Գաղտնի բանակցություննե՞ր, թե՞ ամերիկյան խաղեր – Այնուամենայնիվ, հայկական լոբբին ԱՄՆ-ում հաղթում է ադրբեջանականին… Իրանի սահմանային զորքերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան…

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը հետզհետե աջակիցներ է հավաքում։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հաղորդմամբ՝ 4 կոնգրեսականներ, այդ թվում՝ Մագնիտսկու հայտնի օրենքի հեղինակ Ջիմ ՄըքԳովերնը, միացել են «Ադրբեջանում ժողովրդավարության ակտ» օրինագծին, որով նախատեսվում է անհատական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են լրագրողների, ակտիվիստների ու ընդդիմադիր եւ կրոնական խմբերի ներկայացուցիչների քաղաքական հետապնդումներին: Այս օրինագիծը շրջանառության մեջ է դրել Նյու Ջերսիից ընտրված հանրապետական ազդեցիկ կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթը, ով հիշյալ գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ինքն ու իր գործընկերները շատ լուրջ են տրամադրված։ «Մենք մտադիր ենք Իլհամ Ալիեւին ապացուցել, որ իր այդ քաղաքականությունը, որն ուղղված է որոշակի մարդկանց՝ լրագրողներին, ընդդիմադիրներին ճնշելուն, վատ ավարտ է ունենալու»,- հայտարարել է կոնգրեսական Սմիթը։ Նա հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որով կոչ է արել ԵԱՀԿ-ի ղեկավարությանն ու ԱՄՆ-ի կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ: Ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ՝ մարտի վերջերին սպասվում է Ադրբեջանի նախագահի այցը ԱՄՆ, որտեղ նա մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։

Իմիջիայլոց, այստեղ կկայանան նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ՝ Արցախի խնդրի վերաբերյալ եւս:

Ադրբեջանական մեկնաբանները եւս նշում են, որ այցի շրջանակում տեղի են ունենալու մի շարք կարեւոր, սկզբունքային հանդիպումներ ու բանակցություններ, որոնց արդյունքներից էլ կախված կլինի ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ապագան։  Minval.az լրատվական կայքը, հղում անելով դիվանագիտական իր հուսալի աղբյուրներին, հայտնել էր, որ հնարավոր պատժամիջոցների սահմանման շուրջ Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ ընթանում են գաղտնի բանակցություններ, եւ որ կողմերը փորձում են քննարկվող հարցերը համաձայնեցնել մինչեւ նյույորքյան գագաթնաժողովը։ Ըստ աղբյուրի՝ կողմերի պահանջները հայտնի են՝ Վաշինգտոնը Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Բացի այդ, ամերիկյան կողմը մտադիր է հավասար դերակատարություն ունենալ Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաեւ մեծացնել դեպի Աֆղանստան ռազմական նշանակության բեռներ հասցնելու համար աջակցությունը:

Ադրբեջանն էլ պայման է դնում՝ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը, վերահսկողության տակ վերցնել Միացյալ Նահանգներում գործող հակաադրբեջանական խմբերի գործունեությունը։

Քանզի քննարկումների համար ժամանակը սահմանափակ է՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ որոշումներն ընդունվեն մինչեւ նյույորքյան գագաթնաժողովը, եթե Նյու Յորքում նախագահներ Օբամայի ու Ալիեւի միջեւ դեմ առ դեմ հանդիպում տեղի չունենա, կնշանակի, որ կողմերը պայմանավորվածության չեն հասել։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, թե իր դեմ պատժամիջոցներ սահմանել ցանկացող կոնգրեսական Սմիթը գործում է հայկական լոբբիի պատվերով եւ Կոնգրեսի կողմից օրինագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի իշխանությունները սպառնում են պատասխան քայլեր ձեռնարկել։ Թե ինչպիսի քայլեր, դեռ հայտնի չէ:

«Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» վերտառությամբ օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է, ուստի Ադրբեջանի Միլի մեջլիսի իշխող կուսակցության պատգամավորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, նախ՝ Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու, ապաեւ՝ հենց ԱՄՆ-ում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար։

Ի դեպ, ԱՄՆ նախկին կոնգրեսական Բերթոն Ջեյմս Ֆաբիանին լքել է ադրբեջանական լոբբիստական խումբը, ով Ինդիանա նահանգից էր ընտրված, նաեւ հրաժարական է տվել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից: Այս խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդի Անար Մամեդովն է, ով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող միլիարդատեր Դոնալդ Թրամփի բիզնես-գործընկերն է: Opensecrets.org-ի տվյալներով՝ 2011-ից ի վեր Մամեդովները ավելի քան 12 մլն. դոլար են ծախսել լոբբիստների վրա: «Արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատում ինձ հետ: Ընդունե՛ք իմ այս նամակը որպես հրաժարական»,- մարտի 1-ին գրել է Բերթոն Ջեյմս Ֆաբիանին: Նա Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը գլխավորում է 2013-ից՝ 30-ամյա օրենսդրական գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ իրականացնողների եւ ադրբեջանական լոբբիստական խմբերի միջեւ համառ պայքար է ընթանում, որը վերջին շրջանում ավելի ցայտուն է դարձել՝ հատկապես այս ամսվա վերջին Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի՝ ԱՄՆ այցերի նախաշեմին: Թե ինչ լուծում կգտնվի՝ պարզ կդառնա օրերս:

Վահագն Նանյան

* * *

Իրանի սահմանային զորքերի հրամանատար Գասիմ Ռզաին ժամանել է Ադրբեջան. այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով interpress.az լրատվական կայքին: Բաքվում Իրանի դեսպանատունը պատրաստվում է Իրանի սահմանային զորքերի հրամանատարի եռօրյա այցին, ով ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւի հրավերով:

Գասիմ Ռզաին Բաքվում երկկողմանի հանդիպումներին զուգահեռ կմասնակցի Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանային զորքերի հրամանատարությունների եռակողմ հանդիպմանը: Պետք է քննարկվեն սահմանային անվտանգության, թմրանյութերի մաքսանենգության դեմ համատեղ պայքարի, սահմանների պահպանության եւ այլ հարցեր:

Հայտնի է, որ Թեհրանը դժգոհ է իր տարածքների նկատմամբ Բաքվի հեռահար նպատակներից, խնդիրներ կան նաեւ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ:

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։