Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (1-ին մաս) – Ինչ ունենք ջրավազանային կառավարման տարածքում

Մեր երգիծաբաններից ամենաշատը Օտյանին եմ սիրում: Այն պարզ պատճառով, որ նրա բոլոր ստեղծագործություններն են միշտ արդիական, եւ որ դրանք այսօր էլ կարող են դյուրին սոսնձվել պետական, մասնավոր, կուսակցական գրեթե յուրաքանչյուր օղակի:

Երբ մեր մասնավոր, հանրային, մասնագիտական ու պետական հատվածները սկսեցին ահազանգել, որ Արարատյան դաշտն անապատասման եզրին է, օտյանական հերոսներից մեկին՝ Փանջունուն հիշեցի, դասակարգ չկա՞, կստեղծենք, որ պայքարենք: Արարատյան դաշտում ջրի խնդիր չկա՞, կամ՝ այդ չափո՞վ չկա՝ կստեղծենք, որ լուծենք: Բայց արի ու տես, որ բնության պատիժը փանջունիական բեռից ծանր նստեց մեզ վրա: Մենք չօգտագործեցինք բնության պաշարը՝ բերք ու բարիք ստանալու համար, մենք անխնա շահագործեցինք բնության պաշար ջուրը՝ հետագայում լրիվ չորանալու վտանգը չկանխատեսելով:

Ի՞նչ ունենք այսօր: Արարատյան դաշտն ամայանում է: Ստորերկրյա ջրերի մակարդակը մետրերով է իջնում: Ջրատվության մակարդակն անգամներով է պակասում: Նկատի ունենանք. որ սա այն դեպքն է, երբ ահազանգում են նշածս բոլոր հատվածները: Քանզի այդ ամայանալը բազմաթիվ բացասական հետեւանքների է բերելու:

Եթե հակիրճ ասենք՝ ճիշտ նշանակետին խփելով, ապա մենք այս պահին ազգային լուրջ խնդիր ունենք լուծելու. խնդիր, որ ռազմավարական նշանակության է ու՝ ոչ միայն այս պահի դրությամբ:

Բնապահպանության նախարարությունը մշակում է Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Այդ պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի եւ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները) վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն կա արդեն: Ի՞նչ է այն ենթադրում, կոչվա՞ծ է արդյոք լուծում տալու մեր առջեւ ծառացած այս բարդագույն խնդրին, թե՞ հերթական փաստաթուղթ է լինելու: Թեեւ փորձը ցույց է տալիս, որ մեր մասնագիտական փաստաթղթերը հիմնականում լավն են լինում, եւ հարցն իրագործել-չիրագործելու տիրույթում է:

Որպեսզի ավելի խորությամբ հասկանանք, թե ի՞նչ կարգի խնդիր պետք է լուծենք, ինչպե՞ս, ի՞նչ ժամանակահատվածում (լրացուցիչ բարդություններ չառաջացնելու նկատառումով) եւ ի՞նչ է իրենից ներկայացնում Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը, նախ հասկանանք՝ թե ինչ ասել է Արարատյան ջրեր:

Իսկ ավելի պարզ՝ մակերեւութային ու ստորերկրյա ինչ կարգի, ծավալի ջրային պաշարներ ունի դաշտը: Փորձենք տալ, ըստ բնապահպանության նախարարության, Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման տարածքի (ՋԿՏ) հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական ընդհանուր բնութագիրը:

