Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…

Շումերական դիցաբանությունում ամենասիրված ու հանրաճանաչ դեմքն է եղել Ինաննա աստվածուհին՝ բաբելոնյան Իշտարի, հունական Ափրոդիտեի, հռոմեական Վեներայի, հայկական Արուսյակ-Աստղիկի տիպարը:

«Էնմերքարը եւ Արատտայի տիրակալը» վիպերգից հայտնի է, որ Ինաննան եղել է Արատտայի ու նաեւ Շումերի Էրեք (Ուրուկ) քաղաքի դիցուհին:

Ինաննան (IN.AN.NA.) կամ Իննին (IN.NIN) շումերերենում նշանակում է Ին Երկնային կամ Ին Տիրուհի:

Իսկ թե ինչ է նշանակում Ին-ը (IN), անհայտ է:

Որպեսզի հասկանանք այս բառի իմաստը, նախ պետք է ծանոթանանք Վեներա մոլորակի կառուցվածքի եւ առանձնահատկություների հետ:

Դեն Բրաունը («Դա Վինչիի կոդը») Վեներա մոլորակի մասին գրում է. «Աստղագիտությունից հայտնի է որ Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնաձեւ հնգաթեւ աստղ երկնային սֆերայի մեծ շրջանագծով:

Հնում մարդիկ նկատել են այս երեւույթը եւ այնքան ցնցված են եղել, որ Վեներան եւ նրա հնգաթեւ աստղը դարձել է կատարելության, գեղեցկության եւ կրքոտ սիրո շրջափուլային խորհրդանիշը:  Ասես հարգանքի տուրք տալով այս երեւույթին՝ հնում հույները, ամեն 8 տարին մեկ անգամ, կազմակերպում էին Օլիմպիական խաղեր: Այսօր քչերը գիտեն, որ ժամանակակից օլիմպիադաները տեղի են ունենում Վեներայի կես փուլով՝ 4 տարին մեկ անգամ: Ավելի քիչ գիտեն նաեւ այն մասին, որ հնգաթեւ աստղը հազիվ չդարձավ օլիմպիադաների խորհրդանիշ: Վերջին պահին այն ձեւափոխեցին՝ աստղի սուր ծայրերը հինգ օղակներով փոխարինելով, ինչը, կազմակերպիչների կարծիքով, ավելի լավ է արտահայտում մասնակցության ոգին ու խաղերի ներդաշնակությունը»:

Հայտնի է նաեւ, որ Արեգակի, Մերկուրիի եւ Վեներայի հարաբերական անկյունային դիրքերը ճշտությամբ կրկնվում են 40 տարին մեկ անգամ (փոքր շրջափուլ):

Որպեսզի Վեներա մոլորակն անցնի երկնային սֆերայի մեծ շրջանագծով (մեծ շրջափուլ), այն պետք է 9 անգամ կրկնի 40-ամյա ցիկլը (360:40=9): Վեներա մոլորակի ծավալը կազմում է 0,9 երկրային ծավալ (0+9=9):

Էզոթերիկ գրականությունում իննը (9) միստիկ թիվ է՝ ճանապարհ մահից դեպի կյանք, որովհետեւ այն խորհրդանշում է լրիվ շրջանը 3600-ով (3+6+0=9): Իննը թիվը բացարձակ կատարելություն է: Այն պտտում է ամեն ինչ, նրա մեջ են բոլոր թվերը՝ մեկից մինչեւ իննը: Մեկը (1) համապատասխանում է շրջանի կենտրոնին, իսկ իննը՝ (9) շրջանագծին (1+8=9): Շրջանագծի թիվը ոչ թե տասն է (10), այլ՝ իննը (9):

Ելնելով վերը նշած տեղեկություններից եւ հայերեն-շումերերեն լեզվական ընդհանրություններից՝ դժվար չէ կռահել, որ IN.AN.NA. անվան IN-ը 9 թվանշանի հայերեն անվանումն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ին-ը Վեներա-Ինաննայի թվային կոդն է, ծածկագիրը:

