Հայկական խոհանոց – Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ… «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները… Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սպանախով եւ կոտեմով սառը նախուտեստ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, սոխ – 2 գլուխ, ընկույզ – 100 գ, սխտոր – 1 գլուխ , կոտեմ – 1 կապ, թահին – 1 սուրճի բաժակ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել բուսայուղով: Սոխառածի վրա ավելացնել կտրտած սխտորը, հետո՝ ընկույզը: Այնուհետեւ ավելացնել կտրտած սպանախը, կոտեմը: Վերջում լցնել թահինը եւ մատուցել:

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ անցածները

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ է անցել 605 աշակերտ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օիմպիադան անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ: Հարկ է ընդգծել, որ այս տարի «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է երկու փուլով եւ աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք: Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Հ.Գ.- Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին

ՀՖՖ կայքը հայտնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը կլինի մեր ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մեր մարզասերները, հայ երկրպագուները իսկապես սիրեցին Ռոման Բերեզովսկուն, ում հաճախ անվանում էին մեր սիրելի Ռոմա կամ ընկերների սիրելի Բերեզի:  Մեր դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը՝ նորամուտը Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996թ. օգոստոսի 31-ին: Լեգենդար դարպասապահը 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ):

19 տարի շարունակ նաեւ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը փրկվել է դժվարին շատ վիճակներից՝ արդեն անհուսալի թվացող խաղերում: Մեր թիմը ունեցել է հաջող հանդիպումներ, տարել է հիշարժան հաղթանակներ, երբ հենց Բերեզովսկին էր դարպասում կանգնած: Մեր երկրպագուները հիմնականում հանգիստ էին, իսկ պաշտպանները՝ ավելի վստահ, երբ խաղին մասնակցում էր իրենց վստահելի ընկեր Բերեզին:

Ռոման Բերեզովսկին նաեւ ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ), Մոսկվայի «Տորպեդո» եւ «Դինամո»: Նա մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ եւ Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով:

Վարուժան Սուքիասյանը հրավիրել է 27 ֆուտբոլիստների

Մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի ընտրանու հետ, որը կլինի մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը: Այդ հանդիպմանը պատրաստվելու համար մեր հավաքականը մարտի 21-25-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը այդ հավաքին մասնակցելու համար հրավիրել է 27 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան՝ «Միկա», Գեւորգ Պռազյան՝«Արարատ», Գոռ Մանուկյան՝ «Փյունիկ»: Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան՝ «Դիժոն» (Ֆրանսիա), Հրայր Մկոյան՝ «Էսթեղլալ» (Իրան), Հովհաննես Համբարձումյան՝ «Վարդար» (Մակեդոնիա), Նորայր Գրիգորյան՝ «Արարատ», Վարազդատ Հարոյան՝ «Փյունիկ», Տարոն Ոսկանյան՝ «Փյունիկ», Արթուր Քարտաշյան՝ «Փյունիկ», Սերգեյ Ավագիմյան՝ «Արարատ», Լեւոն Հայրապետյան՝ «Փյունիկ»: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի՝ «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա), Արազ Օզբիլիս՝ «Ռայո Վալեկանո» (Իսպանիա), Գոռ Մալաքյան՝ «Ստալ» (Ուկրաինա), Արտակ Եդիգարյան՝ «Ալաշկերտ», Դավիթ Մանոյան՝ «Փյունիկ», Դավիթ Հակոբյան՝ «Շիրակ», Տիգրան Բարսեղյան՝ «Գանձասար», Բենիկ Հովհաննիսյան՝ «Արարատ», Զավեն Բադոյան՝ «Բանանց»: Հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Արթուր Սարկիսով՝ «Վոլգա» (Ռուսաստան), Դավիթ Արշակյան՝ «Տրակայ» (Լիտվա), Գեղամ Կադիմյան՝ «Կարպատի» (Ուկրաինա), Միհրան Մանասյան՝ «Ալաշկերտ»:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդները պայքարում են

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում, աշխատանքային այցի շրջանակներում, ներկա է գտնվել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի մայրաքաղաքում մարտի 10-29-ը մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, ով 4-րդ անգամ է մասնակցում նման մրցաշարի: Հիշեցնենք, որ 2 շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում (ԱՄՆ) կայանալիք չեմպիոնական մրցախաղին:

«Քանի որ մեր շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին»,- նախքան մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հանդիպել է մասնակից շախմատիստների հետ: Հավակնորդներից երեկոյին մասնակցել են 7-ը, բացակայել է միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, ով Մոսկվա է ժամանելու մրցաշարի մեկնարկման օրը: Կարծում ենք, սա միտումնավոր է արվել, քանզի բուլղարացի շախմատիստը հայտնի է հակառուսական կեցվածքով եւ գրեթե միշտ դեմ է հանդես գալիս Ռուսաստանում համաշխարհային նշանակության խոշոր մրցաշարերին, որոնց նաեւ ինքը պետք է մասնակցի:

Ինչեւէ, ընդունելության արարողությունը անցել է լավ կազմակերպված, չնայած փակ է եղել լրատվամիջոցների համար, սակայն որոշ կայքէջերում, բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել միջոցառումից դեռ առաջին օրը: Ընդունելությանը մասնակցել են ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ նրանց միջեւ կայացել է կայծակնային շախմատի ընկերական մրցախաղ, որը նախատեսված չի եղել ու ավարտվել է ՀՀ նախագահի հաղթանակով:

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 փուլից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 420 հազար եվրո: Գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունը: Մրցաշարի հաղթողն այս տարի կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Բուքմեյքերների կարծիքով մրցաշարի թիվ 1 ֆավորիտ է համարվում ամերիկացի Հիկարու Նակամուրան:, ապա գալիս են եւս մեկ ամերիկացի՝ Ֆաբիանո Կարուանան եւ մեր Լեւոն Արոնյանը: Նշենք, որ հայ շախմատիստին օգնում է Արշակ Պետրոսյանը, ով համարվում է աշխարհի 5 լավագույն մարզիչներից մեկը:

Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը 5-րդ փուլից հետո վաստակել է 3 միավոր եւ մնում է 2-րդ տեղում: Առաջատար Սերգեյ Կարյակինն ունի 3,5 միավոր: 2,5-ական միավոր ունեն Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրը, Պյոտր Սվիդլերը եւ Ֆաբիանո Կարուանան:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Շախմատի համաշխարհային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի մարզչի կոչումներ է շնորհել Հայաստանի երկու մարզչի՝ Սարգիս Վ. Մանուկյանին եւ Մանվել Ավետիսյանին:

Հ.Գ.-1 – Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 6-րդ փուլը: Մրցեցին Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ վերջնախաղում ստացավ մեկ զինվորի առավելություն: Ամերիկացի գրոսմայստերը երկար ժամանակ անսխալ պաշտպանվում էր եւ դժվարացնում սպիտակ զինվորների առաջխաղացումը: Սակայն հայ շախմատիստը հաշվենկատ քայլերով մրցակցին պարտադրեց իր կամքը, իսկ 83-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց Սերգեյ Կարյակինին: Հաջորդ փուլում, որը կկայանա մարտի 19-ին, իրար հետ կհանդիպեն հենց մրցաշարի 2 առաջատարները: Լեւոն Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով:

Հ.Գ.-2 – Լեւոն Արոնյանը չօգտագործեց լավ դիրքը եւ ոչ-ոքի խաղաց – Հայաստանի ուժեղագույն շախմատիստը շարունակում է հաջող հանդես գալ Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում: 7-րդ փուլում նա սեւերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, ում հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը շատ ակտիվ սկսեց պարտիան եւ խաղասկզբում որոշակի դիրքային առավելություն ստացավ, բայց միջնախաղում համեմատաբար թույլ շարունակություն ընտրեց, ինչը Սերգեյ Կարյակինին հնարավորություն տվեց հավասարեցնել իրավիճակը: Մի քանի փոխանակումներից հետո կողմերը 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, ավարտվեց մրցաշարի առաջին շրջանը: Լեւոն Արոնյանը վաստակել է 4,5 միավոր եւ Սերգեյ Կարյակինի հետ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանց հաջորդում է Վիշվանաթան Անանդը, որն իր ակտիվում ունի 4 միավոր: 8-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, ով ոչ-ոքի է ավարտել բոլոր 7 խաղերը:

Սամուել Սեւյանը բաժանել է 1-2-րդ տեղերը

Ամերիկահայ գրոսմասյտեր Սամուել Սեւյանը հերթական անգամ հասատատել է իր բարձր կարգը: ԱՄՆ-ի շախմատի պատանեկան հավաքականի կազմում մեր հայրենակիցը հանդիպել է Դալասի համալսարանի թիմի հետ, որը համալրված է տարբեր երկրների գրոսմայստերներով: Սամուել Սեւյանը նրանց հետ անցկացրած 10 խաղում տարել է 5 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի եւ միայն մեկում է պարտություն կրել: Նա վաստակել է 7 միավոր եւ իր թիմակից Ջեֆրի Քսյոնգի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը:

Դալասի համալսարանի թիմից լավագույն արդյունք ցույց է տվել իսրայելցի Դանի Ռազնիկովը, ով վաստակել է ընդամենը 4,5 միավոր:

Հայաստանի շախմատիստների գործակիցները ցածր էին

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց շախմատի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 3 անդամները: Վերջին, 10-րդ փուլում, նրանք՝ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան: Առաջին երկուսը վաստակեցին 7,5-ական միավոր ու եւս 7 շախմատիստների հետ բաժանեցին 3-10-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սերգեյ Մովսեսյանը գրավեց 6-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 9-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 7 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ Աբհիջեթ Գուպկան՝ 8,5 միավոր: Նրան հաջորդեցին ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը եւ բուլղարացի Իվան Չեպարինովը:

Մրցաշարին մասնակցեցին նաեւ մեր հայրենակիցներ Սերգեյ Գրիգորյանցը, Աննա Մայա Ղազարյանը եւ Տաթեւիկ Աբրահամյանը: Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստերը վաստակեց 7,5 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Հոլանդիան եւ ԱՄՆ-ն ներկայացնող հայուհիները 6,5-ական միավորով մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 38-րդ եւ 42-րդ հորիզոնականներում:

Հունահռոմեական ոճայինները 2-րդն են Եվրոպայում

Լիտվայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Եթե ազատ ոճայինները մի փոքր համեստ հանդես եկան, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները գերազանց ելույթ ունեցան: 8 մասնակիցներով հանդես եկած մեր ընտրանուց 4-ը դարձան մրցանակակիր՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Վերջին օրը գերազանց հանդես եկավ Վարշամ Բորանյանը (71 կգ), ով կարողացավ նվաճել աշխարհամասի լավագույնի կոչումը: Կարապետ Չալյանը (75 կգ) իր վերջինը մրցամարտում հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու արժանցավ բրոնզե մեդալի: Ինչ խոսք, անսպասելի էր, որ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) իր նախորդ տարվա ոսկին փոխարինեց արծաթով, բայց մեր մարզիկը դեռ լավ մարզավիճակում է եւ կունենա հետագա հաղթանակներ: Փորձառու Ռոման Ամոյանը (59 կգ) եւս նվաճեց արծաթե մեդալ, որ ոսկու արժեք ուներ, քանի որ նա վերջին տարիներին անհաջող էր հանդես գալիս, նույնիսկ խոսում էին մեծ սպորտին նրա հրաժեշտի մասին:

Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ «Ռեալ»-ում

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով ճանաչվել է Անգլիայի առաջնության փետրվար ամսվա լավագույն մարզիչ, հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը ի վիճակի է խաղալ ամենաբարձր մակարդակի ակումբներում: «Դորտմունդի «Բարուսիա»-ն շատ լավ թիմ է, որի կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ինձ դուր է գալիս նրանց խաղը: Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Մարկո Ռոյսը, Հենրիխ Մխիթարյանը, Իլկայ Գյունդոկանը եւ Մատս Հումելսը սուպերկարգի խաղացողներ են եւ նրանք կարող են խաղալ այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ռեալ»-ը եւ «Բարսելոնա»-ն:

Արգենտինացի մասնագետը վերը նշած խաղացողների բարձր կարգը հավանաբար զգացել է նաեւ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիա»-ի հետ առաջին խաղում, երբ դորտմունդցիները սեփական դաշտում պարզապես ջախջախել են նրա սաներին՝ 3:0:

