Լրջորե՛ն զբաղվեք.- Քաղաքապետը մուրացկան երեխաների խնդրին է անդրադառնում – Իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ (առհասարակ մուրացկաններ) ունենալը… «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման հարցը…

Վերջերս սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել Երեւանի քաղաքապետարանում հրավիրվող աշխատանքային խորհրդակցություններին: Գուցե այն պատճառով, որ այդ խորհրդակցությունների ժամանակ շեշտադրումներ են արվում, որոնք ինձ հետաքրքրում են: Մանավանդ, երբ շեշտադրումը հստակ է հնչեցվում, խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու տիրույթն ավելի է մեծանում՝ հնարավորությունների ծավալի առումով:

Մարտի 14-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային այդպիսի մի խորհրդակցության ընթացքում սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են անօթեւան քաղաքացիներին համապատասխան կացարանում տեղավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում շուրջ 100 քաղաքացիների արդեն իսկ ցուցաբերվել է աջակցություն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է. «Կացարանով աջակցելուց զատ, լավ կլինի, որ սոցիալական ապահովության վարչությունը հետամուտ լինի նաեւ այդ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցում: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել վարչությունը: Մենք պետք է լուծումներ տանք նաեւ այս հարցին. եթե տվյալ մարդն աշխատելու հնարավորություն ունի, փորձենք օգտակար լինել, աջակցենք նրանց: Օրինակ, այդ մարդկանցից ոմանց կարող ենք կանաչապատման ձեռնարկությունում աշխատանքի տեղավորել: Աշխատե՛ք այս ուղղությամբ՝ մոտ ապագայում ներկայացնելով համապատասխան քայլեր, որոնք ձեռնարկվել են ձեր կողմից»:  Սա կարեւոր դիտարկում է, որովհետեւ երբ մարդը կացարանով ապահովվում է, աշխատանքով՝ ոչ, ստացվում է՝ խնդրին համալիր լուծում չի տրվել, ինչն իր հերթին նոր՝ գուցե անդառնալի հետեւանքներով խնդիրներ է հարուցելու: Իսկ «համապատասխան քայլեր» պահանջելը միտված է հենց խնդրի համալիր լուծման ուղի գտնելուն:

Նույն խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարել էր ուսումնասիրել նաեւ մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրը: «Մայրաքաղաքի փողոցներում մուրացկան երեխաներ չպետք է լինեն. սա ամոթալի եւ ցավալի երեւույթ է: Սակայն ցավով պետք է նշեմ, որ պարբերաբար հանդիպում ենք նման երեխաների, ինչը մտահոգիչ է բոլորիս համար: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա: Երեխաների իրավունքների բաժինը պետք է ակտիվ համագործակցի քաղաքապետարանի սոցիալական, հանրակրթության վարչությունների, ինչպես նաեւ ոստիկանության հետ: Փորձեք անել հնարավորը, որ այդ երեխաները ոչ թե փողոցում լինեն, այլ ինչպես իրենց հասակակիցները, գնան դպրոց, սովորեն, արժանապատիվ մանկություն ունենան: Այցելեք այդ երեխաների ընտանիքներ, տեղում ծանոթացե՛ք նրանց ընտանիքների պայմաններին, զրուցեք ծնողների հետ ու պարզեք այդ երեխաների փողոցում հայտնվելու բուն պատճառները: Լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,- ընդգծել է քաղաքապետը:

Այս խոսքերը ինձ հին ու բարի ժամանակներից մի բան հիշեցրին: Թեեւ խորհրդային համակարգը չեմ սիրել, բայց այդ համակարգի քաղաքականության որոշ սկզբունքներ շատ հավանել եմ. օրինակ, այդ տարիներին ոչ մի երեխա չէր կարող դպրոց չգնալ: Պետությունը չէր հանդուրժի դա, եւ հստակ կառուցվածքը կար, թե ինչպես է դա անելու: Նախ՝ տուն կայցելեր թաղայինը՝ սկսելով բացատրական աշխատանքը ու տեղում ծանոթանալով պատճառներին…

Խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր համակարգը շատ բան փոխեց, ազատական տնտեսահարաբերությունները որ մի ոլորտ չխնայեցին: Բայց եթե այսօր մուրացկան երեխաների հարցը լուծելու համար արվի այնպես, ինչպես նշվեց (բուն պատճառը պարզելով), ապա հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Չեմ հերքում, սա շատ բարդ խնդիր է (եւ միայն քաղաքապետարանի գործը չէ), բայց անլուծելի չէ: Կարեւորը լուծելու պատրաստակամությունն է: Մեզ համար իսկաես ամոթալի է մուրացկան երեխաներ ունենալը: Եվ սա այն հարցն է, որ չպիտի համեմատվենք աշխարհի ոչ մի երկրի ցուցանիշի հետ: Համեմատվել պետք չէ նույնիսկ այն դեպքում, եթե մեր ցուցանիշը բարվոք է, քանզի ազգային մտածելակերպների տարբերության գործոնը կա: Իսկ այդ մտածելակերպը հուշում է, որ մեզ համար ցավալի երեւույթ է անգամ մեկ մուրացկան երեխա ունենալը:

Ուստի «լրջորեն զբաղվեք այդ հարցով»-ը հուսադրող է հնչում:

Անի Մարության

* * *

Նույն աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպեսեւ «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժի» տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման եւ արդիականացման նախագիծ. ««Վերնիսաժը» Երեւանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի: Ընդ որում, վարձակալը եւս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետեւաբար, համատեղ աշխատեք եւ կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ, նաեւ ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։