Ալքիմիական ձեռագրերում Վեներային հաճախ անվանում են Առեղծվածային Կույս (Միստիչեսկայա Դեւա), Երկնային Կույս (Նեբեսնայա Դեւա): Ինչպես տեսնում ենք՝ ռուսերենում էլ 9 թիվը (դեւյատ) Դեւա բառի թվային կոդն է: Ալքիմիկոսներից ոմանք էլ կարծում են, որ Վեներա (Venus) բառը նշանակում է եկվորուհի: Ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ հին ձեռագրերում ասվում է, որ մարդկության նախահայրերը Ալդեբարան աստղից (Ցուլի a) մեր մոլորակ եկած այլմոլորակայինների ժառանգներն էին:

Ավելացնենք նաեւ, որ GU. DA. AN. NA համաստեղությունը հայ բանահյուսության մեջ ունի տառացի զուգահեռ՝ Գութ(ա)նի աստղ: Գութնի աստղը նույն Գիշերավարն է, որ ունի երկու աստղային կոդ: Իբրեւ մոլորակ՝ Գութնի աստղը Վեներան է, իբրեւ աստղ՝ Ցուլի a-ն (Ա. Աբրահամյան «Անանիա Շիրակացու մատենագրությունը»):

Վ. Վալենտինիուսի «Իմաստության 12 բանալիները» գրքում այլաբանորեն ներկայացված են մոլորակների միջեւ ընթացող «փիլիսոփայական զրույցներ», որոնցից մեկում անսպասելիորե կարդում ենք հետեւյալ նախադասությունը. «Վեներան դիմեց Վուլկանին խալդերեն լեզվով…», ինչը մտորելու առիթ է տալիս:

Հռոմեական դիցաբանությունում Վուլկանը (Vulcan) համարվում է կրակի աստված: Vulcan բառը լատիներեն նշանակում է հրաբուխ: Վուլկանին կարելի է համեմատել Վահագն աստծո հետ:

Ինչպես գրում է Մ. Գավուքճյանը, «Վահագնը նախապես եղել է հրաբուխի ու կրակի աստուածութիւն, որից էլ ծագել է նրա հրեղեն (կրակի աստուած լինելու) բնոյթը: Նրա այդ հանգամանքի պատճառով է, որ նա նույնպես համարուել է հայերի նախնին, ինչպես հրաբուխի ու կրակի Աստուած Հայկ-Խալդին:

Վահագնը յորջորջուել է Վիշապաքաղ: Այս մակդիրը միանգամայն լուսաբանում ու բացահայտում է Վահագնի նախնական բնույթը՝ գործող հրաբուխի (լեռան խառնարանից ժայթող կրակի) պաշտամունքի հետ: Մինչեւ հիմա վիշապաքաղ եզրի «քաղ» բաղադրիչը սխալմամբ կապել են քաղել բայի հետ, վիշապաքաղ եզրն էլ հասկանում էին «վիշապ քաղող», «վիշապ սպանող»: Մինչդեռ քաղ բառը ինքնին ներկայացնում էր երախից կրակ ժայթքող մի հրեշ: Ուստի վիշապաքաղ եզրն էլ պատկերացնում էր հենց խոր անցեալում պաշտուող հրապուխը որպես խառնարանից (երախից) հուր արձակող բոցալեզու մի ահեղ վիշապահրեշ:

Քաղը համեմատել են նաեւ շումերերեն gal բառի հետ՝ gal= Demon, gal storm demon-«փոթորիկների դեւ» (ըստ հայկական հիմնական դիցաբանության, վիշապաքաղը նշանակում է ոչ թե վիշապ սպանող, այլ՝ վիշապ քաղող՝ վիշապին սանձող, վիշապին հնազանդեցնող:

Վիշապը մշտապես կա, եւ նրան հնազանդեցնողը մշտապես Վահագն է: Հավելենք նաեւ, որ Վահագնը թե՛ նախապես, թե՛ ցայսօր Հայոց ռազմի եւ զորության Աստվածն է, եւ կրակի ու հրաբխի երկրային զորությունը պարզապես համեմատություն է եղել Վահագնի երկնային զորության հետ-խմբ.):

Ես համամիտ եմ հարգարժան Մ. Գավուքճյանի հետ Վահագնի Վիշապաքաղ մակդիրի ճիշտ մեկնաբանման հարցում, բայց տարակուսանք է առաջացնում այն, որ Ինաննա անունը նա վերագրում է Անահիտ դիցուհուն (Inanna-Anuhit), որի խորհրդանիշն է Սիրիուս աստղը (Շնաստղը):

