Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության – Ոչ թե ռեւոլյուցիա, այլ էվոլյուցիա է պետք մեզ… Քաղաքական դաշտը կարգավորելու խնդիր կա – օտարաստեղծ եւ օտարահաճ ուժերը պիտի լուծարվեն օրենսդրորեն…

Լավ կլիներ՝ առանց խ(հ)եղափոխության

Դեռ չեն դադարել այս կամ այն հեղափոխությունն սկսելու եւ ավարտելու մասին շահարկումները:

Դրանք նաեւ ներքին պահանջարկ ունեն, քանի որ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ու իրավական բազմաթիվ հանգամանքներ կան նպաստող:

Բայց ցավոք, այդ հեղափոխական ալիքների ճնշող մեծամասնությունը ալիքավորվում է դրսից եւ օտարի կողմից ուղղորդվում է Հայաստանում իր նպատակները սպասարկելու համար:

Այս դեպքում կապ չունի՝ այդ հեղափոխությունը ժողովրդավարական կկոչվի, թե ազգային, գունավոր, թե անգույն Անգամ բուրժուական հեղափոխության մասին է խոսվել Հայաստանում, իբր սոցիալիստական կարգերում ենք, հիմա էլ բուրժուաների խնդիր ունենք լուծելու:

Հասկանալի է, որ խոսքը փողատերերի հեղաշրջման, ոչ թե հեղափոխության մասին է: Իշխող փողատերերից չիշխող փողատերերի համար փաստորեն հանրությունը պիտի պայքարի…  Ըստ երեւույթին, արեւմտյան գունավոր հեղափոխություններին պետք է փոխարինի «ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեղափոխական նոր ալիքը: Իսկ միլիոնատեր դառնալու հավակնորդների պակաս մենք չունենք:

Հայաստանում, առհասարակ ընդունված է «բիրդան աղաների» կարգավիճակը: Դեռ 1900-ականների սովի ու ցրտի տարիներին սրանք ձեւավորվեցին անամոթաբար:

Իսկ իրականում հեղափոխությունները շարունակական են լինում՝ մեկը մյուսին փոխարինելով, ուստի լավ կլիներ, որ Հայաստանում լիներ ոչ թե ռեւոլյուցիա, այլ էվոլյուցիա, ինչն էլ կհանգեցներ ներազգային ու համազգային համերաշխության եւ կայուն պետականության ձեւավորման:

Կարեն Բալյան

Քաղաքական դաշտը կարգավորելու խնդիր կա

Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն արդեն 80-ին է մոտենում եւ դեռ կավելանա մինչեւ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Սա արդեն խեղկատակության է վերածվել, երբ ընտրությունից ընտրություն կուսակցությունների քանակը մոտենում է 100-ի, ապա՝ ընտրությունների ավարտից հետո իջնում մինչեւ 70 կամ 60:

Ակնհայտ է, որ արհեստական ուռճացումներ են լինում՝ այս կամ այն քաղաքական ուժին միանալու կամ շատ պարզ՝ փող աշխատելու (նրանց սատարելու միջոցով) համար:

Իսկ որ ավելի վատ է՝ օտարների պատվերով են ստեղծվում, ընտրությունների վրա ցեխ շպրտում կամ այլ պատվեր կատարում, հետո լուծարվում կամ սսկվում մինչեւ մյուս ընտրությունները:

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականում գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ կուսակցություններն» են կամ ինչպես նշեցինք վերեւում՝ պատվիրված: Այս իրավիճակը փոխելու համար իշխանությունները ծրագրում են փոխել նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքը: Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը:

Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում է, որ այս մասին օրենքն ԱԺ-ն ընդունի իր ձայների 2/3-ով՝ մինչեւ եկող տարվա ապրիլը:

Իսկ մինչ այդ արդարադատության նախարարությունը ծրագրել է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում: Հնարավոր ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններն» են, «որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի»:

«Լուսանցք»-ն առաջարկում է նաեւ հավելել այսպիսի մի ձեւակերպում, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել այն քաղաքական կազմակերպությունները, որոնք առնվազն 10 տարվա գրանցում ունեն արդարադատության նախարարությունում (ինչու երկրի նախագահի ընտրության դեպքում կարելի է, ԱԺ դեպքում՝ ոչ, հատկապես, որ անցնում ենք խորհրդարանական համակարգի):

Մյուս քաղաքական կազմակերպությունները, հատկապես 1 օրում ստեղծվող ու լուծարվող, այդ քաղաքական ուժերին միանալու համար էլ պետք է որոշակի պայմաններ բավարարեն, ինչի մասին գրված կլինի «Կուսակցությունների մասին» օրենքում: Ավելին՝ օտարից սնվող քաղաքական (նաեւ հասարակական) ուժերը պետք է լուծարվեն օրենքով:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 6 (396), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։