Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… ՀԱՄ (www.hayary.org) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Հրավիրվել է Norway Chess-2016 մրցաշարին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հրավիրվել է Norway Chess-2016 շախմատի հեղինակավոր մրցաշարին: Մասնակիցների ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը եւ Վեսելին Թոփալովը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, հնդիկ Պենդյալա Հարիկրիշնան:

Մրցաշարի վերջին մասնակցին որոշելու են շախմատասերները: Թեկնածուների թվում ընդգրկվել են չինուհի Հոու Յիֆանը, նորվեգացի գրոսմայստերներ Համերը, Գրանդելիուսը եւ Տարին: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 18-29-ը, Ստավանգեր քաղաքում:

Լեւոն Արոնյանը խուսափեց պարտությունից – Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: 2 շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին:

Կայացած առաջին փուլում բոլորից արագ ավարտվեց Սերգեյ Կարյակին-Պյոտր Սվիդլեր մաքուր ռուսական պարտիան: Արդեն 30-րդ քայլին կողմերը գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող երկու հավակնորդները՝ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Նրանք կատարեցին 31 քայլ: Մրցաշարում հաշիվն առաջինը բացեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, որը սպիտակներով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ: Վերջինն ավարտվեց Անիշ Գիրի-Լեւոն Արոնյան պարտիան: Երկար ժամանակ խաղատախտակին հավասար պայքար էր ընթանում: Վերջնախաղում Լեւոն Արոնյանը չնայած անզգույշ խաղաց եւ զինվոր կորցրեց, սակայն այնպիսի պաշտպանություն կառուցեց, որ մրցակիցը 65-րդ քայլին ստիպված էր հաշտության առաջարկ անել: Այդպիսով, առաջին փուլից հետո աղյուսակը սկսեց գլխավորել Վիշվանաթան Անանդը:  2-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցելու է հենց նրա հետ:

Հ.Գ.- Մոսկվայում տեղի ունեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:  Մեր ուժեղագույն շախմատիստն այս անգամ հանդես եկավ սպիտակ խաղաքարերով: Նա սկզբնախաղում դիրքային առավելություն ստացավ, սակայն հետո զգույշ մարտավարություն ընտրեց եւ կորցրեց այն: Շուտով կողմերը փոխանակեցին խոշոր խաղաքարերը, պարզեցրին դիրքը, որից հետո համաձայնեցին կիսել միավորը: Այդպիսով, Վիշվանաթան Անանդը վաստակեց 1,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Լեւոն Արոնյանը ունի մեկ միավոր եւ առայժմ գտնվում էհետապնդողների խմբում: 3-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ, որն այսօր ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ եւ վաստակեց առաջին կես միավորը:

Մերոնք մեկնել են Ռեյկյավիկ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը հանդես կգան Ռեյկյավիկի բաց առաջնությունում: Մասնակցելու հայտ են ներկայացրել 246 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 30 գրոսմայստեր: Նրանց թվում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը:

Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին եւ կավարտվի մարտի 16-ին: Այն կընթանա շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:

Հ.Գ. – Հայաստանի շախմատային եռյակը հետապնդում է 12 առաջատարներինՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երեք անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը, հաջող են մեկնարկել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի շախմատի բաց առաջնությունում: Արդեն կայացած երեք տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք չնայած տեղեր են զբաղեցնում երկրորդ տասնյակում, սակայն շատ մոտ են 12 առաջատարներին, որոնք 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել մեկնարկում: 4-րդ փուլում մերոնք սպիտակներով կհանդիպեն իրենցից ցածր կարգ ունեցող մրցակիցների հետ, եւ հաջողության դեպքում նրանք արդեն կմտնեն առաջին տասնյակ: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, նույնպես ունի 2,5 միավոր եւ նույնպես գտնվում է առաջատարներին հետապնդողների խմբում:  Հայաստանի շախմատիստները «Աերոֆլոտ»-ից մեդալ չստացան

