Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…

Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները

Գարնանային այդ օրը էլեկտրոնային կյանքում հայրենասերների մի ամբողջ խումբ պատմական արշավ կազմակերպեց ու հիշեց այդ օրվա՝ կլարացետկինյան պատճառը: Քանի որ ընդհանրապես այդ խմբից ինձ համար առանձնացրել եմ մի խմբի, որի տեսակետին գրեթե մշտապես կարող եմ ականջալուր լինել, նրանց կարծիքն էլ կմեջբերեմ:

Ըստ Հայ Արիական Միաբանության՝ «Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:

Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:

Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…»:

Ահա եւ վերջ՝ մարտի 8-ը հերթական առիթ է «հերթական ուրախությունը պարգեւելու առումով»: Բողոքողները կարող են դա անել մարտի 1-ին, 3-ին կամ 7-ին, 9-ին կամ միշտ՝ երբ ուզեն: Դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մեր հայրենասերների այդքան սիրած ութաթեւ աստղը Ադրբեջանի պետական դրոշի վրա է, Ադրբեջանը դա էլ է գողացել: Հիմա ի՞նչ անենք, հրաժարվե՞նք մեր ութաթեւ աստղից: Իհարկե՝ ոչ: Մեր ութաթեւ աստղը Վրաստանը դաջում է գինու կարասներին եւ միջազգային PR սկսում՝ սեփականելով թե հավերժության ութաթեւ խորհրդանիշը, թե՛ գինու հայրենիք լինելու առաջնայնությունը: Հրաժարվե՞նք: Իհարկե՝ ոչ: Օրինակներ էլի կարող եմ բերել:  Այնպես որ, հարգելիներս, պարզապես ուրախացեք եւ ուրախացրեք ձեր կանանց: Արեք դա թեկուզ փետրվարի 1-ին կամ 1-ից, ձեր ձեռքը ոչ ոք չի բռնում: Բայց այդքան մի՛ թմբկահարեք հայրենասիրության տիրույթը: Նախ՝ որ եթե այդքան հայրենասեր եք, ու Ցետկինը ձեզ խանգարում է, ուրեմն պիտի իմանաք, որ տարվա մեջ 365 օր դուք մի կրոնի՝ քրիստոնեության հետեւորդ եք, որ ազգային չէ: Կրոններն ընդհանրապես վերազգային, ապազգային են: Եվ երկրորդ՝ Ցետկինն օգնում է, որպեսզի ձեր տիրույթ մտնեն տղամարդիկ, ովքեր, հասկանալի պատճառներով, գումար չունենալով, ցավոք, անհասկանալի պատճառներով երեւակայություն չունեն կնոջն անակնկալ մատուցելու առանց գումարի: Ով ով, գոնե դուք պիտի լավ իմանաք, որ Ցետկինն ու քրիստոնեությունն իրականում նույն տիրույթից են, էդ ոնց եղավ, որ մեկը խանգարում է, մյուսը՝ ոչ:

Եվ եթե դուք այդքան Ցետկինից չխոսեիք, ցետկինյան սինդրոմը երեւանյան այդ օրը չէր փորձի մխտռել՝ գարնանային տոնը կանանց իրավունքների պաշտպանության օր «հռչակելով» եւ «Ոչ հայրիշխանությանը, ոչ տերերին», «Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ նա ուզում է», «Չեմ լռելու», «Դիպլոմը օժիտ չէ», «Կարմիր խնձորը ուտելու համար է», «Կինն ու տղամարդը հավասար են», «Ուզում եմ ապրել», «Լեսբի» գրառումներով քայլերթ անելով:

Եթե երբեւէ հանրային կյանքով զբաղվելու ցանկություն ունենամ, պիտի հիմնեմ տղամարդկանց պաշտպանության օր: Որպեսզի ապացուցեմ, որ Հայաստանում կինն ու տղամարդը հավասար չեն, կինը շատ ավելին է, թագուհի է, իսկ տղամարդը՝ ձի (թող ներեն ինձ տղամարդիկ, բայց իրականում էդպես է ֆեմինիստների համար), որ ամբողջ օրն աշխատում է թագուհու պահանջները գոհացնելու համար: Էդ ֆեմինիստ կնանիք, որ ասում են, թե կնոջ ու տղամարդու հավասարություն են ուզում, հապա ինչու՞ չեն գնում հանքերում աշխատելու: Թե՞ հավասարությունը միայն իշխանության մեջ են ուզում: Թե չէ էնպիսի պաստառներ են բռնել, որ Հայաստանում չապրողը կմտածի, որ էստեղ ամբողջ օրը կանանց ծեծում-ջարդում են: Չնայած դրանց «լեսբի» պաստառն ամեն ինչ ասում է. այն, որ նրանք «հավասարություն» են ուզում ֆեմինիստ՝ գոմո տղամարդկանց պես:

Միով բանիվ, մարտի 8-ին ազատվելով քրիստոնյա ցետկինի սինդրոմից եւ օրը նշելով իբրեւ պետականորեն ընդունված գարնանային միամսյակի սկիզբ, գուցե հիշենք հազարամյակների մեր սովորույթները, որտեղ տեղ չկար անբնական ոչ մի բանի համար՝ ոչ ցետկինի, ոչ ֆեմինիստ կնանիքի:

Խոսքս ավարտեմ Հայ Արիական Միաբանության տեսակետով. «Ասել եւ ասում ենք՝ հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեր հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ կշարունակի ազգի շառավիղը:

Հայ արիական իմաստությունն ասում է, որ հայ կինը, նախեւառաջ, պետք է վերագտնի իրեն որպես կի՛ն՝ իգական ակունք, որը սնվում է փոխադարձ սիրո ու նվիրումի պտուղներով, որպեսզի լիարժեք սիրված ու կյանքում կայացած կին դառնա: Այսպիսի կանայք են սխրանք գործում հանուն անձնական եւ ընդհանրական նպատակների:

Ուստի՝ թող Հայ Աստվածները լինեն պահապանն ու ապավենը հայոց իգական ակունքի. Հայ կանանց մաղթում ենք՝ Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու եւ պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո եւ այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին…

Իսկ հայ արական ակունքը թող դառնա ապավենն այս մաղթանքների, քանզի հայ կինը ինչպես նախկինում, այսօր էլ հայ տղամարդու զորության սնուցողն է եւ սիրո ու նվիրումի մարմնացումը՝ հանուն այր ու կին բնակարգի կայացման: Հայ կինը նաեւ օջախների շենացման ու բազմացման, հայ տեսակի գոյատեւման ու հարատեւման երաշխիքն է»:

Անի Մարության

Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր

Մարտի 1-ին, եթե անգամ ձյուն էլ է գալիս, միեւնույն է՝ ջերմացած ես. գարուն է: Այս մարտը արեւով է սկսվել, իսկ մարտի 8-ը բազմերանգ մի ամբողջ գարուն եղավ Երեւանի համար:

Լրագրողներիս հաճախ են անարգանքի սյունին գամում միայն վատը տեսնելու համար: Ու քանի որ մարտի սկզբից բարիացել եմ եւ բնավ սյունին գամվելու ցանկություն չունեմ, լավն էլ ասեմ. Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ի միջոցառումներն այնքան ճիշտ ու սիրուն էր կազմակերպել, որ դրանց ջերմությունը զգացի անգամ տանս «փակված», պատուհանիցս այն կողմ: Ավելին՝ մտովի մասնակցեցի դրանց:

Ես եւ՛ «Զվարթնոց» օդանավակայան հասա, որ երիտասարդներից ժպիտներ ու ծաղիկներ ստանամ, եւ՛ Հյուսիսային պողոտայում եղա, որ հեքիաթային այգու վերածված հարթակում քայլեմ: Ավելին, ես, որ երբեք տրոլեյբուս չեմ նստում, քանզի ոտքով ավելի արագ կարող եմ տեղ հասնել, այդ օրը որոշեցի համբերությունս ստուգել եւ օգտվեցի թիվ 1 տրոլեյբուսի ծառայությունից: Ամբողջ ուղերթի ընթացքում կնոջը նվիրված երգեր լսեցի՝ կենդանի կատարումներով: Այս անգամ արդեն տրոլեյբուսից իջնել չէի ուզում, եւ հուսով եմ՝ վարորդի համբերությունը չչարաշահեցի: Քանի որ սուր զգացողությունների սիրահար եմ, բաց չթողեցի նաեւ Ազատության հրապարակում Երեւանի քաղաքապետարանի եւ «Սքայբոլ» ընկերության կազմակերպած անակնկալը. երեւանյան համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից՝ օդապարիկից տեսնելու հնարավորություն էր տրվել բոլոր ցանկացողներին:

Այդ օրն ամենուրեք ծաղիկներ էին բաժանվում, ամենուրեք արեւային գույներ էին, փայլող աչքեր, ծիծաղ, մի խոսքով՝ էլ ո՜րն ասեմ, էլ ո՜րը:

Մի իսկական տոն, որի իսկական պատճառը գարունն է:

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։