2007թ. մարտից «Լուսանցք»-ը լույս է տեսնում եւ ընդհատվել է ընդամենը 3 թողարկում՝ 2016թ. փետրվարին, երբ ինձ մահամերձ տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» ծննդատուն: Բայց ընդհատման մասին չէ, որ ուզում եմ խոսել, քանզի այսօր կրկին հրապարակում ենք եւ, ի վերջո, այդ դադարը նաեւ մեր թերթի գնահատականի ուղղակի արձագանքը եղավ: Այնքան զանգեր, որ մենք ստացանք մարզերի (ինչը հատկապես ենք կարեւորում) մեր ընթերցողներից, վստահ եմ՝ յուրաքանչյուր խմբագիր երազել կարող է:
Ինչեւէ, խոսել եմ ուզում մի թեմայից, որի մասին հաճախ եմ բարձրաձայնել մեր երկրի առողջապահական շրջանակներում:
Միշտ համոզված եմ եղել, որ նշածս ոլորտի մեր մասնագետների մեջ մարդը մեռած է. նրանք հոյակապ մասնագետներ են, արհեստավարժ բժիշկներ, բուժքույրեր՝ բայց հիվանդի հետ հարաբերվելիս հոգեբանությունից, մեղմ ասած, շատ հեռու են: Ցավոք, շատերն են կրկին ու կրկին ամրապնդել իմ համոզմունքը: Որ տրամագծորեն հակառակն էլ կա, անձնական օրինակովս դաջեցի: «Ամենահեշտը» իմ գործն էր. փետրվարի 11-ին, հինգշաբթի, սովորականի պես, պատրաստվում եմ կառավարություն գնալու՝ գործադիրի հերթական նիստը լուսաբանելու: Ու… խորհրդային ֆիլմի օրինակով՝ «սահեցի-ընկա, արթնացա՝ գիպս»: Գիպս, իհարկե, չկար, կար կյանքի ու մահվան պայքար… Երբ աչքերս բացեցի, ինձ լավ էի զգում: Իսկ թե մինչ բացելս ինչպես եմ զգացել, հետո պիտի պարզվեր: Ծննդատանն անցկացրած օրերի ընթացքում պիտի հասկանայի, թե ինչքան ծանր է եղել իմ ու երեխայիս վիճակը ու ինչ ջանքեր են գործադրել մասնագետները մեր կյանքը փրկելու համար: Արդեն անցյալ վիճակի լրջությունը որսում էի սենյակ մտնող ամեն բժշկի, բուժքույրի, սանիտարի ինձ ուղղվող հայացքից, խոսքից: Ճիշտ է, ինձ գրեթե ոչինչ չէր ասվում, բայց ես ոչ մի բառի դեպքում էլ լավ որսորդ եմ (մասնագիտական է): Իսկ երբ արդեն դուրս էի գրվում, ինձ այնպիսի ուրախությամբ էին ճանապարհում, որ հասկանում էի, թե ինչպես եմ բոլորի «վախը չափել»: Թեեւ հաճելի էր, որ այդպես է եղել. նշանակում է՝ մասնագետները քեզ իբրեւ հարազատի են վերաբերել, նշանակում է՝ հոգի են դրել գործի մեջ, արել են անհնարը: Իսկ այս պարագայում մեր մասնագետներին հասնել չի լինի: Հետոն… հետոն արդեն մահին հաղթածի հոգեբանությունն էր. երբ միմյանց հետ կատակում էին նույն մահի թեմայով, քանզի կողքներին կյանքն էր բազմած:
Ինձ մնում է հպարտանալ մեր մասնագետներով եւ իրապես անչափելի շնորհակալություն հայտնել (ինչպես մայրը կհայտնի նախ՝ իր զավակի ու հետո նոր միայն իր կյանքը փրկածին) նրանց՝ անուն առ անուն: Լա՜վ չափել էի ծննդատան վարիչ Արեն Գյոզալյանի՝ իմ վիրաբույժի վախը, գերարագ չափել էի ինձ հարազատ դարձածի՝ իմ մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանի վախը, ում աչքերում կարդացի այն, ինչը միանգամից մտերմացնում է ոչ արյունակից մարդկանց: Անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմացիայի բաժանմունքի վարիչ Վարդան Նավասարդյանի վախն էնպես էի չափել, որ նրա անվան շուրջ արդեն անեկդոտներ էին պտտվում: Չհիշել չեմ կարող նորածնային բաժանմունքի վարիչ Աիդա Ղարիբյանին: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի որոշմամբ հրավիրվել էին լրացուցիչ ուժեր՝ բ/կ-ի շտապ օգնության գծով փոխտնորեն Գագիկ Մանուկյանը, նյարդաբանական բաժանմունքի վարիչ Արմինե Սողոյանը, գինեկոլոգիայի եւ այլ մասնագիտական ոլորտների բժիշկներ… (թող ներեն ինձ նրանք, ում անունները չեմ հիշում):
Նրանք մարդիկ են, ովքեր օգնեցին ինձ, որպեսզի 4 տարի առաջ, ճիշտ նույն ծննդատանը, Վարդավառի տոնին ընդառաջ ծնված Աստղիկ դստրիկիս կողքին տեսնեմ Տրնդեզին՝ Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ ծնված Արեգիս:
Շնորհակալություն նաեւ պետական ու քաղաքական այն գործիչներին, ներկա եւ նախկին նախարարներին, պատգամավորներին, լրատվական բնագավառի իմ ընկերներին եւ բոլոր նրանց, ովքեր անհանգստացել ու հետաքրքրվել են իմ վիճակով, փորձել են խոսքով կամ առաջարկներով օգնել ինձ կամ Արմեն Ավետիսյանին՝ այդ դժվար պահերին…
Չեմ կարող նորից չհիշել մեր թերթի ընթերցողների անհանգստությունը: Հատկապես շատ էին զանգում Գյումրիից, Էջմիածնից, Գավառից, Աշտարակից, Եղեգնաձորից եւ Կապանից:
Հավատացնում եմ, սրանք անհրաժեշտ դեղամիջոցներից ոչ պակաս կազդուրիչ ազդեցություն ունեցան:
Ու ոնց պտտվում, կրկին գալիս եմ իմ Մոնիկա Միրզոյանի մոտ (ով ծանոթ էր իմ «հիվանդանոցային ֆոբիաներին» դեռ նախորդ ծննդաբերությունից, երբ կանանց կոնսուլտացիայի իմ մանկաբարձ-գինեկոլոգը նրա սկեսուր-մայրիկն էր՝ Կարինե Ներսիսյանը. կրկին հարազատ դարձած մարդ): Իմ Մոնիկայի, ի՛մ, որովհետեւ նրա աչքերում տեսա այն ցավը, մտահոգությունը, որ միշտ ցանկացել եմ տեսնել բուժողի աչքերում: Վստահ, որ դա ցավի այն տեսակն է, որ կյանքեր է փրկելու՝ հաստատելով այն, ինչ Համո Սահյանից լավ ոչ ոք չէր ասի՝ էլ մահն ու՜մ շունն է..
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: