Ըստ հայ արիների՝ հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛ – Երկրապահները համախմբվում են հայոց բանակի շուրջ… Գազի խնդիրը.- Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է…

Հայոց բանակը պիտի ազգ-բանակ լինի՛

Հայրենիքին ծառայելու եւ հանուն ազգի մարտնչելու գաղափարը եղել, կա եւ մնում է արդիական: Առավել եւս հայության համար, քանզի մեր հայրենիքի զգալի մասը թշնամիների տիրապետության տակ է դեռ եւ մեր միլիոնավոր ցեղասպանված նահատակների եւ նախնյաց վրեժը անկատար է մնացել… չնայած հայ վրիժառու մի քանի սերունդների նվիրական գործունեությանը: Այսօր էլ հայրենիքի պաշտպանության գործը համազգային խնդիր է եւ այն միայն բանակի սրբազան գործ չէ: Մեր բանակն ապացուցել է իր զորությունն ու հաջողության հասնելու կամքը եւ արժանի է հաընդհանուր սատարման ու աջակցության ինչպես հայաստանյան (նաեւ՝ արցախյան), այնպես էլ սփյուռքյան հայության կողմից:

Ինչպես հայ արիականներն են պնդում՝ «Հայոց բանակը պիտի լինի ազգ-բանակ, ամբողջ ազգը՝ Հայաստանի ներսում, թե երկրից դուրս, պիտի մեկ մարմին դառնա, որպես ինքնապաշտպանական համակարգ… Յուրաքանչյուր հայորդի պիտի իր տեղը, դերն ու նշանակությունն ունենա այդ գործում… 10 տարեկան եւ ավելի բարձր տարիքի բոլոր հայերը, անկախ սեռից, պիտի տիրապետեն զենքին, որոշակիորեն հասկանան զինվորական գործից: Ճակատն ու թիկունքը պիտի այսօրվանից ձուլվեն միմյանց, զգան փոխադարձ կարեւորությունը եւ շունչը…»:

«Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ» հայտնի կարգախոսը հայ արիականների համար միանշանակ ընդունելի եւ անգամ պարտադիր է:

Օրերս ամբողջ հանրապետությունում պատանի երկրապահների շարքերը համալրելու առթիվ երդում են տվել շուրջ 20.000 պատանիներ։  Եռաբլուրի մատուռում մարտի 5-ի խորհրդանշական օրը՝ Վազգեն Սարգսյանի տարեդարձին, կատարվեց պատանի երկրապահների օրհնության կարգ։ Ավելի ուշ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում մի քանի հարյուր երկրապահներ երդում տվեցին՝ նպաստելու հայրենիքի բարօրությանը, սատար կանգնելու Հայոց բանակին։

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն իր ողջույնի խոսքն ուղղեց պատանիներին. «Դուք արդեն լիարժեք իրավունքների տեր եք, կարող եք պատասխանատվություն ստանձնել պետական, քաղաքական, հասարակական կառույցներում։ Դուք պարտավոր եք տեր կանգնելու մեր երկրին, պետությանը, սահմաններին»։

Երդման արարողությանը հաջորդեցին պատանիների ու աղջիկների ցուցադրական ելույթները։ ԵԿՄ-ի հետ համագործակցում են նաեւ սպորտային ակումբներ, ֆեդերացիաներ, որոնք նույնպես հանդես եկան վարժություններով։ Պատանի երկրապահները ոգեւորված էին արարողությամբ, նրանք հավաստում էին, որ իրենց կամքով են մտել ԵԿՄ, սիրով են շարային կանգնում, զենք քանդում-հավաքում։ Աղջիկներից ոմանք էլ որոշել են դառնալ բժշկուհի, որպեսզի բուժեն զինվորներին։ Նրանք բոլորն էլ ուզում են գնալ հայկական բանակ, որ պահեն-պահպանեն մեր երկիրը: Հավաքվել են, որ իրենց երդումը տան մեր հայրենիքին, որին ցանկանում են խաղաղություն, իսկ իրենք էլ հետագայում դառնալու են հայրենիքի պաշտպան, զինվոր: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ այլ նախարարներ ու պաշտոնյաներ։

Մինչ այս միջոցառումը, նախորդ ամսվա վերջին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Մասնակցում էին միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաձնաժողովի փոխնախագահ, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպմանն արծարծվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Հանձնաժողովը քննարկել ու հաստատել է հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:

Այսօր, երբ ոչ միայն Արցախյան պատերազմի, այլեւ տարածաշրջանի այլ ռազմական բախումների սահմանները մոտենում են Հայաստանին, պետք է առավել զգոն ու արագ գործել:

Կամավորական շարժումները միշտ են ապավեն եղել հայրենիքի պաշտպանության գործին եւ ամեն բան պետք է անել, որպեսզի կամավորական հասկացողությունը մեզանում իր տեղը վերագտնի՝ մինչեւ հնարավոր պատերազմը կմոտենա մեր անմիջական սահմաններին: Հզոր բանակի դեպքում նաեւ կարող ենք թույլ չտալ մոտենալ մեր սահմաններին:

Արման Դավթյան

Ռուսաստանի հետ բանակցություններում արտոնյալը նույն գի՞նն է

Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն ասաց, որ հայկական կողմը դիմել է ռուսական կողմին առաջարկով, որ ՀՀ-ին մատակարարող գազի գինը վերանայվի: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցությունները շարունակվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել նույն գինը առաջին եռամսյակում»,- ասաց փոխնախարարը:

Այսպիսով՝ գազի գինը կշարունակի մնալ 165 դոլար՝ այս տարվա առաջին եռամսյակում:

Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակից համարվող երկրի հետ բանակցություններում արտոնյալ ասվածը ընդամենը նույն գնի պահպանումն է:

Ըստ մեր արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, Ռուսաստանի հետ գազային համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության փոփոխությամբ Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող գազի 165 դոլար գինը ֆիքսվել է կարճատեւ ժամանակահատվածի համար, որպեսզի բանակցություններն ընթանան առավել արտոնյալ պայմանների շուրջ:

«Գազի գինը պահպանվում է, որպեսզի բանակցությունները գնան ավելի արտոնյալ պայմանների շուրջ»,- կառավարության նիստից հետո հենց այսպես բառացի էլ ասաց Շավարշ Քոչարյանը:

Թե արտոնյալ ինչ պայմանների շուրջ են բանակցում երկու կողմերը, չմանրամասնվեց:

Կնվազեցվի՞ արդյոք գազի գինը, այդ մասին էլ չխոսվեց:

Կամ՝ եթե նվազեցվի այդ սակագինը, արդյո՞ք այնքան կլինի իջեցումը, որ կազդի վերջնական սպառողի վրա: Դե, սա արդեն հեքիաթի ժանրից է, ուստի այս մասին խոսելն անգամ ավելորդ է:

Գազի թեմայի համապատկերում գանք այն հարցին, թե ինչ եղավ մեր այլընտրանքային գազատարի հնարավորությունն օգտագործելու խնդիրը:

Ըստ այդմ, բանակցություններ են ընթանում իրանական գազը Հայաստանով Վրաստան տեղափոխելու ուղղությամբ. այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը. «Իրանը մեր բարեկամ երկիրն է, Վրաստանը հարց է բարձրացրել, որպեսզի Իրանից գազ գնի, Իրանը եւ Վրաստանը պայմանավորվել են։ Հիմա այդ գազը իրա ոտքով չի գնում եւ երկու ճանապարհ ունի, մեկը՝ Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով: Ինչո՞ւ է հենց Հայաստանը ռեալը, որովհետեւ գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետեւ մենք ունենք կապ Վրաստանի հետ եւ Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունը ավելացնել եւ անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխենք Իրանից Վրաստան: Հիմա բանակցությունները գնում են, եւ մենք կարողացանք իրանական գազը Հայաստանի միջոցով տեղափոխել ու հասցնել Վրաստան» (պատգամավորի խոսքերը մեջբերված են բառացի,- խմբ.):

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ հայ-իրանական գազամուղը ռուսական «Գազպրոմին»-ն է, եւ հայկական կողմը ոչ մի լիազորություն չունի այդ գազամուղի նկատմամբ: Վարդան Այվազյանն այս դիտարկմանն ի պատասխան նկատեց, որ ՀՀ-ում գտնվող ցանկացած ապրանք եւ որեւէ բան, անկախ սեփականության ձեւից, այդ երկրինն է: Պատգամավորի խոսքերը դարձյալ մեջբերեմ բառացի. «Հիշեք դա, որեւէ մեկը այդ սեփականության պետական նշանակության օգտագործման համար քեզ չի կարող պայման թելադրել: Այսինքն, եթե վաղը մի մասնավոր հիվանդանոցում ես հիվանդ լինեմ, ինձ բուժօգնություն ցույց չտա, ես կարող եմ զրկել նրան իր ունեցվածքից, դա օրենքներով է ամրագրված, եւ այնպես չէ, որ Ռուսաստանը կարող է ասել, թե իմն է»:

Վարդանն Այվազյանն, անշուշտ, իրավացի է. գազատարը մեր երկրում է, եւ պետությունն իրավունքներ ունի դրա նկատմամբ: Խնդիրն այլ է. հարկ եղած պարագայում կկարողանա՞ բանեցնել այդ իրավունքները: Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմը ընդդեմ ռուսական կողմի երբեք նույնիսկ ամենատարրական իրավունք անգամ չի ճոճել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։