Մոսկվայում ավարտվեց «Աերոֆլոտ Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի պատվիրակները: Ա խմբում հանդես եկած մեր շախմատիստները՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մ. Մարտիրոսյանը, կարծես ձայն-ձայնի տված, 9 հնարավորից վաստակեցին 5-ական միավոր եւ բաժանեցին 21-36-րդ տեղերը: Բ խմբում լավագույն արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, որը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ կես բալով ետ մնալով առաջատար եռյակից: Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, վաստակեց 5,5 միավոր եւ բավարարվեց 17-րդ արդյունքով: Գ խմբում հանդես եկած մեր շախմատիստները նույնպես ցածր արդյունքներ ցույց տվեցին: Նրանցից համեմատաբար աչքի ընկավ Արթուր Դավթյանը, որը 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 15-րդ հորիզոնականում:

5-րդը՝ բասկյան շախմատում

Հայաստանի շախմատիստներն ավարտեցին ելույթները Չինաստանում կայացած Համաշխարհային մտավոր խաղերում: Մասնակիցները ուժերը փորձեցին նաեւ բասկյան շախմատում: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ զբաղեցրեց 11-րդ տեղը: Մեր թիմի մյուս անդամ Սերգեյ Մովսեսյանը 3,5 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը:

Համեմատաբար հաջող հանդես եկավ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, ով վաստակելով 5,5 միավոր, 3 մասնակիցների հետ բաժանեց 4-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա ի վերջո ճանաչվեց 5-րդը:

Բարսելոնում կայացավ նորամուտը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն առաջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայում: Մադրիդի «Ռայո Վալյեկանո»-ում հանդես եկող մեր ֆուտբոլիստն իր նորամուտը նշեց Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, տեղի «Էսպանյոլ»-ի հետ արտագնա խաղում: Արազ Օզբիլիսը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 55-րդ րոպեին թիմի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը նրան խաղադաշտ մտցրեց: Մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո Բեբեն հավասարեցրեց հաշիվը, սակայն 77-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց եւս մեկ գոլ խփել եւ հաղթել 2:1 հաշվով:

Մեր մարզիկով աշխարհն է հետաքրքրվում

Պրոֆեսիոնալ 23-ամյա մարզիկ Ալբերտ Ղազարյանը աշխարհում ընդհանուր մենամարտերի կազմակերպիչների ուշադրությանն է արժանացել: Մարտի 10-ին Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ պրոֆեսիոնալ մարզիկ, 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանը մեկնել են Մոսկվա, որտեղ մի քանի օր անց «Լուժնիկի» մարզահամալիրում Ալբերտը մասնակցելու է OFS7 վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին:

Հայկ Ղուկասյանը հայտնել է, որ «նրանով արդեն լրջորեն հետաքրքրվում են աշխարհում ընդհանուր մենամարտերի կազմակերպիչները: Մասնավորապես, Չինաստանը նրան 5 մենամարտի պայմանագիր է ուղարկում, քանի որ միջազգային սանդղակում մեր մարզիկի ցուցանիշն արդեն 5:0 է»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը հայտնի է

Մեր ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կներկայանա 10 մարզիկով, սակայն մասնակիցների կազմը կարող է փոփոխության ենթարկվել: Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+ 105 կգ): Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում են նաեւ Առաքել Միրզոյանը (85 կգ) եւ Ռոստամ Կարապետյանը, բայց նրանք կարող են հանդես գալ որպես փոխարինողներ:

Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը կկայանա ապրիլի 8-16-ը: Ծանրորդներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Հայ ըմբիշների ցավալի պարտությունները

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Մարտի 10-ին մրցագորգ էին դուրս եկել 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշվով հաղթեց մոլդովացի Միհայի Եսանուին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 0:5 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպին, վրացի Վլադիմեր Խինչիգաշվիլուն: Վերջինս հասավ եզրափակիչ, ինչը մեր մարզիկին հնարավորություն տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը մակեդոնացի Ջասին Ռեջալարին էր, ում էլ հաղթեց 17:8 հաշվով, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում նա 0:7 հաշվով զիջեց ադրբեջանցի Հաջի Ալիևին:

74 կգ քաշային Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 7:4 հաշվով հաղթեց մոլդովացի Եվգենի Նեդեալկոյին: Այնուհետև 1:12 հաշվով զիջեց թուրք Սոներ Դեմիրթաշին, ով դուրս եկավ եզրափակիչ, եւ Գրիգորյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 0:10 հաշվով պարտվեց ռուս Զաուր Մակիևին:

Հ.Գ. – Դավիթ Սաֆարյանը ձախողեց սփոփիչ գոտեմարտըՀայաստանի ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին ելույթները Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Դավիթ Սաֆարյանը, 70 կգ քաշային կարգում իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ քառորդ եզրափակիչում նրան հաղթած ըմբիշը հասել էր եզրափակիչ: Ավաղ, Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում 4:9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովին եւ մեր մյուս մարզիկների պես զրկվեց մեր հավաքականի համար միակ մեդալը նվաճելու հնարավորությունից:

Հ.Գ. – Ռոման Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը 2-րդն են Եվրոպայում – Մեր հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը 59 կգ քաշային կարգի մրցումների եզրափակիչում հանդիպեց ռուսաստանցի Մինգիյան Սեմյոնովի հետ: Ավաղ, մեր ըմբիշը 0:8 հաշվով պարտություն կրեց եւ ստիպված բավարարվեց արծաթե մեդալով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Մեր 98 կգ քաշային ըմբիշը Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա հանդիպեց ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ, որին 2 անգամ պարտվել էր 2013թ.՝ աշխարհի առաջնությունում եւ ուսանողական խաղերում: Ավաղ, Արթուր Ալեքսանյանն անվստահ հանդես եկավ եզրափակիչում եւ պարտվեց 0:4 հաշվով: Այդպիսով, մեր ըմբիշը գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ պայքարել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց մրցաշարում հաղթել է Արթուր Դավթյանը, 2-րդ տեղը գրավել է Արմեն Պետրոսյանը, իսկ 3-րդ՝ Վիգեն Խաչատրյանը:

Մրցումային 2-րդ օրը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում տեղի կունենա կանանց բազմամարտը: Առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակիչներում:

Հ.Գ. – 1. – Տղաների ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը: Նժույգաթափերի վրա բացարձակ արդյունքով 1-ին տեղը գրավել է Հարություն Մերդինյանը: Օղակների վրա գերազանց է հանդես եկել Վահագն Դավթյանը: Հենացատկերում, զուգափայտերի եւ պտտաձողի վրա լավագույն է ճանաչվել Արթուր Դավթյանը:

Հ.Գ. – 2. – Բազմամարտի չեմպիոնն Աննա Գրիգորյանն էՀայաստանի մարմնամարզության առաջնության 2-րդ օրը պայքարի մեջ մտան աղջիկները: Հայաստանի բազմամարտի չեմպիոն (արդեն Հայաստանի քառակի չեմպիոն է) դարձավ Աննա Գրիգորյանը, ով հավաքեց 47,5 միավոր, 2-րդ հորիզոնականն զբաղեցրեց Գայանե Սիրականյանը՝ 47,2 միավորով, մրցանակային 3-րդ տեղում Ինեսա Ջաղինյանն է՝ 43,7 միավորով: «Մենք արդեն ունենք մեր հավաքական թիմերը, սակայն առաջնությունից հետո կվերանայենք, կարող են փոփոխություններ լինել: Առաջիկայում պլանավորում ենք մասնակցել մեկ մրցաշարի Վրաստանի Բաթումի քաղաքում»,- ասել է աղջիկների սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չատրջյանը:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են 23 աղջիկներ, Երեւանից, Գյումրուց եւ Էջմիածնից: Մարտի 11-ին կկայանա աղջիկների եզրափակիչը՝ առանձին գործիքների վրա:

