Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն ասում են՝ շնորհավո՛ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր…

Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:

Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:

Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…

Շնորհավորում ենք հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված իրենց տոնի կապակցությամբ: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ոչ հեռու անցյալի սովորույթներից բացի ունեցել ենք հազարամյակների սովորույթներ, որոնցից հրաժարվել եւս չի կարելի:

Ասել եւ ասում ենք՝ հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ կշարունակի ազգի շառավիղը:

Հայ արիական իմաստությունն ասում է, որ հայ կինը նախեւառաջ պետք է վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով, որպեսզի լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին դառնա: Այսպիսի կանայք են սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների:

Ուստի՝ թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական ակունքի. Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին…

Իսկ հայ արական ակունքը թող դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման: Հայ կինը նաեւ օջախների շենացման ու բազմացման, հայ տեսակի գոյատեւման ու հարատեւման երաշխիքն է:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

08.03.2016թ.-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։