«Սա այս մրցաշրջանում առաջին դեպքն է, որ պարտվում ենք նման խոշոր հաշվով: Մենք պետք է հանգստություն պահպանենք, որպեսզի նույնը չկրկնվի նաեւ պատասխան խաղի ժամանակ»,- ասել է անգլիացիների գլխավոր մարզիչը:

Կիսաեզրափակիչ մրցաշարերում կայացել են 4-րդ փուլի հանդիպումները

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում են պատանիների ու աղջիկների 2016թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը: Թե տղաների եւ թե աղջիկների մրցաշարերում արդեն ի հայտ են եկել մրցաշարերի առաջատարների խմբերը, իսկ որոշ ենթախմբերում կան միանձնյա առաջատարներ: Մասնավորապես՝ պատանիների մինչեւ 14 տարեկանների խմբում առաջատարն Էդուարդ Իսրայելյանն է, մինչեւ 16 տարեկան պատանիներինը` Դավիթ Զիրոյանը, իսկ մինչեւ 18 տարեկաններինը` Կոնստանտին Յայլոյանը:

Աղջիկների առաջնությունում միանձնյա առաջատար կա միայն մինչեւ 14 տարեկանների ենթախմբում. 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը Աննա Խաչատարյանն է:

Մեկնարկել են Երեւանի բասկետբոլի առաջնությունները

Շենգավիթի մարզադպրոցում մեկնարկել են Երևան քաղաքի 2000-2001թթ. ծնված տղաների եւ աղջիկների առաջնությունները: Տղաների պայքարում հանդես է գալիս 8 թիմ: Լավագույն 4 թիմերը իրավունք կստանան մասնակցել Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլին: Աղջիկների պայքարում ելույթ են ունենում 5 թիմեր, իսկ լավագույն 3-ը կնվաճեն Հայաստանի առաջնության ուղեգիր:

Պարզեցին չեմպիոններին ու մրցանակակիրներին

Մարտի 13-14 Երեւանի Խուլ-համրերի մարզադահլիճում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: 2-օրյա պայքարից հետո ի հայտ եկան ութ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները, որոնք էլ կհամալրեն հավաքականը ու ազատ ըմբշամարտի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ կնախապատրաստվեն հունիսի 21-26-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի եւ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը տեղի ունենալիք աշխարհի առաջնություններին:

Ըստ քաշային կարգերի ներկայացնում ենք բոլոր մրցանակակիրներին. 50 կգ 1. Հայկ Բադալյան (Արմավիր), մարզիչ՝ Արմեն Մալխասյան 2. Արման Անտոնյան (Գյումրի) 3. Գոռ Միքաելյան, Միշա Բալոյան (Գյումրի) 55 կգ 1. Մխիթար Գրիգորյան, ԲԿՄԱ, մարզիչ՝ Արմեն Շահվերդյան 2. Ղազար Համբարձումյան ՕՀՔ Փարպի 3. Կարեն Զուրաբյան, ՕՀՔ, Ալավերդի, Վաղինակ Մաթեւոսյան, ԲԿՄԱ, Գյումրի 60 կգ 1. Գեւորգ Թադեւոսյան, Արտաշատ ՕՀՔ, մարզիչ՝ Ռաֆիկ Գոլեցյան 2. Հարություն Բարսեղյան, Գյումրի 3. Գոռ Թորոսյան, ԲԿՄԱ, Շավարշ Խալաթյան, ՕՀՔ, Փարպի 66 կգ 1. Աշոտ Վելիցյան, Տաշիր, մարզիչ Գեւորգ Ղամբարյան 2. Հակոբ Ավետիսյան, ԲԿՄԱ, 3. Վարդգես Կարապետյան, ՕՀՔ Գառնի, Գեւորգ Մխեյան, ՕՀՔ 74 կգ 1. Տիգրան Մնացականյան, ԲԿՄԱ, ՕՀՔ, մարզիչ՝ Արշակ Սանոյան 2. Դավիթ Զուրաբյան, ՕՀՔ, Ալավերդի 3. Ֆրունզ Մնացյան, ՕՀՔ, ՀՄԿ, Արման Ավագյան, ՕՀՔ Փարպի 84 կգ 1. Սարգիս Հովսեփյան, Աշխ. հերթափոխ, մարզիչ՝ Ավետիք Վարդանյան, 2. Հովհաննես Մխիթարյան, ԲԿՄԱ 3. Արմեն Գալստյան, Գյումրի, Արթուր Գալստյան, Բկմա, ՕՀՔ 96 կգ 1. Ռազմիկ Պողոսյան, ԲԿՄԱ, մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան 2. Արթուր Զաքարյան, ԲԿՄԱ ԸՄԴ 3. Հովհաննես Սահակյան, ՕՀՔ ՀՄԿ, Կոլյա Հարությունյան, Արտաշատ 120 կգ 1. Հովհաննես Մաղաքյան, Վանաձոր, մարզիչ՝ Ժիրայր Հովհաննիսյան, 2. Տիգրան Կիրեղյան, Դինամո, 3. Կանտեմիր Արխեստով ՌԿՄԴ, Գոռ Գալոյան, Գյումրի:

Անաստասիա Գալուստյանին նոր փորձություն է սպասվում

Հունգարական Դեբրեցեն քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանից հանդես կգա միայն Անաստասիա Գալուստյանը:

Աշխարհի այս տարվա պատանեկան առաջնության աղջիկների մրցաշարին հայտ են ներկայացրել 31 երկրների մարզուհիներ: Նրանք մարտի 18-ին կներկայանան կարճ, իսկ մարտի 19-ին՝ ազատ ծրագրով:

Ֆուտբոլի ազգային առաջնությունում

Հայաստանի ամենագավաթային թիմը՝ Երեւանի «Միկա»-ն, գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակում սեփական դաշտում պարտվեց «Գանձասար-Կապան»-ին: Խաղը չնայած անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Այդպիսով, կապանցիները լուրջ հայտ ներկայացրեց եզրափակիչ մտնելու համար, իսկ ահա Հայաստանի 6-ակի գավաթակիրը պատասխան խաղում պետք է պարզապես հրաշք գործի, որպեսզի հաղթահարի այս արգելքը:

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը նույնպես ավարտվել էր հյուրերի առավելությամբ՝ հանձին Երեւանի «Ալաշկերտ»-ի, որ հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել էր «Բանանց»-ին: Հիշեցնենք, որ թիմերը 3 օր առաջ հանդիպել էին երկրի առաջնության խաղում, որն ավարտվել էր «Բանանց»-ի վստահ հաղթանակով՝ 2:0: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 12-ին, «Ալաշկերտ»-ի դաշտում:

Հ.Գ. - Երեւանի «Միկա»-ն Հայաստանի առաջնությունում 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի ղեկավարությամբ: 18-րդ փուլում միկացիները սեփական դաշտում ընդունեցին «Գանձասար-Կապան» թիմին: 3 օր առաջ թիմերը հանդիպել էին գավաթի խաղարկության շրջանակում, եւ կապանցի ֆուտբոլիստները հաղթել էին 1:0 հաշվով: Այս անգամ դաշտի տերերը անառիկ պահեցին սեփական դարպասը՝ միաժամանակ 2 անգամ գրավելով մրցակցինը:

«Միկա»-ն բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ 1 միավորով առաջ անցնելով «Բանանց»-ի: Վերջինս կհյուրընկալվի «Արարատ»-ին: Փուլի կենտրոնական խաղում միմյանց հետ կհանդիպեն 2-3-րդ տեղերում գտնվող «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը:

ՄԱԿ-ը դադարեցրել է համագործակցությունը Շարապովայի հետ

Միացյալ ազգերի կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը Մարիա Շարապովայի հետ, ով 9 տարի բարի կամքի դեսպան էր: «ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շնորհակալ է Շարապովային մեր աշխատանքին նրա աջակցության համար, հատկապես՝ չեռնոբիլյան ողբերգության հետևանքները վերացնելու գործում:

Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների լույսի ներքո որոշել ենք դադարեցնել Շարապովայի հետ աշխատանքը բարի կամքի դեսպանի դերում ու հետաքննության ընթացքում չեղյալ հայտարարել պլանավորված բոլոր միջոցառումները»,- կազմակերպության ներկայացուցչի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:

«Մեր մարզիկներն էլ են օգտագործել Շարապովայի խթանիչից»

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանին չի զարմացել այն, որ ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովայի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել: «Անկեղծ ասած, ռուսաստանցի մարզական բժիշկներն այնքան էլ մաքուր չեն աշխատում»,- նշում է նա:

Հիշեցնենք, որ թենիսի Ավստրալիայի 2016թ. բաց առաջնությունից առաջ ռուս թենիսիստուհու օրգանիզմում հայտնաբերվել է մելդոնիում: Նա հայտարարել է, որ վերջին 8 տարիներին առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով է ընդունել այդ դեղամիջոցը՝ որպես օրգանիզմի ֆիզիկական եւ նյարդահոգեբանական դիմացկունությունն ապահովող միջոց: Արեգ Հովհաննիսյանը չի թաքցնում, որ մեր մարզիկները նույնպես ընդունել են մելդոնիում, բայց մինչեւ նախորդ տարի: «1994թ.-ից մեր մարզիկները մշտապես օգտագործել են մելդոնիում, հատկապես Ծաղկաձորի բարձր լեռնային պայմաններում: Սակայն անցած տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այն շուտով ընդգրկվելու է արգելված դեղամիջոցների ցանկում: Քանի որ մեր համարյա բոլոր հավաքականներին դեղերով ապահովում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, ապա անցած տարվա սեպտեմբերից մելդոնիումը հանված է դեղերի ցանկից եւ այլեւս չի տրամադրվում մեր թիմերին»,- ասել է Արեգ Հովհաննիսյանը:

Իսկ ինչպես կարելի է մեր մարզիկներին պաշտպանել անցանկալի խթանիչներից: Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրենն ասում է, որ ամեն ինչ կախված է հենց մարզիկներից: «Կան մարզիկներ, որոնք մշտապես կապ են հաստատում մեր հետ, խորհուրդներ են հարցնում: Օրինակ, հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը: Եթե բոլոր մարզիկներն այդպես մտածեն եւ վարվեն, ապա մենք դոպինգի հետ կապված ոչ մի խնդիր չենք ունենա»,- եզրափակեց փորձառու մասնագետը: Նշենք, որ եթե Մարիա Շարապովայի 2-րդ դոպինգ թեսթը կրկին դրական արդյունք տա, ապա նրան առավելագույնը սպասվում է 4 տարվա որակազրկում, բայց քանի որ ռուս թենիսիստուհին ինքնակամ է հայտարարել այդ մասին, ապա նրա պատիժը հնարավոր է մեղմացվի:

Մեկնարկել է Դուքենդո ֆեդերացիայի հուշամրցաշարը

Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 9-րդ հուշամրցաշարը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 9 տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 823 մարզիկներ Երեւանից եւ ՀՀ մարզերից, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաեւ հուշամրցաշարի կազմակերպման ու անցկացման գործում ունեցած ներդրման համար, միջազգային ֆեդերացիայի կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհել է պատվավոր սև գոտի 3-րդ աստիճան:
Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Արդեն 9 տարի շարունակ հաջողությամբ անցկացվող մրցաշարին տարեցտարի ավելի մեծ թվով մարզիկներ են մասնակցում: Ողջունելի է նաեւ, որ ֆեդերացիայի շատ մարզիկներ անցած ինը տարիների ընթացքում այսօր արդեն որպես մարզիչներ են մասնակցում մրցաշարին: Վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք մեր լիազորությունների շրջանակում շարունակելու ենք աջակցել բոլոր այն սպորտաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը, որոնք իսկապես պահանջված ու սիրված են մեր բնակիչների կողմից»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը լավագույնս կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահներ Տիգրան Սեդրակյանը եւ Խաչիկ Նարգիզյանը: ՀՀ-ում Դուքենդո մարզաձևի զարգացմանն աջակցելու համար Երեւանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են նաեւ Աննա եւ Լյովա Հայիրյանները: Մի շարք մարզիչներ էլ արժանացել են Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերի:

2008թ.-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունն ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաեւ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Դուքենդո «Ավան» մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                  «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։