ելնելով՝ դու պիտի չապրեիր»…

Մի զվարճալի դեպք էլ գրանցվեց այդ ժամանակ, երբ բժիշկներն ինձ առաջին օգնությունն են ցույց տվել, այդ ժամանակ էլ եմ Վահագն Աստծուն կանչել: Բժիշկները մտահոգ դուրս են եկել վերակենդանացման բաժանմունքից, մոտեցել դրսում սպասող Արմենուհուն եւ ընկերներիս ու ասել. «Արմենի վիճակը վատ է, արդեն աստծու հետ է խոսում»: Քրմերից մեկը հարցրել է. «Ո՞ր աստծու»: Բժիշկը թե՝ «Վահագնի»: Ընկերներս ժպտացել են այդ ծանր պահին, իսկ քուրմը հավելել է. «Բժիշկ ջան, ցավդ տանեմ, դու լավ լուր բերեցիր, մի տխրիր, հենց Վահագն էլ կօգնի Արմենին: Այ երբ մեր ընկերը Հիսուսի հետ խոսի՝ մեզ արագ զգուշացրու, ուրեմն գործերը հաստա՜տ լավ չեն…»: Բժիշկները, բան չհասկանալով, զարմացած հեռացել են՝ այդ վիճակում ժպիտը դեմքներին թառած ընկերներիս տեսնելով:

Այս նույն հրաշքը նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով եղավ, այս անգամ էլ նրանց հրաշագործ ձեռքերի եւ Հայ Աստվածների կամոք: Այս անգամ էլ մեր աշխարհ վերադարձրեցին կնոջս՝ Արմենուհուն եւ Արեգ զավակիս… Եվ շնորհակալությունս մեկտեղում եմ այս դեպքում՝ ինչպես «Էրեբունի», այնպես էլ «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ների բժիշկներին ուղղված, ու նաեւ փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։