Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ

Բաղադրությունը - Կարագ – 200 գ, մուրաբայի օշարակ – 200 գ, վանիլ – 0,5 թեյի, գդալ, դարչին – 1 պտղունց, կտրտած ընկույզ – 1 բաժակ, չամիչ – 1 բաժակ, չիր – 1 բաժակ, փոխինձ, աղ:

Պատրաստման եղանակը - Օշարակն ու 200 մլ ջուրը խառնել, դնել կրակին, կարագը լցնել մեջը: Հենց եռա, ավելացնել 1 պտղունց աղը, ընկույզը, չամիչն ու չիրը, վանիլն ու դարչինը:

Հետո աստիճանաբար ավելացնել փոխինձն այնքան (մոտավորապես 600 գ), որ հնարավոր լինի սառելուց հետո գնդիկներ պատրաստել: Ձեւավորել, մատուցել:

Եվ ուրբանիզացիան եւ ժառանգականությունը

Վերջին տարիներին աշխարհում ալերգիան շատացել է, Հայաստանն էլ հետ չի մնում: Ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանը անդրադառնալով սեզոնային ալերգիաներին՝ նշել է, որ դա շատ հաճախ հարբուխի պես է արտահայտվում՝ փռշտոց, քթարտադրություն, հիմնականում առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին ավելի շատ լինում:

Արդյո՞ք բուժվում է ալերգիան, թե ոչ: Ալերգոլոգը ասել է. «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ անբուժելի հիվանդություն չկա: Հայաստանում կա թերիրազեկվածություն ու մենթալիտետի խնդիր, հայերը չեն սիրում դիմել բժշկի»: Ինչպես բոլոր ալերգիաները, այնպես էլ սեզոնայինը, ունեն իրենց բուժման եղանակները, օրինակ իմունոթերապիան, պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, որպեսզի ճիշտ ալերգենով պայքարել դրա դեմ: Մասնագետի կարծիքով՝ ալերգիայի առաջացման պատճառը կապված է իմունային համակարգի հետ: Դա չի նշանակում, որ իմունիտետն ընկած է, այլ ուղղակի իմունային համակարգը խախտված է: Ալերգիաները ունենում են նաեւ ժառանգական նախապայման: Ալերգիաների ավելացումը պայմանավորված է նաեւ «ուրբանիզացիայով, օդի աղտոտվածությամբ եւ էկոլոգիական խնդիրներով, որոնք էլ մեծ ազդեցություն են ունենում այդ ժառանգական նախատրամադրվածության վրա:

Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, քանի որ ալերգոլոգների մոտ դրանք չեն հավաքվում, իսկ բուժհիմնարկներում արձանագրվում են միայն բժշկին դիմած դեպքերը:

Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը նշել է, որ անցած դարի 40-ական թթ. մինչեւ փլուզումը ԽՍՀՄ-ում ալյուրը 100%-ով հարստացվել է, այդ թվում՝ ֆոլաթթվով՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։  «Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա եւ հիասթափություն ապրեցի»,- ասել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսը: Վիկտոր Թուտելյանը նաեւ շեշտել է, որ 1948թ. Խորհրդային Միությունում արգելվում էր գենետիկան։ Արդյունքում ԽՍՀՄ-ը գիտության այդ ճյուղով աշխարհի զարգացած շատ երկրներից բավական հետ մնաց։ «Մեկն ինձ ասաց՝ պետք չէ ձեռք տալ Աստծո տված հացին։ Բայց չէ՞ որ Աստծո տված հացը խանութներում վաճառվող սպիտակ հացը չէ, որ զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում»,- նշել էր ակադեմիկոսը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ «Օպտիմալ սնունդն առողջության եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարեւորագույն գործոն» թեմայով դասախոսության ժամանակ։

Հայազգի գիտնականը հավելել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը հարուստ է կանաչեղենով, սակայն այն քիչ է յուրացվում եւ չի կարող բավարարել օրգանիզմի պահանջը։ «Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է եւ օգտակար»,- շեշտել է գիտնականը՝ նշելով, որ ամբողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը չգիտես ինչու ընդդիմանում է եւ կարող է տեղում մնալ՝ կորցնելով ազգի առողջությունը։ Այս խնդիրներին ավելի հանգամանալից կարելի է ծանոթանալ Վիկտոր Թուտելյանի «Օպտիմալ սնունդը առողջության եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարեւորագույն գործոն» ուսանելի եւ հետաքրքիր դասախոսության տեսանյութին ծանոթանալով:

Միջազգային ITB տուրիստական ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները

Մարտի 9-13-ը Բեռլինում ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության «Փուլ III» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:

Ըստ panorama.am-ի, ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները եւ հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների եւ առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության եւ արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում:

Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնում է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների եւ վայրի բնության սիրահարների համար. «Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար»:

WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը կարեւորելով էկոզբոսաշրջության զարգացումը, նշել է, որ WWF-ն աջակցում է նման միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնակցությանը՝ նպատակ ունենալով նպաստել զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը տվյալ երկրների պահպանվող տարածքներում, քանի որ սա նպաստում է ինչպես պահպանվող տարածքների, այնպես էլ հարակից համայնքների տնտեսական զարգացմանն ու առաջխաղացմանը:

Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ

«Շուրջ 2 տարի է հայկական բալետը ոչինչ չի ստեղծել, ոչինչ չի կարողացել անել: Ցավով եմ ասում»,- նշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Նա նշել է, որ երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում, վերադարձավ Հայաստան՝ բերելով իր նորարարությունները, սակայն 3 տարի շարունակ չկարողացավ դրանք ներմուծել հայկական բալետային թատրոն: «Ֆիզիկական, հոգեւոր, մտային աշխատանք էր պահանջում: Այն երիտասարդները, ովքեր կարողացան հետեւել, առաջխաղացում ունեցան, իսկ մյուսները, ովքեր սովոր չէին աշխատելու, ըմբոստացան, հետո ստորագրահավաք սկսեցին, որը Հայաստանում մոդայիկ է: Հետո վերեւից պաշտոնյաներն իրենց օգնեցին առանց հասկանալու՝ Հայաստանին բալետ պետք է, թե ոչ: Ջարդվեց»,- ասել է հայտնի արտիստը:

2014թ. ապրիլի 22-ին Ռուդոլֆ Խառատյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Նրան այդ պաշտոնում փոխարինել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

Հեռանալով՝ նա թատրոնում շարունակել է աշխատել որպես հրավիրյալ բալետմայստեր: Խոսելով հայկական բալետային արվեստի մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կարող է խաչատրյանական արվեստի հենքի վրա ունեցած գործերով արժանի տեղ գրավել համաշխարհային մշակույթում, նա ասել է. «Բալետային լեզվում կարող են ազգագրականից, ֆոլկլորից տարրեր լինել, բայց ներկայացումն ամբողջությամբ չի կարող անսամբլային, ֆոլկլորային լինել»: Ինքը ժամանակին ցանկանում էր Նյու Յորք Սիթի բալետից պարուսույց հրավիրել, որպեսզի բեմադրի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը նոր ձեւով: «Այսօր ինձ համար էլ շատ դժվար է: Երբ «Գայանե»-ի երաժշտությունը լսում ես, կան ձեւավորված շարժումներ, որոնք ուզում ես անել: Պետք է մի մարդ հրավիրել, որ զերծ է այդ ձեւերից, ով կկարողանա ազատ ձեւով ներկայացնել՝ փոխված լիբրետոյով: Հույս ունեմ՝ դեռ կմտածեն այդ ուղղությամբ: Ափսոս է այդ երաժշտությունը»,- նշել է վաստակավոր արտիստը:

Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WEB ԾԻՐԱՆ»-ի գլխավոր գործընկերն է: «5 տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգևորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, եւ կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ԾԻՐԱՆ»-ից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 5-րդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 3-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոլրագրող Ռուզան Բագրատունին, լրագրող Գոհար Հակոբյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 3-ին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 24 ֆիլմերը 1 ամսվա ընթացքում դիտելուց հետո:

Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակը կիսել են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» եւ Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերի համար: Գլխավոր մրցանակակիրները կպարգևատրվեն 200.000-ական դրամով: Սահմանված էր նաև խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Արփի Բալյանի «Արվեստանոց էի ուզում» ֆիլմը: «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Արման Այվազյանին «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել էր 3018 օգտատեր: Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։