Մակերեւութային ջրեր

Այսպիսով, Արարատյան ՋԿՏ-ի մակերեւութային ջրային ռեսուրսները պատկանում են Ազատ, Վեդի եւ Արփա գետերի ավազաններին: Ազատ գետը ձեւավորվում է Գողթ եւ Յոթնակունք գետերի միախառնումից: Գետի երկարությունը 40 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 572 քառ. կմ: Գետի սնման գործում մեծ է աղբյուրների դերը, որով էլ պայմանավորված է հոսքի բնական կարգավորվածությունը: Վեդի գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Գնդասար լեռան լանջերից: Երկարությունը 58կմ է, գետավազանի մակերեսը՝ 633 քառ. կմ: Հովիտը վերին եւ միջին հոսանքներում ունի 500-600 մ խորություն: Ուրցաձոր գյուղից հետո գետի հովիտն ընդլայնվում է, իսկ Վեդի քաղաքից ներքեւ, դուրս է գալիս Արարատյան հարթավայր: Միջին եւ ստորին հոսանքներում գետի ջրերն ամբողջովին օգտագործվում են ոռոգման նպատակով: Արփա գետը Արաքսի ջրառատ վտակներից է: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի 3200 մ բարձրությունից: Գետի ընդհանուր երկարությունը 128 կմ է (ՀՀ տարածքում՝ 92 կմ), իսկ ջրհավաք ավազանի մակերեսը՝ 2630 քառ. կմ (ՀՀ տարածքում՝ 2080 քառ. կմ): Արփայի խոշոր վտակներն են Եղեգիսը իր Սալիգետ վտակով, Հերհերը եւ Դարբը: Արարատյան ՋԿՏ-ի գետերը վերին եւ միջին հոսանքներում տիպիկ լեռնային են: 2500-3000 մ բացարձակ բարձրություններից հոսելով 400-500մ խորության ձորերով եւ կիրճերով, 1300-1400 մ նիշերում բեռնաթափվում են Արարատյան դաշտավայրում ու իրենց ջրերի չնչին մասն են միայն հասցնում մայր Արաքս գետին:

Արարատյան ՋԿՏ-ի գետերի ջրագրական ցանցը ներկայանում է 2238 գետերով եւ գետակներով: Ջրագրական ցանցի հիմքը կազմում են 10կմ-ից պակաս երկարություն ունեցող գետակները, որոնք կազմում են գետերի ընդհանուր թվի 97%-ը եւ գումարային երկարության 75%-ը: 10 կմ-ից ավելի երկարությամբ գետերի քանակը հասնում է 50-ի՝ 755 ընդհանուր երկարությամբ:

Փաստորեն, ըստ բնապահպանության նախարարության, Արարատյան ՋԿՏ-ի գետերը ունեն բավականին զարգացած գետային ցանց, որի խտությունը (1.02 կմ/կմ2) գերազանցում է հանրապետության միջինը (0.85 կմ/կմ2) եւ լավ նախադրյալներ է ստեղծում մակերեւութային հոսքի ձեւավորման համար: Արարատյան ՋԿՏ-ի գետերը ունեն խառը սնուցում՝ ստորերկրյա հալոցքային եւ անձրեւային: Անձրեւային սնումը հալոցքայինի ու ստորերկրյայի համեմատ, ամենափոքրն է: Առավելագույն ելքերը Ազատ, Վեդի եւ Արփա գետերի ավազաններում ձեւավորվում են գարնանային հորդացումների ժամանակ, ձյան հալոցքից եւ անձրեւներից: Գարնանային հորդացումների առավելագույն ելքերն երբեմն հասնում են աղետալի չափերի: Ազատի հորդացման առավելագույն ելքը դիտվել է 1963թ. – 144մ2/վրկ, Վեդի գետինը՝ 1965թ.-110 մ2/վրկ: Արփա գետի ամենամեծ առավելագույն ելքը դիտվել է 1969թ. – 340մ3/վրկ: Առավելագույն ելքերի անցման ժամանակ գետերի ջրերի մակարդակը կտրուկ բարձրանում է եւ գետը, դուրս գալով հունից, ողողում է մերձափնյա տարածքները, ավտոճանապարհները, խորտակում տներ ու կամուրջներ: Ազատի ջրամբարի կառուցումից հետո, գետի հոսքը կարգավորվել է, եւ նա այժմ վտանգավոր չէ: Վեդի գետի հորդացումների առավելագույն ելքերը կրկնվում են 10-15 տարին մեկ անգամ եւ ջրածածկում են Վեդի քաղաքից ներքեւ գտվող տարածքները: Աղետալի հետեւանքներով առավելագույն ելքերը Արփա գետի ավազանում ավելի մեծ հաճախականություն ունեն: Դրանք այստեղ կրկնվում են 5 տարին մեկ անգամ:

Նվազագույն հոսքն էլ է ուսումնասիրվել, քանզի բնապահպանական թողքերի գնահատման համար կարեւոր նշանակություն ունի նվազագույն ելքերի ուսումնասիրությունը: Համեմատության համար Արարատյան ՋԿՏ-ի գետերի նվազագույն ելքերի բնութագրիչներից ուսումնասիրվել են միայն միջին ամսական նվազագույն ելքերը: Օրինակ՝ Արփա-գ. Արենի դիտակետի ամենամեծ միջին ամսական նվազագույն ելքը՝ 13,27 մ2/վրկ դիտվել է 2013թ. դեկտեմբերին, իսկ ամենափոքրը՝ 5,62 մ2/վրկ, 2001թ. նոյեմբերին:

Գանք լճերին: Արարատյան ՋԿՏ-ում ջրատնտեսական առումով նշանակալից լճեր չկան:

Նրանք տարածված են միայն Արփայի գետավազանի հրաբխային ծագման լեռնաշղթաների մերձգագաթային շրջաններում՝ մորենային կամ հրաբխային արգելափակման գոգավորություններում: Դրանք մի քանի լճակներ են, որոնք փոքր են եւ ունեն տեղական նշանակություն: Դրանցում կուտակվող ջրի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 60,0 հազ. խմ եւ տեղի բնակիչների կողմից հիմնականում օգտագործվում ջրարբիացման համար:

Ստորերկրյա ջրեր

Արարատյան ջրավազանային կառավարման տարածքն, ինչպես ասացինք, ընդգրկում է Ազատ, Վեդի եւ Արփա գետերի ավազանները: Ազատի գետավազանի ստորերկրյա ջրերի բնական հոսքը հաշվարկվել է Գառնի գյուղի մոտ եզրափակվող գետահատվածքում, որը կազմում է 6,33խմ/վրկ: Ստորերկրյա ջրերի հոսքի հիմնական մասը բեռնաթափվում է աղբյուրների տեսքով (4,28 խմ /վրկ.) եւ դրենացվում են գետահուներում 1,86 խմ/վրկ.: Խորքային հոսքին բաժին է ընկնում 0,19 խմ/վրկ., որն անցնում է Ազատ գետի հունատակ առաջացումներով: Ազատի ջրամբարի կառուցումից հետո ձեւավորվում են նաեւ արհեստական պաշարներ՝ ի հաշիվ ջրամբարի ֆիլտրացիոն կորուստների: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրամբարում ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց, մեծանում է նաեւ Լանջանիստի աղբյուրների ծախսը (աղբյուրների որոշ մասը ձեւավորվել է ջրամբարի կառուցումից հետո):

Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ազատ գետի ջրավազանում խորքային հոսքի մեծությունը, որը հաշվարկած է 0,19խմ/վրկ, հարկավոր է «մեծացնել» ի հաշիվ այն խորքային հոսքի, որն այդ տարածք է ներթափանցում Գեղամա լեռնաշղթայի արեւմտյան լանջերից: Վերջինիս հաշվառմամբ գետավազանի ստորերկրյա խորքային հոսքի մեծությունը գնահատվում է մոտ 1,0 խմ/վրկ: Ազատ գետի ջրհավաք ավազանի ստորերկրյա ջրերի գումարային բնական հոսքը կկազմի 7,48 խմ/վրկ, այդ թվում՝ 4.62 խմ/վրկ-ն կազմում է աղբյուրային հոսքը, 1,86 խմ/վրկ-ը դրենացվում է գետահուներում, իսկ 1,0 խմ/վրկ-ը կազմում է խորքային հոսքը, որն էլ կընդունվի հիմք հետագա շարադրանքում:

Իսկ Վեդիի գետավազանի ստորերկրյա ջրերի բնական հոսքը հաշվարկվել է Ուրցաձոր գյուղի մոտ եզրափակվող գետահատվածքում, որը կազմում է 1,25 խմ /վրկ. ջրաքանակ: Ավազանի ստորերկրյա ջրերի հաշվեկշռի բաղադրիչները այսպիսին են՝ աղբյուրների հոսքը 0,47 խմ /վրկ. գետահուներում դրենացվող հոսքը (դրենաժային հոսքը)՝ 0,48 խմ /վրկ. եւ խորքային հոսքը 0,32 խմ/վրկ.:

Արփա գետի ավազանի ստորերկրյա ջրերի բնական հոսքը հաշվարկվել է Արենի գյուղի մոտ եզրափակվող գետահատվածքում եւ գնահատված է ջրային հաշվեկշռի հետեւյալ մեծություններով՝ աղբյուրային հոսքը՝ 5,36 խմ/վրկ., գետահուներում դրենացվողը՝ 4,18 խմ /վրկ., խորքային հոսքը՝ 1,68 խմ /վրկ.:

Հերհեր գետի ավազան ֆիլտրացվող ստորերկրյա ջրերը համարյա ամբողջությամբ դուրս են գալիս երկրի մակերեւույթ աղբյուրների տեսքով, որոնց ծախսը Բուլախլար գյուղի մոտակայքում կազմում է շուրջ 1200լ/վրկ: Արփա գետի Էլփին, Տերպ, Դարայուրտ վտակները բնորոշվում են ստորերկրյա ջրերի աննշան ռեսուրսներով: Այսպիսով, Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի նշված գետավազանները եզրափակող գետահատվածքներում ստորերկրյա ջրերի բնական վերականգնվող ռեսուրսները կազմում է 13,45 խմ /վրկ, ընդ որում դրանց հիմնական մասը 10,45 խմ /վրկ բեռնաթափվում է աղբյուրների տեսքով եւ միայն 3,0 խմ /վրկ է, որ հանդես է գալիս ստորերկրյա ջրատար շերտերում կամ լոկալ հորիզոններում:

Այս ամբողջ՝ ջրավազանային կառավարման տարածքից ինչքա՞նն է օգտագործելի ջրային պաշարը, եւ որ պակաս կարեւոր չէ, ինչ որակի ջրի մասին է խոսքը:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

(Հոդվածաշարի հակիրճ տարբերակը հրապարակել եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ թեմայի փակագծերը «Լուսանցք»-ում եմ բացում՝ շահագրգիռ կողմերին արտահայտվելու հնարավորություն տալով):

* * *

Էժանությու՜ն է ու էժանությու՞ն

Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է, թե ինչպես են սպառողական գները փոփոխվել 2016թ. հունվարին, փետրվարին:

Ըստ նրա, 2016թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում գրացվել է 1,4% սպառողական գների անկում, մասնավորապես պարենային ապրանքների գները նվազել են 3,2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,6%-ով: Վերջին ամսում պարենային 13 ապրանքախմբերից 9-ում արձանագրվել է գնանկում 13,4-0,1%, 4 ապրանքային խմբում գրանցվել է գնաճ՝ 0,1-1,2%: Առավել նկատելի գնանկում արձանագրվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում՝ 13,4% եւ մրգային ապրանքախմբում՝ 3,3%: Արձանագրվել է նաեւ հացամթերքի գնանկում 2,6%, մսամթերքինը՝ 0,5%, ձկնամթերքինը՝ 1%, կաթնամթերքինը՝ 0,1%, հրուշակեղենինը՝ 0,2%, այլ պարենային ապրանքների գները նվազել են 0,1%-ով: 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1,7%-ով: Այդ թվում, պարենային ապրանքներն ունեցել են առավել բարձր նվազման միտում՝ 5,9%:

Ես, որպես սպառող, խնդրում եմ ինձ հուշել, թե այդ ո՞ր խանութներում է էժան հաց, կարտոֆիլ, բանջարեղեն վաճառվում, որպեսզի գնամ-գնեմ ու հաստատեմ գնանկման փաստը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։