Հրաբուխի աստված Վահագնի սիրուհին կամ կինն է համարվել Աստղիկը, ում մոլորակն է Վեներան, ուստի Ինաննա-Աստղիկն է Արատտայի հռչակավոր դիցուհին:

Անահիտի տիպարը կարելի է համարել Նամմուին կամ Էրեշկիգալին, ում մի տարբերակով համարում են Ինաննայի քույր, մյուսով՝ մայր:

Շումերական դիցարանի գերագույն աստծո Էնլիլ (Enlil) անունը նշանակում է «քամիների տիրակալ»: Իսկ Վեներայի բազմաթիվ անուններից մեկն է եղել «քամիների Վարդ»-ը:

Հնում Լուցիֆեր անունը տրվել է ցանկացած պայծառ լուսատուի, որ երեւում էր երկնքում առավոտյան, իսկ այնուհետեւ՝ առավոտյան Վեներային (Լուսաբեր), իսկ գիերային Վեներային՝ Վեսպեր (Գիշերավար):—

Վեներային երբեմն անվանում են եղջյուրավոր դիցուհի:

Ինչու՞:

Պատասխանը գտնում ենք Ֆ. Զիգելի «Աստղային երկնքի գանձը» գրքում, որտեղ ասվում է. «Աստղադիտակով պարզ երեւում են Վեներայի «եղջյուրները»:

Երբ այն բարակ լուսնեղջյուրիկի տեսք ունի, ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել նրա «եղջյուրների երկարացումը», որոնք անցնում են կիսաշրջանի սահմանները: Այս երեւույթն առաջանում է Վեներայի հզոր ու խիտ մթնոլորտի պատճառով, որտեղ Արեգակով լուսավորված վերին շերտերն են առաջացնում «եղջյուրների երկարացման» էֆեկտը:

Ռենե Գենոնը, խոսելով եղջյուրների սիմվոլիկայի մասին, գրում է. «Ալեքսանդր Մակեդոնացին արաբական ավանդույթում կրում է Էլ-Իսկանդեր դխուլ-քարնեյն անուն, այսինքն՝ եղջյուրավոր, ինչը, մեծամասամբ, մեկնաբանվում է որպես կրկնակի զորեղություն տարածված Արեւելքում եւ Արեւմուտքում:

Ալեքսանդրը այդ աստվածության պատգամախոսի (գուշակի) միջոցով հռչակվել է Ամոնի որդի, իր խորհրդանիշն է ընտրել խոյի երկու եղջյուրները, ինչը եղել է նրա գլխավոր ատրիբուտը, հատկանիշը եւ այդ աստվածային ծագումն էր օրինականացնում նրան որպես Եգիպտոսի հնագույն տիրակալների ժառանգորդ:

Եղջյուրները սիմվոլիկայում հիմնականում ունեն երկու ձեւ՝ խոյի եղջյուրների ձեւ՝ «արեւային» եւ ցլի եղջյուրների ձեւ՝ «լուսնային», որը հիշեցնում է կիսալուսին:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ միշտ չէ, որ եղջյուրները հիշեցնում են կիսալուսին: Վերը նշված Վեներայի «եղջյուրներ» ստանալու գիտական փաստը թույլ է տալիս պնդելու, որ ցլի եղջյուրները «լուսնային» չեն, ինչպես կարծում է Ռենե Գենոնը, մանավանդ, որ Գութնի աստղը ունի երկու կոդ՝ որպես մոլորակ Վեներան է, իսկ որպես աստղ Ցլի a-ն է:

Վեներա մոլորակի մասին բացառիկ տեղեկություններ կան Դեվիդ Ռոթերիի «Մոլորակները» գրքում, որտեղ ասվում է. «Մինչեւ 20-րդ դարի 60-ական թվականները մարդկությանը հայտնի չէր Վեներայի պտտման պարբերությունը, որովհետեւ այդ մոլորակը պատված է ամպերի խիտ ծածկով: Վեներայի մակերեւույթի մասին հնարավոր չէր գնահատական տալ առանց ռադարների (ռադիոտեղորոշիչների) օգնության: Վեներայի 243-օրյա պտտման պարբերությունը գիտնականների համար իսկական անակնկալ էր: Ամպերը, որոնք թաքցնում են Վեներայի մակերեւույթը, մեծամասամբ, բաղկացած են ծծմբական թթվի գոլորշիներից:

Միջին ջերմաստիճանը Վեներայի վրա 4800 է, մթնոլորտային ճնշումը մակերեւույթի վրա՝ 92 մթն:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Վեներայի մակերեւույթը մշտապես տաքանում է, եւ արտադրվող ջերմությունը կուտակվում է լիթոսֆերայի «կափարիչի» տակ, ինչը կարող է բերել աղետալի հետեւանքների:

Այդ գլոբալ աղետն անխուսափելի է եւ տեղի կունենա, երբ կուտակված ջերմությունը դուրս ժայթքի հրաբխային ակտիվության եւ լիթոսֆերայի փոփոխության հետեւանքով:

Իսկ հետո վիճակը կսկսի կայունանալ:

Եթե Վեներայի մակերեւույթից հնարավոր լիներ տեսնել Արեգակը (ինչը գործնականում հնարավոր չէ ամպերի խիտ քողի պատճառով), ապա այն կծագեր արեւմուտքում, իսկ մայր կմտներ՝ արեւելքում»:

Երկնային Վեներայի արտացոլումն ենք տեսնում Երկրի վրա՝ Վեներա-Աստղիկի առասպելում, որում նրան համարում են ոչ միայն ջրի աստվածուհի, այլ նաեւ՝ մեգին, մշուշին իշխող, ինչը վկայում է, որ մեր նախնիները ճշգրիտ պատկերացում են ունեցել Վեներա մոլորակի կառուցվածքի եւ առանձնահատկությունների մասին:

Ս. Հարությունյանի «Հայ առասպելաբանություն» գրքից բերենք մի քաղվածք. «Հայոց ուշ ավանդությամբ Աստղիկի լողարանը եւս գտնվում է Տարոնում. «Եփրատը, երբ Մշո դաշտը կը մտնե Կնճան սարերու մեջ զարնելով քարերուն՝ նեղ կիրճով մը սեղմվելով գուռ գուռ ձայն մը կարձակե եւ այդ տեղը կը կոչվի Գուռգուռա, ուր Աստղիկի լողարանն է եղեր:

Եւ քանզի գիշերները լվացվելու սովորություն ուներ Աստղիկը, Դաղոնա սարին վրա մեծ կրակ կը վառեին տարփավոր կտրիճները, որո լուսով կը դիտեին Աստղիկի չքնաղ գեղեցկությունը, հնարած է Աստղիկը, որ մշուշ պատե այն ամբողջ միջավայր, այսինքն Մշո դաշտն ծագաց ի ծագս… (Սրվանձտյանց I, 71)»:

Իսկ այժմ համադրենք փաստերը:

Եթե Վեներա մոլորակի մակերեւույթը թաքցնում են ամպերը, որոնք բաղկացած են ծծմբական թթվի գոլորշիներից (ինչը կարելի է համեմատել մշուշի հետ), ապա Աստղիկ դիցուհու մարմինը նույնպես մշուշապատված է, որի պատճառով կտրիճները չեն կարող տեսնել նրա չքնաղ գեղեցկությունը:

Ինչպես Վեներա մոլորակն է ամբողջովին պատված ամպերի խիտ ծածկույթով, այնպես էլ Մշո դաշտը՝ ծայրից ծայր:

Գրգուռ լեռը գտնվում է Վանա լճի հարավ-արեւմտյան ափին, Բիթլիս-Մուշ ճանապարհից աջ: Ունի հրաբխային ծագում, բաղկացած է հինգ ոչ սրածայր գագաթներից: Գագաթային մասում կան 7 փոքրիկ լճակներ, որոնց ջրերն ունեն ծծմբաերկաթային բաղադրություն: Գրգուռի տարածքում է գտնվում Ջրհոր հայկական գետը: Ըստ հին հայկական ավանդության, Նոյի տապանը իբր այստեղով անցնելիս դիպել է Գրգուռին եւ դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր Գրգուռ անունը (գրգռալ):

Կարծում ենք՝ գետը կարող էր դղրդալ նաեւ հին ժամանակներում գործող հրաբուխների ժայթքումներից: Օրինակ՝ Նեմրութ լեռան խառնարանը գործել է մինչեւ 1440թ. եւ նույնիսկ դրանից հետո:

Ի դեպ, Նեմրութի կլոր խառնարանը նման է Վեներայի վրա գտնվող Նագավանի խառնարանին:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։