«Մեր մարզիկներն էլ են օգտագործել Շարապովայի խթանիչից»

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանին չի զարմացել այն, որ ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել: «Անկեղծ ասած, ռուսաստանցի մարզական բժիշկներն այնքան էլ մաքուր չեն աշխատում»,- նշում է նա:

Թենիսի Ավստրալիայի 2016թ. բաց առաջնությունից առաջ ռոջս թենիսիստուհու օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում: Նա հայտարարել է, որ վերջին 8 տարիներին առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով է ընդունել այդ դեղամիջոցը՝ որպես օրգանիզմի ֆիզիկական եւ նյարդահոգեբանական դիմացկունությունն ապահովող միջոց: Արեգ Հովհաննիսյանը չի թաքցնում, որ մեր մարզիկները նույնպես ընդունել են մելդոնիում, բայց մինչեւ նախորդ տարի: «1994թ.-ից մեր մարզիկները մշտապես օգտագործել են մելդոնիում, հատկապես Ծաղկաձորի բարձր լեռնային պայմաններում: Սակայն անցած տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այն շուտով ընդգրկվելու է արգելված դեղամիջոցների ցանկում: Քանի որ մեր համարյա բոլոր հավաքականներին դեղերով ապահովում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, ապա անցած տարվա սեպտեմբերից մելդոնիումը հանված է դեղերի ցանկից եւ այլեւս չի տրամադրվում մեր թիմերին»,- ասել է Արեգ Հովհաննիսյանը:

Իսկ ինչպես կարելի է մեր մարզիկներին պաշտպանել անցանկալի խթանիչներից: Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրենն ասում է, որ ամեն ինչ կախված է հենց մարզիկներից: «Կան մարզիկներ, որոնք մշտապես կապ են հաստատում մեր հետ, խորհուրդներ են հարցնում: Օրինակ, հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը: Եթե բոլոր մարզիկներն այդպես մտածեն եւ վարվեն, ապա մենք դոպինգի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունենա»,- եզրափակեց փորձառու մասնագետը:

Նշենք, որ եթե Մարիա Շարապովայի 2-րդ դոպինգ թեսթը կրկին դրական արդյունք տա, ապա նրան առավելագույնը սպասվում է 4 տարվա որակազրկում, բայց քանի որ ռուս թենիսիստուհին ինքնակամ է հայտարարել այդ մասին, ապա նրա պատիժը հնարավոր է մեղմացվի:

«Բանանց»-ը հաղթեց առաջնության առաջատար «Ալաշկերտ»-ին

Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ փուլի առաջին հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում հանդիպեց Երեւանի «Բանանց»-ի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով: Հաղթողների կազմում գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին Զավեն Բադոյանն ու Պետրոս Ավետիսյանը:

«Բանանց»-ը 20 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: «Ալաշկերտը» 2-րդ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն 35 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Կայացած 2-րդ խաղում Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում զիջեց Երեւանի «Միկա»-ին: Միակ գոլը խփեց վրացի լեգեոնական Միխայիլ Գորելիշվիլին: «Շիրակ»-ը 27 միավորով մնաց 3-րդ տեղում, իսկ «Միկա»-ն վաստակեց 18 միավոր եւ շարունակում է հետապնդել «Բանանց»-ին:

Նոր հակամարտությու՞ն. ՀՖՖ-ն խոչընդոտում է տոմսեր ձեռք բերել - Եվ ՖԱՖ-ն ահազանգում է

Արդեն 2-րդ օրն է ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաեւ տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք / կարելի է ստուգել տոմսարկղում /, իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու «վաճառված», ավելի տեղին է ասել՝ «հանված են» մի քանի հարյուր տոմս: Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը եւ տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց,որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին եւ ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա մեր գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։